Եվգենի Կարասյով

Ծնվել է 1937 թվականին Կալինինում (այժմ՝ Տվեր)։ Բարդ ճակատագիր է ունեցել. որբացել է պատերազմի ժամանակ, դարձել գող-գրպանահատ, հայտնվել մանկական գաղութում, ապա ընդհանուր առմամբ 20 տարի անցկացրել կալանավայրերում, ունեցել է յոթ դատվածություն, դատարանի կողմից ճանաչվել առանձնապես վտանգավոր կրկնահանցագործ։ Փշալարերի հետևում ավարտելով միջնակարգ դպրոցը՝ սկսել է գրել։ Երկրի հեռավոր շրջաններում աշխատել է անտառահատման վայրերում և երկաթգծերի շինարարությունում: 1986 թվականին հեռացել է հանցավոր աշխարհից, աշխատել կոմիսիոն խանութի տնօրեն, հնաոճ իրերի գնահատող։ «Տիրոջ ուղիները» առաջին ժողովածուն լույս է տեսել 1992 թվականին միայն։ Հեղինակ է բանաստեղծությունների և պոեմների յոթ ժողովածուների, այդ թվում՝ «Անհավատության բեռը» (1998), «Մեղադրող կողմի վկաները» (2000թ.), «Անառակ որդու երգեր» (2003), «Իրեղեն ապացույցներ» (2014): Հրատարակել է պատմվածքների և վիպակների մի քանի գրքեր, ինչպես նաև բանտային հիշողությունների «Զուգահեռ աշխարհ» (2007) գիրքը։ «Նովի միր» և «Արիոն» ամսագրերի մրցանակակիր է, պոեզիայի «Anthologia» և Ն. Ս. Գումիլյովի անվան մրցանակների դափնեկիր. Ռուսաստանի գրողների միության անդամ է եղել։ Մահացել է 2019թ.:
Կարասյովի մասին գրել են բանաստեղծներ Օլեգ Չուխոնցևը, Յուրի Կուբլանովսկին, Տատյանա Բեկը, Մաքսիմ Ամելինը։ Քննադատ Լև Դանիլկինը նկատել է, որ «նա զարմանալի, այս մարդկանցից ոչ ոքի նման բանաստեղծ է և ոչ միայն բանաստեղծ»: