Կազմաքանդո՛ւմ ենք պահանջում: Տվի՜ն...

* * * Կազմաքանդո՛ւմ ենք պահանջում: Տվի՜ն: Եվ ի՞նչ:— Եվ ոչինչ: Սին տիեզերքում Նստել ու անպետք մանրամասների տիեզերական կույտերն ենք հսկում: Ու ձանձրացրած զանգուլակներ ենք շարում մեկ այսպես, մեկ էլ նորովի, ու վերադառնում խուլ արձագանքով, թանձր խավարն է պատում բոլորիս: Էլ չես սոսնձի խաղալիքներն այս ու թափված իրերն էլ չես հավաքի: Բայց տրոհում ենք առաջվա նման եւ կազմաքանդում ներկա ու նախկին: Ձեւ անող էլ կա, թե հավատում է, որ այդ ամենից մի բան կշինվի: հիմարի՛կ, այլ է ուրախությունը, քեզ ի՞նչ օգուտ այդ իմաստնությունից: Ըստ երեւույթին, հիմերն աշխարհի կանգուն էին այլ բաների վրա, ազնիվ-անիմաստ ինչ-որ բառերի՝ պարզամտության թքով կպցրած: