Պսիցիրոխա
Ես արթնացել եմ զարթուցիչից առաջ և պառկած եմ փակ աչքերով: Տիմոֆեյիչը մինչև ուշ գիշեր ֆուտբոլ էր լսում և մոռացել էր «գլխարկը» անջատել: Այդպես կարող է պատահել, քանի որ կեսգիշերին՝ հիմնից անմիջապես հետո, ռադիոկետը լռում է ինքն իրեն: Իսկ տրանզիստորի դեպքում, պտտեցնելով անվակը, կարելի է նույնիսկ մինչև առավոտ բռնել օտար՝ լխկլխկացող-դխկդխկացող «երաժշտություն», որը Բաշաշկին մականունով քեռի Յուրա Բատուրինը կոչում է «ջազ»: Կարելի է բռնել նաև արտասահմանյան մռթմռթոցներ, նույնիսկ կատվի մլավոցի նման ծիծաղելի չինարեն:
Լուսաբացը նույնպես սկսվում է հիմնով: Սկզբում լսվում է համաչափ կտկտոց, կարծես ձայնարկիչի վրա դրել են ճաքած ձայնասկավառակ: Հետո սենյակը լցվում է մեր՝ ԽՍՀՄ ռիթմիկ անունով Հայրենիքի եռացող երաժշտությամբ և հացահատիկի խրձերի միջով գնդակի նման սլացող զինանշանով: Ամռանը Վոլգայի ափին մենք գյուղացի տղաների հետ ֆուտբոլ էինք խաղում՝ իբրև դարպասներ դասավորելով կոլխոզնիկ-
ների՝ դաշտում մոռացած տարեկանի խրձերը: Մի անգամ գնդակն ընկավ ջուրը, որը հոսանքը տարավ և դուրս շպրտեց ավազների վրա, երբ պտուտակի որոտմունքով գետով անցավ մեծ սպիտակ շոգենավը:
Ես, մթության մեջ պառկած, լսում եմ հիմնը: Երաժշտությունը փոթորկվում ու տարածվում է բարձր, հանդիսավոր ալիքներով, ինչպես քառատախտակամած «Վալերի Չկալովից»: Մտածում եմ Շուրա Կազակովայի մասին: Այսօր նա պիտի վերադառնա դասարան. ողջ քառորդի ընթացքում նրան ուղարկել էին «անտառային դպրոց»՝ բուժման: Թոքերում ինչ-որ բան է կատարվում: Դասի ավարտին այդ մասին հայտնեց Օլգա Վլադիմիրովնան և տարօրինակ ձևով նայեց ինձ: Ես ու Շուրան ամբողջ տարին նստել էինք դպրոցական նույն նստարանին, և երբ նրան տարան, ես այնպես տխրեցի, որ ամբողջ շաբաթ դասարան չմտա: Ասացի. «Գլուխս պտտվում է, իսկ աչքերիս դիմաց, ինչպես տատիկիս հետ է լինում, ճանճեր են թռչկոտում»:
— Սև՞, — ճշտեց տեղամասային բժշկուհի Սկորնյակովան, որին շտապ հրավիրել էին ինձ օգնելու:
— Սպիտակ ճանճեր, — համենայն դեպս ստեցի ես. հնդկացիների Միայնակ Բիզոնն այդպես էր կոչել ձյան փաթիլները:
— Տարօրինակ է, — մտահոգվեց նա՝ շոյելով իր նոսր բեղիկները: — Պետք է անալիզներ հանձնել: Եվ լա՛վ սնվել: Մայրի՛կ, այս ի՞նչ բան է: Դուրս ցցված կողոսկրերը կար-
ծես լվացք տրորելու տախտակ լինեն: Շտա՛պ ձկան յուղ:
Լավ կլիներ՝ ոտքս ոլորած լինեի:
Ծնողներս, իհարկե, անմիջապես հավատացին, իսկ Անյա տատիկը նույնիսկ ուրախացավ. «Ահա՛: Ես ձեզ վաղուց էի ասում՝ սակավարյունություն: Նայեք՝ «Մեռելներն ավելի լավ գույն ունեն»»:
Դա, իհարկե, ճիշտ չէր. երկրորդ հարկում բնակվող բեռնակիր Շուտովն ինձանից վատ տեսք ուներ: Երբ հարևանները բակում նրան վերջին հրաժեշտն էին տալիս, մեզ՝ երեխաներիս, դագաղին մոտիկ չթողեցին, բայց ես ամբոխի միջով հասցրի տեսնել նրա ծռմռված դեմքը, որ կապտագորշ էր, ինչպես իմ հնացած ու անպետք սվիտերը: Ես տեսա նաև նրա՝ իրար ագուցված ձեռքերը, որ խաչել էին միմյանց վրա: Սարսափելի, էր:
Լսելով սննդի մասին՝ Լիդան անմիջապես վազեց դեղատուն՝ ձկան յուղ և հեռավոր կերպով շոկոլադ հիշեցնող հեմատոգեն բերելու՝ ճանապարհին մտնելով Բակունինի վրա գտնվող մթերային խանութ, որտեղից գնել էր սև մամլախավիարի մի խորանարդիկ և հարյուր գրամ բարակ՝ ծծողական թղթի հաստության շերտիկներով կտրատված թառափաձուկ: Չգիտես ինչու, նա (Լիդան) համոզված է, որ հիվանդ երեխաներին անհրաժեշտ է կերակրել հենց խավիարով և թառափաձկով, այլ ոչ թե կոնֆետներով, «կարտոֆիլի» կարկանդակով, կամ, ասենք, իմ սիրելի «Անտառային հեքիաթ» վաֆլիով: Մեծահասակները ուտելիքից ոչինչ չեն հասկանում:
...Կատաղած անսպասելի երաժշտության ձայնից՝ հայրիկը բարձրաձայն գրողի ծոցն է ուղարկում այն: Մեր հանրակացարանում բոլորը նրան դիմում են Տիմոֆեյիչով: Նա նստում է ճռճռացող մահճակալին, մթի մեջ ափլփում է, որ անջատի ձայնը, բաց հետո հասկանում է, որ տրանզիստորն այստեղ կապ չունի, բանը՝ «գլխարկում է»: Երաժըշտությունը մեկ անգամ էլ է «բլթբլթում» ու կտրվում: Քեռի Յուրան (ինձ, ի դեպ, նրա պատվին են անվանակոչել) հավատացնում է, որ Ստալինի պատվին հիմնը առաջ բառեր ուներ, և այն երգում էին երգչախմբով, բայց կուկուռուզ Խրուշչովը հին քառյակները վերացրել էր, իսկ նոր քառյակներ այդպես էլ չհորինեց: Ու հիմա, խնդրեմ, մնացել է սոսկ մեղեդին: Իրեն՝ Խրուշչովին՝ քաչալ, գորտնուկավոր, ճմռթված լայնեզր գլխարկով, ուսերից կախ ընկած պիջակի վրա հերոսի երեք աստղերով հաստլիկին, անցած տարի հեռացրին վոլյունտարիզմի և «կուզկինի մոր» համար: Նա մեր ամբողջ հացն ուղարկեց Կուբա, և ինձ ուղարկում էին հացի խանութ՝ հերթ պահելու: Մեծահասակները, կիրակնօրյա սեղանի շուրջը հանդիպելով, սովորույթի համաձայն ցածրացնելով ձայները, տաք-տաք քննարկում էին այդ նորությունները: Նրանք միշտ այդպես են վարվում, երբ խոսք է գնում քաղաքականության ու հրեաների մասին: Բաշաշկինն ինձ բացատրում էր՝ առաջ առաջնորդների մասին վատ խոսքերի համար կարող էին նույնիսկ բանտ նստեցնել, հիմա, իհարկե, չեն նստեցնում, բայց զգուշավորությունը մնացել է:
...Տիմոֆեյիչը տնքտնքալով վեր է կենում ու անջատում առավոտյան աշխույժ նորությունները «իբրև սար» ներկայացված ածուխի և հարստացման կոմբինատի երրորդ հերթի մասին: Ես պատկերացնում եմ հացաբուլկեղենի խանութը, որի մոտ կանգնած է ոչ թե մեկ, այլ ուղիղ երեք հերթ: Եթե հայրիկը երեկոյան տրանզիստոր լսեր և ոչ թե անկյունում բարձր ամրացված բարձրախոսը, որն իսկապես նման էր լայնեզր սև գլխարկի, նա հիմա ստիպված չէր լինի կանգնել տաբուրետի վրա, ինչպես դժբախտ Շուտովը: Բայց Տիմոֆեյիչը չէր ցանկանում վշտացնել Լիդային:
Ահա թե ինչի մասին է այդ պատմությունը. վերջերս՝ փետրվարի 23-ի կապակցությամբ աշխատանքի վայրում նրան նվիրել էին «ՍՈԿՈԼ» անունով փոքրիկ ռադիոընդունիչ, որը, չխանգարելով շրջապատի մարդկանց, կարելի էր լսել ջեռակի նման ականջին սեղմած: Լիդան զայրանում է. «լայնեզրը» տեղեկացնում է անվճար, իսկ «ՍՈԿՈԼ»-ի համար պետք է ժամանակ առ ժամանակ գնել 40 կոպեկանոց «Կրոնա» մարտկոց: Բայց նա զայրանում է ոչ թե ժլատությունից, այլ պարզապես չի հավատում, որ ռադիոընդունիչը հայրիկին հանձնել է ոչ թե գործկոմը, այլ պլանբաժնի ինչ-որ Թամարա Սաիդովնա: Բայց Տիմոֆեյիչը նրան անընդհատ «կուսակցականի» ազնիվ խոսքով է երդվում, և Լիդան էլ, որ նույնպես ԽՄԿԿ անդամ է, պարտավոր է հավատալ նրան:
— Իսկ ի՞նչ ունենք մենք այնտե՜ղ, — խուտուտ տվող ձայնով կամաց հարցնում է հայրիկը:
— Պետք չէ, — զայրացած շշնջում է Լիդան, — ձեռքդ քաշի՛ր: Թող քնեմ:
— Միևնույնն է, կես ժամից վեր ենք կենալու:
— Ասում եմ՝ պետք չէ: Պրոֆեսորը, երևի, արդեն արթնացել է...
— Կուզե՞ս՝ ստուգեմ: Ես գիտեմ, թե նա երբ է ձևացնում:
— Չեմ ուզում: Ավելի լավ է՝ լսես Թամարայի տրանզիստորը:
— Դարձյալ բարև՛ ձեզ: Ես իրեն Ֆոմայից եմ հարցնում, իսկ ինքը ինձ՝ Երյոմայից:
Հայրիկը վիրավորված կտրուկ վեր է կենում ճռճռան մահճակալից: Պատուհանից այն կողմ սոսկ փոքր-ինչ գունատվել է գիշերը: Նրա սպիտակ մայկան մութի մեջ շարժվում է ինքն իրեն, կարծես թե նա դարձել է Անտեսանելի Մարդը: Այդ գիրքը մենք կարդացել ենք Ելիզավետա Միխայլովնա տատիկի հետ, երբ ես հյուր էի գնացել Բատուրինների տուն, որտեղ նեղվածքի պատճառով ինձ անկողին էին գցում սեղանի տակ: Հետո ես մի քանի օր երևակայում էի, թե ինչպես եմ աննկատ մնալով՝ բոլոր սենյակներից թաքուն ներս նայելու:
Ի դեպ, մեզ մոտ կարելի է նաև հենց այնպես, առանց հրավերի մտնել հարևանի մոտ: Եվ եթե այնտեղ ընթրում են, քեզ կնստեցնեն սեղանի մոտ, ափսեի մեջ սրտանց կլցնեն մսով կամ խոզի ճարպով տապակած վերմիշել և սոխով կարտոֆիլ՝ նայելով, թե դու ինչպես ես ագահաբար խժռում (թեև տանը նույն բանն արդեն կոկորդիցդ ներս չէր գնում), խոսք են դուրս քաշում թվանշաններիդ մասին: Թե չէ էլ ի՞նչ կարելի է հարցնել չորրորդ դասարանցուն:
Իսկ եթե այցելես մեր Ալեքսեևնային, ալյուրոտ դեմքով և մանուշակագույն շուրթերով տարօրինակ պառավին, նա անպայման հարյուրերորդ անգամ ցույց կտա թագավորական անվանական բաժակը, որը 1913 թվականին իրեն անվճար նվիրել են Խադինկայում: Նրա սենյակից անընդհատ կատվախոտի թուրմի հոտ է գալիս, իսկ Գնչու անունով սև կատուն վարագույրների վրա վերուվար է անում կապիկի նման:
Միակ հարևանները, որոնց մոտ ես երբեք հյուր չեմ եղել, Կոմկովներն են: Նրանք ընդհանրապես ոչ մեկին իրենց մոտ չեն թողնում, և իրենք էլ հազվադեպ են դուրս գալիս: Երբեմն արևի տակ տաքանալու է դուրս սպրդում բամբակամեջ անդրավարտիք և տարօրինակ գորշ, կրծքին՝ դրսից կարված գրպաններ ունեցող կիտելով Կոմկովը: Նա երբեք չի նստում տղամարդկանց հետ, ովքեր դոմինոյի խաղաքարեր են շրխկացնում պատուհանների տակ: Հարևանները նրան աչքից հեռու կոչում են «վնասակար»: Ոմանք ասում են, թե նա տասը տարի նստել է, մյուսները, թե՝ անտառ է կտրել, երրորդները՝ որ պառկել է նառերի (քնատախտակների) վրա: Եվ, ընդհանրապես, լրիվ պարզ չէ, թե նա ինչով է այնտեղ զբաղվել: Կոմկովների բազմանդամ ընտանիքն անծպտուն բնակվում է հաշտ և սեփական լվացարան ունեցող երկու սենյակում: Այդտեղից ժամանակ առ ժամանակ տարածվում է ծանր ու տհաճ հոտ:
— Օղի են թորում, — կիրակնօրյա ճաշի սեղանի շուրջն իր եզրակացությունն արտահայտեց Բաշաշկինը:
— Ինքնաթոր օղին իսկական օղուց լավ է, — նկատեց մորաքույր Վալյան՝ քեռի Յուրիի կինը:
— Դու էս ի՜նչ ես խոսում, — Լիդան զարմացած նայեց ավագ քրոջը, — էդ հո անկար-
գությո՜ւն է:
— Հաստա՛տ, ես տեսել եմ Կոմչիխային՝ շաքարի տոպրակով ու խմորիչով, — և կաս-
կածանքով նայեց հայրիկին:
— Եվ ո՛ւր է նայում միլիցիան, — աչքերը փախցնելով՝ վրդովվեց հայրիկը:
— Պետք է բողոք գրել: Դրանց պատճառով էր Շուտովը սատանի նման հարբում:
— Հոգուդ վրա մեղք մի՛ վերցրու, Լիդա՛, — կամացուկ խնդրեց Մանյա տատիկը, — նրանց կդատեն, իսկ քեզ ամոթանք կտան:
Ես չգիտեմ, թե ինչու եմ տատիկի նման, իհարկե, մտքումս մայրիկիս անվանում անունով՝ Լիդա: Թեև նա մեծացել է, ամուսնացել և ծնել ինձ ու Սաշկային (նա հիմա հնգօրյա պարտեզում է): Բայց Լիդան, իմ կարծիքով, մնացել է այն փոքրիկ աղջնակը, որ ամբողջ կայարանով մեկ հեկեկում էր, երբ էվակուացիայի ժամանակ ետ էր մնացել գնացքից:
...Ո՛չ, դառնալով անտեսանելի Մարդ, ես չէի պատրաստվում սողոսկել Կոմկովների մոտ, թեև պիոներն, իհարկե, պարտավոր է միլիցիային հայտնել ամեն մի կասկածելի բանի մասին: Կան նաև չուսումնասիրված այլ վայրեր... Անցած ամռանը իմ ընկեր Վովկա Լեմեշևը գրազով փոքրիկ պատուհանից մտել էր աղջիկների ցնցուղարան: Ահավոր աղմուկ բարձրացավ, քանի որ այնտեղ լողանալիս էր եղել նաև մեր ջոկատավար Զոյան, իսկ նրա ոտքերի արանքում, պարզվում է, ավելի շատ գանգուրներ կան, քան գլխին: Վովկան բոլորի մոտ բերանբացություն էր արել, և նրան պիոներական ճամբարից հազիվ չվտարեցին...
Տիմոֆեյիչը աղմուկով բացում է տուփը, մոտենում պատուհանին, ծնկում ցածրիկ մարմարյա լուսամուտագոգին, բացում օդանցքը և չրխկացնում լուցկին, որը բոցկլտում է բռի մեջ՝ հիշեցնելով տատիկի կարմիր լուսամփոփով լամպը: Շիկավուն
լույսի տակ ընդգրկված երևում են նրա գանգուր մազերը, ձգված թավ հոնքերը և
չսափրված այտերը, որ փոսն են ընկնում ծուխը ներս քաշելիս:
Ես զգուշորեն ծիկրակում եմ վերմակի տակից. այդպես էլ կա. հայրիկը ծխում է իմ ակվարիումի վերևում, և մոխիրը թափվում է ակվարիումի ջրի մեջ, իսկ դա վնաս է ձկներին: Սենյակում տարածվել է «Բելոմորի» հոտը և նոսրանում է օդանցքից ներս լցվող թարմությունից:
— Երեխային կմրսեցնես, — կռվարար ձայնով նախազգուշացնում է Լիդան:
— Թող կոփվի: Նա բանակ է գնալու:
— Փակի՛ր:
— Ծխեմ վերջացնեմ ու փակեմ: Քնի՛ր: Դու չէ՞ որ քնել էիր ուզում:
Մարտ ամիսն է: Գիշերները դեռ ցուրտ են: Ինչպես Անյա տատիկն է ասում. «Եկել է մարտիկ, հագիր երեք շապիկ»: Բայց բոլորն արդեն պատրաստվում են գարնան
գալուն: Դռնապաները նիգերով կոտրում են կամուրջների՝ «Համեղ և առողջ սննդի
մասին» գրքի հաստության սառույցները, որոնց հսկայական կտորները շարել են բրգաձև, և որոնք դեռ չեն տեղափոխել բեռնատարները ու չեն դատարկել Յաուզա գետի մեջ:
Մենք խաղում ենք «Լեռան թագավորը»:
Ինձ ներքև նետեցին ամենաբարձրից, ու ես ընկա կամրջի վրայի ջրափոսը և յուղոտ կեղտաջրով կեղտոտեցի նոր սվիտերս, որ ծննդյանս օրվա առթիվ գործել էր մորաքույր Վալյան:
Սարսափելի էր:
Սկզբում ես ցանկացա հետքը հեռացնել ացետոնով, որ ինձ գաղտնի տվեց մեր պահակը՝ նախկին նավաստի քեռի Գրիշան 6-րդ սենյակից: Ոչինչ չստացվեց: Սպասելով, թե ծնողներս երբ կգնան երեկոյան հերթափոխի, ես ջուր եռացրի, թասի մեջ լուծեցի լվացքի կես օճառ, բայց արդյունքում՝ նախկին սպիտակ սվիտերը հանգուցյալ Շուտովի նման դարձավ արճճագորշավուն: Քամելով օճառաջուրը, ես մորաքրոջս նվերը թաքցրեցի բազմոցի մեջ՝ սպասելով, թե երբ կհորինեմ մի նոր բան, որպեսզի միանգամից պատժվեմ ամեն ինչի համար:
— Ինչո՞ւ է սենյակից խոնավության հոտ գալիս, — հարցրեց հերթափոխից վերադարձած Լիդան:
— Ես ձկների ջուրն եմ փոխել:
— Լավ ես արել, թե չէ՝ կսատկեն անցած անգամվա նման:
— Պատճառը ծխախոտի մոխի՛րն է:
...Տիմոֆեիչը իմ ակվարիումից վտանգավոր հեռավորության վրա՝ ծխում է իր «Բելոմորը», որի հոտը տանել չեն կարողանում նույնիսկ վոլգյան կատաղի մոծակները, և ուշադիր նայում իմ կողմը:
Ես դա զգում եմ և աշխատում եմ չշարժվել:
— Պրոֆեսորը քնած է, — բազմանշանակ հայտնում է նա Լիդային:
— Ո՛չ, — կտրուկ պատասխանում է նա:
«Պրոֆեսոր»-ը իմ մականուններից մեկն է: Ծնողներս ասում են, որ ինձ այդպես են կոչել դեռևս մանկապարտեզում: Թե ինչպես եմ ես ինձ պահել օրվա ընթացքում սովորական հարցին, դաստիարակչուհիները պատասխանում էին. «Լա՛վ է պահել: Մյուսները վազվզում են, գոռում-գոչում, չարություններ անում, իսկ ձերը ամբողջ ժամանակ նստում ու մտածում է պրոֆեսորի նման: Երեխա չէ՝ հրաշք է»: Հետո այդ մականունը մոռացվեց, և ես ցածր հեմոգլոբինի պատճառով՝ դարձա «բադիկ-թաթիկ»: Այնուհետև ինձ երկար ժամանակ կոչում էին՝ «Պսիցիրոխա»: Եվ մինչև օրս էլ երբեմն ինձ այդպես են կանչում: Օ՜, դա արդեն առանձին պատմություն է:
Վաղո՜ւց, շատ վաղուց, երբ ես ավարտեցի առաջին դասարանը, մենք Բուտուրին-
ների հետ մեկնեցինք ծովափ՝ Նովիյ Աֆոնի: Այնտեղից, ի դեպ, անցյալ տարի ես բերեցի մի մեծ խեցի, որը իմ ձեռքերով, հազիվ փրկվելով խեղդվելուց, հանեցի ծովի շատ խորը հատակից, որպեսզի նվիրեմ Շուրա Կազակովային: Բայց դուրս քաշելով խաշված կակղամորթը, ես հավանաբար մետաղալարով վատ էի բռնել դրա զսպանակաձև մարմնիկը, և պոչիկը մնացել էր խորքում: Եվ մինչդեռ խեցին ինձ հետ կհասներ Մոսկվա, այն հոտեց և սկսեց ավելի վատ հոտ արձակել, քան Կոմկովների կացարանը:
— Ի՞նչ է, մո՞ւկ է սատկել, — տարակուսած հարցնում էր Մանյա տատիկը՝ պրպտելով մեր սենյակի անկյունները՝ գլխի չընկնելով նայել ջեռուցման մարտկոցի
ետևը:
Փրկելով նվերը, ես դրա մեջ դատարկեցի Տիմոֆեյիչի՝ մարտի ութի առթիվ Լիդային նվիրած «Կրասնայա Մոսկվա» օծանելիքի կեսը: Արդյունքում՝ հոտն ավելի զզվելի դար-
ձավ: Հարկ եղավ խեցին քարշ տալ ձեղնահարկ և այն խցկել հին լրագրերի արանքը. թող քամահարվի: Իսկ Շուրան այդ ընթացքում մեկնեց իր «Անտառային դպրոց»: Շուտով տանը նկատեցին տուփի մեջ կարմիր վրձնիկի հետ պահվող սրվակի բաղադրության նկատելի պակասը:
— Ի՞նչ է պատահել: Ո՞ւր է օծանելիքը, — քիչ էր մնում լաց լիներ Լիդան:
Հարկ եղավ սուտ խոսել. իբր ես կտրել էի մատս և չգտնելով յոդի սրվակը՝ որոշել էի վերքն ախտահանել օծանելիքով: Այդ պատմությանը վերաբերվեցին ըմբռնումով. Անյա տատիկը երեխա ժամանակ քիչ էր մնացել մահանար արյան վարակումից`փտախտից: Ինձ արդեն գովում էին հնարամտությանս համար` մոռանալով ստուգել վնաս-
վածքի գոյությունը, որի վրա ծախսվել էր օծանելիքի սրվակի կեսը:
— Կեցցե՛ս, Պսիցիրո՛խա, բայց ապագայի համար հիշի՛ր, որ յոդը պահարանի ձախ մասում է՝ կատվախոտի թուրմի կողքին: Հասկացա՞ր:
— Հասկացա՛:
...Հայրիկը շարունակում է ծխել`փչելով օդանցքի մեջ: Իհարկե, նա մոխիրը թափ է տալիս ակվարիումի մեջ: Բայց չէ՞ որ խոստացել էր... Ծխի քուլաները, արծաթին տալով պատուհանից այն կողմ լապտերի լույսերի մեջ, շերտերով լողում
են դեպի փողոց: Ինձ թվում է, թե Տիմոֆեյիչը դեռ հետևում է ինձ. Քնա՞ծ եմ, թե՞ոչ: Հավաստի լինելու համար ես խռմփացնում եմ և ծփծփացնում շուրթերս:
— Հեռացի՛ր ակվարիումի մոտից, — ճղճղան ձայնով պահանջում է Լիդան, — ձկները կսատկեն:
— Բոլորս ենք սատկելու:
— Դու խոստացե՛լ ես Պսիցիրոխային:
— Դու էլ ինձ ես ինչ-որ բաներ խոստացել...
...Ուրեմն այսպես. երբ մենք գնում էինք Նովի Աֆոն, գնացքը կանգ առավ ինչ-որ կայարանում, և տապի պատճառով վագոնի բաց պատուհաններից ներս լցվեցին դեղձի և սև հաղարջի դույլիկներով տեղացի կանանց ձայները: Մի աղմկոտ մորաքույր բոլորին հրամցնում էր տապակած բադ, որը առավոտյան դեռ կռկռում էր: Ուղևորները հոտոտեցին այն և չհավատացին: Վալյա մորաքրոջն էլ դեղձերը թթու թվացին: Բայց երբ գնացքը ցնցվեց, բոլորն սկսեցին գժերի նման մթերք գնել: Իսկ բադի պատճառով՝ քիչ մնաց իրար հետ կռվեին: Այդ ժամանակ ես արդեն անգիր էի արել «Այբբենարանը» և կարողանում էի կապելով կարդալ աչքովս ընկած ցանկացած գրություն: Եվ կարդացի ես, այն էլ՝ շա՜տ բարձր ձայնով կադացի պատուհանի այն կողմում ետ սլացող կայարանի անվանումը՝ «ՊՍԻ–ՑԻ–ՐՈ–ԽԱ»:
Տեղատոմսերով վագոնը ցնցվեց հռհռոցից: Նույնիսկ արձակուրդ գնացող քրտնքոտ մայկայով մռայլ մարդը, որը չէր հասցրել վաճառողից վերցնել քսան կոպեկանոց մանրը, նա էլ ակամա ժպտաց: Իրականում աբխազական այդ կայարանը կոչվում էր «Պսիրցխա»: Նույնիսկ հետո այլ վագոններից էլ էին ժպտերես ուղևորներ գալիս՝ տեսնելու ինձ՝ գրագետիս, և ես երկար ժամանակ, էլ չասած՝ ընդմիշտ, դարձա Պսիցիրոխա:
Բայց ես որոշ ժամանակ էլ դարձա նաև «դելեգատոր»: Ինչ-որ մի կիրակի օր մենք գնացինք գազանանոց: Տեսանք առյուծներ, վագրեր, ջայլամներ, փիղ և սկսեցինք փնտրել ամերիկյան կոկորդիլոս-ալիգատորներ: Գտանք: Ես ոգեշնչված խնդրեցի ինձ վեր բարձրացնել՝ ավելի լավ տեսնելու այդ հրեշին, և թռչելով ամբոխից վեր՝ գոռացի. «Դե որտե՞ղ է ձեր այդ դելեգա՜տորը»: Ժողովուրդը միահամուռ խրխնջաց: Մոտենում էր հերթական համագումարը, և ռադիոյով՝ առավոտից մինչև երեկո, կրկնում էին այն մասին, թե ինչպես են «անընդգրկելի Խորհրդային Միության» բոլոր անկյուններց «դելեգատները» գալիս Մոսկվա: Եվ թե ինչպես էին «դելեգատ» և «ալիգատոր» բառերն իմ գլխում միավորվել որպես «դելեգատոր», մնաց անհասկանալի: Բայց բոլորին շատ էր դուր եկել: Բաշաշկինն այդ մասին պատմել էր զինվորական նվագախմբի իր ծառայակիցներին, և նրանք խնդրել էին ինձ ողջույն փոխանցել: Սակայն «դելեգատոր» մականունը երկար կյանք չունեցավ: Իսկ ահա պիոներական ճամբարում ինձ պինդ կպել էր «Շալյապին» մականունը, իսկ իմ երկու ընկերներին՝ «Լեմեշև»-ն ու «Կոզլովսկի»-ն: Ինչո՞ւ: Բայց դա առանձին պատմություն է: Վերջին ժամանակներս ինձ տանը նորից սկսեցին կոչել «պրոֆեսոր», սակայն ոչ վաղեմի բարեհաճությամբ:
Ես վերջերս Բաշաշկինի հարևան Սերգեյ Դմիտրիևիչից նվեր ստացած նամականիշը փոխանակեցի չինական տափակ լապտերիկի հետ և հիմա կարող եմ կարդալ վերմակի տակ:
— Քնի՛ր:
— Չե՛մ ուզում:
— Այդ դեպքում թույլ տուր ծնողներդ քնեն:
— Ես ոչ մեկին չեմ խանգարում: Ես վերմակի տակ եմ կարդում:
— Կխեղդվե՛ս:
— Չե՛մ խեղդվի:
— Խանգարո՛ւմ ես:
— Չե՛մ խանգարում:
— Վերադարձրո՛ւ երեխային լապտերիկը: Թող մի քիչ կարդա...
— Ո՛չ: Ոչ մի՝ թող: Կսկսի ակնոցով ման գալ, ինչպես պապիկ: Կկուրանա. դո՞ւ ես նրան կերակրելու: Դո՞ւ:
— Չե՛մ կուրանա, — հաստատապես խոստացա ես:
— Քնե՛լ: Տուր այստե՛ղ գիրքը:
— Ինքդ ոչինչ չես կարդում, գոնե որդո՛ւդ թույլ տուր, — անհասկանալի հանդիսավորությամբ ինձ պաշտպանեց Լիդան:
— Ես հիմա բոլորի՛դ ցույց կտամ կարդալ, — ֆռթացրեց Տիմոֆեյիչը, միացրեց ռադիոընդունիչը և սկսեց մարզական ինչ-որ բան փնտրել դղրդացող եթերում:
— Ուրեմն ասում ես՝ գործարհկո՞մն է նվիրել, — հորանջելով, որպեսզի հարցը, որքան հնարավոր է, անտարբեր հնչի, հետաքրքրվեց մայրիկը:
— Նորից՝ էն գլխից, — կարմրատակեց հայրիկը, տուփից դուրս քաշեց մի հատիկ գլանակ և, ինչպես այսօր, նետվեց դեպի պատուհանը:
Զարմանալի է, թե որքան տհաճություններ կարող է պատճառել այնպիսի օգտակար իրը, ինչպես կաշվե պատյանի մեջ դրված «Բազե» ռադիոընդունիչը: Ահա հիմա էլ խեղճ Տիմոֆեյիչը քիթը վեր քաշելով վերջացնում է ծխելը, օդանցքից շպրտում քնթուկը, որը կարմիր հետք թողնող գնդակի նման թռչում է դեպի մարտյան խավարը:
— Պրոֆեսորը հաստատ քնած է... — խղճալի ձայնով հայտնում է նա մայրիկին, — ա՛յ, Լիդ:
— Ո՛չ, — ավելի կտրուկ է պատասխանում նա:
Հայրիկը կրճտացնում է ատամները, խփվում աթոռներին, աղմուկով վերցնում ատամի խոզանակը և դրա պլաստմասսայե բաժակը, գտնում և ուսին է նետում մթնում սպիտակին տվող վաֆլե գործվածքով սրբիչը ու շեմքի վրա ջղայնացած հարցնում.
— Քեզ համար հերթ պահե՞մ:
— Ո՛չ, ես այսօր որակավորման բարձրացման եմ: Իննի մոտ կգնամ: Մի քիչ էլ կքնեմ...
— Քնի — քնի՛:
Շրխկացնելով դուռը՝ նա գնում է խոհանոց՝ սափրվելու և լվացվելու: Կվերադառնա տասը րոպեից, եթե զուգարանում հերթ չլինի:
— Գիշերանոթը դո՛ւրս տար, — նրա հետևից վիրավորված ձայնով գոռում է Լիդան, ապա խորը հոգոց հանելով՝ շուռումուռ գալիս անկողնում:
Ես, հասկանալով իմ մեղքը, պառկած եմ փակ աչքերով ու մտածում եմ Շուրայի մասին: Պետք է դասերից առաջ վազել ձեղնահարկ և, եթե խեցին օդափոխվել է, հենց այսօր այն նվիրել համադասարանցուհուս՝ «անտառային դասարանից» վերադառնալու առթիվ: Իսկ եթե չի՞ օդափոխվել: Այդ դեպքում կարելի է մայոնեզի փոքրիկ բանկայի մեջ նրան նվիրել կարմիր շղարշապոչիկով գուպպի ձկնիկներից մեկը. ես դրանցից շատ ունեմ. դրանք կենդանածին են և շատ արագ են բազմանում:
Հանկարծ լսում եմ տարօրինակ ձայներ, կիսաբաց եմ անում աչքերս. Լիդան գիշերաշապիկով նստած է մահճակալի վրա, ձեռքերում բռնել է «Բազե» ռադիոընդունիչը ու լաց է լինում: Վատ են գործերը: Հիմա կվերադառնա «Շիպր» օդեկոլոնով բուրող Տիմոֆեյիչը՝ այտի թարմ քերծվածքին սովորականի նման կպցրած լրագրի արյունոտված պատառիկով:
— Ոռնո՞ւմ ես, — կհարցնի նա:
— Չէ մի՛, — կհնչի պատասխանը:
Եվ նրանք նորից կխոսեն պլանբաժնի Թամարա Սաիդովնայի մասին, հետո անպայման կվիճեն, հայրիկը մահճակալի տակից դուրս կքաշի մետաղյա անկյունակներով ֆիբրե փոքրիկ ճամպրուկը, կհայտարարի, որ ինքն անհապաղ կմեկնի Աննա տատիկի մոտ՝ Չեշիխա, կսկսի հավաքել իրերը և կսկսի հայհոյելով երկար փնտրել իր միակ փողկապը, որը վեճի ժամանակ մշտապես կորչում է ինչ-որ տեղ:
— Լավ գիտեմ ես քո Չեշիխան: Գնա՛, գնա՛:
— Նորի՛ց: Ես նրան՝ Ֆոմայի, իսկ նա ինձ՝ Երյոմայի մասին:
Այս մեկը ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի: Ես ձգվում եմ, իբր հենց նոր արթնացա, ցուցադրաբար թարթում եմ աչքերս ու հորանջում: Լիդան արագ սրբում է աչքերը և ուսերին է քաշում վերմակը.
— Արթնացա՞ր, Պսիցիրո՛խա:
— Ըհը...
— Դու երեկ՝ քնելուց առաջ, ի՞նչ էիր ցանկանում ինձ ասել:
Ես երեկ նրան ուզում էի ասել, որ «Կապույտ աքլորիկ» ձկան էգը ձվադրեց ու մեռավ, այդ պատճառով պետք է գնալ թռչնաշուկա՝ նոր ձկնիկ գնելու, իսկ դրա համար պետք է հիսուն կոպեկ: Վեց կոպեկ տրամվայով գնալ-գալու համար, քառասուն՝ ձկան, և չորսը՝ հոնի հյութով գազավորված ջրի: Բայց ես նրան ասում եմ բոլորովին այլ բան.
— Դու չե՞ս զայրանա:
— Նայած՝ ինչի համար...— զգուշանում է նա:
Ես ոտքի եմ կանգնում, միացնում հատակին հանգստացող ձողաջահը և նրա էլեկտրական լույսով լցնում սենյակը:
Մայրիկի աչքերը կարմրած են: Նա թաքուն բարձի տակ է հրում հայրիկի փողկապի ծայրը, և ես՝ դեմքիս տալով դժբախտ արտահայտություն, ֆսֆսոցով բարձրացնում եմ բազմոցի նստափեղկը և դրա փոշոտ երախից դուրս բերում դեռևս խոնավությունից ծանր, արդեն կանաչ փառով ծածկված սվիտերս:
— Էս ի՞նչ բան է, — սարսափում է Լիդան:
— Վալ մորաքի նվիրած սվիտերը:
— Մղձավա՜նջ: Հայրդ քեզ կսպանի՜:
Իհա՛րկե, ոչ մեկն էլ ինձ չի սպանի: Հնարավոր է՝ քոթակեն:
Տիմոֆեյիչը պատյանից թուրը հանող Կոտովսկու նման ձեռքի մի շարժումով անդրավարտիքից կքաշի-կպոկի գոտին, ինձ կտապալի բազմոցին և կսկսի կես ուժով քոթակել, իսկ մայրիկը,՝ բռնելով նրա ձեռքը, կխնդրի.
— Դե լավ, Մի՛շ, բավակա՛ն է: Ախր, երեխա է...
Բայց ավելի շուտ հնարավոր կլինի բակ փախչել մինչև մերկացված քամակիս կիջնի առաջին դաղող հարվածը: Թվում է՝ Տիմոֆեյիչը, ինձ փախչելու հնարավորություն տալով, չափազանց երկար է տարուբերում գոտին՝ առանց գործի դնելու այն: Այնտեղ՝ բակում, ես կթաքնվեմ արկղերի արանքներում և կտառապեմ՝ մտորելով այն մասին, թե տեսնես սղջիկներին պատժո՞ւմ են վատ արարքների համար, օրինակ, Շուրա Կազակովային: Եվ եթե պատժում էլ են, ապա ավելի շուտ՝ ցատկապարանով: Ես տուն կդառնամ միայն կես ժամից, քանի որ պետք է պատրաստվել դպրոց գնալու համար: Եվ հնարավոր է, որ սանդուղքի վրա հանդիպեմ աշխատանքից ուշացած ուրախ հայրիկիս: Նա վազքի մեջ իմ ծոծրակին կհասցնի հաշտության թեթևակի...
Ես նեղացած շուռ կգամ և այնուհետև մեկ-երկու օր կզրուցեմ միայն ձկներիս հետ: Դրա փոխարեն ծնողներս չեն վիճի, և ոչ ոք չի մեկնի Չեշիխա:
Ինձ պատժելուց առաջ նրանք, չգիտես ինչու, միշտ հաշտվում են...




