Ալեքսանդր Սոլժենիցին
Ալեքսանդր Սոլժենիցին (1918—2008) — արձակագիր, հրապարակախոս, թատերագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1970)։
Ծնվել է Կիսլովոդսկում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Դոնի Ռոստովում։ Ռոստովի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության և պատմության ինստիտուտը։ 1943 թվականից եղել է ռազմաճակատում, պարգևատրվել է շքանշաններով։ 1945-ին ձերբակալվել է հակասովետական տրամադրությունների մեղադրանքով, դատապարտվել է ազատազրկման և աքսորի։ Պատիժը կրելուց հետո գյուղական ուսուցիչ է եղել Վլադիմիրի մարզում։ 1957 թվականին արդարացվել է։
Նրա առաջին հրապարակումները՝ «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը և «Մատրյոնայի բակը» վիպակը, որոնք տպագրվել են «Նովի միր» ամսագրում, սենսացիա հարուցեցին։ ԳՈՒԼԱԳ-ի թեման առաջին անգամ բարձրաձայնվեց գրականության մեջ։ Շուտով Սոլժենիցինին դադարեցին տպագրելուց, իսկ խորհրդային համակարգը քննադատելու և սամիզդատում ու արտասահմանում տպագրվելու համար արտաքսեցին ԽՍՀՄ-ից։ Հայրենիք գրողը վերադարձել է միայն 1994-ին։
Սոլժենիցինի բոլոր խոշոր ստեղծագործությունները նշանակալի իրադարձություններ են դարձել գրական-հասարակական կյանքում՝ և՛ մեծամասշտաբ «Արշիպելագ ԳՈԻԼԱԳ» «գեղարվեստական հետազոտության փորձը», և՛ «Առաջին շրջանում», «Քաղցկեղի մասնաշենք» վեպերը, և’ ռուսական հեղափոխության ու դրա հոգևոր արմատների մասին «Կարմիր անիվ» վիթխարի էպոպեան, ինչպես նաև հուշ-օրագրային արձակն ու բանասիրական ակնարկները։
Սոլժենիցինն իր գրքերում մարմնավորել է Ռուսաստանի 20-րդ դարի պատմության սեփական հայեցակարգը։ Նրա հետազոտության գլխավոր նյութը պատմության շրջադարձային պահերին ռուս ազգային բնավորությունն է, ինչպես նաև ամբողջատիրության բնույթը։