Ձմռանը Մինուսինսկում

Դու վերադարձիր եղրեւանեգույն ձյուների երկիր, Այն տարածքները, որ քնի մեջ են նշմարվում հազիվ, Չարահիշատակ ժամանակները Սպերանսկու Եվ մասոնական փուչ օթյակների: Վերադարձիր դու սեւմուր գետերով եւ երակներով, որ օղիով ու հորդորանքներով սնես վերստին մեր կայսերական գոռոզությունը, եւ ղրղզների հորդաներն անհաշտ փորձես մկրտել: Խուլ աստղերի դեմ իջեցրու բոլոր ծածկափեղկերդ, Թխենիներին պատած սառույցը եռանդով քամիր, Քերիր գրիչով թուզը շաղգամից, Որ սածիլել են աքսորյալները: Եվ կեղծդասական այս վարդագույնը, Որ եղյամ լինի, ասես, ալեհեր, օքրայով դեղին, Սառած, տարհանված, մոտեցիր նրան, Խորը հոտ քաշիր եւ ջերմացրու քո շնչով գոնե: Փրկիր դոխայով թափառականին կեսգիշերային, Ինչպես վարվարոտ ու հարբած ցլին, Եվ ռոմանական ոճի ձնակերտ սահաթմբերը Վերհիշիր — աղ ու ձյութի մեջ կորած: Չէ՞ որ հեռավոր ծայրամասերում, Սոճիներն անհուն սիրով են փարվում հողմերին, ինչպես Հնավանդասեր դեռահասներն են Հպվում ռադիոյին կարճալիքավոր: Այնտեղ, մոռացված ծայրամասերում, բուքն աղտոտում է քաղաքը մթին, ճմռթում պարտված պատերազմների քարտեզն ու նետում հունվարի բուկը, սկզբին տարվա: Եվ սառույցները եկեղեցական թափոր կկազմեն, Սառցակոշտերով մարտը խաչվառներ կասեղնագործի, Եվ Զատիկի եւ Սիբիրի միջեւ Ոչ մի երրորդ ուժ եւ ոչ մի ամոթ։