Երաժշտության դասեր
Վաղ թե ուշ բայց և այնպես կգրեմ վիպակ Երաժշտության հետ իմ փոխհարաբերությունների մասին: Դա կլինի տխուր ու ծիծաղելի վիպակ:
Գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ վիպակ իմ երաժշտական կրթությա՞ն հետ փոխհարաբերությունների մասին, այդ դաժան, խախուտ աստիճաններով սանդուղքի, որը հաղթահարել եմ տասնվեց տարի: Այո՛, տասնվեց տանջալի տարիներ՝ լի ծանր շնչառությամբ, առկայծումով աչքերում ու մագլցումով աստիճաններով վերև, վերև, չգիտես ինչու, ամեն գնով վերև, դեպի կոնսերվատորիայի դիպլո՞մը...Ո՛չ, հենց Երաժշտության հետ. խորթ մոր, իսկ ավելի լավ է, ոչ թե խորթ մոր, այլ խորթ հոր, անողոք, խելացի ու արդարամիտ խորթ հոր հետ, որն ամենապետքական պահին ետ վարժեցրեց վատ սովորություններից ու ինքնուրույնության սովորեցրեց...
Իմ մեջ մեխած բարձրագույն երաժշտական կրթությունը մեջս նստած է խրոնիկական բորբոքված կույր աղիքի պես և իր մասին զգացնել է տալիս կյանքիս ամենաանկանխատեսելի պահերին: Եվ այդ ժամանակ վիոլոնչելային թախիծը, որ մշտապես հասնում, բռնում է ինձ երաժշտական անցյալին բախվելու րոպեներին, իսկ ավելի ստույգ, թախիծն էլ չէ, այլ թախծի ուրվականը, քանզի թախիծն արդեն գոյություն չունի, այն մահացել ու մնացել է այդ անցյալի սահմաններում. թախծի ուրվականը խտանում ու քնքշորեն հպվում է իմ բաբախող սրտին, և այդ ժամանակ ես ցնցվում ու ասում եմ ինքս ինձ, որ անպայման, վաղ թե ուշ, կգրեմ տխուր ու ծիծաղելի վիպակ Երաժշտության հետ իմ փոխհարաբերությունների մասին:
Բայց դեռ ժամանակը չէ, դեռ ոչ հիմա: Ու ոչ այն պատճառով, որ վախենում եմ անցյալի հետ այդ շեղբային բախումներից, պարզապես հիմա ուրիշ բանի մասին է:
Ուրիշ պատմություն է:
Այն գարնանը լույս էր տեսնելու իմ առաջին գրքույկը, ու ես ապրում է նրանով: Ավելի ստույգ, ես չէի ապրում, այլ գոյատևում էի տանջալից, հոգեհան սպասումի շաբաթներին ու օրերին: Տանը ապրում էին տպագրական գաղտնիքների կախարդական նշումները՝ «առաջին սրբագրություն», «երկրորդ սրբագրություն», «սիգնալ»...
Ես չէի կարողանում աշխատել... Գրասեղանին մեռյալ կիտուկով դարսված էր անավարտ պատմվածքը, պիեսի ժամկետանց պայմանագիրն էր «վառվում»: Ես օրերով վեր էի ընկած բազմոցին ու ձեռքս գլխատակիս՝ պատկերացնում էի իմ՝ դեռ չծնված գրքույկը: Նրա կապույտ կազմն ու ճերմակ տառերով սեփական անունս կապույտի վրա...
Պատուհանից այն կողմ բնությունը գարուն էր արարում, կամ գարունն էր արարում բնություն, համենայնդեպս ամեն օրը ինչ-որ նորություն բերում էր՝ մեկ նուրբ ծխաշղարշով ծաղկում էր ծիրանը, մեկ մայնա հնդկական թռչունների երամն էր հայտնվում՝ խլվլալով վազում խոտերի միջով:
Հարկավոր էր շեղել ուշադրությունս, ավարտել պատմվածքը, պիեսը, դուրս գալ զբոսնելու և վերջապես տնային սև բլուզը փոխարինել թեթև մի բանով: Բայց ես սև բլուզով առավոտից երեկո վեր էի ընկած բազմոցին ու լուռ, լարված հաղթահարում էի ժամանակը: Ես կաթվածահար էի սպասումով: Օրերով հրատարակչությունից զանգի էի սպասում: Երեկոյան, զանգ չստանալով, ինքս էի զանգում: Նորություններ կա՞ն արդյոք: Ո՛չ: Հնարավոր է, մոտակա օրերին: Մոտակա օրերին... Մոտակա օրերի՞ն: Իսկ ինչպե՞ս ապրեմ այդ օրերը: Ու դրանք կավարտվե՞ն արդյոք երբևէ: Սպասման մեջ գոյատևումը դառնում էր սարսափելի, անտանելի ...
Հիմա ես կռահում եմ, որ դրանք իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին...
Վերջապես մի օր՝ երեկոյան կողմ, զանգեցին: Այո՛, շնորհավորում ենք, սիգնալը եկել է: Տիկին խմբագիրս խոսում էր հանգիստ-բարեհամբույր ձայնով, ասես անսովոր ոչինչ տեղի չէր ունեցել: Նրա ձայնի մեջ չկար արբեցուցիչ երջանկություն, ու դա նրա նկատմամբ ատելություն էր ներշնչում:
— Բայց այսօր դուք երևի չհասցնեք գալ: Աշխատանքային օրվա ավարտին կես ժամ է մնացել: Ստիպված մինչև վաղը...
— Ո՛չ, ո՛չ, ես կհասցնեմ: Տաքսի կբռնեմ, կամ մասնավոր, կամ բեռնատար: Աղբատար մեքենա՛: Ջրցա՛ն: Ես հրատարակչությունում կլինեմ քսան րոպե հետո՛:
Այդ նույն սև բլուզով տնից դուրս թռչելով, բակի միջով սլացա կապույտ կազմով իրականություն դարձած երջանկությանն ընդառաջ:
— Կարելի՞ է ձեզ մեկ րոպեով:
Մեր բակում ապրում էր արևելյան մարդկանց մի ընտանիք. ոչ այն է՝ պարսիկներ, ոչ այն ՝ օսեր, ոչ այն է՝ հրեաներ: Ընտանիքի հայրը՝ շքեղ բեղիկներով վտիտ մի մար-
դուկ, առաքիչ էր, միս էր բաժանում մեքենայով: Ընդմիջման ժամին մեր բակում հաճախ էր կանգնում կապույտ ֆուրգոնով նրա մեքենան: Իսկ ընտանիքը մայր չուներ, ա՛յ թե ինչ դժբախտություն էր նրանց պատուհասել. մայրը մահացել էր այս երաժշտական պատմությունից երեք տարի առաջ:
— Կարելի՞ է ձեզ մեկ րոպեով, — ամաչկոտ ժպտալով՝ ինձ մոտեցավ ընտանիքի հայրը: — Եթե դուք շատ չեք շտապում:
— Այո՛, խնդրեմ: — Ես զգացի, որ դիվոտում եմ, բայց դեմքիս հարմարեցրի ողջույնի ուշադրության բարդ ծամածռությունը:
Իմ կյանքին մշտապես նեղել են տնային դաստիարակության բացասական հետևանքները, ես կասեի՝ դաստիարակության՝ ծանրաբեռնված արևելյան քաղաքավարության ու բարեհամբույր հարգանքի ավանդույթներով բոլորի՝ ծերերի, հարևանների, ծանոթների, անծանոթների հանդեպ, համարյա անծանոթների՝ առավել ևս. չէ՞ որ նրանք ոնց որ թե գիտեն քեզ, բայց գիտեն ոչ բավարար չափով, աստված չանի, քո մասին սխալ կարծիք կազմեն... Արևելյան ընտանիքի հայրը հենց այդ համարյա անծանոթների դասին էր պատկանում: Բակում հանդիպելիս որպես ողջույն՝ իրար գլխով էինք անում:
— Այո՛, խնդրեմ...
— Մենք անծանոթ ենք, բայց մենք ամեն ինչ գիտենք ձեր մասին...— շտապով խոսեց նա՝ շարունակելով ամաչկոտ ժպտալ: — Ձեր մասին բակում լավ են խոսում...
— Այո՞, — քաղաքավարի զարմացա ես, չիմանալով, թե էլ ինչ ասեմ այդ առիթով: Վայրկյաններն անցնում էին, գրքույկս հրատարակչությունում էր, տիկին խմբագրի սեղանի վրա: — Եվ ուրեմն ի՞նչ:...
— Դուք չէ՞ որ կոնսերվատորիա եք ավարտել, — ուրախացած շարունակեց նա: Ես տխրեցի:
— Դե... ընդհանրապես... այո...— քրթմնջացի ես:
Արդեն մեկ տարի էր, ինչ բաժանվել էի կոնցերտմեյստերի պաշտոնից ու բացարձակապես ազատ էի գրականությամբ զբաղվելու համար: Եվ այդ վաստակած, երկար սպասված ազատությունը դեռ թվում էր անթույլատրելի երջանկություն, ինչ-որ անպարկեշտ, անհարմար, անբնական մի բան: Երաժշտության հանդեպ երկարամյա պարտականությունները ճախրում էին իմ թիկունքում ահեղ թարմությամբ, ու ես դեռ չէի համարձակվում վերջնականապես հավատալ, որ ազատ եմ, ազատ եմ, ազատ եմ: Այդպես մարդը, որ երկար քարշ է տվել ծանր բեռն ու վերջապես այն շպրտել է, կուզենար հավատալ, որ այսուհետ թեթև է ու խոյանքով լեցուն, բայց նվում են ուսերը, ցավում է մեջքը, անհամաչափ է շնչառությունը:
Փոքրիկ քաղաքավարի մարդուկը հիշեցրեց իմ բազմամյա տաժանակրության մասին, մտրակի մասին, որը դեռ վերջերս էր ձաղկում ուսերս: Եվ ուսերս ցնցվեցին...
Ընտանիքի հայրը կարտոֆիլով ծանր տոպրակն իջեցրեց, և այն ծանրորեն փռվեց ասֆալտի վրա:
— Ես աղջկաս հաշվով...— շարունակեց նա՝ մերսելով պարանե տոպրակից առաջացած արնագույն, սպիածածկ հետքերով ձեռքերը: — Նա այնպես ընդունակ է, այնքան խելացի է, դուք պարզապես բավականություն կզգա՛ք...
— Հա՜, — հասկացա ես, — ուզում եք նրան նվագե՞լ սովորեցնել:
— Դուք մեծ բավականություն կստանաք, — խնդրական կրկնեց նա ու սթափվելով՝ շտապ ավելացրեց: — Գինը դուք ասեք:
— Ցավոք, ես արդեն երաժշտության հետ կապ չունեմ: Հասկանո՞ւմ եք, ընդհանրապես չունեմ...— Ես վշտացած-քաղաքավարի դեմք սարքեցի, ձեռքերս էլ, իբր վշտահար թեթևակի թափահարեցի: Հետո խեթ նայեցի ժամացույցին ու անձայն հեծեծացի՝ ինձ հրատարակչություն կարող էր հասցնել միայն գլխից ձեռք քաշած մասնավորը:
— Ինչպե՞ս թե՝ ընդհանրապես: — Նա թերահավատ ժպտաց: — Դե, ինչ-որ դո-մի-սոլ դեռ հիշո՞ւմ եք, այսկողմ, այնկողմ:
— Դո-մի-սոլ հիշում եմ, — տրտում համաձայնեցի ես՝ զգալով, որ միանգամից քաղաքավարի, բայց հաստատակամ մերժելու փոխարեն ներքաշվում եմ ինչ-որ անհեթեթ բացատրությունների, հրաժարումների, իմը պնդելու մեջ:
— Մենք շատ ենք ձեզ ուզում, — ասաց նա ու շունչ քաշեց: — Ձեր մասին բակում լավ են խոսում: Դուք նրանից բավականություն կստանաք, նա այնքան ընդունակ է, իմ Կարինան:
— Գիտեք ինչ, — առաջարկեցի ես, — եկեք զանգեմ իմ բարեկամ երաժիշտներին ու ձեր Կարինայի համար լավ ուսուցիչ գտնեմ:
— Մենք միայն ձեզ ենք ուզում, — տխուր, բայց համառ առարկեց նա: — Նրա հանգուցյալ մայրը այնպես էր երազում այդ մասին...
Ես հասկացա, որ կործանվեցի: Ամաչկոտ մարդը, ինքն էլ այդ մասին չկասկածելով, ձաղկեց ինձ երկրորդ անգամ:
Ես խիստ կանոններ ունեմ, ես կարողանում եմ մերժել: Ես գնահատում եմ իմ ժամանակն ու այն պաշտպանել ինձ համար անհարկավոր մարդկանց ոտնձգություններից: Միայն պետք է, որ այդ մարդիկ շատ հաջողակ լինեն:
Ահա զանգում է բարեկամս ու խնդրում գրախոսական գրել ռեժիսոր ընկերոջ բեմադրած ներկայացման մասին:
— Բացառված է, ծերուկ, — մեղմ, բայց հաստատակամ պատասխանում եմ ես: — Դու լավ գիտես՝ ես խիստ կանոն ունեմ՝ չանել չիմացածս: Ես թատերագետ չեմ՝ մեկ, ժամանակ չունեմ՝ երկու և, ի վերջո, պարզապես չեմ ուզում, ինչն ինքնին միանգամայն հարգելի պատճառ է:
Մտերիմս ըմբռնումով համաձայնում է խոսափողի մեջ:
— Այո՛, այո՛, իհարկե... Իրավացի ես... Բայց մեղք է մարդը, հասկանում ես: Կինը հիվանդանոցում է, աղջիկը ձեռքն է ջարդել, հերիք չէ, գլխավորն էլ՝ անասունը, հոգին հանում է, ուզում է քշել թատրոնից:
Ես դեռ ինչ-որ բան եմ ծամծմում շտապ թարգմանության մասին, բայց խիստ կանոնը՝ իմ մարտական նժույգը, արդեն սայթաքել է ինձ անծանոթ ռեժիսորի դժբախտության վրա, թամբակալը թուլացել է, ու ես ուր որ է կգլորվեմ թամբից: Որտե՞ղ ես, իմ մար-
տակա՛ն նժույգ: Նա վիզը դնում է անուրի տակ, ու սա արդեն նժույգ չէ, այլ աշխատավոր յաբու, որին կարելի է քշել: Ու բարեկամս հրաշալի զգում է դա ու ճնշում.
— Ես քեզ խոսք եմ տալիս՝ միանգամայն կարգին ներկայացում է, նույնիսկ ստիպ-
ված չես լինի ստել: Մի երկու բարի խոսք գրիր, օգնիր մարդուն դժբախտության մեջ: Դա հաշվի կառնվի...
Թե որտեղ հաշվի կառնվի, արդեն չեմ ճշտում, քանի որ թամբից ընկել եմ:Միայն մեռած ձայնով տեղեկանում եմ՝ երբ է ներկայացման սկիզբը:
Ու ես քարշ եմ գալիս դիտելու մի ներկայացում, որն ինձ ընդհանրապես պետք չէ. պիոներական խղճի մասին ու երկու ժամ շարունակ աչքերս պլշել եմ բեմին, որտեղ դասարանի կողմից սիրված պիոներ ջոկատավարի դերը խաղում է թատերախմբի ավագագույն դերասանուհին: Նայում եմ վաստակավոր դերասանուհու ոտքերին՝ տրոմբոֆլեբիտով տառապող ծեր կնոջ ոտքերին ու տխրում եմ... Դրանից հետո երեք օր տառապում եմ իմ՝ ամենևին ոչ պիոներական խղճով ու փորձում եմ նրան հաս-
կացնել ինչ-որ բան հիվանդանոցում պառկած կնոջ ու անասուն գլխավորի մասին, իսկ խիղճս գրողի ծոցն է ուղարկում իմ փալաս լինելն ու պատասխանում, որ անասուն գլխավորի փոխարեն վաղուց թատրոնից վռնդած կլիներ բարեկամիս ընկերոջը: Վերջապես ինձնից դուրս եմ մղում տափակ ձաբռտուքի երկու էջ, որտեղ ստում եմ, անամոթորեն ստում եմ, օրինակ՝ ծեր պիոներ ջոկատավարին համարում են ներկայացման հաջողություններից մեկը: Իհարկե, ստորագրում եմ հորինված գորշ ազգանունով ու սկզբունքորեն չեմ առնում թերթի համարը, որտեղ տպագրված է այդ բարբաջանքը: Բայց խիղճս, կամ ինչ են ասում դրան, դեռ երկար քորում է ծեծված տեղն ու թնկթնկում:
— ...Այո՛, նրա հանգուցյալ մայրը շատ էր երազում, — խիստ կրկնեց ընտանիքի հայրը, — որպեսզի Կարինան սովորի նվագել գործիքով... Իսկ գինը դուք ասեք:
— Ի՞նչ գործ ունի այստեղ գինը: — Ես դեռ փորձում էի դիմադրել, բայց դա արդեն անիմաստ էր: Հասկացություններ կան, որոնք իրենց սուրբ նշանակությամբ կաթվածահարում են իմ դիմացկունությունը: Աղջիկը որբ է, և հետագա հակաճառությունը՝ ապարդյուն, — ես արդեն գիտեի, որ կզբաղվեմ ինձ համար ոչ միայն ավելորդ, այլև անսահման տանջալի գործով՝ կսկսեմ աղջկան երաժշտության դասեր տալ...
— Դե լավ, — վհատ ասացի ես: — Կտեսնենք... Այսօր կանցնեմ ձեզ մոտ, ավելի ուշ: Կծանոթանամ ձեր աղջկա հետ...
Նա շիկնեց ուրախությունից ու խոսեց արագ-արագ, կցկտուր ու խոսեց ևս հինգ րոպե: Իսկ ես քաղաքավարի գլուխս էի տմբտմբացնում և ատելությունից մոտ էի ուշաթափությանը, եթե ուշաթափության համար նման պատճառ գոյություն ունի: Բայց ավելի շատ ատում էի իմ երաժշտական կրթությունը, և այդ անզոր ատելությունից քերծվում էր կոկորդս, ու քոր էին գալիս աչքերս:
Երեկոյան կանգնել էի ծակող-կարմիր լույսով լուսավորված նեղլիկ նախասրահում, իսկ տասներկու տարեկան մռայլ աղջնակը ինձ համար հողաթափեր էր փնտրում: Վերջապես դռան ետևից դուրս քաշեց հին վանդակավոր հողաթափերն ու գցեց իմ առջև.
— Բոբիկ չկանգնեք:
Ոտքերը քստքստացնելով սենյակից դուրս եկավ ծերունի՝ ճերմակ փռչոտ մազերով, ճերմակ մորուքով, շատ բարետես, բայց ոնց որ գիժ, որովհետև աղջիկը մռայլվեց ու զայրացած գոռաց.
— Ի՞նչ ես ուզում: Գնա՛, գնա պառկի՛ր:
Այդ ծերունուն շատ անգամ էի տեսել: Գարնանը, երբ սկսում էր տաքանալ, ավագ թոռը վազքով բակ էր դուրս բերում հին վիեննական աթոռը, դնում էր նրբին կանաչող խաղողի վազի տակ, հետո տուն վազում ու զգուշորեն դուրս էր բերում պապիկին: Նա ժամերով նստում էր աթոռին՝ գեղեցիկ, ինչպես բիբլիական մարգարե, ճերմակ գռուզ մազերին՝ թասակ, ննջում էր կամ անապատային, իրականությունից կտրված հայացքով նայում բակում կատարվողին...
Ծերունին նայեց ինձ ու կարճ ինչ-որ բան հարցրեց անհասկանալի լեզվով: Դա արևելյան լեզու էր, բայց ուզբեկերեն չէր, այնպես չէ, որ գիտեմ ուզբեկերեն, ո՛չ, չգիտեմ, բայց զգում եմ ականջով ու քիմքով:
Աղջնակը գոռաց.
— Չէ՛, մայրիկը չէ: Գնա՛ սենյակդ, ասում եմ:
Այդ պահին նկատեցի մյուս աղջնակին՝ կրտսերին: Նա սեղմվել էր դռան կողափայտին ու ինձ էր նայում հանդարտ ժպիտով: Նրա թափանցիկ փայլուն աչքերի հայացքը նույնիսկ քնքուշ չէր, չէ՜, սիրո՛վ լի էր: Նա շոյում էր այդ հայացքով շուրջն ամեն ինչ՝ և՛ ինձ, և՛ քրոջը, և ՛գիժ պապին, և՛ դռան կողափայտը: Նա բոլորին, բոլորին էր սիրում...
— Դե, բարև՛, — ասացի նրան: — Ուրեմն քե՞զ պիտի նվագել սովորեցնեմ:
— Չէ: Ինձ, — քթի տակ մռլտաց ավագը: — Դուք ներս գնացեք, ես հիմա... Այնտեղ կոտլետներս են տապակվում...
Նա անհետացավ: Ծերունին դեռ ինձ էր նայում լուռ, տագնապով ու սպասողական, հետո նորից ինչ-որ բան հարցրեց կրտսերին: Նա թափահարեց գլուխն ու, հպանցիկ ժպտալով ինձ, ասաց.
— Դե չէ, մայրիկը չէ: Գնա քնի՛ր, պապի՛...— փարվեց ծերունուն ու ուղեկցեց բնակարանի խորքը՝ այդ նույն արևելյան լեզվով քնքշորեն ինչ-որ բան ասելով:
Մեծ սենյակում հին բազմոց էր, բուֆետ, մի քանի վիեննական աթոռ ու սև, հնամաշ «Հոկտեմբեր» դաշնամուրը, հնարավոր է՝ հայտարությամբ գնված... Հեռախոսային համարների ծոպերիզով նման հայտարարությունները թղթային թեփուկով ծածկում էին մեր մթերային խանութի կողմնային պատը:
Դաշնամուրի կափարիչին նստել էր վայրի խոժոռ աչքերով շատ փափկամազ մոխրագույն կատուն: Նրան քշեցի, բարձրացրի կափարիչն ու ստուգեցի ներդաշնակությունը: Լարել էին վերջերս. գործիքը հնչում էր խուլ, բայց մաքուր:
Ես նստեցի պտտվող աթոռակին, ու գործիքի ողորկությունը նույն պահին երևակեց իմ արտացոլանքը՝ գամմաներից բթացած, վհատված մանկության ու երիտասարդության ուղեկցին: Մենք չէին տեսնվել մեկ տարի, երկար երջանիկ տարի, որի ընթացքում ես ոչ մի անգամ չէի մոտեցել գործիքին, և ահա հանդիպեցինք...
Ախ, իմ սև՛ մարդ, alterego մութ ակնախոռոչներով, այտոսկրին՝ աղոտ փայլքով, իմ երկարաձիգ դժնդա՛կ քուն, իմ ենթագիտակցությո՛ւն, դե, բարև՛...
Ետ վարժված մատներով մինորային ակորդ վերցրի ու ոտքով սեղմեցի ոտնակին: Թախծոտ ներդաշնակությունը խոնավ դողաց օդում: Ու ես նվագեցի, ինչ հիշում ու սիրում էի միշտ՝ Շոպենի «Ֆանտազիա-էքսպրոմտը», նուրբ-քմահաճ մեղեդու այդ մարգարտե օղակները, օղակներ, օղակներ՝ սրտի շուրջ, ու վերև՝ կոկորդի շուրջ, ու վերջապես՝ հեկեկոցի օղապարանին ձգված...
Նվագեցի մի քանի տակտ ու կանգ առա՝ մեկ տարի ստեղներին չդիպած մատներս ասես պրոզթեզներ լինեին: Սա՛ է անիծված անշնորհակալ արհեստը. ոչինչ չի մնում, եթե ամեն օր նրա ագահ երախը ժամեր տևող տաժանակիր աշխատանք չշպրտես:
Կողքիս կամացուկ հոգոց հանեցին: Կրտսեր աղջնակը, մեջքով փարված պատի պաստառին, քնքուշ ժպտում էր ինձ: Ավելի ուշ նկատեցի, որ նա փարվում էր ոչ միայն հարազատներին՝ պապին, քրոջը, հորը, նաև առարկաներին, ասես նրա՝ աշխարհի ամեն ինչի նկատմամբ սիրով լցված փոքրիկ էությունը ձգտում էր փարվել, հպվել, գուրգուրել ամենայնը, ինչ հայտնվում էր նրա աչքերի առաջ:
— Դե ի՞նչ, — հարցրի նրան: — Ինչո՞ւ ես ժպտում:
— Երաժշտությունը, — շշնջաց նա՝ գլխով ցույց տալով ստեղնաշարը: — Սիրուն է... Շաղ է գալիս, ոնց որ գնդակներ...
Խոհանոցից եկավ ավագը՝ հընթացս քանդելով գոգնոցը: Ես տեղից ելա ու ափով շպպացրի կլոր աթոռակին.
— Նստի՛ր, — իսկ ես նստեցի վիեննական աթոռին:
Կարինան հնազանդ նստեց աթոռակին, կռացավ, ձեռքերը դրեց ծնկներին և ուշադիր սևեռվեց իրեն դաշնամուրի արտացոլանքում: Ինչ-որ մեկին էր տանջալիորեն հիշեցնում այդ աղջնակը: Այնքան ցավոտ էր հիշեցնում, որ նույնիսկ չէի ուզում քրքրել հիշողությունս:
— Հապա վե՛ր կաց, — ասացի ես: — Քեզ համար բարձր է: Արի պտտենք աթոռակը:
Պտտեցինք... Նա նորից ձեռքերը հնազանդ դրեց ծնկներին և անտարբեր սևեռվեց իր արտացոլանքին. այդպես ծեր հովիվն է այրված հայացքով նայում չոր տափաստանային հեռվին:
Զգացի, որ հենց հիմա պետք է նրան ասեմ ինչ-որ կենդանի, մարդկային բան, որովհետև հենց մարդկայինը նա չի սպասում ինձնից: Երևի մտածում է՝ կսկսեմ նրան պատմել, որ գործիքը, որի առաջ նստել է, կոչվում է դաշնամուր... Չէ՜, սիրելիս, ես շա՛տ լավ եմ հիշում երաժշտության իմ առաջին դասերը...




