Սերգեյ Ստրատանովսկի

Ծնվել է 1944 թվականին Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես էքսկուրսավար Պուշկինի թանգարանում, Պետական Էրմիտաժում, Ռուսաստանի ազգային գրադարանում (Սանկտ Պետերբուրգ)՝ որպես մատենագետ։ Հեղինակ է բանաստեղծությունների տասնմեկ գրքերի, այդ թվում՝ «Օրվա խավարը» (2000), «Անթափանց գետի վրա» (2005), «Դափի վերածնունդը» (2009), «Թզենին» (2010), «Գրաֆիտի» (2011), «Հոբը և արաբը» (2013), «Աններդաշնակ բազմաձայնություն» (2016), «Ճառընտիր» (2019): Բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, գրքերը հրատարակվել են անգլերեն, բուլղարերեն, հոլանդերեն, եբրայերեն, իտալերեն, լիտվերեն, գերմաներեն, լեհերեն, ֆիններեն, ֆրանսերեն, չեչեներեն, շվեդերեն և էստոներեն: Ստացել է Ի. Ա. Բրոդսկու հիմնադրամի կրթաթոշակ: Ռուսական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Ցարսկոյե սելոյի արվեստի մրցանակի, Բորիս Պաստեռնակի անվան գրական մրցանակի, Ն. Վ. Գոգոլի, Անդրեյ Բելիի անվան մրցանակների, պոեզիայի «Անթոլոգիա» մրցանակի, Ջ. Կարդուչիի (Իտալիա) ու «Պարաբոլ» մրցանակների: Ապրում է Սանկտ Պետերբուրգում։
Գրականագետ և քննադատ Անդրեյ Արիևը գրել է. «Որպես մշակութային երևույթ՝ Ստրատանովսկու պոեզիան մաքրում է մեր ընկալումը զանգվածային մշակույթի անցողիկ արտադրանքի կախվածությունից, շուկայական վարկանիշների նկատմամբ վստահությունից, գիտելիքի աղբյուրները խցանող տեղեկատվական փոշուց, որով լեցուն է «համաշխարհային սարդոստայնը»։ Գլխավորն այն է, որ բանաստեղծն աշխարհն ընկալում է որպես պատմությամբ պայմանավորված ամբողջություն՝ դրանով իսկ հակադրվելով ժամանակակից գիտակցության դիսկրետությանը, նրա էնտրոպիային։