Թիմուր Կիբիրով

Ծնվել է 1955 թվականին Ուկրաինայի Խմելնիցկի մարզի Շեպետովկա քաղաքում: Ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական համալսարանի պատմագրա­կան ֆակուլտետը: Հրապարակվել է սամիզդատում: Քսանյոթ բանաստեղծական ժողովածուի հեղինակ է, այդ թվում. «Կղզիաբնակի փողոցը» (2000), «Քնարական հերոսի հոբելյանը» (2000), «Amor, exil» (2000), «Ով՝ ուր, ես՝ Ռուսաստան» (2001), «Շալտայ-բալտայ» (2002), «Բանաստեղծություններ» (2005), «Կարա-բարաս» (2006), «Երեք պոեմ» (2008), «Բանաստեղծություններ սիրո մասին» (2009), «Տե՛ս վերևում» (2014), «Երաժշտադրամթատրոն» (2014), «Արևոտ առավոտ» (2020), «Փոքր ձևեր — 1978-2015» (2020), և երկու արձակ գրքեր: Բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք եվրոպական և ասիական լեզուներով: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Թյոպֆերի հիմնադրամի (Գերմանիա) Պուշկինյան մրցանակի, «Անտիբուքեր» Անկախ մրցանակի, «Հյուսիսային Պալմիրա», «Կայարանային վերակացու», Բունինի, «Anthologia» պոետական մրցանակների, «Պոետ» ազգային մրցանակի, Մշակույթի բնագավառում ՌԴ կառավարության մրցանակի, Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Կ. Լ. Խեթագուրովի անվան Պետական մրցանակի և այլն: Ապրում է Մոսկվայում:
Գրականագետ և քննադատ Անդրեյ Նեմզերը գրում է. «Կիբիրովի պոեզիայի էությունն այն է, որ նա շրջապատող իրականության մեջ միշտ կարողացել է ճանաչել «հավերժական նմուշները»: Քաղաքացիական խառնակություններն ու տնական հարմարվետությունը, սերն ու ատելությունը, անձրևն ու տերևաթափը, նորաձև ինտելեկտուալ դոկտրիններն ու դեբիլավուն զորանոցը, «ծեծված ճշմարտություններն» ու հեռավոր աստղը, փողային խնդիրներն ու բացարձակի տուժանքը, բնությունը, պատմությունը, Ռուսաստանը, Աստծո աշխարհը խոսում են Կիբիրովի հետ (իսկ նրա միջոցով՝ մեզ հետ) միայն մեկ՝ ռուս պոեզիայի ճկուն ու անկաշկանդ, մոլեգին ու քնքուշ, հայհոյող ու քնքշախոս, երգաձայն ու հռետորական, մթին ու պայծառ, երանելի անմիտ և առավելագույնս ճշգրիտ լեզվով»: