Ալեքսեյ Պուրին

Ծնվել է 1955 թվականին Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1989 թվականից «Զվեզդա» ամսագրի (Սանկտ Պետերբուրգ) պոեզիայի, 2002 թվականից՝ քննադատության բաժնի վարիչն է։ Թարգմանում է հոլանդացի և գերմանացի բանաստեղծների, հրատարակել է թարգմանական ութ գիրք։ Հեղինակ է ավելի քան քսան բանաստեղծական գրքերի և ժողովածուների, այդ թվում՝ «Եվրասիա և այլ բանաստեղծություններ» (1995), «Արխայիկ» (1998), «Արքաների հովիտ» (2010), «Փոստային աղավնի» (2015), «Աստղածաղիկներ» (2021), էսսեների չորս գիրք։ Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, հոլանդերեն, իտալերեն, լիտվերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, ուկրաիներեն, ֆրանսերեն և չեխերեն։ «Нева» և «Новый мир» ամսագրերի մրցանակների, «Պատիվ և ազատություն» մրցանակի, «Հյուսիսային Պալմիրա» գրական մրցանակի (երկու անգամ) դափնեկիր է։ Ապրում է Սանկտ Պետերբուրգում:
Ժամանակակից ռուսական պոեզիայում Պուրինն առանձին տեղ է գրավում։ Նա էսթետ է և ոճաբան և ամենաբարձր մակարդակով տիրապետում է իր մեծ նախորդների ստեղծած բանաստեղծական գործիքանուն։ Բարձր ավանդույթը դրսևորվում է ամեն ինչում, բայց բացվում է միայն պատրաստված հայացքի համար։ Նուրբ կիսատոները, ակնարկները ճանաչման նրբին ուրախություն են պատճառում ընթերցողին: