Ինչ անհեթեթ օր է: Իմաստը չեմ տեսնում...

* * *

Ինչ անհեթեթ օր է: Իմաստը չեմ տեսնում։
Չտվեց իր մասին նա ինձ ոչ մի նշան։
Լրտեսներն են քնել՝ բերանը ջուր առած։
Ձմեռն ահա եկավ, այնքա՜ն նման աշնան,
եւ իրերը բոլոր կարծես գետնատարած
պտուղներ են սառած:

Ձմեռն ահա եկավ, այնքան նման աշնան:
Անիվներն են դրվում սռնիներին կրկին,
ինչպես հնում, սակայն գլորվելու են — ո՞ւր:
Դե, մեջտեղից բացիր գիրքն այդ, ե՛ս եմ այնտեղ
չելյուսկինցու նման կանգնած սառցակոշտին,
եւ շուրջբոլորըս ջուր:

Չելյուսկինցու նման կանգնած սառցակոշտին,
ես եմ՝ լայն բերանով ապուշի պես ժպտում,
կառչած պարանահյուս մի սանդուղքից:
Ընկել է այն ինչ-որ աներեւույթ կետից
եւ չգիտեմ, ով է այնտեղ՝ օդաչուն է ուղղաթիռի,
թե հրեշտակն է սպասում, որ վեր ձգի:

Եվ չգիտեմ, ով է այնտեղ՝ օդաչո՞ւն է ուղղաթիռի,
թե՞ քամին է ամպի ծվենները մանում:
Սառցակոշտն է պայթում իսկը կճեպի պես։
Եվ հոսանքը սառցի թռչնի տեսք է առնում,
որ կառքի տակ զոհված երազի է նման:
Իսկ ես հիմարացած կանգնել, դանդաղորեն
սանդուղքն ազատում եմ մատներիցս...