Սերգեյ Զավյալով

Ծնվել է 1958 թ. Պուշկին քաղաքում (Լենինգրադի մարզ): Ավարտել է Լենինգրադի համալսարանի դասական բանասիրության ամբիոնը: Դասական լեզուներ և ան­տիկ գրականություն է դասավանդել Օտար լեզուների ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում: Թարգմանել է հին հունարենից, լատիներենից, ֆիննական և լիտվական պոեզիայից: Բանաստեղծական հինգ ժողովածուի հեղինակ է. «Ներբողներ և էպոդներ» (1994), «Մեղրախոտ» (1998), «Խոսքեր» (2009), «Սովետական կանտատներ» (2015), «Բանաստեղծություններ և պոեմներ» (2018): Բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով հրապարակվել են անգլերեն, իտալերեն, ֆիններեն, շվեդերեն և էստոներեն: Անդրեյ Բելիի անվան, իտալական բանաստեղծական «Premio Cerro Internazionale Pistoia» և այլ մրցանակաբաշխությունների դափնեկիր է: Ռուսական և ֆիննական ՊԵՆ-կենտրոնների անդամ է: Ապրում է Վինտերտուր քաղաքում (Շվեյցարիա):
Զավյալովը փորձարար բանաստեղծ է, անտիկ աշխարհի խոր գիտելիքներով զինված, մշտապես նոր ձևեր փնտրող, որն էլ իրական պոեզիայի բովանդակությունն է: Բանաստեղծի «Փոխադրումներ ռուսերենից» շարքը դժվար է չգնահատել: