Բիլալը

Յոթնամյա չեչենցին մոսկովյան դպրոցում
Կմորթեմ՝ ասում է իր կողքի նստածին,
Ու ձեռքի նշանով կոկորդն է սղոցում:
Ժողովին ծնողներն աղմկում են՝ «Ինչքա՛ն...
Չեն ուզում, թող ուրիշ մի Մոսկվա մտածեն
Քարտեզին, ու մեզ էլ դուր կգա»:

— Բա դրա գազանի երախը դուք տեսեք:
Ի՛նչ է սա: Երեխեքն ասում են՝ հիվանդ է:
Կատաղում, գոռում է, թե՝ հլա սպասի,
Հորս կասեմ, կգա՝ կփշրի քո գանգը:—
Բիլալն է, նիհարիկ մի տղեկ: — Ու կասես՝
Շակալներ են իրանք, ոչխարներ են անտեր:

Մտնում անկյունն ու շնչում է ծանր:
— Գրոզնիում քեռիս մի արծիվ էր բռնել:
Դրեց վանդակ ու մի չաղ բադ գցեց դեմը:
— ...Թող հայրը գա հաջորդ ժողովին ու տեսնի,
Որ տղան իր այստեղ չի սովորի արդեն:

— Մինչեւ ոսկորները միսը մաքրեց լրիվ,
Կաթիլ-կաթիլ լափեց բադի արյունն ամբողջ,—
Բիլալն է պատմում՝ իր արծվով հպարտ:—
Իսկ էն մյուս քեռիս կով սպանեց,
Ու նստեցին թաղով՝ կերան ամբողջ շաբաթ:

— Վե՜րջ, չի լինի այսպես,— տրտում չեչենուհուն
Մայրիկներն են ասում, իսկ հայրերը լուռ են:
Նա գլխով է անում՝ մյուս գալուն
Հորն՝ Ասլանին կասեմ:— Երկու կապույտ
Սալորներ են աչքերն իր Բիլալի,
երկու սպի դեմքին ու հայացքը՝ տխուր,
Կարծես մորթվող կովն է այնտեղ լալիս:

Գլխի կեսն են բռնել չար թախիծով լեցուն
Երկու կապույտ աչքերն, ասես Աստված,
Որ Կովկասն է հսկում, իր ձեռքով է բացել,
Բայց շատ կտրուկ, ցավոք, շատ կտրուկ ու ցավոտ,
Այնքա՛ն ցավոտ ու ոչ մարդավարի հաստատ: