Տոհմածառ
«Կազմել տոհմածառ, — պահանջում է դպրոցական օրագրում արված գրառումը: — Երկուշաբթի օրվա համար: A4 ձևաչափի»:
Ութամյա դստրիկս նկրաչության ալբոմից պոկում է անհրաժեշտ չափի թերթն ու հարցական նայում ինձ ու ամուսնուս: Ես մտնում եմ համակարգիչ՝ հանգուցյալ հորաքրոջս գրառումների ֆայլը փնտրելու: Ամուսինս իր արխիվային թղթապանակներն է բացում: Մինչ այդ մեր մտքով չէր անցել համատեղել մեր նյութերը: Գտնում ենք սխեմաներ, աղյուսակներ Excel-ում, ձեռագիր գրառումներ ու գծագրեր, լուսանկարներ, նամակ-պատասխաններ արխիվից:
— Պետք է միայն ընտանեկան ծառը նկարել ու անունները գրել, — ճշտում է աղջիկըս: — Կարելի է առանց կյանքի ու մահվան տարեթվերի: Ու նույնիսկ առանց հայրանունների:
— Ինչո՞ւ առանց հայրանունների, — զարմանում է անհասկացող ամուսինս:
— Որպեսզի տեղավորվի թղթի վրա:
Սկսում ենք էջադրել սևագիրը: Ժամանակին հորաքույրս, մի քանի տարի ծախսելով Ամերիկայում ու Նոր Զելանդիայում ապրող հեռավոր ազգականների հետ նամակագրության վրա, կարողացավ մեր տոհմաբանությունը քննել մինչև 1804 թվականը. հենց այդ տարի աշխարհ եկավ մի մարդ, ում մենք համարում ենք տոհմի հիմնադիրը՝ կազանյան վաճառական, որի խստապահանջ թուխ դեմքը սպիտակ գլխափաթթոցի տակից հազիվ է նշմարվում փոքրիկ, կիսով չափ ջնջված լուսանկարի վրա:
Նախահոր կյանքի մասին քիչ բան է հայտնի՝ միայն, որ եղել է իսկական խոջա՝ ուխտագնացություն կատարելով Մեքքա: Ես ստիպված չէի որոնումներով զբաղվել.
ընտանեկան պատմության բոլոր նյութերն ստացել էի նվեր, ավելի ճիշտ, ժառանգություն: Ամուսինս, ընդհակառակը, բոլոր տվյալները հայթայթել է ինքը՝ պրպտել է արխիվներում, հին լրագրերում, փնտրել հատուկ կայքերում, շրջել Ռուսաստանով մեկ ու հարցաքննել ազգականներին. ձեռնարկումը ձգվել է տարիներ: Ոմանց ճակատագրերը վերականգնել է ամբողջությամբ, ոմանց դեպքում միայն ընտանեկան լեգենդների պատառիկներ է հայտնաբերել (օրինակ՝ ինչ-որ նախատատից սերունդներին ոչ լուսանկար է մնացել, ոչ փաստաթուղթ, ընդամենը մեկ հիշողություն. կինն այնպիսի չար բնավորություն է ունեցել, որ հրապարակավ կոշկակար ամուսնու վրա կոշիկի կաղապար է շպրտել): Բայց և այնպես ամուսինս կարողացավ հասնել մինչև 19-րդ դարի սկիզբը: Եվ ահա մենք փորձում են պոչատ թղթի վրա տեղավորել 19-րդ ու 20-րդ դարերն ամբողջությամբ: Նրանք չեն տեղավորվում:
— Մեծ չափի թուղթ է պետք, — ասում է ամուսինս: — Ու որ անպայման՝ հայրանուններով: Իսկ ավելի լավ է՝ լուսանկարներով:
Աղջիկս մտախոհ հավանությամբ տմբտմբացնում է գլուխը. ազգականների անսպասելի առատությունը նրան ցնցել է:
Գնում ենք գրապիտույքների խանութ, վերցնում ենք ամենամեծ վատմանը: Մատիտով նշագծում ենք ծառը՝ ստացվում է լայնասաղարթ, փարթամ ճյուղերով: Սոսնձում ենք դստրիկիս մռութիկը, երկուսիս լուսանկարները: Իսկ հետո՞: Ծնողներս պատկառելի չափերի լուսանկարչական ալբոմներ ունեն, տատիկ-պապիկներից մնացած ալբոմներն ավելի բարակ են, բայց փոքր էլ չեն: Ի՞նչ լուսանկարներ ընտրել: Միանգամից ենք որոշում՝ վերցնում ենք երիտասարդ դեմքերը՝ դեռևս միամիտ, փափուկ դիմագծերով ու անկնճիռ:
Ահա տատերիցս մեկը՝ Կազանի համալսարանի ավագ կուրսի ուսանողուհի, ապագա ձկնաբան. նորաձև սանրվածք, ուլունքակար գլխարկ, թաթարերենից ու ռուսերենից բացի տիրապտում է արաբերենին, ինքնամոռաց սիրում է օպերա ու ձևավոր չմշկասահք, ապրում է ծնողների հետ հսկայական կոմունալ բնակարանի անկյունային սենյակում (մինչև հեղափոխությունը նրանց է պատկանել ամբողջ հարկը, հետո ընտանիքին «խտացրել» են, շնորհակալություն, որ ընդհանրապես դուրս չեն շպրտել):
Իսկ ահա երկրորդը՝ վերջերս կուլակային աքսորից վերադարձած երիտասարդ ուսուցչուհի՝ անասելի նիհար, տղամարդու պիջակով, անհեթեթ մուգ շրթներկը
պինդ սեղմած շուրթերին: 16 տարի ապրելով սիբիրյան աքսորավայրում՝ համարյա մոռացել է մայրենի թաթարերենը, ուստի ամբողջ կյանքը երեխաներին ռուսաց լեզու կսովորեցի, իսկ մինչև կյանքի վերջ նրա խոսքում կլսվի սիբիրյան հնչերանգը:
Ահա մի պապս՝ վախեցած աչքերով այտոսկրոտ պատանի, նախկին անապաստան, որ ցմրուր ճաշակել է Պովոլժիեի սովն ու մի կտոր հացի համար թափառումները Թուրքեստանում:
Իսկ ահա և երկրորդը՝ շաբաթներ առաջ պատերազմից վերադարձած լեյտենանտը: Շուտով նա կհանի զինվորական համազգեստն ու կգնա աշխատելու դպրոցում դեռևս քառասունմեկ թվականին ստացած դիպլոմին համապատասխան. «գերմաներեն լեզվի ուսուցիչ»: Ամբողջ կյանքում, հարցուփորձերին ի պատասխան, մի բառ անգամ չի ասի, թե ինչ է եղել իր հետ ռազմաճակատային չորս տարիների ընթացքում, կլռի: Ու կսովորեցնի երեխաներին գերմաներեն, որի հանդեպ սերը զարմանալիորեն պահպանել էր պատերազմի տարիներին...
— Տես, է՛, նրանք բոլորը լուսանկարներում մեզնից ջահել են, — նկատում է ամուսինս:
Ճիշտ որ... Վատմանի վրա միայն երիտասարդ, պատանեկան ու համարյա մանկական դեմքեր են՝ մեր ծնողներն ու նրանց ծնողները հասակակիցներ են թվում: Առայժմ տոհմաբանությունը շրջանավարտների լուսանկարներով դպրոցական ալբոմ է հիշեցնում: Միայն անուղղակի հատկանիշներով (զինվորական համազգեստի ձևվածքը, մերակին՝ կոմերիտականի նշանը, սանրվածքի ձևը) կարելի է որոշել, որ լուսանկարներն արվել են տարբեր ժամանակներում, երբեմն՝ կես դարի տարբերությամբ: Ութամյա դստրիկս այդ տարբերությունը չի նկատում. ուշադիր զննում է նրանց, ում սովոր է ծեր համարել:
— Մերիլին Մոնրոյին է նման, — ասում է լուսանկարներից մեկի մասին: Բայց հետո իրավիճակը փոխվում է. ավելի ավագ սերունդներից քիչ լուսանկարներ են մնացել, և տոհմածառը աստիճանաբար ծածկվում է տարատեսակ ու տարիքային տարաժամանակ դիմանկարներով:
Ահա մեր նախատատերը: Խստադեմ թաթարուհին՝ ամուր կապած ճերմակաթույր գլխաշորով, որի տակից հազիվ են երևում ծերությունից կիսակույր աչքերը (համաձայն ընտանեկան ավանդության՝ այնքան է սիրել միակ որդուն, որ չի կարողացել նրան ներել հարազատ գյուղից քաղաք տեղափոխվելն ու դրանից շատ չանցած՝ մահացել է): Եզնաչյա անդրբայկալյան գեղջկուհին՝ վարդը ձեռքին թախծագորով հենված փորաքանդակ սեղանիկին (մի անգամ, փրկվելով խունխուզներից՝ 19-րդ դարավերջին ու 20-ի սկզբներին Մանջուրիայում ու ռուսական Հեռավոր Արևելքին մերձակա տարածքներում գործող չինացի ավազակներից, համարյա հարյուր կիլոմետր է կտրել-անցել առանց ուղեկցորդի՝ մեկ տարեկան աղջնակը գրկին)...
Իսկ ահա նախապապերս: Փարթամ բեղերով կրակոտ ուրյադնիկը՝ ձեռքը հպարտորեն դրած շատ երկար սրի դաստապանին: Չեռինգովյան նահանգի տարեց կազակը, որի՝ արևից սևացած կնճռապատ դեմքին միայն աչքերն են փայլում: Կղբենու մուշտակով կազանյան բուրժուան՝ առատ յուղած պղնագեղ մորուսով...
Լուսանկարների աշխարհագրությունը շատ տպավորիչ է՝ արված են Ռուսաստանով մեկ՝ Կազանից մինչև Խաբարովսկ, Վորոնեժից մինչև Կոլայի թերակղզու Սևերամորսկ քաղաքը: Մեր նախնիներն անընդհատ տեղաշարժվել են երկրում. մինչև տասնյոթ թվականը սեփական կամքով, հետո՝ պետության կամքով: Դարձել են բուռլակներ ու գնացել պատերազմ, մեծ քաղաքներում իրենց զավակների համար լավ կյանք են փնտրել, իսկ Անգարայի ափերն են աքսորվել որպես կուլակ, մայրաքաղաք են հասել ուսում ստանալու, իսկ հետո՝ բևեռային շրջան, աշխատելու՝ ըստ աշխատանքի բաշխման:
Այդ մշտական տեղափոխումները քարտեզի վրա հատվում են որպես կեռագծեր. երկիրը կարվում մի ընդհանուր տարածքի մեջ՝ Պետերբուրգում ու Աստրախանում, Կրասնոյարսկում ու Բարնաուլում, Նովոսիբիրսկում, Յարոսլավլում, Պետրոպավլովսկ-Կամչատկայում, Չիտայում, ամենուր կան փողոցներ ու տներ, որոնք ինչ-որ ժամանակ դարձել են իրենցը, հարազատը:
Այդ տեղափոխությունների երթուղին մենք վերջերս ենք վերականգնել. ոչ միշտ է անցյալի մասին իմացությունը արժեքավոր եղել: Ժամանակին շատերի համար բեռ ու նույնիսկ վտանգավոր է եղել: Այսպես, ամուսնուս պապը ամբողջ կյանքում թաքցրել է ճշմարտությունը իր հոր մասին (կոլեգիական ասեսոր, Չինաստան է անցել Սպիտակ գվարդիայի հետ ու այնտեղ էլ անհետ կորել), իսկ ինքը եղել է բատրակ, հովիվ, վարձու նավաստի, ՀՆԲ-ի զինվոր (Հատուկ նշանակության բաժին 1917—1925 թվականներին, որոնք գործել են արտադրությունների կուսակցական կոմիտեներում ու կուսբջիջներում՝ աջակցելու խորհրդային իշխանությանը հակահեղափոխության դեմ մղած պայքարում)՝ միմիայն սյունակում պահանջվող «սոցիալական ծագում» գրառումն արդարացնելու համար:
Միակ բանը, որ կարող էր նրան մատնել, նախկին գերազանցիկ գիմնազիստի օրինակելի ձեռագիրն էր: Բարեբախտաբար, դրան ուշադրություն դարձնող չկար. այն օրերին ի՜նչ մի հազվադեպ երևույթ էր վայելչագեղ ձեռագիր ունեցող հովիվը...
— Իսկ նա իսկապե՞ս նախկին հովիվ էր, — մատը սահեցնելով ողորկ լուսանկարի վրայով՝ հարցնում է աղջիկս: — Երիտասարդ Ռիչարդ Գիրին է նման:
— Քեզ ասում եմ՝ հովիվ էր, — պնդում է ամուսինս: — Հետո քեզ անկետան ցույց կտամ՝ պատճենը, արխիվից: Այնտեղ ամեն ինչ գրած է սևով սպիտակի վրա, իր իսկ ձեռքով:
— Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ անկետայում գրվածը ճիշտ է:
Ամուսինս սսկվում է. հակաճառելու բան չկա: Վերականգնել անցյալը, նույնն է, թե զբաղվես հնագիտությամբ. մատների արանքից տոննաներով ավազ բաց թողնես՝ փնտրելով թանկարժեք խեցիներն ու բեկորները: Կամ թե հողից արմատախիլ անես հսկա ծառը, արմատն արմատի ետևից՝ փորձելով չվնասել: Բայց երբեմն նույնիսկ ամենամանրակրկիտ աշխատանքը ոչինչ չի տալիս, եթե այդ արմատները վաղուց են կտրված ինչ-որ մեկի աներեր ձեռքով: Բայց առավել վիրավորական է, եթե դա հարազատ մարդու ձեռք է եղել: Մեր հեռավոր ազգականուհիներից մեկը երկար տարիներ մահճակալի տակ նամակներով, բացիկներով ու լուսանկարներով արկղ էր պահում, դրանց մեջ՝ տարեթվերով դասավորված ու պինդ թելով կապված հաստ թղթապանակներում, նրա անցյալն էր պահված: Իսկ մահվանից մի քանի շաբաթ առաջ, արդեն հիվանդ ու անկողնուն գամված, նա հրամայեց ոչնչացնել արկղում եղածը՝ մինչև վերջին թերթիկը:
Հիվանդի կամքին հակառակվել չհամարձակվեցին. հենց սենյակում՝ երկաթե թասի մեջ, նրա աչքի առաջ թղթերն այրեցին: Դրանից շատ չանցած՝ նա մահացավ՝ տեսնելով ծխի վերածված կյանքն ու հոգին խաղաղված: Իսկ զավակները մինչև հիմա չեն կարողանում իրենց ներել, որ չպահպանեցին թանկարժեք արխիվը...
— Ե՞րբ են հայտնագործել լուսանկարը, — հետաքրքրվում է աղջիկս՝ տոհմածառի ճյուղերին ջանադրորեն ծաղիկներ ու տերևներ նկարելով:
— 19-րդ դարի սկզբին, կարծեմ՝ 30-ականների վերջին: Դե, իսկ ցանկացողների համար լուսանկարչական սրահներն սկսեցին բացվել արդեն դարավերջին:
— Լավ էլ ուշ է, — աղջիկս տրտում օրորում է գլուխը:
Լուսանկարները տեղավորվում են վատմանի վրա՝ քիպ, երբեմն եզրերով կպնելով, ու միանգամից ակնհայտ է դառնում դեմքերի տարբերությունը: Այտոսկրերը՝ լայն կալմիկական ու նեղ լեհական, աչքերը՝ շեղ մոնղոլական, կախված կոպերով ու լայն բացվածք, մազերը՝ սև ու ոսկեգույն, քթերը՝ բացահայտ քթատ ու վրացական արծվաքիթ: Ծածուկ նայում եմ աղջկաս. այդ բոլոր գծերը, այնքան տարբեր, պահ են մտնել նրա մեջ, ոլորվել ժառանգական պարույրում, կուչ են եկել ու պահուստավորվել: Եթե մի քանի տարի անց նրա մի քիչ ցցված քթիկն ուղղվի, իսկ մազերը շիկահերից դառնան շագանակագույն, զարմանալ պետք չէ: Ինչ ճիշտ՝ ճիշտ. արյան հարցերն ամենաբարդն են աշխարհում:
Իսկ բնավորության ու սեփական ընտրության հարցե՞րը: Եթե հանկարծ աղջիկըս ուզենա օտար լեզուների ուսուցչուհի դառնալ, դա կլինի ինքնուրույն որոշո՞ւմ, թե՞ «ողջույն անցյալից», նախնի-մանկավարժներից: Իսկ եթե բորբոքված պահին ինչ-որ մեկի վրա կոշիկ շպրտի, դա կլինի նրա բնավորության դրսևորո՞ւմը, թե՞ ընդամենը հեռավոր մի նախատատի վնասակար ժառանգություն:
Եվ ընդհանրապես, որտե՞ղ է մեզ՝ անհատապաշտներիս ու եսակենտրոններիս, համացանցի ու համակարգչային տեխնոլոգիաների ջատագովներիս, 21-րդ դարի մարդկանց նախորդ սերունդներից բաժանող սահմանը: Եվ արդյոք այդքան կարևո՞ր է այդ սահմանը անցկացնելը: Գուցե ամենակարևորը՝ թիկունքիդ ամայություն չզգա՞լն է: Իմանալը՝ ո՞վ կա այնտեղ, քեզնից առաջ, ո՞վ է եղել նա: Հնարավորություն ունենալ ետ նայել և անգամ ձեռքդ պարզել իրեն...
Երբ փակցված է վերջին լուսանկարն ու գրված վերջին անունը, վատմանը փակցնում ենք պատին՝ գնահատելու մեր ջանքերի արդյունքը: Մոտ քսան դեմքեր՝ հասուն, ծեր, բայց մեծ մասամբ երիտասարդ ու անգամ պատանի, նայում են մեզ: Իսկ մենք նայում ենք նրանց: Եվ հասկանում ենք, որ այստեղ՝ դստրիկիս մահճակալի կողքին, մեր ստեղծագործությունն է, և այստեղ կմնա շատ երկար:
Իսկ ի՞նչ կմնա մեզանից մի հարյուր տարի հետո: Մեծ հաշվով ճիշտ նույնը՝ մեկ լուսանկար, մի նախադասություն («սա այն պապն է, որը...» կամ «այդ նույն տատիկը, որ...»): Ու թող որ այսօր մեր լուսանկարների թիվը հազարների է հասնում, իսկ սոցիալական ցանցերն ամեն քայլդ վավերագրում են՝ տոհմածառով վատման թղթի վրա միայն մի լուսանկար կսոսնձեն, որին մատնացույց անելով՝ մեր ծոռնիկը կհիշի ինչ-որ մի բան, գլխավորը:
Աղջիկս «գերազանց» ստացավ կատարված աշխատանքի համար (ուսուցչուհին ափսոսաց, որ կատարվածի ձևաչափը չի համապատասխանում հանձնարարվածին, բայց գնահատականը իջեցնել չհամարձակվեց):
Ամուսինս, մեր աշխատանքով ոգևորված, թե այլ պատճառով, լրջորեն տարվեց Անդրբայկալի նվաճման պատմությամբ, իսկ շատ չանցած՝ համացանցով նրան գտան հեռավոր ազգականները. տեղեկացել էին, որ զբաղվում է ընտանիքի տոհմաբանությամբ ու ցանկացան միավորել տեղեկությունները:
Ես մի քանի պատմվածք գրեցի թաթարական գյուղի մասին: Այդ օրից անցել է հինգ տարի: Մեր տոհմածառն առաջվա պես կախված է աղջկաս անկողնու գլխավերևում: Ժամանակ առ ժամանակ լուսանկարներից մի քանիսը կեռանում են, եզրերը պոկվում ու ծառից ընկնում են. ամեն անգամ դրանք վերադարձնում ենք իրենց տեղերը: Երևի թե շուտով որոշ լուսանկարներ ստիպված լինենք թարմացնել՝ լույսի տակ պատկերները դալկանում ու կորցնում են ցայտունությունը (թեև ինձ ավելի դուր է գալիս ոչ թե լուսանկարների ողորկ թարմությունը, այլ գունաթափվածների գծերի փափկությունն ու մեղմ նրբերանգները):
Վերջերս էլի մի քանի վատման գնեցինք, կպցրինք երկար շերտով ու նկարեցինք
ժամանակի ընտանեկան սանդղակը, որտեղ պատմական իրադարձություններին
հավասարաչափ գրանցեցինք նաև մեր նախնիների կյանքի տարեթվերը, ու նաև մեր ծննդյան օրերը: Կախեցինք դիմացի պատին:
Առաջին օրերը՝ կողքով անցնելիս, ամեն անգամ մի երկու րոպեով կանգնում ու աչք էի անցկացնում 20-րդ դարն ամբողջությամբ ու 21-ի սկիզբը. սանդղակի մի կետում նույն տարում ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմն ու ծնվել է իմ հայրը, մյուս կետում՝ մահացել Ստալինն ու ծնվել է մայրս, երրորդում՝ ավարտվել է Վիետնամի պատերազմն ու ծնվել է ամուսինս... Բոլոր իրադարձությունները գրվել են նույն գրիչով, նույն տառատեսակով, նույնաչափ տառերով: Բայց սա արդեն ուրիշ պատմություն է: Իսկ գուցե հենց նո՞ւյնը...




