Մաքսիմ Ամելին

Ծնվել է 1970թ. Կուրսկ քաղաքում: Ավարտել է կոմերցիոն քոլեջը, սովորել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում: 1995 թվականից զբաղվում է հրատարակչական գործունեությամբ:
Հեղինակն է հետևյալ՝ «Սառը ձոներ» (1996), «Dubia» (1999), «Գորգոնայի ձին» (2003) բանաստեղծական գրքերի, բանաստեղծությունների և էսսեների «Կորակերտ խոսք» ժողովածուի (2011), բազմաժանր «Գիրք ոչքերթվածքների» (2021): XVIII—XX դարերի մի շարք ռուս բանաստեղծների ստեղծագործությունների, ժամանակակից ռուս և վրացական պոեզիայի անթոլոգիաների կազմողն ու մեկնաբանողն է: Պոեզիայի թարգմանիչ է՝ հին հունարեն, լատիներեն, անգլերեն, իտալերեն, վրացերեն, ուկրաիներեն և այլ լեզուներից: Նրա բանաստեղծությունները թարգմանված են քսանհինգ լեզուներով, ութ առանձին գիրք լույս է տեսել Ավստրիայում, Հայաստանում, Իսպանիայում, Չինաստանում, Սերբիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ռուսական և արտասահմանյան գրական բազմաթիվ մրցանակաբաշխությունների դափնեկիր է, այդ թվում նաև «Անտիբուկեր» անկախ մրցանակի, բունինյան մրցանակի, Ալեքսանդր Սոլժենիցինի և «Պոետ» ազգային մրցանակի։ «Միավորված հումանիտար հրատարակչության» գլխավոր խմբագիրն է և «Ռուսաստանի ժողովուրդների գրականության» նախագծի հեղինակը: ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիր է՝ ռուսաստանյան ազգի միասնության գործում ունեցած ներդրման համար: Ռուսաց լեզվի հարցերով ՌԴ նախագահին կից խորհրդի անդամ է: Ապրում է Մոսկվայում:
Քննադատ և տաղագետ Յուրի Օռլիցկու կարծիքով. «Լինում են բանաստեղծներ,— գրական ընթացքում,— որոնց տեղը որոշելը, նրանց բացարձակ յուրօրինակության պատճառով, չափազանց դժվար է: Հատկապես այդպիսին է Մաքսիմ Ամելինը, մարդ, ով ժամանակակից պոեզիայում նման չէ ոչ ոքի: Այսինքն՝ նրա շատ բանաստեղծությունները կամ էսսեները կարելի է ինչ-որ բանի հետ համադրել, բայց ահա ստեղծագործությունն ամբողջությամբ՝ ոչ»: