Գրականության ուսուցիչը
Մաս 1. Առավոտ
Ամեն օր՝ դեռևս աստղերի լույսով, Յակոբ Իվանովիչ Բախն արթնանում էր ու հաստ, բադի փետուրով մգդկած վերմակի տակ լսում էր աշխարհը: Ինչ-որ տեղ՝ նրա շուրջն ու նրանից վերև, ընթացող օտար կյանքի կամացուկ աններդաշնակ հնչյունները
հանգստացնում էին նրան: Տանիքներում զբոսնում էին քամիները, ձմռանը՝ ծանր, ձյան ու սառցահատիկի հետ խիտ հունցված, գարնանը՝ պոռթկուն, խոնավությամբ ու երկնային էլեկտրականությամբ շնչող, ամռանը՝ վհատ, չոր, փոշու ու փետրախոտի թեթև սերմերի հետ խառնված: Հաչում էին շները, ողջունելով սանդղամուտք դուրս եկած քնատ տանտերերին, ու ջրալատեղի ճանապարին բասաձայն բառաչում էր անասունը: Աշխարհը շնչում էր, ճռնչում էր, սուլում, մնչում, սմբակներով դոփում, զրնգում ու երգում էր տարաձայն:
Իսկ սեփական կյանքի հնչյուններն այնքան խղճուկ ու ողբալիորեն աննշան էին, որ Բախը ետ էր վարժվել դրանք լսելուց՝ ընդհանուր հնչունային հոսանքից անդամահատում էր և անտեսում: Քամու պոռթկումններից դղրդում էր սենյակի միակ պատուհանը, ճռնչում էր վաղուց չմաքրված ծխանը, մեկ էլ տեսար՝ վառարանի տակից ճստճստում էր ծեր մուկը: Ահա և ամբողջը:
Ժամը վեցին, խնամքով հագնված ու սանրված, նա արդեն կանգնած էր դպրոցին կից զանգակատան մոտ՝ գրպանի ժամացույցը ձեռքին: Սպասելով, երբ երկու սլաքները մեկ գիծ կդառնան (ժամայինը՝ վեցին, րոպեինը՝ տասներկուսին), ամբողջ ուժով քաշում էր պարանը, և բրոնզե զանգը խուլ արձագանքում էր: Տարիների վարժանքից հետո Բախն այդ գործում այնպիսի վարպետության էր հասել, որ հարվածի ձայնը հնչում էր ուղիղ այն պահին, երբ րոպեի սլաքը հպվում էր ցիֆերբլատային զենիթին ու ոչ մի վայրկյան ուշ: Ակնթարթ անց գյուղում ամեն մեկը ձայնից կողքի էր շրջվում ու կարճ աղոթք շշնջում: Սկսվում էր նոր օրը...
Մաս 2. Օրը
...Ուսուցչության տարիներին, որոնցից յուրաքանչյուրը հիշեցնում էր նախորդն ու առանձնահատուկ ոչ մի բանով չէր առանձնանում, Յակոբ Իվանովիչը այնքան էր վարժվել արտաբերել նույն բառերը, կարդալ նույն խնդիրները, որ այդ ընթացքում սովորել էր մտովի կիսվել իր մեջ. լեզուն մռթմռթում էր հերթական քերականական կանոնի տեքստը, քանոնն ամուր սեղմած ձեռքն ալարկոտ շպպացնում էր չափից ավելի շատախոս աշակերտի ծոծրակին, ոտքերը սիգաճեմ տանում էին մարմինը ամբիոնից դեպի ետին պատը, հետո՝ հակառակ ուղղությամբ՝ այսկողմ, այնկողմ: Իսկ միտքը ննջում էր՝ օրորված իր իսկ ձայնով ու անշտապ քայլքի հանգին համաչափ գլխի տմբտմբոցով:
Գերմաներենը միակ առարկան էր, որի ժամանակ Բախի միտքը նախկին թարմությունն ու առույգությունն էր վերստանում: Դասն սկսում էին բանավոր վարժություններով: Աշակերտներին առաջարկվում էր ինչ-որ բան պատմել, Բախը լսում ու թարգմանում էր՝ կարճ բարբառային դարձվածքները շուռ տալով գրական գերմաներենի նրբակիրթ նախադասությունների: Անշտապ էին առաջ շարժվում, նախադասությունը նախադասության ետևից, բառը՝ բառի, ասես ինչ-որ տեղ էին շարժվում խոր ձյան միջով՝ հետքը հետքին: Այբուբենի ու մաքրագրության մեջ խորանալ Յակոբ Իվանովիչը չէր սիրում և ավարտելով խոսակցականը՝ արագորեն դասն ուղղորդում էր դեպի բանաստեղծական մասը. պատանի գզգզված գլուխներին առատորեն թափվում էին բանաստեղծությունները, ինչպես բաղնիքում ջուրը թասից:
Սերն առ պոեզիան Բախին հրկիզել էր դեռևս պատանեկությունից: Այն ժամանակ թվում էր՝ նա ոչ թե կարտոֆիլի ապուրով ու թթու դրած կաղամբով է սնվում, այլ միայն բալլադներով ու հիմներով: Թվում էր, դրանցով պիտի կարողանար կերակրել իր շուրջը բոլորին, դրա համար էլ ուսուցիչ դարձավ: Մինչև օրս էլ, դասին ժամին ասմունքելով սիրված տողերը, Բախը կրծքում զգում էր հիացմունքի պաղ թրթիռը:
Երեխաները ուսուցչի կիրքը չէին կիսում. բանաստեղծական տողերի առաջին իսկ հնչյունների հետ նրանց դեմքերն ստանում էին հլու լուսնոտային արտահայտություն: Դասարանի վրա գերմանական ռոմանտիզմը ցանկացած քնաբերից լավ էր ազդում: Իսկ եթե հնարավոր լիներ բանաստեղծությունների ընթերցումը օգտագործել դիվոտած լսարանի հանդարտեցման համար՝ ճիչերի ու քանոնով հարվածներ հասցնելու փոխարեն...
Մաս 3. Երեկո
...Բախն իջնում էր դպրոցի սանդղամուտքից ու հայտնվում հրապարակում՝ սրած մատիտ հիշեցնող վիթխարի զանգակատնով ու նետանման լուսամուտ-
ների ժանյակով ընդարձակ աղոթարան ունեցող վեհատես կիրխայի մոտ: Անցնում էր երկնակապույտ, հատապտղային-կարմիր ու եգիպտացորենային դեղին շրջակալներով կոկիկ փայտաշեն տնակների կողքով, տաշած ցանկապատների կողքով, վարարումի սպասումով շրջված նավակների կողքով, նախապարտեզների արոսի թփերով կողքով: Անցնում էր այնքան սրընթաց, կաճյակներով ճլմփացնելով ձյան մեջ կամ կրկնակոշիկներով չլմփացնելով գարնանային ցեխում, որ կմտածեիր՝ տասնյակ անհետաձգելի գործեր ունի, որոնք անհապաղ պետք է կատարել հենց այսօր...
Հանդիպողները, տեսնելով մանրաքայլ շորորացող ուսուցչին, երբեմն ձայն էին տալիս ու խոսակցություն բացում իրենց երեխաների դպրոցական հաջողությունների մասին: Բայց նա, արագ քայլելուց շնչահատ, պատասխանում էր դժկամ, կարճ նախադասություններով. ժամանակը սուղ է: Իսկ որպես հաստատում գրպանից հանում էր ժամացույցը, ափսոսանքով լի հայացք գցում վրան ու գլուխն օրորելով՝ շարունակում վազքը: Ուր էր վազում՝ ինքն էլ չէր կարողանա բացատրել:
Պետք է ասել, որ նրա շտապողականության ևս մեկ պատճառ կար. մարդկանց հետ խոսելիս Յակոբ Իվանովիչը կակազում էր: Դասերի ժամանակ հարթ ու անխափան աշխատող և առանց մի վայրկյան տատանվելու գրական գերմաներենի բազմակազմ բառերն արտաբերող նրա վարժ լեզուն հեշտորեն այնպիսի բարդ ստորադասական նախադասություններ էր մատուցում, որ աշակերտը մինչև ավարտին հասնելը սկիզբը մոռանում էր: Այդ նույն լեզուն հանկարծ սկսում էր մերժել տիրոջը, երբ Բախը համագյուղացիների հետ զրուցելիս անցնում էր բարբառին: Օրինակ՝ լեզուն «Ֆաուստից» մի հատված անգիր ասմունքել ուզում էր, բայց ասել հարևանուհուն, թե՝ «Իսկ ձեր դմբոն էսօր էլի ավարայություն էր անում», ոչ մի կերպ չէր համաձայնվում, կպչում էր քիմքին ու լռվում ատամների արանքում, ասես չափից դուրս մեծ ու վատ եփած մսի կոլոլակ լիներ:
Բախին թվում էր, որ տարիների հետ կակազելն ուժգնանում է, բայց ստուգելը դժվար էր, մարդկանց հետ նա ավելի ու ավելի հազվադեպ էր զրուցում... Այդպես հոսում էր կյանքը, որտեղ կար ամեն ինչ՝ կյանքից բացի, լի հանգիստ, գրոշանոց ուրախություններով ու չնչին տագնապներով, ինչ-որ չափով նույնիսկ երջանիկ: