Ինգա Կուզնեցովա
Ծնվել է 1974 թվականին Կրասնոդարի երկրամասի Չեռնոմորսկ ավանում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ասպիրանտուրայում ուսումնասիրել է փիլիսոփայություն: Աշխատել է որպես խմբագիր «Վոպրոսի լիտերատուրի», «Օկտյաբր» ամսագրերում, գրական ամսագրերի տեսություն է վարել «Ռադիո Ռոսիա»-ի եթերում։ Հեղինակ է պոեզիայի հինգ գրքի՝ «Երազ-ծիտիկներ» (2002), «Ներքնատեսություն» (2010), «Օդագնացություն» (2012), «Ծառերի անկեղծությունը» (2016), «Թռիչք» (2019): Վերջին տարիներին գրում է արձակ, հրատարակել է երկու վեպ։ Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, վրացերեն, չինարեն, լեհերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։ «Տրիումֆ», «Մոսկովյան հաշիվ» հայրենական և Վոլոշինի անվան միջազգային մրցանակների դափնեկիր է: Ապրում է Մոսկվայում և մերձմոսկովյան Պրոտվինում։
Գրականագետ և քննադատ Դմիտրի Բակը նկարագրել է Կուզնեցովայի քնարերգության առանձնահատկությունները. «Ոչ մի ստատիկա, ոչ մի փոքրագույն հորիզոնական շարժում, միայն թեք կորեր, որ տանում են մեկ վեր, մեկ վար, բայց ամեն անգամ հստակորեն բացահայտելով իրադարձությունների նոր ուրվագծերը: Անալոգիան «պլաստիլինե» մուլտֆիլմն է, որտեղ կերպարանափոխությունն ավելի կարևոր է, քան սյուժեն»։