Բորիս Ռիժի
Ծնվել է 1974թ. Չելյաբինսկում: Ավարտել է Ուրալի Լեռնային ակադեմիայի երկրաֆիզիկայի և երկրաէկոլոգիայի բաժանմունքը, ՌԳԱ Ուրալի Երկրաֆիզիկայի ինստիտուտի բաժանմունքի ասպիրանտուրան, որտեղ հետագայում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող: Եկատերինբուրգի «Ուրալ» ամսագրում վարել է իր խորագիրը: 1996թ. սկսել է տպագրվել ուրալյան, ապա սանկտպետերբուրգյան և մոսկովյան գրական ամսագրերում: Մասնակցել է ռոտերդամյան պոետական փառատոնին: Կենդանության օրոք լույս է տեսել նրա միակ ժողովածուն` «Եվ այս ամենը...» (2000), երկրորդ գիրքը՝ «Ցուրտ քամիների տակ», 2001-ին տպագրվել է հետմահու: 2000—2010թթ. լույս են տեսել նրա մի քանի ստեղծագործություններ: Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, արաբերեն, բուլղարերեն, իտալերեն, լիտվերեն, գերմաներեն, նիդեռլանդերեն, սերբերեն, թուրքերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: «Անտիբուկեր» անկախ մրցանակի, ինչպես նաև «Հյուսիսային Պալմիրա» գրական մրցանակի դափնեկիր է, որն ստացել է հետմահու: Ինքնասպան է եղել 2001թ.:
Բորիս Ռիժիի վառ կյանքն ու ողբերգական մահը վիթխարի տպավորություն են գործել մի ամբողջ գրական սերնդի վրա: Նրա կյանքի և ստեղծագործության մասին լույս են տեսել մի քանի կենսագրական գրքեր և հուշագրություններ Ռուսաստանում և Հոլանդիայում, ներկայացումներ են բեմականացվել թատրոններում, փաստագրական ֆիլմեր են նկարահանվել, ներկայումս նկարահանվում է գեղարվեստական ֆիլմ: Նրա բառերով գրվել են երգեր: