Վլադիմիր Լիչուտին
Վլադիմիր Լիչուտին (ծնվ. 1940 թ.) — արձակագիր, հրապարակագիր: Ռուսաստանի գրական մեծ մրցանակի (2006), ՌՖ կառավարության մրցանակի (2011) և մի շարք այլ մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Արխանգելսկի մարզի Մեզեն քաղաքում՝ ժառանգական պոմորների ընտանիքում (Արկտիկայի քարտեզի վրա նշված է Լիչուտին կղզին): Հայրը զոհվել է պատերազմի ժամանակ: Ավարտել է անտառատեխնիկական տեխնիկումը, Լենինգրադի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, գրական բարձրագույն կուրսերը:
Առաջին վիպակը՝ «Սպիտակ վերնասենյակ», լույս է տեսել 1972 թվականին: Լիչուտինը գրականություն մտավ որպես «գյուղական արձակ»-ի հյուսիսային մասնաճյուղի ներկայացուցիչ, պայծառ և յուրահատուկ ձևով նկարագրեց պոմորսկյան գյուղացիների կյանքը: Ավելի ուշ ծնվեցին նրա ժամանակակից հոգեբանական վեպերը, «քաղաքային արձակը»: Մեծ իրադարձություն եղավ պատմական լայնածավալ «Պառակտում» եռագրությունը (ռուսական եկեղեցու պառակտումը 16-րդ դարում): «Պառակտում»-ը, «Ցանկասերը», «Միլեդի Ռոտման»-ը, «Փախստականը դրախտից» և «Աստծուն սպասելիս» վեպերը, ինչպես նաև «Հոգին անբացատրելի է. խոհեր ռուս ժողովրդի մասին» ժողովածուն արժանացել են ընթերցողների բարձր գնահատանքին:
Լիչուտինի ստեղծագործության կենտրոնում Ռուսաստանի հոգևոր բնույթն է և ռուսական բնավորության ուսումնասիրությունը: Նրա գրքերն անվանում են «ազգային ինքնաճանաչողության փորձ»: Քննադատները առանձնացնում են Լիչուտինի յուրահատուկ «ձայնային մեղեդայնությունը»՝ նրա լեզուն՝ միաձուլված «ժողովրդական պերճախոսության» և «հին հավատացյալ գրականության» հետ: