Սվետլանա Կեկովա

Ծնվել է 1951թ. Ալեքսանդրովսկ-Սախալինսկում: Բանասիրական գիտությունների դոկտոր է, Նիկոլայ Զաբոլոցկու և Արսենի Տարկովսկու ստեղծագործությունների հետազոտող: Հեղինակ է քսան բանաստեղծական գրքերի, այդ թվում՝ «Յոթ բլուրների վրա» (2001), «Դեղին լեռան ստորոտում» (2006), «Էմմաուսի ճամփին» (2007), «Բանաստեղծություններ մարդկանց և հրեշտակների մասին» (2009), «Հարյուր բանաստեղծություն» (2012), «Գեղագրության դասեր» (2012), «Խնձոր և խաչ» (2021): Նրա բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական և ասիական բոլոր հիմնական լեզուներով: «Զնամյա» և «Նովի միր» ամսագրերի, Ապոլոն Գրիգորևի, «Մոսկվա-տրանզիտ» մեծ մրցանակի, Արսենի և Անդրեյ Տարկովսկիների անվան միջազգային մրցանակի, «Ուկրաինա», «Antologia» բանաստեղծական մրցանակի, «Մոսկովյան հաշիվ» մրցանակի,Վոլոշինյան միջազգային և այլ մրցանակների դափնեկիր: Ապրում է Սարատովում:
Գրականագետ և քննադատ Նաում Ռեզնիչենկոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ «Կեկովան ասես վիճարկում է «ես ապրել եմ ուզում, որպեսզի մտածեմ և տառապեմ» քրեստոմատիական պուշկինյան սկզբունքը, բայց իրականում կրկնում է մեծ բանաստեղծին և իր բանաստեղծություններում «հատկապես ապրում է, մտածում և տառապում»։