Ալեքսեյ Կուդրյակով
Ծնվել է 1988 թվականին Սվերդլովսկում (այժմ՝ Եկատերինբուրգ): Ավարտել է Ուրալի պետական անտառատեխնիկական համալսարանն ու կից ասպիրանտուրան: Աշխատել է բակապահ, այգեպան, պահակ, բեմի մեքենավար: Հեղինակ է «Բանաստեղծություններ» (2012) և «Անտես ուղի» (2016) բանաստեղծական ժողովածուների: Ստեղծագործությունները թարգմանվել են հունարեն, իտալերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Նոր Պուշկինյան և Ռուս-անգլիական «Բելլա» մրցանակների դափնեկիր է: Ապրում է Եկատերինբուրգում:
«Ալեքսեյ Կուդրյակովի պոեզիան ընդգծված առանձնանում է առօրեականից: Նրա քնարական հերոսը փիլիսոփայում է առանց հեգնանքի: Նա ներամփոփ է և քիչ է հետաքրքրվում սոցիալականով: Կուդրյակովը իսկապես հավատացյալ է, և նրա աշխարհընկալումը բանաստեղծություններում հռչակագրային բնույթ չունի, այլ,— բառի ու բնության, լոգոսի ու կոսմոսի կապի կենդանի զգացողության շնորհիվ,— ճշմարիտ պոետական»,— այսպես է սահմանում նրա պոետիկան գրականագետ և քննադատ Արտյոմ Սկվորցովը: