Պավել Բասինսկի
Պավել Բասինսկի (ծնվ. 1961 թ.)՝ գրող, գրականագետ և գրաքննադատ։ «Մեծ գիրք» (2010), ՌԴ կառավարության (2014), ՌԴ Պետական մրցանակների (2018), Ա. Ի. Գերցենի անվան մրցանակի (2020) դափնեկիր։ Ծնվել է Վոլգոգրադյան շրջանի Ֆրոլովո քաղաքում։ Ավարտել է Ա. Մ. Գորկու անվան Գրական ինստիտուտը (1986) և դրան կից ասպիրանտուրան։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ 1981 թվականից փայլուն կերպով հանդես է եկել որպես քննադատ «Լիտերատուրնայա գազետա»-ում և հաստափոր գրական ամսագրերում։ Զբաղվում է ռուսական դասական գրականության և ընթացիկ բանասիրության ուսումնասիրություններով։ Առաջին գիրքը «Սյուժեներ և դեմքեր» հոդվածների և գրախոսականների ժողովածուն է (1993)։ «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքի Մաքսիմ Գորկու (2005) և Լև Տոլստոյի (2016) մասին գրքերի հեղինակն է։
Բասինսկու ամենահայտնի գրքերն են՝ «Լև Տոլստոյ՝ փախուստ դրախտից», «Սուրբը Առյուծի դեմ։ Հովհան Կրոնշտադցին և Լև Տոլստոյը՝ մի թշնամության պատմություն», «Նայեք ինձ՝ Լիզա Դյակոնովայի գաղտնի պատմությունը», «Սոնյա հեռացիր։ Սոֆյա Տոլստայան՝ տղամարդու և կնոջ հայացքը։ Վեպ-երկխոսություն», «Աննա Կարենինայի ճշմարիտ պատմությունը»։
Բասինսկու վավերագրականությունն առանձնանում է հետազոտական խորությամբ և գրավիչ շարադրանքով՝ ռուսական դասական արձակի ոգով։