Անդրեյ Գելասիմով
Անդրեյ Գելասիմով (ծնվ. 1966 թ.) — գրող, հրատարակիչ, սցենարիստ, մանկավարժ։ «Ազգային բեսթսելլեր» մրցանակի դափնեկիր (2009), Ապոլոն Գրիգորևի անվան մրցանակիր և այլն։
Ծնվել է Իրկուտսկում։ 1987 թվականին Յակուտսկի պետական համալսարանում ստացել է բանասերի դիպլոմ։ Սովորել է ԳԻՏԻՍ-ի ռեժիսորական բաժնում։ Բանասիրական գիտությունների թեկնածու է, Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի դոցենտ։
Դեբյուտը կայացել է «Ֆոկս Մալդերը նման է խոզի» վիպակով, որը պատմություն է առաջին սիրո մասին։ «Ծարավ» վիպակը Հյուսիսային Կովկասի մարտական գործողությունների մասին է, «Խաբեության տարին» և «Ռախիլ» վեպերը նրան դարձրին ժամանակակից ամենաճանաչված գրողներից մեկը։ Հանրային ճանաչում ստացան նաև «Քամիների վարդը» վեպը՝ նվիրված XIX-րդ դարի կեսերին Հեռավոր Արևելքի յուրացմանն ու զարգացմանը, իսկ «Մաքուր կայֆ» վեպը՝ ռուսական ռեփին: Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող «Տափաստանային աստվածներ» վեպի համար արժանացել է «Ազգային բեսթսելլեր» մրցանակի։
Գելասիմովի արձակը, ըստ քննադատների, առանձնանում է «սցենարային ոճով», ինչպես նաև խոր հոգեբանությամբ, վարպետորեն կառուցված երկխոսություններով և ժամանակի ոգու նկատմամբ հատուկ ուշադրությամբ։