Թզուկները հսկաների ուսերին

Ամեն հսկա չէ,
որ ժամանակ ու հավես ունի
օգնել թզուկներին։ Բայց
թզուկները խորամանկ հնարք են գտնում
օգնելու հսկաներին,
գոնե մարմնամասերի միջոցով, ահա
թզուկը ձեռքերով պահում է հսկայի լյարդը։
Դու նստած ես լյարդիս՝
տրտմում է հսկան ու նստեցնում
հաղթ ուսին։ Ահա
թզուկը հենվում է թոքերին՝ ճնշելով
շունչ եւ արտաշնչին, հսկան
թռցնում է թզուկին՝ ուսին։
Ահա թզուկը՝ ատլանտի դիրքով,
պահում է հսկայի սիրտը, շշնջում է՝
սրտի համար կարեւորը փորոքն է։
Սրտնեղած հսկան քաշում է թզուկին
դուրս եւ բազմեցնում աջ ուսին։
Թզուկները օգնում են աչքերի խնձորակներին՝
կծմծելով նրանցում արտացոլված երկինքը,
նրանք խցկվում են ականջի խեցիները
եւ կաթիլ-կաթիլ գողանում աղմուկն օվկիանի։
Հանց ոսկոր՝ մնում են լեզվի տակ,
միայն խառնվեն հսկայի խոսքին։
Միաձուլվում են խմբակով, իբր օգնելու
հսկայի ուղեղի կառուցվածքին՝
ձգտելով ընդհարում հարուցել
աջ եւ ձախ կիսագնդերի միջեւ։
Նրանք բոլորը տեղավորվում են հսկայի ուսերին՝
մտերմաբար խփելով նրա մեջքին։
Սրտի թզուկները, մտքի թզուկները,
խոսքի թզուկները, ոգու թզուկները։
Շունչդ կտրվում է, երբ բարձունքից
ուրիշ ուսի նրանք խոսում են, երգում, պարում,
եւ ահա հենց դու ինքդ ես պարում
նրանց դուդուկի համաչափ նվագի տակ։