Բոլորի՛ն: Բոլորի՛ն: Բոլորի՛ն...

* * *

Բոլորի՛ն: Բոլորի՛ն: Բոլորի՛ն:
Մեր աղջիկն ուզում է գնա լողի:
— Թափ տուր քեզ, չաղո՜,— համաձայնությունն եղավ մայրիկի:
Ու գնաց դստեր իրերն հավաքի:

Սրբիչը դրեց. «Բան չկա: Մի օր
Բարուրել եմ քեզ սրբիչով այս նոր»:
Լողազգեստն իր հին, մաշիկներ, գլխարկ.
«Որ լրիվ չցնդես, թաց գլխով ման չգաս»:

Ու գնաց մեր աղջիկն այդպես՝ հաստափոր պայուսակն ուսից կախ:
Հանդերձարանում նստել է մենակ. ուրիշ մարդ չկա:
Ու հանկարծ չորս աղջիկ են մտնում, մարմնավոր հրեշտակ, ի՛նչ աղջիկ:
Նայում է մերն աչքերը չռած, ուզում է վեր կենա ու փախչի:

— Բայց աստված ի՛նչ տեսք է տվել, սրանց մոտ ո՞նց հանվես-հագնվես:
Վարտիքս՝ «Էլ չկաս, ջահել կյա՜նք», ու կուրծք էլ չի եղել երբեւէ:
Իսկ նրանց վարսերն են ծփծփում, ձգվում են, թռչկոտում մի ոտի,
Երբ մերի պայուսակն հաստափոր գժվում է սխտորի հոտից:

— Մի վարակ կբերես կամ գրիպ,— մայրիկն էր քթի տակ թոնթորում:—
Սխտորը չի թողնի, սիրտ չունեմ ավելորդ հիվանդ պահելու:
Ճամփին լավ քամուն էր տվել, բայց հոտը կպել-մնացել է:
Ինչ լավն են էս չորսը տկլոր ու կարծես չեն տեսնում իրեն:

Լողազգեստը՝ մինչեւ գոտկատեղ, իսկ հետո հանում ենք փեշը կարճ:
Կրծկալը քաշում ենք թեւքով: Իջեցնում ենք կոֆտան:
Ստացվե՛ց:
Իսկ հետո, մի ժամից՝ հագնվել ու նորից՝ ոչ մի խոսք:
Ասում էր, չէ՞, մայրիկը՝ այնտեղ ման չգաս թաց գլխով:

Եվ ահա նստել մեր աղջիկը, գլուխն է չորացնում ու նայում,
Թե ոնց են սիրուններն այդ իրենց հարդարման մանրուքները հանում:
Ասում են հրաշք բառեր. Բուրժուա, Սեն-Լորան, Կլեմա...
Տանն՝ ուղիղ իր սենյակը: Լո՜ւռ: Ու մայրն է գալիս սենյակ:

Լողացա՞ր, բա ինչի՞ ես տխուր, դաս ունե՞ս, ինչի՞ չես խոսում:
Իսկ նա՝ մեր աղջիկն անծպտուն է, աչքերից արցունք է հոսում:
Աչքերը՝ երկու կետ — վերջակետ, լալիս է տող առ տող,
Լռում է մի քանի ստորակետ եւ ասում է հետո.

Ահա, դու մայրիկ ես, մայրի՜կ, բայց ո՞ւր են թավշյա քո ձեռքերը,
Եվ ո՞ւր է բուրմունքը մազերիդ, եղունգ ու շուրթեր, որ ներկել ես:
Քո չկնության, այրակնության պատճառով անվերջ
Ես էլ եմ նույնը, քեզ նման՝ այսպես անգետ եմ ու խեղճ:

Ու չէր իմանում, թե ինչպես ասի, որ անսիրության սովորած մարդը
Առաջինը հենց չի սիրում իրեն, եւ ի՞նչը սիրի. սեր չենք ստացել:
Չենք գուրգուրել ու ջերմացրել, որ լույսով փողփողա:
Աղջի՜կ, մեր աղջի՜կ, չսիրա՛ծ աղջիկ, դու լողա, լողա: