Գյոթե
Խանդավառությամբ բացականչեցի. «Օ, բայց ես ինչպես
կցանկանայի, որ հա՜ երկարեր ջահելությունս,
կաթնահոտ լիներ, որ իմ մարմինը
վառվող սնդիկով ափեափ լեցուն
սառցե սափորի նման չհալվեր.
հոգիս ուտում է մարմինս սակայն, ո՜նց կուզենայի
ես յոթանասուն տարեկան լինել,
եւ երկու գաղտնի խորհրդականներ ունենալ կողքիս —
արթուն ու ճարպիկ, ջերմեռանդորեն սիրող երկու սիրտ,—
Գյոթեի նման»:
Քմծիծաղեցիր. «Ավա՜ղ, բարեկամ, բայց ախր չէ՞ որ
բանաստեղծ ես դու: Էլ ի՞նչ ես ուզում —
պոեզիան է դա, որ այրում է քեզ:
Նա, ով չի գրում բանաստեղծություն, լավ էլ ապրում է,
բանում եռանդով ջաղացքարի պես,
որ ոչ մի հատիկ աչքով չի տեսել:
Իսկ ինչ քո Գյոթեն։
Եթե գրելով զբաղվեր իրոք,
դժվար թե ապրեր նա այդքան երկար։
Չէ՞ որ փրկությունն իր նրանից էր,
որ մի տող անգամ ինքը չի գրել,—
այդպես չէ՞» — եւ դու նայեցիր դեմքիս:
Եվ ես քարացա
սարսափից մի պահ: Սենյակը ցնցվեց
ու ճոճվեց հանկարծ՝ ինչպես գլուխը սնահավատի։
Օդը մոմացավ։ Եվ մոմերն ինքնին բոցավառվեցին
մատների նման հերետիկոսի։
Գինու բաժակը անվստահորեն տարուբերվեց ու
թռավ սեղանից: Ամբողջ ժամանակ, ինչ ընկնում էր այն,
ինձ էիր նայում (քմծիծաղը քո — ասես թե դրսից ապակուն կպած
աչք էր մթան մեջ կեսգիշերային), եւ ինձ այլեւս
ոչինչ չասացիր:





