Ձմռանը Մինուսինսկում
Դու վերադարձիր եղրեւանեգույն ձյուների երկիր,
Այն տարածքները, որ քնի մեջ են նշմարվում հազիվ,
Չարահիշատակ ժամանակները Սպերանսկու
Եվ մասոնական փուչ օթյակների:
Վերադարձիր դու սեւմուր գետերով եւ երակներով,
որ օղիով ու հորդորանքներով
սնես վերստին մեր կայսերական գոռոզությունը,
եւ ղրղզների հորդաներն անհաշտ փորձես մկրտել:
Խուլ աստղերի դեմ իջեցրու բոլոր ծածկափեղկերդ,
Թխենիներին պատած սառույցը եռանդով քամիր,
Քերիր գրիչով թուզը շաղգամից,
Որ սածիլել են աքսորյալները:
Եվ կեղծդասական այս վարդագույնը,
Որ եղյամ լինի, ասես, ալեհեր, օքրայով դեղին,
Սառած, տարհանված, մոտեցիր նրան,
Խորը հոտ քաշիր եւ ջերմացրու քո շնչով գոնե:
Փրկիր դոխայով թափառականին կեսգիշերային,
Ինչպես վարվարոտ ու հարբած ցլին,
Եվ ռոմանական ոճի ձնակերտ սահաթմբերը
Վերհիշիր — աղ ու ձյութի մեջ կորած:
Չէ՞ որ հեռավոր ծայրամասերում,
Սոճիներն անհուն սիրով են փարվում հողմերին, ինչպես
Հնավանդասեր դեռահասներն են
Հպվում ռադիոյին կարճալիքավոր:
Այնտեղ, մոռացված ծայրամասերում,
բուքն աղտոտում է քաղաքը մթին,
ճմռթում պարտված պատերազմների քարտեզն ու նետում
հունվարի բուկը, սկզբին տարվա:
Եվ սառույցները եկեղեցական թափոր կկազմեն,
Սառցակոշտերով մարտը խաչվառներ կասեղնագործի,
Եվ Զատիկի եւ Սիբիրի միջեւ
Ոչ մի երրորդ ուժ եւ ոչ մի ամոթ։





