Վյաչեսլավ Կուպրիյանով
Ծնվել է 1939թ. Նովոսիբիրսկում։ Սովորել է Լենինգրադի Բարձրագույն զինվորական-ծովային ուսումնարանում՝ զինագործի մասնագիտությամբ։ Ավարտել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի թարգմանական ֆակուլտետը։ Թարգմանել է բանաստեղծություններ անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից, իսպաներենից, լատիշերենից, հայերենից։ Ազատ ոտանավորի տեսաբան է և ինքն էլ ստեղծագործում է այդ ժանրում։ Հեղինակ է Ռուսաստանում լույս տեսած տասը բանաստեղծական ժողովածուների, այդ թվում՝ «Թողեք խոսքս ավարտեմ» (2002), «Օդա ժամանակին» (2010), «Մարդկային ոչինչ» (2013), «Հակասություններ» (2019), օտար լեզուներով թարգմանված քառասուն գրքերի, արձակ մի քանի գրքերի։ Բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական բոլոր և ասիական մի շարք լեզուներով։ Ռուսաստանյան և միջազգային բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Բրանկո Ռադիչևիչի (Սերբիա), Ավստրիայի կրթության նախարարության, «Մորավյան գլան» (Սերբիա), «Naji Naaman literary prizes» (Ճապոնիա), Բունինյան, Վ. Մայակովսկու անվան և այլ մրցանակների։ Մակեդոնյան գրական գավազանի դափնեկիր է։ Ռուսաստանի եւ Սերբիայի Գրողների միության անդամ է։ Ապրում է Մոսկվայում։
Գրականագետ և քննադատ Արտյոմ Սկվորցովն այսպես է բնութագրել բանաստեղծին. «Կուպրիյանովն անձև լեզվական քաոսը շամփրում է նրբագեղ և պարադոքսալ մտքի սռնիով։ Խոսքի պաթետիկան սովորաբար զուգորդվում է անզուսպ հուզականության հետ, բայց այստեղ պաթոսը դեղագործական ճշգրտությամբ հավասարակշռվում է հեգնանքի հետ։ Բանաստեղծը ձայնը երբեք չի բարձրացնում»։