Գյոթե

Խանդավառությամբ բացականչեցի. «Օ, բայց ես ինչպես կցանկանայի, որ հա՜ երկարեր ջահելությունս, կաթնահոտ լիներ, որ իմ մարմինը վառվող սնդիկով ափեափ լեցուն սառցե սափորի նման չհալվեր. հոգիս ուտում է մարմինս սակայն, ո՜նց կուզենայի ես յոթանասուն տարեկան լինել, եւ երկու գաղտնի խորհրդականներ ունենալ կողքիս — արթուն ու ճարպիկ, ջերմեռանդորեն սիրող երկու սիրտ,— Գյոթեի նման»: Քմծիծաղեցիր. «Ավա՜ղ, բարեկամ, բայց ախր չէ՞ որ բանաստեղծ ես դու: Էլ ի՞նչ ես ուզում — պոեզիան է դա, որ այրում է քեզ: Նա, ով չի գրում բանաստեղծություն, լավ էլ ապրում է, բանում եռանդով ջաղացքարի պես, որ ոչ մի հատիկ աչքով չի տեսել: Իսկ ինչ քո Գյոթեն։ Եթե գրելով զբաղվեր իրոք, դժվար թե ապրեր նա այդքան երկար։ Չէ՞ որ փրկությունն իր նրանից էր, որ մի տող անգամ ինքը չի գրել,— այդպես չէ՞» — եւ դու նայեցիր դեմքիս: Եվ ես քարացա սարսափից մի պահ: Սենյակը ցնցվեց ու ճոճվեց հանկարծ՝ ինչպես գլուխը սնահավատի։ Օդը մոմացավ։ Եվ մոմերն ինքնին բոցավառվեցին մատների նման հերետիկոսի։ Գինու բաժակը անվստահորեն տարուբերվեց ու թռավ սեղանից: Ամբողջ ժամանակ, ինչ ընկնում էր այն, ինձ էիր նայում (քմծիծաղը քո — ասես թե դրսից ապակուն կպած աչք էր մթան մեջ կեսգիշերային), եւ ինձ այլեւս ոչինչ չասացիր: