Չուլիշման
Բորիս Դորոնինին
Տասնվեց տարեկան էի, երբ մտադրվեցի կարգի բերել հին հեռուստացույցը, այսինքըն՝ վերացնել անսարքությունը, որի պատճառով էկրանը տհաճ թրթռում էր:
Հանեցի պատյանը, որոշ ժամանակ նայեցի նարնջագույն և կապույտ լույսերով թույլ վառվող լամպերին, իսկ հետո ձեռքս մեկնեցի դրանցից մեկին։
Բժիշկ Արտամոնովան կարողացավ ինձ դուրս քաշել այն պսպղուն խավարից, որի մեջ սուզվեցի վայրկենական փայլատակումից անմիջապես հետո։ Թեթևակի կակազությունը, որն ինձ սրտնեղություն էր պատճառում մի քանի ամիս, ժամանակի ընթացքում բոլորովին վերացավ։ Արդեն կես տարի անց կատարվածի մասին հիշեցնում էր միայն աջ ափիս սպին։ Վերականգնված մաշկի օպալագույն կուտակումներից այն նման էր փռված մեդուզայի։
Սակայն շուտով սկսեցի երազումս մի քաղաք տեսնել։
Կառուցված ամուր սպիտակ քարից՝ այն փռված էր թեթև զառիվայրի լանջին։ Վերջին տներից, խրճիթներից և հյուղակներից այն կողմ՝ այրված արոտավայրերի, հյուսկեն ցանկապատերի և չմշակված խաղողի այգիների հետևում, լեռը դառնում էր ավելի զառիթափ, ծածկվում թփուտներով ու սոճիներով: Հետո սկսվում էր սուր-սուր ապառաժների վտանգավոր ճերմակությունը, որն, ի վերջո, հայացքը տանում էր դեպի գագաթները։ Սեպտեմբերի կեսերից մինչև մարտի վերջը դրանք ծածկված էին ձյունով և փայլփլում էին արևի տակ։
Տեղ-տեղ սահուն, տեղ-տեղ դարափուլ խորշերով զառիվայրն իջնում էր դեպի ափամերձ ժանգոտ ժայռերը, դեպի ծովածոց, որն ապաստան էր տալիս նավերին ու նավակներին: Սանդղավանդներում աճում էին ծառեր՝ կոշտ, փոքր տերևներով, որոնց արծաթափայլ հակառակ երեսը փայլփլում էր քամուց: Ալիքը հագեցած ճլմփացնում էր խեժապատ հատակին, ֆշշում քարերի մեջ և ափ էր նետում ջրիմուռների ցեխոտ պատատացողուններ:
Եթե չհաշվենք առանց հատուկ հատակագծի կանգնեցված տների միջև եղած նրբանցքներն ու փակուղիները, քաղաքում միայն երկու լայն փողոց կար։ Մեկը, սալարկված սպիտակ քարով, բարձրանում էր դեպի ամֆիթատրոն։ Երկրորդը կառուցվել էր անհիշելի ժամանակներում, լի էր փոսերով, իսկ ծայրամասում վերջնականապես վերածվում էր անհարթ քարքարոտ ճանապարհի։ Ճանապարհը տանում էր ինչ-որ տեղ՝ դեպի երկրի խորքը։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո այդ ճանապարհով ուժերի գերլարումով ճռռում էին սայլերը՝ բեռնված նավային ապրանքներով։
Երազումս տեսնում էի, թե քայլում եմ այդ փողոցներով, լսում եմ անիվների ճռռոցը, հայացքով ճանապարհում եմ գոմեշներին լծված արաբաներն ու սայլերը, կկոցում եմ աչքերս ու ձեռնափս դնում եմ ճակատիս, երբ նայում եմ ծովին։ Տարօրինակ էր, որ քաղաքն ուներ իսկական բնակավայրի բոլոր հատկանիշները և ամենևին չէր դրսևորում երազներին բնորոշ փոփոխականություն: Քայլելով անցնելով քաղաքի այս կամ այն փողոցով, այս կամ այն տների կողքով՝ կարող էի վստահ լինել, որ եթե նորից հայտնվեմ այստեղ (մի քանի օր անց կամ էլ հենց հաջորդ գիշեր), կտեսնեմ նույն սալահատակը, նույն նեղլիկ փողոցները, նույն խաղողի վազերը՝ քարե պարիսպներին, նույն տները և նույն բնակիչներին, և նրանցից որևէ մեկը գլխով կանի կամ կբարձրացնի ձեռքը ողջույնի համար, երբ անցնեմ կողքով: Իմ սեփական տունը կանգնած էր առաջին, հարուստ փողոցում, ճիշտ է, գրեթե ամենավերջում՝ ամֆիթատրոնին ավելի մոտ՝ հրապարակից յոթ բակ այն կողմ։
Երազումս ազատ խոսում էի օտար լեզվով, մի քիչ թլվատ ու ծորուն, իսկ մայրենի ռուսերենը բոլորովին ջնջվել էր հիշողությունիցս: Արթնանալով՝ ապրում էի մեկը մյուսով փոխարինելու կարճ, բայց բուռն գործընթաց. այն, ինչ հարազատ ու հասկանալի էր, աղոտանում ու վերածվում էր մարմրող գվվոցի, իսկ այն, ինչի մասին հենց նոր ոչ մի պատկերացում չունեի, կատաղի ջրի պես դուրս էր պոռթկում ճեղքված ամբարտակից և մի ակնթարթում խորտակում ինձ՝ լցնելով բոլոր ծակոտիները: Եվս մեկ վայրկյան ես, այլևս չհիշելով ոչ մի բառ, գոնե հիշում էի, որ հենց նոր գիտեի բոլոր բառերը, բայց անցնում էր վայրկյանը, ու մոռանում էի այդ մասին։
Գլուխս կտրելով բարձից՝ երբեմն երկար ճիգ էի գործադրում՝ հասկանալու, թե որտեղ եմ հայտնվել։ Սովորական արևի, ծովի վառ կապույտի, տաք սպիտակ քարերի, գոմեշների անշտապ քայլքի, նավերի ելարանների ճռճռոցի, բոկոտն ոտքերի մեղմ թփթփոցի, երբ բեռնակիրները՝ ատամները բացած, մեջքներին դեղին պարկեր են կրում նավամբարներից, չորացող ուռկանների և փտող ջրիմուռների սուր բույրերի՝ այս ամենի փոխարեն, հայտնվում էր լուսամուտի՝ անձրևից թրջված ապակին, ամպամած երկնքի աղոտ լույսը, գունատ լամպը, հալված մարգարինի հոտը, խոհանոցում թավայի թխկոցը և պատուհանի տակ արագորեն սլացող տրոլեյբուսի ձիգ ոռնոցը...
Մնացած բոլոր առումներով կյանքս ընթանում էր միանգամայն սովորական ձևով։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Առաջին կուրսից հետո ուսանողներին շինջոկատ չէին տանում, բայց իմ բախտը բերեց. պարզվեց՝ շինղեկավարներից մեկը ասպիրանտ Միշկա Կոզիխինն էր, որի կրտսեր եղբոր՝ Վիտկայի հետ սովորում էի նույն խմբում։ Վիտյոկը բարեխոսեց, որից հետո մեկուկես ամիս ոռոգման ջրանցքների շինարարության ժամանակ պարապ թրև էինք գալիս Յարոսլավլի մերձակայքում։ Դրա փոխարեն հիմա, գումար վաստակելով, մենք կարող էինք մեծ ճանապարհորդության հույս ունենալ:
Ընկերս, չգիտես ինչու, ձգտում էր դեպի Ասիա, բայց ես կարողացա տարհամոզել նրան։ Ուղևորվեցինք դեպի ծով։ Երեք շաբաթ թափառեցինք Ղրիմի ափով, այնուհետև տեղափոխվեցինք կովկասյան ափ: Փողն արագ հալվում էր: Օրավարձով գումար էինք վաստակում՝ միրգ հավաքելով, վագոններ բեռնաթափելով, մի ծեր թաթարի ղեկավարության ներքո եղեգից խսիրներ հյուսելով։ Ցավոք, դրանք՝ այդ ափերը, պարզվեց, փոշոտ են, վարկաբեկված, ծախու, առողջարանային ափերին բնորոշ ժլատ, կիսաքրեական, և չտեսա որևէ բան, որ նման լիներ իմ երազներին։
Այդ օրվանից սկսած՝ ամեն ամառ մեկնում էի ուղևորությունների: Սկզբում դրանք լինում էին միայն ամառային, հետո նաև հերթական՝ արձակուրդներին։ Առաջին կինս համամիտ չէր իմ հակումներին, և երկու տարի անց մենք բաժանվեցինք։ Երկրորդին հանդիպեցի ճամփորդելիս։ Վեց տարի երջանիկ ապրելով՝ այդպես էլ երեխա չունեցանք։ Յոթերորդ տարում համոզվեցի, որ ապագայի մասին ցանկացած երազանք և միտք չարժեն վիրաբույժի մատների աննշան շարժմանը: Երբ կրկին մենակ մնացի, այնքան էլ տարեց չէի, որ փոխեի իմ ապրելակերպը: Եկավ ամառը, արձակուրդ վերցրի, ուսապարկիս մեջ մի թեթև քնապարկ, մոծակների դեմ քսուք խցկեցի ու քայլեցի դեպի կայարան։
Կարևորը ոչ թե զբոսաշրջիկ դառնալն էր, այլ ինչ-որ կայուն գործավարձույթով սնունդ հայթայթելը՝ կամա թե ակամա հարմարվելով կա՛մ ձկնորսությանը, կա՛մ ձուլման աշխատանքին, կա՛մ վառարանային գործին, կա՛մ մայրի ծառի ընկույզներ հավաքելուն: Մեկ ամիս անց վերադառնում էի ուրիշ մարդ դարձած, ու դեռ երկար ժամանակ առօրյան հիանալի ու տարօրինակ էր թվում։ Երազումս տեսնում էի ծովափնյա քաղաքը, բայց իմ ուղևորություններից ոչ մեկի ընթացքում չհանդիպեցի որևէ բանի, որը կարող էր հիշեցնել դրա մասին։
Ալթայում ծանոթացա Պիլիպչուկի՝ փայտի վրա փորագրողի հետ։ Խնդրեցի ինձ աշակերտ վերցնել, բայց Պիլիպչուկը պատասխանեց, որ դրա մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ մեկ ամիսը շատ կարճ ժամկետ է արհեստը յուրացնելու մասին մտածելու համար։ Այնուամենայնիվ, մենք ընկերացանք, և Պիլիպչուկն ինձ տարավ յոթանասուն վերստ այն կողմ՝ դեպի Տելեցկոե լճի շլացուցիչ ոսպնյակի հեռավոր ծայրը։ Այստեղ թափվող գետը մինչ այդ երկար ժամանակ սեղմվում-փքվում էր կիլոմետրեր ձգվող ժայռե կիրճերի մեջ՝ ուժերի լարումով կտրել-բացելով դրանց քարե մարմինը, և երբ վերջապես դուրս էր ժայթքում բաց տարածություն, նրա անսանձ մռնչյունը հանդարտվելով, թեթևացած շունչ քաշելու պես թևածում էր ջրի վրայով։ Այն ուներ մի տեսակ վայրի, ճլմփացող, աղմկոտ անուն, որը երկար ժամանակ չէի կարողանում մտապահել, և դա արեցի միայն այն ժամանակ, երբ դրա մեջ հեռավոր նմանություն գտա «թալիսման» բառի հետ:
Պիլիպչուկը սառնասրտորեն քշում էր մոտորանավակը հոսանքին հակառակ։ Մեկ ժամ անց կառանեցինք փոթորկոտ վտակի գետաբերանին, նավակը դուրս քաշեցինք
քարերի վրա, վերցրեցինք ձկնորսական սարքերն ու քայլեցինք դեպի վեր՝ մտադրվելով հնարամտությամբ ու տոկունությամբ մրցել ձամբռիկների հետ: Ես առաջ գնացի, և վտակը ինձ տարավ-հասցրեց մի մեծ գետախորշի մոտ, որի եզրը եռում էր սանդղախորշից գահավիժող ջրի ճերմակ շեղբի տակ։ Այստեղ տեսա, թե ինչպես մեկուկես մետրանոց տայմենը երկու անգամ խայտաց շառաչող ծփանքի երկայնքով՝ հասնելով գրեթե մինչև կատար, և չհաղթահարելով դրա ճնշումը և թնդանոթի որոտի պես պոչով շրմփացնելով ջրին՝ թափով ետ ընկավ։ Երրորդ անգամ շողշողացող էակը, այնուամենայնիվ, գլորվելով ընկավ ջրվեժի եզրից այն կողմ ու անհետացավ։
Երբ Պիլիպչուկը մոտեցավ, ասացի, որ հետ չեմ գնալու։
Այդ պահին ես հավատում էի դրան։
Պատկերացրի, թե բնակություն կհաստատեմ գետաքարե կղզում՝ գետաբերանին մոտ։ Մենք մոտորանավակով անցել էինք դրա կողքով։ Ժամանակին կղզին միանգամայն ամուլ էր ու վայրի, բայց Սմիռնով ազգանունով մի մարդ (ըստ լուրերի՝ այս ափերին հայտնվելու պատճառը ՆԿՎԴ*-ի որոգայթներից ծլկելու ձգտումն էր) ժամանակ և ուժ է ունեցել թիամակույկով հող կրել-բերել, շատ էլ որ հեռավորությունը մինչև ամենամոտ տեղը, որտեղից կարելի էր պարարտ հող վերցնել, հինգ վերստից պակաս չէր: Նա կղզում խնձորենիներ էր տնկել։ Պատկերացրի, թե կարող եմ տուն կառուցել, նավ
ձեռք բերել, ամուսնանալ ալթայցի աղջկա հետ։ Ձմռանը մայրի կտրել, ամռանը սարերը բարձրանալ: Մոտակա լեռնաճյուղից երևում էր լճի հեռավոր ափը, որտեղ մի ժամանակ վեր էր խոյացել մի վանք։ Կովերը չէին արածում քանդված պատերի տեղում աճած խոտը, և այստեղից՝ վերևից, վանքի մնացորդներն ասես մոռացված անցյալի կոկիկ գծագիր լինեին, որոնց վրա հայացք նետելով անհնար էր հասկանալ, թե որտեղ է այդ անցյալը կլանում ներկան, թե որ պահին է ներկան հոսում դեպի ապագա, և արդյոք երազ չե՞ն դրանց անվերջ ու քմահաճ փոխներթափանցումները: Ես նստում էի տաք քարին, կկոցում աչքերս, նայում հեռուն ու մտածում, որ ուրիշների կյանքն էլ հավանաբար երազի է նման։ Ժամանակը հոսում է, կարմիրբանակայինները ջրահեղձ են անում վանականներին, Կայգորոդովի յասավուլի կազակները ջրահեղձ են անում կարմիրբանակայիններին, կարմիր բանակի թարմ ստորաբաժանումները ջրահեղձ են անում Կայգորոդովի եսաուլի կազակներին։ Գիտարշավը, որ փորձում էր ուսումնասիրել լճի հատակը, ավարտվեց անհաջողությամբ. ջրասուզակը սև, սառցե խորքերը իջնելուն պես սկսեց ջղաձգորեն քաշել ազդանշանի պարանը, իսկ երբ նրան հապճեպ
մակերես դուրս քաշեցին, և խոշոր աչքերով սաղավարտի համր ծանրությունից ազատ-
վելուց հետո հիստերիկ կերպով պատմեց (կտրականապես հրաժարվելով կրկին սուզ-
վելուց), որ նրանք բոլորը այդպես էլ կանգնած են սառցե հատակում՝ թախծոտ ձիերը, վանականները՝ սև փարաջաներով, կազակները՝ երկայնափեշ շինելներով, կար-
միրբանակայինները՝ սառած բուդյոնովկաներով...
— Դե, լավ, դու էլ, էքսկուրսա՛նտ գիտաշրջիկ, — մռթմռթաց Պիլիպչուկը։— Գնա-
ցինք, արդեն մթնում է:
Ուզում էի պատմել նրան երազներիս մասին, որ մանկուց տանջում էին ինձ, սպիտակ քարե քաղաքի մասին, այն մասին, որ իմ բոլոր թափառումները փորձ են գտնելու դրա արտացոլումն ինձ շրջապատող աշխարհում, և այն մասին, որ միայն այստեղ՝ Չուլիշմանի վրա ես լսեցի նույնանման դղրդալի, կյանքով լեցուն ձայներ, որ շրջապատում էին ինձ երազիս մեջ: Այստեղ քաղաք չկար, բայց կար մի բան, որը կարող էր փոխարինել այն:
Ես ուզում էի մնալ այնտեղ, որտեղ ոսկեթեփուկ ձկները ճախրում են մարգարտյա ջրվեժների վրայով:
Բայց ես չմնացի, և գնացքում ինձ թվաց, թե հետաքրքրությունս ճամփորդության նկատմամբ կորել է։
Հայրենի քաղաքը դիմավորեց անձրևով ու հեռախոսազանգերով:
Մասնավորապես քարտուղարուհին տեղեկացրեց, որ վաղը ամբիոնի նիստ է նշանակված։
Այս ամենը մի տեսակ անհեթեթ էր, և խնդություն, ազատություն, թարմություն զգալու փոխարեն, որ վերադառնալով նախկինում միշտ բերում էի հետս, ուսապարկս դատարկելիս աղոտ տրտմում էի։
Պառկեցի, շուռումուռ էի գալիս, չէի կարողանում քնել։ Վերջապես, երբ պատուհանիս տակով անցավ վերջին տրոլեյբուսը, լսեցի, թե ինչպես է քամին խշշում խնձորենու տերևների մեջ։
Իսկ հետո ցնցվեցի ինչ-որ այլ ձայնից ու նստեցի անկողնում։
Պատուհանի վրա կոհակվում էր վաղորդայնի մեղմ լույսը, բակում խշխշում էին խաղողի վազերի չոր տերևները, սրտագին ղունղունում էր տատրակը։
Ես հորանջեցի, շփեցի երեսս, վեր կացա՝ վրաս գցելով ինչ-որ հարմարավետ, տնային հագուստ։ Գուռի մեջ ջուրը ընդամենը մինչև հատակն էր։ Մի կերպ լվացվեցի՝ շերեփաթին զայրացած թխկացնելով։ Նախաճաշը, սակայն, պատրաստ էր։ Մաքրեցի կճեպը և հաճույքով կերա եփած ձու, վարունգ, աղ դրած մի քանի ձիթապտուղ։
Բակն ապրում էր առավոտյան խաղաղ կյանքով: Կանանց հատվածից ձայներ էին լսվում: Տիմոնը նստել էր կոճղին ու վառելափայտ էր տաշեղում:
Ես ուզում էի նախատել ծերունուն, որ դեռ երեկոյան տուն ջուր չի կրել, ու նաև սպառնալ, որ հորս կխնդրեմ օտար ձեռքերի հանձնել նրան (դեռ կզղջա, հենց սկսեն փայտերով ծեծել), բայց նայելով նրա վտիտ կորացած մեջքին՝ միայն զայրույթով թքեցի և ուղղվեցի դեպի դարպասը։
Բակից դուրս գալով՝ քայլեցի ծուռումուռ սալահատակ փոքրիկ փողոցով ներքև՝ սպիտակ քարե ցանկապատերի կողքով, որոնց ետևում երևում էին ծառերի ճյուղերն ու տների տանիքները։ Առյուծի գլխի մոտից, որն իր մարմարե երախից ջուր էր ժայթքում խորդուբորդ խեցեքարե գուռի մեջ, թեքվեցի աջ, և իսկույն ծովը հետհարված թափով ծփաց աչքերիս առաջ՝ ստիպելով ձեռնափս մոտեցնել ճակատիս ու աչքերս կկոցել:
Փիրուզագույն մակերևույթին երևում էին սև հատիկի նմանվող ձկնորսական նավակները։ Նրանց ետևում՝ ավելի հեռվում, մուժի մեջ տարրալուծվում էր մի ճերմակափրփուր առագաստ։
Հազարերորդ (կամ հարյուր հազարերորդ) անգամ մտովի հաշվարկեցի՝ չվաճառե՞լ արդյոք հորս նվիրած խաղողի այգու կեսը։ Իսկ վաճառքից ստացած գումարով գնել նավի բաժնեմաս: Իսկ գուցե նաև մի ամբողջ նավ... Մյուս կողմից՝ խաղողի այգին էլ բոլորովին ավելորդ չէր։ Հին վազերը թաղամասում հայտնի էին իրենց բերքատվությամբ, ողկույզները՝ քաղցրությամբ և բուրմունքով։ Սակայն հողը կապում է մարդուն մի տեղում, իսկ նավը թույլ է տալիս ճանապարհորդել...
Արևելյան բաղնիքի դռան մոտ մի քանի հոգի զառ էին գցում։ Քչի վրա խաղացինք, ասենք՝ զառերն էլ էին անհետաքրքիր ընկնում: Երբ Պրեմենը հայտնվեց, վճարեցի տանուլ տվածս չնչին գումարը և հեռացա:
Մենք նստեցինք բաղնիքի պատի մոտ դրված քարե նստարանին։ Արևը բարձր կանգնած էր երկնքում, բայց ստվերի տակ զով էր, իսկ ծովից փչում էր հոկտեմբերյան թարմ քամին։ Հեռավոր խորշերի վրա ձիթենիները դողդողում էին ու երփներանգվում։
— Ես ահա շարունակ մտածում եմ, — ասացի, — չվաճառե՞մ խաղողի այգու կեսը։ Լավ գումար են առաջարկում...
— Ո՞վ:
— Լարոսայից մի մարդ, — խուսափուկ պատասխանեցի ես։
Պրեմենը օրորեց գլուխը։
— Դրա համար այնքան էլ հաջող ժամանակ չէ, — ասաց նա՝ ցնցելով մատների հոդերը, ինչից դրանցից մի քանիսը խռթխռթացին: — Էպեսը իր նավերից երկուսը վաճառում է։
Սա ինձ համար լրիվ անակնկալ էր։ Մեծահարուստ Էպեսը զբաղվում էր աղի մեծածախ առևտրով՝ ընդ որում բաց չթողնելով ցանկացած մանրածախ առևտրի հնարավորություն, և յոթ մեծ նավերի տերն էր, որոնք շարունակ ակոսում էին ծովը։
— Ահա այսպես: Կյանքը փոփոխական է, — խրատ տալու պես նկատեց Պրեմենը՝ սեղմելով ու թուլացնելով բռունցքները։— Հողն այս պահին գին ունի: Իսկ ծովային առևտուրն անհուսալի է ծովահենների պատճառով։ Չափից շատ ամեն տեսակ սրիկաներ են տարածվել...
Ես դժկամորեն գլխով արեցի։
— Այդ ամենը նրանից է, որ հողը թանկանում է, — հոգոց հանեց Պրեմենը: — Թան-
կանում է հողը, թանկանում է կյանքը։ Մարդիկ վաճառում են իրենց վերջին ունեցածը, և հետո ո՞ւր: Դեպի մեծ ճանապարհ:
— Ճիշտ է...
Լռեցինք։
— Տեսա՞ր՝ նոր տաճարի համար քանդակներ են բերել, — հարցրեց նա՝ ափով մի փոքրիկ սպիտակ քար վեր-վեր թռցնելով։
— Արդեն բերե՞լ են։
— Դե, հա: Երեկ գնացի տեսա։ Սարսափելի խղճուկ: Ասում են՝ ինչ-որ մեկը դրանից գերշահույթ է ստացել...
— Դե, դա ինչպես ընդունված է...
Լռեցինք։ Պրեմենը հոգոց հանելով մի կողմ նետեց խճաքարը։
— Այս տարի ես լավ գինի ստացա, — հանկարծ ասաց նա:
— Այո՞, — քաղաքավարի հարցրի ես:
Նրա խաղողի այգին ամենալավերից չէր։
— Ի՞նչ ես ասում, — Պրեմենն աշխուժացավ: — Գերազանց: Գնանք:
Նայեցի արևին:
— Անկեղծ ասած, ուզում էի մի քիչ էլ...
— Լա՜վ դե: Արի խմենք-փորձենք, ու վերջ: Հը՞:
Ես հոգոց հանեցի ու համաձայնեցի։
Անցանք նրբանցքով, դուրս եկանք երկրորդ ճանապարհով, միաբերան հայ-
հոյեցինք անիծյալ գոմեշներին, սատանի սայլերն ու փոշին, որն ընդհանրապես կյանք
չէր տալիս, և նորից թեքվեցինք դեպի նրբանցք, որի վերջում նրա ստվերոտ բակի
դարպասն էր։
Չհասցրի մինչև վերջ խմել, երբ Պրեմենը անհամբեր թեքվեց դեպի սեղանն ու հարցրեց.
— Հը՞, ո՞նցն էր:
Ես խորիմաստ ճպպացրի։
— Դու խմիր, խմիր, — քաջալերեց Պրեմենը՝ նորից ձեռքն առնելով կուժը: — Վատ գինի չէ, չէ՞:
Եվ լցրեց բաժակները:
Մեր գլխավերևում մեղմ քամուց շնկշնկում էին բոսորագույն տերևները։
Գինին, այնուամենայնիվ, թթվաշ էր։
— Այո՜, — ձգելով ասացի ես: — Խոնավ էր ամառը։
— Ճիշտ է, — համաձայնեց Պրեմենը։— Բայց, միևնույնն է, գինին վատը չէ, հը՞ այնպես չէ՞:
Խմելուց հետո շուրթերս սրբեցի։ Չէի ուզում նրան նեղացնել։
— Վատը չէ, — գլխով արեցի: — Իսկ աշունը, տեսնում ես՝ չորային է:
— Նույնիսկ չափից ավելի, — հոգոց հանեց Պրեմենը: — Դե իսկ դու, գիտեմ, միշտ առատ բերք ես ունենում:
Ես թոթվեցի ուսերս՝ նայելով, թե ինչպես է գինին ծորում կժից:
— Հա, սովորաբար լավ է... Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ վաճառել խաղողի այգու կեսը:
Պրեմենը քմծիծաղ տվեց։
— Նորից քոնն ես կրկնում: Գործը, իհարկե, տիրոջն է... Բայց ես քեզ այսպես կասեմ: Էպեսն այդ գործում փորձված աղվես է։ Ինչո՞ւ է նա վաճառում իր նավերը։
Բոսորագույն հեղուկը կրկին կայծկլտաց բաժակների մեջ։
Պրեմենը հաց ու պանիր մոտեցրեց։
— Հասկանո՞ւմ ես, — ասացի ես, — նավով, ախր, կարելի է նավարկել: Ճանապարհորդել, ուզում եմ ասել:
— Որտե՞ղ ճանապարհորդել, — ապշեց նա: — Ինչի՞ համար:
Ես քմծիծաղ տվեցի։ Հիմար, հիմար Պրեմեն...
Գինին թերևս, այնուամենայնիվ, խփել էր գլխիս։ Ցանկացա պատմել, որ մանկուց ինձ տանջում են ինչ-որ տարօրինակ, ինչ-որ վայրի, բարբարոս երազներ, որոնք ոչ մի կապ չունեն իրական կյանքի հետ՝ լճի մանուշակագույն սառցաբեկորներ, սառցե խորքեր, որ արագորեն կանգնեցնում են անխոհեմ լողորդի սիրտը... անխնա արևի ներքո մուգ կապույտ լեռների դաժան պարուրազարդ... սև ամպերի տակից կայծակների ճերմակ համազարկեր... խաղաղ տուն անհայտ կղզում... խնձորի այգի... և գետ, կիրճերից դատապարտված ոռնոցով դուրս ժայթքող գետ...
Գինին մեղմորեն ղունղունում էր՝ նեղ բերանից ազատություն ստանալով։
— Չուլիշման, — փնթփնթալով արտաբերեցի չգիտես որտեղից հայտնված բառը:
— Ի՞նչ ես խոսում, — հարցրեց Պրեմենը:
Ես թարթեցի և ձեռքս բարձրացրի դեպի քունքս՝ քշելով իր զանազանելի չլինելու պատճառով անօգուտ տեսիլքը։
— Ասում եմ՝ դա... վատ գինի չէ, ասում եմ, — ասացի ես: — Նույնիսկ շատ լավ գինի է դարձել:
Եվ սկսեցի, դեմքս ծռմռելով, տրորել աջ ափս, որը, չգիտես ինչու, հանկարծ սկսեց մրմռալ, ինչպես այրվածքից հետո։
* Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ: