Օլեգ Չուխոնցև
Ծնվել է 1938 թվականին Մոսկվայի մարզի Պավլովսկի Պոսադ քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի Ն. Կ. Կրուպսկայայի անվան մարզային մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է «Երիտասարդություն» և «Նոր աշխարհ» ամսագրերում՝ որպես պոեզիայի բաժնի վարիչ։ 1960-1980-ական թթ. ակտիվորեն ռուսերեն է թարգմանել եվրոպացի և ամերիկացի հեղինակների, միութենական հանրապետությունների բանաստեղծների բանաստեղծությունները։ Հեղինակ է տասներկու բանաստեղծական գրքերի և ժողովածուների, այդ թվում՝ «Ֆիֆիա» (2003թ.), «Այս սահմաններից» (2005թ.), «Լիրիկայից» (2007թ.), «Անվանակից» (2008թ.), «Լռության խոսք. տարբեր գրքերից» (2014), «Անլեզու թարգմանիչը. թարգմանությունների ընտրանի» (2014), «Դուրս գալ՝ թողնելով ետևում» (2015): 2019 թվականին լույս է տեսել «Եվ ձայն, և արձագանք» բանաստեղծությունների ժողովածուն։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր է, «Նոր աշխարհ» և «Զնամյա» ամսագրերի մրցանակակիր, Ալֆրեդ Տոպֆեր հիմնադրամի Պուշկինի մրցանակի (Գերմանիա) և Ռուսաստանի Դաշնության Պուշկինի անվան պետական մրցանակի, «Գիրք» ազգային մրցույթի, «Անթոլոգիա», Բորիս Պաստեռնակի և այլ մրցանակների դափնեկիր: Ապրում է Մոսկվայում:
Չուխոնցևի պոեզիան կարևոր տեղ է գրավել XX դարի երկրորդ կեսի գրական համատեքստում՝ արժանանալով ինչպես քննադատների, այնպես էլ գրականագետների խանդավառ արձագանքներին։ Սակայն «Ֆիֆիա» գրքի հրատարակումից հետո Չուխոնցևի մասին սկսեցին խոսել որպես բանաստեղծի, որն արմատապես փոխել է իր նախկին պոետիկան։ Նոր ժամանակային շրջադարձում, նոր ձեռք բերված հոգևոր փորձառությամբ և լեզվական նոր հնարավորություններով՝ նա սգում է հանգուցյալին, խորհում ծերության, բանաստեղծի մետաֆիզիկական հիմարության և շրջապատող աշխարհի հանդեպ նրա օտարության, ինչպես նաև աճող համընդհանուր էնտրոպիայի մասին: