Սերգեյ Բիրյուկով
Ծնվել է 1950թ. Տորբեևկա գյուղում (Տամբովի մարզ): Ավարտել է Տամբովի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, որտեղ դասավանդել և ղեկավարել է համալսարանական գրական ստուդիան: Բանասիրական գիտությունների թեկնածու է, մշակութաբանության դոկտոր: Միջազգային անդրմտքի (Зауми) ակադեմիայի հիմնադիր, ռուսական բանաստեղծության բանաստեղծական ավանգարդիզմի և ոչ ավանդական ձևերի տեսաբան, «տեսողական» և «ձայնորդական» պոեզիայի տեսաբան, XVII—XXI դարերի ռուսական պոեզիայի հետազոտող: Ռուսաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում հրատարակված բանաստեղծական 20 գրքի, այդ թվում՝ «Երկատված մարդը» (2010), «Դինոզավրի թռիչքը» (2011), «Ղողանջ» (2013), բանաստեղծական «Բազմակողմություն» ժողովածուի (2022) և երեք տեսական գրքերի հեղինակ է: Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, հայերեն, բելառուսերեն, բուլղարերեն, իտալերեն, չինարեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, ֆրանսերեն, ճապոներեն և այլն: «Անդրմտքի ակադեմիայի ալմանախ»-ի գլխավոր խմբագիրն է, գրական և գեղարվեստական ավանգարդ «Այլ կիսագունդ», ամսագրի համախմբագիր: Ա. Ե. Կրյուչյոնիխի անվան միջազգային գրական, Համառուսաստանյան, Ֆ. Ի. Տյուտչևի անվան և այլ մրցանակաբաշխությունների դափնեկիր է: Ռուսական ֆուտուրիզմի հայր Դավիդ Բուռլյակի անվան միջազգային մրցանակաբաշխության հիմնադիր: Մասնակցել է բազմաթիվ ռուսական և միջազգային գրական փառատոների: Ապրում և դասավանդում է Հալլե քաղաքում (Գերմանիա):
Պոետ և քննադատ Դենիս Բեզնոսովը այսպես է բնութագրել Բիրյուկովի պոետիկայի առանձնահատկությունները. «Այդպիսին է բիրյուկովյան պոեզիայի տարածությունը. մենք երբեք նախապես չգիտենք՝ նշանակություն ունի՞ այս կամ այն բառը, թե՞ զրկել են նրան ամեն տեսակի սովորական ֆունկցիայից կամ մի քանի ֆունկցիաներից, իսկ ինչ-որ բաներ թողել են: Մենք լաբիրինթում ենք, որտեղ յուրաքանչյուր շրջադարձ կասկածի տակ է, քանի որ կարող է լուրջ չլինել»: