Մենք դուրս ենք եկել ծխելու 17 տարով...
(հատված)
Մաշա
Երբ դու հեռացար ինձնից, ավելի ճիշտ՝ ոչ թե հեռացար, այլ ուղղակի ընդհատեցիր հեռախոսազրույցը, ասես գայթեցիր և պատահաբար գցեցիր ձեռքիցդ, և այն՝ մեր անհաջողակ խոսակցությունը, երերալով թռավ ներքև, ինչպես ինքնասպանը՝ տանիքից. չէ՞ որ դու միշտ այդպես էիր շփվում ինձ հետ, ասես ուր որ է բաց ես թողնելու՝ դադար և կապի ընդհատման Մորզեյան կարճ կոդը՝ «տու-տու», և հետո այլևս հնարավոր չէ կապվել...
Երբ դու հեռացար ինձնից, թեև նման բան արդեն եղել էր, դու առաջ էլ էիր անսպասելի առանց պատճառի հեռանում՝ ռեստորանից կամ փողոցի մեջտեղից, և ընդ որում՝ ոչ մի բացատրություն. փնտրես-չփնտրես, չես գտնի...
Դու հեռացար, իսկ ես զգացի, որ այս անգամ ո՛չ փորձ է, ո՛չ էլ բլեֆ, և այնպիսի մենավոր սարսափ պարուրեց ինձ՝ տաք, խոնավ, մարմնեղ, ասես խելակորույս ջրափրկարար՝ լոքոյի պես ծանր, որը շնչահեղձ լինող կուրծքս օդով լցնելու փոխարեն, ընդհակառակը, իր կտրուկ ներշնչումով թղթե տոպրակի պես հարթեցրեց թոքերս, և ինձ թվաց, թե մեռնում եմ, մեռնում եմ, մեռնում եմ...
Այսպիսի` ինքդ քեզ պարուրող նեխած վիճակ։ Հավանաբար ես մեռնում էի նաև նախորդ ժամանակները, բայց դու վերադառնում էիր, և ես, ինչպես նոր ծննդաբերած երջանիկ ծննդկան, ուրախությունից իսկույն և բոլորովին մոռանում էի այդ լքյալ վիճակը։
Դու հեռացար հեռախոսալարերի միջով, չզանգեցիր ո՛չ մեկ օր, ո՛չ էլ մեկ շաբաթ անց: Եվ այդ ակնթարթին (ժամանակային արտասովոր երևույթ՝ մի շաբաթ՝ ամփոփված ակնթարթի մեջ) հասկացա, որ իսկապես ամեն ինչ ավարտված է: Ու անցած-գնացած յոթ օրերը՝ կախարդազերծ եղած դիակների պես, ուռեցին, պայթեցին ու տարրալուծվեցին հազարավոր փխրուն տանջալից րոպեների:
Մի անգամ համբերատար, ինչպես ռազմական ռադիո-օպերատոր, երեք ժամ անընդմեջ բարձրաձայն կանչում էի քո համարը՝ ձայնային ազդանշաններ: Ես քեզ sms-ներ էի ուղարկում։ Կոպիտ՝ «Ա՛յ դու, պոռնի՛կ քած», և քնքուշ-անօգնական՝ «Սիրելի՛ս, բացատրի՛ր ինձ՝ ի՞նչ է պատահել»:
Փորձեցի քեզ հետ կապի դուրս գալ քո ЖЖ*-ի միջոցով՝ կանանց արտաքնոց, ամազոնուհիների զուգարան, Ժ-ի և Ժ-ի համար, բայց դու ջանասիրաբար ջնջեցիր իմ մեկնաբանությունը, իսկ ինձ «արգելափակեցիր» (ոտաբոբիկ, ներքնաշորով առաջնորդեցիր դեպի գերանակապ սև բաղնիք ու սպանեցիր ինձ՝ փափուկ ծոծրակիցս):
Ես մտադրվեցի սպասել քեզ ձեր մուտքի մոտ. անհնար էր շենք մտնել, վերելակի մատույցները հսկում էր դռնապանը՝ կանանց ցեղից՝ փարթամ կրծքերով, բայց ես խոհեմաբար հրաժարվեցի այդ մտադրությունից, վախեցա, որ դու կգաս ոչ թե մենակ, այլ մի ուրիշ արական էակի հետ, որն ինձ նման զբաղվում է գրելու արվեստով:
Ինչպես նորածիններն են ամեն տեսակ գայթակղիչ անպետք իր տանում բերանը, այնպես էլ դու ինձ քարշ տվեցիր քո տուն՝ փորձարկելու. դու ինձ գողացար գրախանութից, որտեղ ես ինքնասիրահարված ու վախեցած ներկայացնում էի իմ հերթական թղթե զավակին:
Այն ժամանակ նոր էի ժամանել Մոսկվա. ինքս մտածում էի՝ փող աշխատելու։ Նոյեմբերյան առաջին ցրտերը աշխատանքը վերածեցին եղանակային երևույթի. ճերմակավուն և ոտքերի տակ սառույցի պես ճռճռացող աշխատավարձերը սառեցվեցին:
Մնալով անօթևան՝ երեք օր ապրեցի հրատարակչությունում, իսկ հետո վարձեցի մի աղքատիկ անկյուն «Теплый Стан» մետրոյի կայարանի մոտ. երկբառանի անվանումը շուտով շաքարապատ չրի պես կպավ միջինասիական միգրանտների աշխարհագրությանը՝ Ուզբեկստան, Ղրղզստան, Տյոպլիստան...
Աղջնակի պես ցածրահասակ, ընչաքաղց տանտիրուհին ինձնից ութ հազար պոկեց մի սենյակի համար, որը չուներ դուռ, դրա փոխարեն իջնում էր շարժական վարագույր, իսկ պատուհանը քողարկում էր փոշոտ վարագույրը, որը նման էր վիթխարի վիրակապի։ Գրասեղան չկար, սկզբում նոութբուքը դնում էի պատուհանագոգին, հարմարվում էի՝ ծռված, կողքանց։ Ավելի ուշ տեղափոխվեցի կահույքի պատին: Պահարանի դռնակներից մեկը ամրոցի կամրջակի նման հորիզոնական դիրքով բացվում էր դեպի ներքև։ Ես այն հարմարեցրի սեղանի փոխարեն: Այն նեղ էր՝ դռնակը, վրան միայն նոութբուքն էր տեղավորվում, իսկ մկնիկի համար տեղ գրեթե չէր մնում, անճարպիկ շարժվելիս արմունկով ցած էի գցում մկնիկը, և այն կախաղան հանված մարդու պես լարից կախված թպրտում էր:
Բազմոցի վերևի դեղին մարգարինագույն նրբերանգով պատի մեջ երեք մերկ մեխ էր ցցված՝ հարթ, ինչպես հավասարասրուն եռանկյունու գագաթների անհովար գդակներ. մի ժամանակ նկարներ կամ լուսանկարներ են կախվել: Սենյակի ճեղքերով լի պատուհանից փչում էր։ Ես անհաջող խծուծեցի, բայց պատուհանից, միևնույնն է, մենթոլե սառնություն էր փչում:
Գրեթե անմիջապես գրելու աշխատանք գտա. տասնհինգ հազար ռուբլով սյունակ էի հեղինակում մի ամսագրի համար։ Մի քանի օրում գլուխ էի բերում, հապճեպ խստավարժում ու կրթում էի բառերը, հավաքում փայլուն սյունակ և սլանում խմբագրի մոտ՝ սպանդանոց: Մնացած ժամանակ երկար նստում-աշխատում էի նոր գրքի վրա: Իսկ հանգստյան օրերն անցկացնում էի քեզ հետ: Եվ այսպես չորս ամիս շարունակ:
Դու վերջ տվեցիր մեզ մարտի 8-ի նախօրեին։ Ամսագրային հեռավոր ծանոթներիցըս մեկը անտարբեր կատակեց (խոստովանում եմ՝ բոլորին ու յուրաքանչյուրին բողոքել եմ քեզնից, խելքս լրիվ թռցրել էի), ասաց. «Հրաշալի ընկերուհի: Ստիպված չես լինի գումար ծախսել մարտիության նվերի համար», — այսպես ասաց նա, ու ես անզոր ժպտացի հեռավոր հիմարին, իսկ հոգիս ցավում էր հիվանդ ատամի նման:
Մի տեսակ տապալվեցի ու դատարկվեցի, թվում էր, թե մարտ ամսվա քամուց կրծքավանդակս խշշում է ու շրխկում պոլիէթիլենային ունայնությամբ։ Ինչ-որ բան կատարվեց քայլվածքիս հետ, կորցրի լրջախոհությունս, դեսուդեն էի ընկնում պատռված ազդագրի պես, երեխային կորցրած դայակի նման ցնցվելով զննում էի շուրջս...
Դարձա մի տեսակ փութագար, անհանգիստ: Վեր էի թռչում ցանկացած կտրուկ՝ անգամ ոչ թե ձայնից, այլ շարժումից։ Մի օր տաբատս, աթոռից սահելով, ընկավ հատակին։ Հագուստի՝ այս գրեթե անաղմուկ, բայց անսպասելի արարքից քիչ էր մնում սիրտս դուրս թռչեր տեղից:
Ինձ՝ վիրավոր կենդանու վրա մի ակնթարթում կատաղի հարձակվեցին բնության տարերքներն ու քաղաքային անտառի սանիտարները: Խմբագիրը, հանձին ինձ գուշակելով ստեղծագործական հաշմանդամին, առաջին անգամ հալածեց իմ զորակոչիկների շարասյունը. սյունակը չհամապատասխանեց։ Վերաշարադրեցի անիծյալը, կրկին չհապատասխանեց՝ ա՛ռ քեզ, ա՛ռ: Խաբեց, լացելու աստիճան անխղճաբար ստեց հրատարակիչը՝ ա՛ռ, ա՛ռ: Տանտիրուհին չափից ավելի բարձրացրեց վարագույրի գինը՝ հասցնելով տասը հազարի. դուրդ չի՞ գալիս։ Սա Տերը, սա էլ՝ շեմը...
Պաստեռնակյան համընդհանուր հալածանքին միացավ այլ քաղաքում ապրող իմ երկրորդ կեսը՝ նա, հանուն որի (պատճառով) մեկնել էի ցրտահարվելու։ Զանգեցի: Չգիտեմ, թե ո՛ր բնազդով հասկացավ, որ պետք է տրորել ու վերջնականապես ջախ-
ջախել. «Տակա՛նք: Դու մեզ լքեցիր», — նման տոնով նա ինձ հետ դեռ չէր խոսել: Իսկ կողքին, լսում էի, լալիս ու տրտմում էր իմ սիրելի երեխան, իմ փոքրիկ տղան, ու խնդրում էր.
— Մայրի՛կ, մայրի՛կ, մի՛ բղավիր հայրիկի վրա:
Չեմ հիշում, թե ինչ պատասխանեցի, կարծես առարկեցի.
— Ես Մոսկվայում «հաճույքների հետևից չեմ ընկած», ինչպես դու ես արտահայտվում, հիմարի՛կ, ես աշխատում եմ:
Կեսս ավարտեց արտասվալից վայնասունով.
— Սատկի՛ր, պի՛ղծ...
Ես բնավ չվիրավորվեցի։ Հայհոյանքը կորցրել է իր նախկին իմաստը։ Ընդունենք՝ պիղծ: Նույն հաջողությամբ կեսս կարող էր ինձ, ասենք, դարպասապահ անվանել.
— Սատկի՛ր, դարպասապա՛հ:
Երկրորդ շաբաթվա սկզբին քո բացակայությունը դադարեց շնչառական-անոթային խնդիր լինել: Թախիծը տարածվեց ոսկորներիս մեջ։ Նյարդային նվում էին կողոսկրերս, ասես յուրաքանչյուրի միջով ճկուն մետաղալար էին անցկացրել։ Որպեսզի կարողանամ քնել, վալոկորդին էի կոնծում՝ անանուխե պառավական դեղ: Այն օգնում էր մի երկու ժամ անջատվել։ Յուրաքանչյուր առավոտ սկսվում էր տենդով, ասես ամբողջովին թաթախվել էի այրող ալկոհոլով, և ինձ թվում էր, թե չեմ արթնանում, այլ վառվում եմ մի մտքից՝ հեռացավ իմ շիկահերը, իմ մերիլինանմանը...
Սկզբում փորձեցի քեզ հակադրել ալկոհոլը: Առողջությունս ինձ մերժեց այս հանգիստ մխիթարանքը: Իմ տասներկումատնյա խոցը՝ իր առաքելական բոլոր թվերով, հարձակման ելավ իմ դեմ։ Առավոտյան այրոցը ինկվիզիտորական կրակ էր վառում կերակրափողիս մեջ, և ինձ թվում էր՝ շիկացած ածուխներ եմ ործկում։
Քո հանդեպ բանտի պատի պես միանման կարոտից կորցրեցի աշխատելու ունակությունս։
Ժամանակին ճարպիկ մատներս հետ վարժվեցին մշակելուց, հղկելուց կեչափայտե-կարելյան բառերը՝ խառատին՝ ամե՛ն: Իմ սյունակը բռնագրավեցին։
Տեսիլքների ու մտավոր քայքայման մեջ անցավ ամիսը: Իսկ հետո սկսեցի վերացնել քեզ բեկորների պես: Ջնջեցի եղած sms-ները, նոութբուքից մաքրեցի լուսանկարները: Դադարեցրի ամենժամյա ուղևորությունները դեպի քո ամսագիր՝ կարդալու, իմանալու՝ արդյոք չի՞ գտնվել ինձ փոխարինող:
Դու ինձ տապալեցիր, զրկեցիր քայլելու հնարավորությունից։ Բայց եկել է պրոթեզներով ոտքի կանգնելու, «Կալինկա» պարելու, սյունակ փնտրելու ժամանակը։
Որպես սկիզբ որոշեցի կարգի բերել սենյակը. զինվեցի տանտիրոջ փոշեկուլով։ Դարավոր բազմոցի հետևում՝ փոշու նստվածքներում, հայտնաբերվեց զզվելի արտեֆակտ՝ նախկին վարձակալից մնացած, օգտագործված արտասովոր թանաքագույն պահպանակ՝ նման ութոտնուկից պոկված շոշափուկի: Փոշեկուլը ձիու պես խրխնջում էր մինչ խժռում էր ռետինե լեշը։
Բայց արժե՞ր թույլ տալ շարունակելու, որ քո շիկահեր ձագուկի համար աշխարհում այլևս տեղ չլինի: Ես նորից ձեռքս առա գիրքը և սկսեցի պլաններ կազմել Մարիայի ուղղությամբ։
Դու նրան բռնացրիր: Հիշո՞ւմ ես Մաշային։ Սրտառուչ, անճոռնի խրտվիլակը Google-ից նամակով հայտնվեց իմ փոստում, երբ մեզ մոտ դեռ բուռն շրջան էր:
Խոստովանում եմ՝ դու անտանելի դժվար էիր։ Թատերական բեմեր չէիր ընդունում՝ ո՛չ դրամա, ո՛չ օպերա։ Կինո չէիր սիրում։ Ոչինչ չէր ուրախացնում քեզ:
Թերևս միայն թղթի վրա ճիշտ դասավորված բառերը: Քեզ կարող էր զվարճացնել որևէ դաժան ծաղրալի կրկես: Ասպարեզ, ուր տեղի է ունենում անհրապույր փոքրիկ մարդու նվաստացում։
Դու նախապես որոշեցիր, որ այս Մաշան տգեղ է: Եվ մենք անտեսանելիի վրա գոհունակ ծիծաղեցինք։ Նա, ա՛յ քեզ բան, գտնելով իմ էլեկտրոնային փոստը, բանաստեղծություններ էր ուղարկում: Նա այնքան ծիծաղելի էր գրում. «Բարև՛, մեղեսի՛կ: Ես քո երկրպագուն եմ։ Ինչը նշանակում է՝ երկերդ կարդում եմ ու պագում: Անո՛ւշս, ինձ համար կարևոր է ձեր կարծիքը...»:
Դու ծաղրում էիր այդ կիսաթանկարժեք մեղեսիկային հաճոյախոսությունները և Մաշայի ոտանավորները. դրանք տաղտկալի էին, շամանի դափի պես բազմազարկ՝ լի ճիգով արված մետաֆորներով:Մաշան հանգավորում էր բնապատկերները՝ երկնային լուսատուները նստվածքների, կանաչ ծառատունկը՝ հաճույքի հետ.
Երկիրն է բետոնե սեղմիրանի գրկում.
Ասֆալտը՝ օծուն տերևներով տանջաբեկ,
Անձրևի գիշերալամպն է լույս-արցունք հեղում,
Մուտքի զուգարանը՝ ցուրտ ու ահաբեկ:
Խանդոտ թփերը չոր կեռիկներով
Մտասույզ ու չար խայթում են միմյանց,
Եվ միայն լուսինը՝ գրկված ամպերով,
Սառն ու անտարբեր նայում է նրանց**...
«Գիշերալամպ ու զուգարան, օր հիանալի, դեռ քնած ես, ընկե՛ր իմ սիրելի», — քրքջում էիր ագռավի պես։ Ես կրկնում էի քեզ: Ուրախացա. հասկացա ինչով քեզ զվարճացնել: Դու տանել չէիր կարողանում քնարերգությունը։ Ինքս սովորեցի ոտանավորներ շարադրել, որպեսզի գոհացնեմ քո ծիծաղի ցինիկ բնույթին:
Պատուհանից այն կողմ ձյունն իջնում է հանդարտ
Ես քեզ սպանեցի ու հրկիզեցի անդարդ։
Տխմարավուն քորեյը Շանել 19-րդի հետ ներառված էր հավաքածուի մեջ Մարտի 8-ին ընդառաջ, բայց դու չսպասեցիր նվերին:
Իսկ Մաշային ես այն ժամանակ պատասխանեցի: Զուսպ գովեցի: Նա ոգևորվեց: Նոր ոտանավորներ ուղարկեց. «Հնչում է զարթուցիչի զանգը, մշուշներում դողում է երազը»:
Ես ոչինչ չասացի, Մաշան նույնպես նրբանկատորեն դադար վերցրեց։ Դեկտեմբերին ինչ-որ տեղ մեր երթուղու մեջտեղում դու անցկացրիր առաջին փորձը. անհետացար երկու օրով, իսկ հետո հայտնվեցիր, երևի հասկացար, որ ես դեռ չեմ ընտելացել, որ ես՝ միայնակս, արյուն չեմ թքի:
Մաշան շնորհավորեց իմ Նոր տարին։ Սեթևեթ ու զվարճալի. «Լա՛զուր: Ձեզ հավանաբար առողջություն և երջանկություն կմաղթեն: Ես ուզում եմ, որ դուք ինձ մտապահեք շնորհավորանքների ծաղկեփնջի մեջ: Ուստի ցանկանում եմ. թող գալիք տարում շիկակարմիր խոզը կպչի առաստաղին: Գիտե՞ք, այս տոնին ես բոլորովին մենակ եմ՝ փոքրիկ գունատ դուքսի պես մազերս խուզած, ու խմում եմ օշարակ»:
Ես պատասխանեցի. «Թող շիկակարմիրը կպչի»՝ զգալով կարամազովյան, ստոր ծերունու պես տնտնալը, տռփասեր մատների սարդային վավաշոտ շարժումը. ահա թե ինչ արթնացրեց իմ մեջ փոքրիկ դուքսը. մենակություն, անպաշտպանություն, սափրած աճուկի մածուցիկ գունատություն և օշարակի վառ կարմիր շիթ։ Մտածել միայն, անտեսանելի Մաշան մի րոպեով գայթակղեց ինձ։ Բայց ես չափից դուրս սիրահարված էի քեզ, և գուգլային երկրպագուն պարզապես հաջողությամբ հաճոյացավ իմ երևակայությանը:
Նա հետագայում էլ էր ինձ երբեմնակի լուրեր ուղարկում: Այսպիսի մեկը եկավ, երբ դու այլևս ինձ հետ չէիր. «Caro mio, շատ եմ անհանգստանում Ձեզ համար։ Վատ բա՞ն է պատահել։ Ավելի կոնկրետ՝ վտի՞տ բան։ Ինքս նիհար եմ, բայց տանել չեմ կարողանում վտիտներին...»
Ես համոզվեցի, որ Մաշան ուղարկվել է ինձ իբրև մխիթարանք։
Շուտով ընդհանուր մաքրությունից հետո (իմ, իմ մեղքն է, թանաքի պահպանակի մեջ ես չկռահեցի չարագուշակ նշանը) դուքսի հետ հանդիպում նշանակեցի։ Գրեցի. «Մա՛շա, մենք իրար ճանաչում ենք ոչ պակաս քան կես տարի։ Եկեք հանդիպենք»: Պճնամոլությունից դրդված՝ պահպանեցի այդ հոգնակի «դուք»-ը, թողեցի ապագայի համար՝ «Մաշե՛նկա, թույլ տվեք, Մաշե՛նկա, հանվե ՛ք, Մաշե՛նկա, իրարից հեռացրեք...»:
Պայմանավորվեցինք հանդիպել կենտրոնում՝ Պուշկինի արձանի մոտ։ Նախորդ օրը ձյունը հալվել էր, ամենուր հեղեղված գետնից խոնավացած ապրիլը սև էր թվում։ Խոտի ու թաց վարելահողի հոտ էր գալիս՝ գյուղատնտեսական թունդ բույրեր։ Արևը վերստին սովորում էր տաքացնել, բայց մի տեսակ անվստահ, տարօրինակ, կարծես տաք մատներով շոշափում էր այսուայնտեղ։
Ես սպասում էի։ Մաշան ուշանում էր։ Պտույտ գործեցի բրոնզե կավատի շուրջը՝ ուշադիր զննելով, փնտրելով քեզ, սիրելի՛ս, ես գրեթե համոզված էի, որ Մաշան նման է քո բարի տարատեսակին:
Տասնհինգերորդ րոպեին որոշեցի զանգահարել։ Մաշան նախօրոք ուղարկել էր իր հեռախոսահամարը. հիշում եմ՝ այն հիվանդագին ճանկեց ինձ ժանիքներով. վերջին երկու թվանշանները չորսեր էին: Պատկերացնո՞ւմ ես, սիրելի՛ս, Մաշայի հեռախոսահամարը, ինչպես քոնը, երախաբաց օձի ծնոտ ուներ։
Մաշան արձագանքեց. «Ես արդեն եկել եմ, բայց ձեզ դեռևս չեմ գտնում», — հեռախոսի մեջ Մաշայի ձայնի հետ մեկտեղ հնչեց Տվերսկոյի աղմուկը: Մեքենան ազդանշան տվեց, և ես հեռախոսափողի մեջ լսեցի կլաքսոնի կրկնօրինակը: Մաշան մոտակայքում էր։
Եվ այդ պահին տեսա Մաշային...
Ոչ այդպես: Ես տեսա նրան, բայց անգամ չմտածեցի, որ Մաշան է։ Աչքերս թափառ փնտրում էին նրան, բայց նա ինքը խոսեց ինձ հետ.
— Ես եմ, լա՛զուր...
Ծուռ ժպտաց, և ես հասկացա, որ Մաշան արդեն արհամարհում է ինձ շփոթվածությանս, իմ տղամարդկային վախի համար։ Ինչ-որ տեղ ճյուղերի մեջ մի ագռավ սարսափազդու քրքջաց։
Եթե ենթադրենք, որ Մաշայի ատամները տպվել են Times New Roman-ի տասներկու տառատեսակով, ապա նրա երկու մեծատառ կտրիչները տասնութերորդ Verdana էին։ Մաշայի ատամների մոտ երևաց կուզիկի անսեռ դեմքը՝ իմ վաղեմի թղթե երևակայության ուրվականը: Նա նման էր ջութակահարի, հաշմանդամ տղայի՝ գավառացի բաշմետի մազերով՝ մինչև ուսերը հասնող ցանցառ, յուղոտ կառե: Վերին շրթունքը՝ ասես հուսարական բալլադ՝ ինձ ան-վա-նու-մեն պա-տա-նի ան-բեղ, ան-հիմ-նեն ան-վա-նում... Պզուկոտ, ասես պղպեղած քիթ: Կարմրած, թեփի մեջ կորած ճակատ: Դուրս տված սպիտակ շուրթեր. ասես վախեցած ծույլիկի պես գրատախտակի մոտ կավիճ է կուլ տվել։ Հոդախախտ, վեր ձգված ուսեր. հիշո՞ւմ ես՝ հորինել էի քեզ համար. «Եվ հոդախախտ ուս, խեղճ հետախույզ...»:
Քիչ էր մնում վայրենաբար արձագանքեի՝ թևերս թափահարելով գոռալ. «Ի՞նչ հիմար կատակներ են: Որտե՞ղ է իրական Մաշան»:
— Բարև՛ ձեզ, Մա՛շա, ահա և հանդիպեցինք, — թոթովեցի ես: — Գնանք սուրճ խմելու:
Իսկ ի՞նչ էր մնում անելու։ Ես, իհարկե, ո՛չ բռնեցի Մաշայի ձեռքից, ո՛չ էլ թևանցուկ արեցի նրան, նա անհաստատ քայլում էր իմ կողքով։
— Ինչպե՞ս են գործերը, Մա՛շա: — Ես հետ նայեցի։ Նա, կարծես, միտումնավոր հետ էր մնում, որպեսզի հնարավորություն տա ինձ՝ ոտքից գլուխ զննելու իրեն: Դե, իհարկե, ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէր: Սովորական ոչ գեղեցիկ հասակակից. տարիքով գուցե մի փոքր ավելի մեծ: Հասարակ, գրեթե աղքատիկ հագնված՝ մինչև ծնկները հասնող ցրտի հանդեպ զգայուն, գլխարկավոր կապույտ բաճկոն, ներքևում՝ ջինսե տաբատ և ջրանցիկ ճտքակոշիկներ:
— Գործե՞րը: Գերազանց, իմ լա՛զուր: Ես ուղիղ թաղումից եմ...
— Ա՜հ, Մա՛շա, ինչո՞ւ չասացիք, որ այսօր հարմար օր չէ հանդիպման համար: Կտեղափոխեինք մի ուրիշ անգամ: Հուսով եմ՝ դժբախտությունը ձեր ընտանիքում չէ:
— Մի՛ հուսա, caro mio...— Մաշայի աչքերը շողացին։— Եղբայրս մահացավ, — նա լիովին հաճույք էր ստանում իմ շփոթմունքից:
— Մա՛շա, ցավակցում եմ...
— Ցավակցեք ինձ տասնհինգ տարի առաջ, երբ նա բռնաբարեց ինձ, — Մաշան վրեժխնդրորեն լայնաբաց ժպտաց դեղնավուն տառատեսակներով: — Բայց ես չէի կարող չճանապարհել նրան, հասկանո՞ւմ եք, — կրկին խեթ հայացք:
Օ՜, Աստված իմ: Փախչել, հեռու փախչել, սարդամորմի նման...
Ես Մաշային քարշ տալով հասցրի Սուրճ-Քաոս, քանզի այդպես է կարգը:
Ուրբաթ՝ վաղ, գրեթե բոլոր սեղանները զբաղված էին։ Տեղ գտա ծխել թույլատրվող հատվածում: Մենք նստեցինք տոնածառի խաղալիքների պես ուրախ ու հիմար մարդկանց մեջ։
Ես թերթեցի ճաշացանկը, Մաշան ծամածռեց դեմքը. թվում էր՝ մարտից առաջ
մարզում է ճակատն ու այտերը։ Առաջարկեցի կապուչինո՝ Մաշայի տրտմությանը
համահունչ։
— Երկու միջին, — խնդրեցի Քաոսի սպասավորին:
Խոսակցությունը չէր ստացվում: Մաշան, բերանը հավի նողկալի տտիկի պես հավաքելով, պոչի ծայրատվածքի նման այս ու այն կողմ էր շարժում։
Ապա ասաց. «Ցավալի է, լա՛զուր: Մենք տեսնվում ենք միմյանց հետ առաջին ու վերջին անգամ: Դուք այլևս չեք գա...»:
Արտահայտվեց այնպիսի ցավով: Իսկ ինչպե՞ս կարող էի նրան առարկել, սիրելի՛ս: Նա ճիշտ էր: Կեղծիքից՝ «Դե, ի՞նչ եք ասում, Մա՛շա, մենք ձեզ հետ դեռ բազմաթիվ անգամ ենք հանդիպելու», փրկեց պատվերը։
Մաշան տտիկը մտցրեց կապուչինոյի մեջ, հանկարծ անսպասելիորեն հետ բերեց մահացած եղբորը. «Բայց դուք մի՛ դատապարտեք Ալբերտին, caro mio։ Սպասեք ցույց տամ նրան...»:
Մաշան սողոսկեց օձիքից ներս (կոճակներն արձակած բաճկոնի տակ երևաց պիջակի ծալքը), դուրս քաշեց հարթ կաշվե դրամապանակի պես մի բան, միջից երեքը չորսի վրա մի փոքրիկ լուսանկար հանեց: Նկարից նայում էր դուրս պրծած աչքերով, բազեդովյան հիվանդությամբ մի բաշմետ, որը հեռավոր կերպով նման էր Մաշային:
— Նա ինձնից երեք տարով մեծ էր։ Զարմանալի տաղանդ ուներ մաթեմատիկայի հանդեպ։ Բայց բանակից վերադարձավ որպես կատարյալ մտագար։ Այնտեղ նրան բռնաբարել էին, լա՛զուր։ Նա փորձեց ինքնասպանություն գործել, բայց արդյունքում՝ պատվազրկեց ինձ։ Մայրս քիչ էր մնում մեռներ, երբ իմացավ: Մենք ոչ մի տեղ չզեկուցեցինք. այս ամբողջ աղբը թողեցինք խրճիթում: Բայց ես ներեցի նրան...
Մաշան չափից ավելի բարձր էր խոսում: Նրա խիզախ պատմությունը հավանաբար լսում էին հարևան սեղանից։
Մաշան բերանով նետվեց բաժակի մեջ, ասես դեպի անդունդը, դուրս եկավ՝ սուրճի թանձր փառը շուրթին:
— Նա մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Դա տեղի ունեցավ այն սարսափելի հաբերի պատճառով, որ խմեցնում էին նրան։ Նա հրեշավոր կերպով գիրացավ, մազերն ամբողջովին թափվեցին...
Մոտակա սեղանից ասացին.
— Բեղերն, ինչպես բռնաբարված աղվես, — երիտասարդ ձայները քրքջացին։
Մաշան, չգիտես ինչու, իրեն վերագրեց «աղվեսը»: Նա բեղիկներով սրբեց շրթունքը և վերցնելով կապուչինոն՝ ելավ թշնամու դեմ։ Ես դեռ չէի հասցրել ինչ-որ բան հասկանալ, երբ Մաշան, հուսահատ ձայնարկելով, շփեց այն բիրտ մարդկանց վրա։ Ամոթից փայտացա:
Սիրելի՛ս, չգիտեմ՝ լամ թե ծիծաղեմ: Գդալներն ու ափսեները զնգացին: Երկու աթոռ շուռ եկան: Տուժողը` սպիտակ բլուզով ծիծաղկոտ աղջիկը, նստել էր այնպես, ասես հրազենային հարված էր ստացել կրծքավանդակին՝ աչքերն ու ձեռքերը չռած: Հարևանուհին բացականչում էր.
— Օլյա-ա,՜ Օլի-ի-չկա-ա՜, — և անձեռոցիկով հեռացնում էր կապուչինոյի հասցրած վերքերը: Մաշան, որ հիշեցնում էր Տյուտչևի Հեբային, որոտընդոստ թափահարում էր դատարկ բաժակը։ Վիրավոր օրիորդի ընկերը թափ տալով մաքրում էր տաբատը: Ողջ ծխարանը, որ սկզբում կարկամել էր, գվվաց՝ սա ի՞նչ է, ա՛յ քեզ սարսափ: Սուրճ և Քաոսի սպասավորն արդեն շտապում էր մասնակցելու կոտորածին։ Կեղտի մեջ կորած ընկերը ուր որ է շարժվելու էր դեպի Մաշան. նրա անվճռական դեմքը արտահայտում էր՝ «մահապատիժ չի կարելի ներում շնորհել»: Հանկարծ կանգ առավ, ապշահար Մաշան պարսատիկի պես պտտեց գլուխը: Բացեց բերանն ու տապալվեց հատակին: Ապա սկսեց ցնցվել, բերանից նոսր թուք հայտնվեց, կարծես Մաշան ազատ էր արձակում խմած փրփրոտ կապուչինոն։ Ինչ-որ մեկը բղավեց, որ պետք է արագ շտապօգնություն կանչել, բերանը խցոց մտցնել, որպեսզի Մաշան լեզուն չկծի։
Ես այդպես էլ չհասկացա՝ դա իրո՞ք հիվանդության նոպա էր, թե՞ նա ընկնավորություն էր ձևացնում: Մաշան հաճույքով ընդունեց բոլոր կարեկիցների խնամքը, հնազանդորեն կծեց լարանի պես ոլորված անձեռոցիկից հանպատրաստի լկամը: Եվս մի երկու րոպե կոտրատվելուց հետո շան պես թափ տվեց իրեն, արագ վեր կացավ և իր ուռուցիկ ճակատով շրջվեց դեպի ինձ.
— Լա՛զուր, տուն տար ինձ...
Ճանապարհին կանգնեցրի քոչվոր-ասիացուն, Մաշային մի կերպ մտցրի մեքենայի մեջ, հինգ հարյուր ռուբլի խցկեցի ձեռքը։ Նա կառչեց, ձգտեց նետվել դեպի մայթը, պարզեց ձեռքերը.
— Մի՛ հեռացեք: Ներեցե՛ք...
— Թանկագի՛նս, դուք ոչ մի բանում մեղավոր չեք: — Ես ավելի խորը հրեցի Մաշային, խթանեցի վարորդին.
— Քշեք, վերջապես, գրողը ձեզ տանի:
Քշեց, տարավ։ Սիրելիս, այդ երեկո ես չմտածեցի քո մասին: Լի էի Մաշայով։
Մի քանի ժամ անց նա նորից զանգահարեց։ Ես լսեցի փողոցի ձայնը: Մաշան բղավում էր, որ ասիացին փորձել է բռնաբարել իրեն, խլել է հինգ հարյուր ռուբլին և դուրս շպրտել (կմեռնեի, բայց ողջ մնացի ֆիզիկական պատրաստվածությանս շնորհիվ. պիոներ պալատում երկու տարի գեղասահք. հասցրեցի կենտրոնանալ և կողքի վրա վայրէջք կատարել):
Ասացի. «Մա՛շա, պետք է անմիջապես ոստիկանություն դիմել»:
«Ոչ ոք չի սկսի փնտրել նրան», — պատասխանեց Մաշան: Տրտմեց. «Այսօր վախեցրի ձեզ, անո՛ւշս, ինձ հետ գլխացավանքը շատ է... Բայց թույլ կտա՞ք զանգել ձեզ»:
— Իհարկե, Մա՛շա...
Ամեն Աստծո օր... Նրա բջջային հեռախոսի մեջ դահճի ինչ-որ սակագին էր կարգավորած, որը նրան թույլ էր տալիս ժամերով շփվել։ Նա չգիտեր՝ ինչ է չափը։ Հանդիպումներ էր նշանակում, ասես հարձակվում էր դարանից. «Հետո ավելացրեք դափնու տերև, կոճապղպեղ և կարմիր պղպեղ... Caro mio, այցելեք ինձ, ես ձեզ պատիվ կտամ...»:
Ուժերիս մեծ լարումով մերժման պատրվակներ էի փնտրում-գտնում՝ լծօղակ կտրվող, կառապան անկարող ...
— Բարի՛ լույս, անո՛ւշս: Արթնացա՞ք: Ուզում եմ, որ ինձ պարի հրավիրեք...— Մաշան, դայլայլելով թմբկաթաղանթիս մեջ, ծիծաղեց: — Դուք ստիպված չեք լինի ինչ-որ բան անել, caro mio»: Լսո՞ւմ եք երաժշտությունը...Բում-պա-պա, բում-պա-պա, բում-պա-պա:
— Լսում եմ, Մա՛շա...
— Շտրաուսն է: Մոգական է: Դե, տվեք ձեր ձեռքը, ահա այստեղ, գոտկատեղից, և պտտեք ինձ...
Խելագարվել կարելի էր: Բայց համաձայնեցի։ Մենք պարում էինք շաբաթական երեք անգամից ոչ պակաս։ Մազուրկա, պոլկա, կրակովյակ, տանգո...
«Պրիգ-Սկոկ, դեպ մարգ առավոտ» լետկա-ենկայի վրա ապստամբեցի. «Մա՛շա, հոգնեցի ձեր պարերից: Ի սե՛ր Աստծո, թողեք՝ աշխատեմ»։
Նա վիրավորվեց և չհայտնվեց երևի մեկ շաբաթ։ Սիրելի՛ս, ուրախությամբ մտածեցի, որ թերագնահատել եմ նրա խռովկանությունը։
Զանգ: Հեռախոսափողը սկսեց աղմուկով շնչել ու փղձկաց.
— Լա՛զուր, դժբախտությո՛ւն: Ես ձեզ պատմել եմ, որ դուստր ունեմ...
— Այո՛, Մա՛շա...
— Աղջիկս՝ Էլեոնորան: Նա տասնհինգ տարեկան է։ Իմ նախկին քաղաքացիական ամուսինը՝ Յուրան, տեսական ֆիզիկոս, ութ տարի առաջ հեռացավ գիտությունից, զբաղվում էր բիզնեսով, օպտիկամանրաթելային մալուխ էր վաճառում Արգենտինային: Նրա «տանիքը» չեչեններն էին: Եվ ահա այժմ պարզվել է, որ Յուրան մեծ պարտքեր ունի, ու նրանք էլ գողացել են Էլեոնորային: Ինձ զանգել, գումար էին պահանջում։ Իսկ Յուրան անհետացել է...
Լեզգինկան սկսվեց: Տարօրինակություններ չեչենների հետ:
— Բայց ինչպե՞ս կարող եմ օգնել ձեզ, Մա՛շա:
— Խոսե՛ք նրանց հետ։
— Ո՞ւմ հետ:
— Իմ Էլեոնորային առևանգողների:
— Մա՛շա, ես չգիտեմ՝ ինչպես խոսել չեչենների հետ: Ու ի՞նչ եմ ասելու նրանց։
— Սպառնացեք...
Դրա փոխարեն ստիպված էի մոտ քառասուն րոպե հանգստացնել Մաշային։ Սիզիփոսյան աշխատանք՝ մխիթարել չմխիթարվողին:
Ես այնքան էլ չհավատացի Արգենտինայի և ապակեթելի մասին Մաշայի օճառե էկզոտիկային, չնայած սատանան ինչի՞ հետ կատակ չի անում...
— Լա՜զուր..., — առավոտյան արթնացա հեկեկոցից: — Ներեցե՛ք, ձեզ ամբողջ ճշմարտությունը չեմ ասել։ Էլեոնորան... Նա Յուրայի աղջիկը չէ։ Նրա իսկական հայրը իմ հանգուցյալ եղբայր Ալբերտն է։
Ժամ առ ժամ... Փրկի՛ր ու պահպանի՛ր...
— Ես այն ժամանակ հղիացա... Յուրան դրա մասին չէր կասկածում: Չեչեններն էլ չգիտեն, նրանք կարծում են, թե Էլեոնորան Յուրայի աղջիկն է։ Իսկ եթե չեչեններին ասե՞նք ճշմարտությունը։ Միգուցե նրանք վերադարձնե՞ն Էլեոնորային: Դո՛ւք պատմեք նրանց, դուք կարող եք, ես ձեզ վստահում եմ: Գուցե ձեզ ձեռնտո՞ւ չէ զանգելը: Ես կտամ ձեր հեռախոսահամարը:
— Մա՛շա, խնդրում եմ, իմ համարը ոչ մի չեչենի մի՛ տվեք...
Վեր կացա բազմոցից։ Երազն իսկույն անհետացավ: Հեռվում երևում էին վերամ-
բարձ կռունկները, որոնք նմանվում էին կախաղանների՝ հրաձգային բանդագու-
շանքից:
Մաշան զանգեց կեսօրին։
Հուզված շնչելով.
— Լա՛զուր: Ես ամեն ինչ ինքս կարգավորեցի։ Որոշել եմ վաճառել բնակարանը։ Մի խնդրանք ունեմ՝ օգնեք միջնորդ գտնել: Ես այնպես եմ վախենում խաբեությունից:
— Մա՛շա, սիրելի՛ս, բայց ես անշարժ գույքի ծանոթ գործակալ չունեմ: Համացանցում լիքը ամենատարբեր ընկերություններ կան, նայեք...
Ես դադարեցի զանգերին պատասխանելուց։ SMS ուղարկեցի. «Ես ռոումինգում եմ»:
Մաշան անցավ հեռախոսային նամակագրության. «Լա՛զուր, ես ահավոր կարոտում եմ ձեզ», «Ե՞րբ եք վերադառնում: Պետք է խորհրդակցեմ ձեզ հետ», «Համբուրում եմ ձեր տաղանդավոր մատների բարձիկները», «Առաջարկեցին բնակարանի համար վճարել շվեյցարական ֆրանկով։ Համաձայնե՞մ»:
Մաշան կանոնավոր էր դեղորայք ընդունելու պես՝ օրը չորս անգամ:
Յուրաքանչյուր օրը նորություններ էր բերում Մաշայից: Բայց շուտով բավական լուրջ դրամա սկսվեց։
«Էլեոնորային սպանեցին», և քառորդ ժամ ընդմիջումով. «Անհապաղ զանգեք, թե չէ սիրտս կպայթի»:
Սարսռացի։ Որքան մեծ էր Մաշայի հուսահատությունը, եթե նա համարձակվել է զոհաբերել իր փոքրիկ արյունը՝ Էլեոնորա Ալբերտովնային, Էլեոնորա Կեղծ Յուրևնային:
Մի քանի ժամ անց sms ստացա. «Բարև՛ Ձեզ: Մաշայի քույրն է՝ Վալերիան։ Ձեզ գրում եմ նրա հեռախոսով։ Մաշան քաղաքային առաջին հիվանդանոցում է, վիճակը ծանր է»։ Այլ ձեռագիր, օտար հնչերանգ։ Ո՛չ խանդավառ Մաշան, այլ հնդկաձավարի պես պրոզաիկ Վալերիան:
Չհանձնվեցի: Սեղմեցի բռունցքներս ու չպատասխանեցի։
Կեսօրին. «Նորից Վալերիան է։ Մարիի վիճակը ավելի վատացավ։ Բարդ վիրահատություն է լինելու»:
Մայրամուտին. «Վիրահատությունն անհաջող անցավ: Հնարավոր է մահվան ելք: Վալերիա»:
Գիշերը. «Մարիան ընկավ կոմայի մեջ: Եկեք հրաժեշտ տալու»:
Երբեմն կասկածում էի հեղինակին, և աչքիս երևում էր հրեշանման զարմիկը՝ հերթական բաշմետը, որը հերթապահում է Մաշայի մահվան մահճի մոտ...
Գիշերվա ժամը երկուսին ինձ, ասես մատով դիպչելով, արթնացրեց տխուր լուրը՝ «Մարիան մահացավ»։
Արագացված դրամատուրգիան գերեզման քշեց անփորձ ու կրքոտ Մաշային։ Ո՞վ կխլի սիրահետելու էստաֆետը: Մի՞թե Վիկտորյան։
Առավոտյան եկավ. «Մարիայի հրաժեշտը տեղի կունենա վաղը առավոտյան՝ ժամը 11-ին։ Եկեք այս հասցեով՝ մետրո Պերվոմայսկայա, 7-րդ Պարկովայա փողոց, շենք՝ այսինչ, բնակարան՝ այնինչ։ Խնդրում եմ հաստատել ձեր ներկայությունը։ Ձեզ այլևս չեմ անհանգստացնի: Վալերիա»:
Մեկ-մեկ միտք էր առկայծում՝ արդյոք չգցե՞մ ինձ Մաշայի հոգեհացին, որպեսզի տեսնեմ նրանց բոլորին՝ քույր Վալերիային, ֆիզիկոս Յուրային, չեչեններին, Մաշային՝ խղճուկ դագաղում...
Չնայած գիտեի, որ չեմ գնալու. մայիսմեկյան հասցեից մեկ մղոն այն կողմ ապրիլմեկյան թաղման զավեշտի հոտ էր գալիս:
Սիրելի՛ս, այդ դժվարին պահերին ես քեզնից ներողություն էի խնդրում անցյալի իմ զանգերի ու նամակների, ցցված կեռ ճկույթով ամոթալի հետապնդման համար՝ վերադարձիր, վերադարձիր ու այլևս մի՛ վիճիր:
Ես քեզ ազատ եմ արձակել, սիրելի՛ս...
Իսկ կեսօրին եկավ լազուր հաղորդագրություն. «Իմ մահվան մասին լուրերը չափազանցած են։ Ուրիշ Մարիա է մահացել։ Անհավասարակշիռ քույրս՝ Վալերիան, ինչպես միշտ, խառնեց, ներեցե՛ք նրան։ Ընդհանրապես, այնքան բան է պատահել. եկեք տեսնվենք: Ձեր Մաշա»:
* «ЖЖ», «Живой Журнал» (անգլ.՝ LiveJournal, LJ) — բլոգ-հարթակ՝ առցանց օրագիր (բլոգ) վարելու համար, ինչպես նաև անհատական բլոգ՝ տեղադրված այդ հարթակում. հնարավորություն է տալիս հրապարակել սեփական և մեկնաբանել այլոց գրությունները: (Ծանոթագրությունը՝ թարգմանչի):
** Թարգմանությունը՝ տողացի: