Լեոնիդ Բորոդին
Լեոնիդ Բորոդին (1938—2011) — արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ: «Յասնայա Պոլյանա» (2007), Ալեքսանդր Սոլժենիցինի անվան (2002) և ռուսական ու եվրոպական մի շարք մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Իրկուտսկում, ուսուցիչների ընտանիքում։ Հայրը շուտով ռեպրեսիայի է ենթարկվել։ Երիտասարդ տարիներին աշխատել է Կրուգլոբայկալսկի երկաթուղային ճանապարհն սպասարկող բրիգադում, Բրատսկի ՀԷԿ-ի շինարարությունում, Նորիլսկի հանքում: Ավարտել է Ուլան Ուդեի մանկավարժական ինստիտուտը, տնօրեն է աշխատել գյուղական դպրոցում:
Այլախոհական խմբակում մասնակցության համար դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Բանտարկության տարիներին Բորոդինն սկսել է գրել բանաստեղծություններ և արձակ: Գրողի ստեղծագործությունները («Հրաշքի և տխրության տարի», «Երրորդ ճշմարտություն» և այլն) ինքնահրատի միջոցով հայտնի են դարձել արտասահմանում:
Վերակառուցումից հետո զբաղվել է հրապարակախոսությամբ, աշխատել է «Մոսկվա» ամսագրի գլխավոր խմբագիր: Դասավանդել է Ա. Մ. Գորկու անվան Գրականության ինստիտուտում: Բորոդինը դասական ռուսական գրականության հոգևոր-բարոյական գծի շարունակողն է։ Իրական կյանքը նրա արձակում համակցվում է սուր սյուժետայնության, զրուցաբանության, պատմականության հետ։ Բորոդինի գրքերում հատուկ տեղ է զբաղեցնում նրա հայրենի Սիբիրը։