Մեղադրող կողմի վկաները
Որպես սկսնակ գրպանահատի՝
առաջին անգամ երբ ինձ քարշ տվին ոստիկանություն, պատանյակ էի,
իմացա այնտեղ,
որ իմ մատները բոլորից տարբեր կնիքներ ունեն:
Կործանարար էր յուրահատկությունն այդ գողի համար,
պատուհաս էր դա, դժբախտություն էր ցմահ ուղեկից:
Նվագածուի մատներիս նախշերն այդ յուրօրինակ
փորձեցի քերել եւ այլանդակել՝
տրվելով անլուր ինքնախոշտանգման:
Բայց ոչնչացված բանվածքը շուտով,
դավաճանական ինքնակայությամբ,
հայտածվեց, ինչպես ճարպով ներծծված դրամաթղթին։
Ես քրեական ալքիմիայի նվաճումներին դիմեցի ապա,
եւ վկաներին մեղադրող կողմի
թունավորեցի չհանգած կրով եւ բերտոլետյան աղով մինչեւիսկ:
Սակայն այդ փորձված ընթացակարգից հետո էլ անգամ
երիցս անիծյալ գծերը դարձյալ երեւան եկան՝
աննկուն խղճի վկաների պես:
...Ես առանձնանալ չեմ փորձել երբեք ոչ իմ լաթերով, ոչ իմ մռութով,
չեմ սիրում, երբ քեզ նայում են մարդիկ
պլշած աչքերով հետաքրքրասեր:
Եվ միմիայն իմ երգերի մեջ եմ ձգտում չլինել ոչ ոքի նման,
որ Դատարանում ընդունեն դրանք՝ ինչպես եզակի մատնահետքերս:




