Մարիա Վատուտինա

Ծնվել է 1968թ. Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտն ու Ա. Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը: Աշխատել է իրավաբան, փաստաբան, լրագրող, իրավաբանական հանդեսի գլխավոր և թողարկիչ խմբագիր, Մ. Գորկու անվան ՄԽԱՏ-ի գրական բաժնի վարիչ: Հեղինակել է բանաստեղծությունների տասներեք ժողովածու, որոնց թվում՝ «Չորրորդ Հռոմը» (2000), «Ժամանակների փոփոխություն» (2006), «Մեր աղջիկը» (2008), «Այն տարածքում» (2010), «Իրադարձությունների շղթա» (2013), «Շողշողուն երկինք» (2015), «Աղջիկներով» (2015), «Քանի դեռ քնած էիր» (2018), «Դիտահարթակ» (2019): «Anthologia» բանաստեղծական մրցանակի, «Մոսկովյան հաշիվ» մրցանակի, Վոլոշինյան միջազգային մրցանակի, Բունինի, «Պարաբոլա» (2017) և այլ մրցանակների դափնեկիր է: «Կարմիր հրապարակ: Պոետների ժամանակը» առաջին համառուսաստանյան մրցույթի հաղթող և «Մեր ժամանակի ձայնի» տիտղոսակիր: Ապրում է Մոսկվայում:
Ըստ գրականագետ և քննադատ Իգոր Վոլգինի՝ «Մարիա Վատուտինայի բանաստեղծությունները կոշտ և ազնիվ վկայությունն են մեզ հետ կատարվողի: Մենք գործ ունենք (հենց գործ, որ պետք է անել) խիստ ժամանակակից բանաստեղծի հետ, որի քնարական հիշողությունը ոչ մի դեպքում ազատ չէ պատմության ու մշակույթի ժառանգական բեռից»: