Իգոր Մելամեդ
Ծնվել է 1961 թվականին Լվովում (Ուկրաինական ԽՍՀ)։ Սովորել է Չեռնովցիի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ավարտել Ա. Մ. Գորկու անվ. գրականության ինստիտուտը։ Աշխատել է «Յունոստ» ամսագրի քննադատության բաժնի խմբագիր, Պերեդելկինոյի Բորիս Պաստեռնակի թանգարանի գիտաշխատող։ Ողնաշարի վնասվածքից հետո կորցրել է ինքնուրույն շարժվելու ունակությունը։ Հիվանդության տարիներին դարձել է ակտիվ բլոգեր, ստեղծել միստիկ բանաստեղծների և քննադատների մի քանի «գրական դիմակներ»։ Հեղինակ է «Անքնություն» (1994թ.), «Սև դրախտում» (1998թ.) և «Հատուցում» (2010թ.) բանաստեղծական գրքերի: Գորկու անվան գրական մրցանակի, «Մոսկովյան հաշիվ» մրցանակի, Վոլոշինի միջազգային մրցանակի դափնեկիր է։ Մահացել է 2014թ.։
Հետմահու հրատարակվել է բանաստեղծությունների, էսսեների և «գրական դիմակների» ժողովածուն՝ երեք գրքով։ «Իգորն ամենահետաքրքիր և անսովոր մարդն էր, որին երբևէ հանդիպել եմ իմ կյանքում: <...> Միակ մարդը, որին նա հաստատ նման չէր՝ բանաստեղծն էր։ Ինչպիսին ես այն ժամանակ պատկերացնում էի բանաստեղծներին։ Բայց նա բանաստեղծն էր։ Բանաստեղծ՝ Աստծուց, որքան էլ բանալ հնչի»,— հիշում է գրականագետ, քննադատ Պավել Բասինսկին: