Քամու իշխանը
(հատված վեպից)
Մաս 1. Ստվերների թատրոնը
Գլուխ 1. Դատավճիռ
1
Ինչպես հայտնի է, 1893 թվականին մայրաքաղաքային խուզարկու ոստիկանության
լեգենդար պետ Իվան Դմիտրիևիչ Պուտիլինը անցավ թոշակի ու բնակություն
հաստատեց Նովգորոդյան նահանգում՝ Վոլխովի ափին՝ խնձորենու այգով տանը:
Շատ չանցած, մի պատկառելի հրատարակչի առաջարկած կանխավճարի գայթակղությանը չդիմանալով, հանձն առավ հուշեր գրել, մի երկու շաբաթ ոգևորությամբ մշակեց ապագա գրառումների ծրագիրը, գլուխների վերնագրերը հորինեց ու նրանց համար բնաբաններ ընտրեց, մինչև չգիտակցեց, որ հազիվ թե կկարողանա ինքնուրույն այդ ամենը վերածել մի մեծ բանի:
Ինչ-որ մեկը նրան առաջարկեց դիմել պետերբուրգցի գրող Սաֆրոնովին: Նա, ճիշտ է, նամակում գոռոզամտորեն պահանջեց հրատարակչի խոստացած հոնորարի կեսը, բայց անձնական հանդիպման ժամանակ համաձայնեց մեկ երրորդին՝ լսելով, որ
հակառակ դեպքում ավելի էժան գրիչ կգտնվի: Ձեռք ձեռքի խփեցին, Սաֆրոնովը Իվան Դմիտրիևիչին ուղեկցեց կայարան: Կեսը պահանջելով՝ նա մեկ քառորդի հույսն ուներ և հաճելիորեն ոգևորված էր, ասում էր, որ կձգտի միջինացնել իր ոճը, դարձնել պակաս անհատական, որպեսզի չծածկի, ավելին՝ սեփական անհատականությամբ չճնշի հուշագրի անհատականությունը:
Իրար հրաժեշտ տվեցին կայարանում, իսկ երկու օր անց Սաֆրոնովը այդ նույն գնացքով ժամանեց Վոլխովի ափ: Այստեղ՝ Իվան Դմիտրիևիչի տանը, նա ապրեց մոտ մեկ ամիս՝ գրի առնելով տանտիրոջ հուշերը: Որից հետո պետք էր մշակել այդ գրառումներն ու գիրքը պատրաստել տպագրության: Կազմին գրված էր լինելու մեկ անուն, այնպես որ Սաֆրոնովին այդ նախագիծը փառք չէր խոստանում, միայն փող, թեև հանուն դրա նույնպես արժեր տառապել:
Մեկ ամսում, Իվան Դմիտրիևիչի կյանքում ամենօրյա դեգերումների արդյունքում, գրողը երեք մատիտ մաշեց, միջնամատին շարավային բշտիկ առաջացավ: Թրաշավոր մատիտը փոխարինվեց կլորով, բայց դա էլ էր կտտանքի գործիք թվում: Այգում հավաքեցին վերջին խնձորները, դեղնեցին տերևները, առավոտները գետն սկսեց ծածկվել մառախուղով, երբ Սաֆրոնովը, մի քանի տետր գրառելով, որոշեց, որ մեկնելու ժամանակն է: Նյութերը ավելի քան բավարար էին, Պետերբուրգ վերադառնալուց հետո մնում էր դրանք ենթարկել ոճական ուղղումների, բոլոր պատմվածքները դասավորել ըստ ժամանակագրության, տեղ-տեղ ուրվագծել պատմական հենքը, մի քիչ եղանակ ու հոգեբանություն ավելացնել:
Սաֆրոնովն արդեն կանխավայելում էր, թե ինչպիսի հաճույքով է տրվելու այդ անպաճույճ գործին իր տանը՝ լռության մեջ, խալաթը հագին, կողքը՝ բազկաթոռին ննջող սիրելի կատվով ու չ՛սիրելի կնոջով: Ի դեպ, կինը քաջություն էր ունեցել ինքն իրեն խոստովանելու, որ ինչքան տձևանում է կուրծքն ու ընդլայնվում է իրանը, այնքան բուրումնավետ պիտի լինի ամուսնու աշխատասենյակ բերած սուրճն ու նույնքան նրբահամ՝ թեյի հետ մատուցվող կարկանդակը: Առաջ անցնելով ասենք, որ գարնան կողմ աշխատանքն ավարտված էր: Որ օրը Իվան Դմիտրիևիչի հիշողությունները տպարանից լույս աշխարհ ելան, այդ օրը Սաֆրոնովը ոչնչացրեց գրառումներով բոլոր տետրերը՝ մեկից բացի, որ պահպանվել է նրա արխիվում: Այդ տետրի պատմությունը գրքի մեջ չմտավ: Հնարավոր է՝ Սաֆրոնովն այն պահել էր ապագայում որպես սեփական վեպի սյուժե, բայց այդպես էլ չգրեց:
Կանաչ կոլենկորե կազմով ծավալուն տետր էր: Ֆորզացին սոսնձած էր Իվան Դմիտրիևիչի գրքի ամսագրային արձագանքի երկու էջ: Գրախոսության տեքստում ինչ-որ մեկը ընդգծել էր «Նրա տաղանդի կախարդական ճախարակը հավասար վարպետությամբ գործում է երկու թելեր՝ սյուժետայինն ու հոգեբանականը» նախադասությունը: Կողքին նշագրում կար՝ «Ճախարակը չի կարող գործել»: Քիչ ներքևում սա վիճարկվել էր ուրիշ ձեռագրով. «Խոսքը կախարդական ճախարակի մասին է: Կախարդականը կարող է ամե՛ն ինչ»:
Տետրի էջերում սոսնձված են 1913—1914 թվականների «Ասիա» լրագրի կտրածոներ: Ինչից հետևում է, որ այս պատմությունը լսելուց երկու տասնամյակ անց կրկին բորբորքվել է Սաֆրոնովի հետաքրքրությունը: Ինչու, պարզ է դառնում ավարտին մոտ: Այդ սոսնձած կտրածոների իմաստը նույնպես գաղտնիք է մնում, մինչև չես հասնում ավարտին:
Սակայն անմիջապես նկատում ես, որ դրանք բոլորը կապված են Մոնղոլիայի հետ ու ներկայացնում են ռուս սպա Սոլոդովնիկովի հուշերի ընտրովի հատվածները: Սոլոդովնիկովը՝ որպես ռազմական հրահանգիչ, գտնվել է մոնղոլական ապստամբների բանակում: Դրանից մեկուկես տարի առաջ Արտաքին Մոնղոլիան (Խալխան) հռչակել էր իր անկախությունը Պեկինից, և ռուս սպան պետք է օգներ մոնղոլներին
մարտունակ զորամասեր ձևավորել չինացիների դեմ մղվող պայքարում:
Առաջին հայացքից տետրում արված նրա գրառումները ցրված են՝ որևէ կապ չունենալով հիմնական գրվածքի հետ: Օրինակ, Իվան Դմիտրիևիչի հետ ծանոթության պատմությունը Սաֆրոնովը ընդհատում է հետևյալ հատվածով.
«Հիշելով Չինգիզ խանին՝ ենթադրում էի, որ որպես ծայրահեղ ռազմատենչ ժողովուրդ՝ մոնղոլները պետք է նետվեն մարտի, իսկ ես ստիպված պիտի լինեմ զսպել նրանց կորովը, քանի դեռ նրանք չեն տիրապետում նորագույն եվրոպական զենքին ու ժամանակակից պատերազմի մարտավարությանը: Շատ շուտով համոզվեցի, որ իմ պատկերացումները նույնքան հեռու էին իրականությունից, որքան ժամանակակից մոնղոլները՝ իրենց նախնիներից:
Հիմա բոլորը բուդդայական են, և «դեղին կրոնի» ներարկած պասիֆիզմի մարազմը դարձել է իսկական անեծք այդ դժբախտ ցեղի համար: Զորախաղերի ժամանակ էսկադրոնները մեկ մարդու պես թողնում էին դիրքերն ու գնում հարևան վան-
քը «աղոթքի», գնդացիրները օծում էին «խորզայով» (կումիսից պատրաստված օղի), բայց չէին յուղում, շտաբին կցված լամաները մշտապես միջամտում էին իմ հանձնարարականներին, ընդ որում՝ այնպիսի կրոնական խանդավառություն էին ցուցաբերում մեր զորամասերի տեղաշարժի կամ հրետանին օգտագործելու հարցերում, որ սկսել էի կասկածել՝ արդյո՞ք չինական լրտեսներ չեն:
Որտեղ պահվում էին գնդակները, չգիտես ինչու, ջուրը ճպճպում էր, իսկ գնդացրային պատյաններում ջուր ընդհանրապես չկար: Հրանոթները տեղափոխող եզները պարբերաբար ժանտախտ էին ընկնում, նրանց քշում էին պատվաստումների, որից հետո անհետ կորում էին և՛ իրենք, և՛ եզնապանները: Դասալիքները մեծ թիվ էին կազմում, բայց գողերն ավելի շատ էին, բոլորը բոլորից ինչ-որ բան էին գողանում ու միաժամանակ փոխանակվում էին նվերներով: Բոլորը լի էին բարի մտադրություններով, ու ոչ ոք ոչինչ չէր անում:
Կարևորագույն փաստաթղթերը շաբաթներով փոշոտվում էին իմ մոնղոլ պետերի սեղաններին ու լավ էր, եթե ընդհանրապես չէին կորչում, փոխարենը նրանց գուշակներն անբնականորեն գործունյա էին: Ռազմական գործողությունների ծրագրերը ստուգվում էին երկնքում աստղերի տեղաբաշխվածությամբ ու կրակ նետված գառան թիակին հայտնված ճեղքվածքների նախշով, իսկ որևէ թվով նշագրված հրամանը, որն այդ ծուռոտք պատգամախոսները համարում էին ձախորդ, չէր կատարվում մաքուր խղճով, քանի որ այդ թիվը պարզապես դուրս էր շպրտվել օրացույցից:
Օրինակ՝ երկրորդից հետո Լուսնի երրորդ օրվան անմիջապես հաջորդում էր չորրորդը, նրանից հետո՝ երկու հատ հինգերորդ: Ամեն ամիս բոլոր ամսաթվերի մինչև մեկ երրորդը հայտարարվում էր գոյություն չունեցող, իսկ չորեքշաբթին, հինգշաբթին և ուրբաթը կարող էին նշանակվել մեկ ամսաթվով, ինչի մասին ես տեղեկանում էի շաբաթ առավոտյան:
Վայրի ճիչերով, որոնք ժամանակին Պեկինից մինչև Երուսաղեմ ամենայն կենդանականի վրա սարսափ են տարածել, վարգում էին իմ մոնղոլները՝ այրվելով սպանելու մարմաջից, արբենալով նախկին փառքի հիշատակով, բայց ցրիվ էին գալիս հրանոթի կրակոցից: Կարգուկանոնը պահելու միակ միջոցը ծեծն էր: Ազատագրական բանակում ծեծն անթույլատրելի էի համարում, ռազմական նախարարությունում էլ իմ փաստարկներն ընդունվել էին լիակատար ըմբռնումով՝ այնքան անկեղծ ու խոր, որ ինքնին արդեն չեղարկվել էր խնդիրը, որն այսուհետ ենթադրվում էր մեկընդմիշտ լուծված:
Ի վերջո, հուսահատվեցի ու ձևացնում էի՝ իբր ոչինչ չեմ նկատում, երբ բրիգադային էկզեկուտորները՝ հանդիսավոր ու երկյուղած, որպես անհայտ կուռքի պատկանելություն, շարքի առջևով տանում էին սև լաքապատ տուփը՝ մեջը բամբուկե գավազան: Պնդում էին, որ այդ գավազանը պատկանել է հենց Աբատայ մեծն խանին ու պատրաստված է բամբուկից, որը մի գիշերում աճել է ինչ-որ սուրբ լամայի գլխից, որպեսզի դժբախտ այրին կարողանա հագենալ երիտասարդ, նուրբ շիվերով:
Այդ շիվերից մեկը՝ արյան հոսքի համար փորված ակոսիկով, այժմ պահվում էր շտաբում փողերի արկղի և բրիգադի դրոշի հետ: Բայց դրանից օգուտը մեծ չէր. մոնղոլներն իրենց պատկերացումներն ունեին այս կամ այն զանցանքի ծանրության մասին: Ձիու մեջքը վնասած ձիավորին կարող էին ծեծելով կիսամեռ անել, իսկ գետանցի ժամանակ հրանոթային հեռաչափի ջրասույզ անելուն հաջորդում էր ընդամենը մեղավորի հասցեին ներողամտորեն լեզուն ծպպացնելը:
Ի լրումն այդ ամենի՝ ոչ մի կերպ չէի կարողանում որոշել՝ էսկադրոններն ու ղեկավարությունը ձևավորելու ինչ հիմնավորում է գերադասելի: Ազգակցական սկզբունքով ձևավորվածներում կարգապահությունը ավելի շատ էր, փոխարենը շեղումներն էին վտանգավոր, խառը ստորաբաժանումներում քաոս էր տիրում, բայց կարգուկանոնի զանգվածային խախտումների հնարավորությունը մեծ չէր: Նրանց խելահեղ օրացույցի հետ միասին այդ ամենը ինձ հասցնում էր հուսահատության, ծոծրակիս բութ նվվոցի, հյուծում և ուժասպառում էր որպես կպչուն մղձավանջ:
«Արևելքի մարդկանց համար օրվա բոլոր ժամերը նույնն են», — ասել է Կիպլինգը՝ նկատի ունենալով հնդկական մարդատար գնացքների չվացուցակի առանձնահատկությունը: Այդ ճշմարտության ունիվերսալությունը բացահայտեցի՝ այցելելով Բոգդո-Գէգէն Ութերորդի, ուրգինյան խուտուխտայի, իսկ այժմ՝ համատեղությամբ նաև միապետի քաղաքամերձ պալատը: Քառասուն րոպե մենք, այսինքն՝ բրիգադի ղեկավարությունը, ռազմական նախարարի գլխավորությամբ սպասում էինք ընդունելության, հետո այդքան էլ տևեց ընդունելությունը, և այդ ընթացքում, համարյա առանց ընդմիջման, ինձ էին հասնում պատի, սեղանի, հատակի ժամացույցների բազմաձայն զանգերն ու զարկերը: Ժամացույցները կանգնած ու կախված էին պալատական անցումներում, անֆիլադներում, շքասանդուղքներում ու հարկաբաժիններում:
Ինձ բացատրեցին, որ իր վերջին երեք վերածնունդներում Բոգդո-գէգէնը ժամացույցներ է հավաքում՝ հիմնականում զարկերով ու երաժշտությամբ: Դրանք նվիրել են վաճառականները, ուխտագնացները, ցինյան աստիճանավորները, արտասահմանյան դիվանագետները, բայց այն օրվանից, երբ մեկուկես տարի առաջ, հիվանդանալով սուր տրախոմայով, նա համարյա կորցրել է տեսողությունն ու բոլոր ուժերն ուղղել է դավադիրների դեմ մղվող պայքարին, որոնք, ի դեմս նրա կուրության՝ իրենց համար բարենպաստ պահ են տեսել. ինչ-որ բան է սկսել քայքայվել հենց պալատական կյանքի մեխանիզմում, որի հետ կապված էին ժամացուցային ատամնանիվները:
Ժամացույցները կամ ընդհանրապես չէին լարում, կամ լարում, բայց մոռանում էին սլաքներն ուղղել: Դրանց մի մասը կանգ էր առնում, իսկ աշխատողների մեծ մասն արդեն տարբեր ժամանակ էր ցույց տալիս: Համապատասխանաբար, ոմանք զանգում կամ զարկում էին հարկավոր ժամից առաջ, մյուսները՝ ուշ: Ամբողջ օրը մեկ այստեղ, մեկ այնտեղ, մեկ աստիճանների վրա, մեկ գահադահլիճում ոլորվում էին զսպանակները, արթնանում էին մուրճիկները, օպերային նախերգանքների կտորներ էին լսվում, արդեն գոյություն չունեցող կայսրությունների հիմներ կամ երկու-երեք տակտ ինչ-որ քայլերթից, որի տակ մարտի են գնացել գերեզմաններում վաղուց փոշիացած գնդերը: Հավերժության տուն, աղյուսե երաժշտական արկղիկ, երկաթե տանիքի տակ, կանաչ ակնոցով թագավորական բուդդայի նստավայր այդ պալատը հետագայում ինձ հիշեցնում էր այն մասին, որ եթե մոնղոլները ի դեմս նրա տեսնում են իրենց ամենագլխավոր պաշտամունքներից մեկը, նրանցից շատ բան պահանջելու իրավունք ես չունեմ:
Բայց վերադառնանք Սաֆրոնովի պատմությանը:
Եվ այսպես, հաջորդ օրը նա պատրաստվում էր վերադառնալ Պետերբուրգ: Դեռ տաք էր, Իվան Դմիտրիևիչի հետ ճաշեցին երկու կողմից խնձորի այգով շրջապատված ծածկապատշգամբում: Երրորդ կողմից տեսարան էր բացվում Վոլխովի, դաշտերի վրա, որոնք իջնելով դեպի ուռենուտը, հասնում էին հանդիպակաց բարձրադիր ափին:
Երկուսից բացի, սեղանի մոտ էր նստած բնանկարիչ Մժելսկին՝ վճռական պրոֆիլով ու հարավային տխուր աչքերով երիտասարդը: Մոտ երկու շաբաթ առաջ էր եկել այստեղ էտյուդներ անելու և ապրում էր գյուղում՝ տեղացի մի աղքատի մոտ:
— Տարօրինակ է, — իր սովորական ճղճղան ձևով նրան դիմեց Իվան Դմիտրիևիչը: — Շքեղ սեպտեմբեր է, մեր վայրերը ամենագեղեցիկն են, բայց նայում ես ձեր
նկարներին, իսկ այնտեղ միայն անձրև է, քամուց ծառերը կքվել են, տանիքներից ծղոտն է պոկվում:
— Երեկ անձրև էր, — արդարացավՄժելսկին: — Ուրբաթ էլ կաթկթում էր:
— Ուրբա՞թ: Ինչ-որ չեմ նկատել:
— Եղել է, եղել է, Իվա՛ն Դմիտրիևիչ, — հաստատեց Սաֆրոնովը:
— Բայց գոնե մի անգամ պարզ առավոտ նկարեիր, հանդարտ քամի: Չէ-է, կամ մառախլապատ լուսաբաց, կամ արյունալի մայրամուտ, մթնշաղ, ինչ-որ ճակատագրական փայլատակումներ ամպերի տակից: Ամպերն էլ փրչոտ, ասես կատուներն են գզել:
— Բայց ահա՛, — Մժելսկին ցույց տվեց պատին հենած թարմ, դեռ չչորացած էտյուդը: — Ամեն ինչ խաղաղ է, ոչ մի տերև չի շարժվում:
— Բայց ախր ձեզ մոտ ինչպե՞ս է: Եթե քամի չկա, ուրեմն ամպրոպից առաջ է: Հանկարծ ու արևը ամպի տակից ծիկրակեց՝ ամպրոպից հետո է: Հենց այնպես ոչ մի լավ բան չի լինում: Արժանի չե՛նք: Իսկ եթե Իտալիա գնաք, միանգամից կսկսեք նկարել ծովը արևի տակ, լազուր երկինքը: Իտալական պինիա սոճիներ, պալացցոներ, փայլ, լույս: Աղջիկները խաղող են ուտում, լողանում են: Երեխաները պարում են: Իսկ այստեղ ձեր ցանկացած կին կա՛մ այրի է, կա՛մ զինվորի կնիկ, կամ փայտով այծին է քշում: Եթե երեխաներ՝ ապա դույլեր է, որ քարշ են տալիս սառնամանիքին կամ ամպրոպից են պաշտպանվում: Կարծում եք՝ Իտալիայում անձրևներ չե՞ն լինում: Է-է, հենց որ քոքի մի շաբաթով, քիթդ հյուրանոցից դուրս չես հանի:
— Դուք եղե՞լ եք Իտալիայում, — հարցրեց Մժելսկին:
— Եղել եմ:
Իվան Դմիտրիևիչը նայեց Սաֆրոնովի զարմացած դեմքին ու ավելացրեց, որ դա գրքի համար պետք չի գա, այնտեղ է գնացել անձնական գործով:
— Միայն անձնակա՞ն, — չհավատաց Սաֆրոնովը, արդեն լավ իմանալով, որ Իվան Դմիտրիևիչի կյանքում բոլոր անձնական գործերը այս կամ այն կերպ կապված են ծառայողականի հետ:
— Այո՛, որպես մասնավոր անձ: Ճիշտ է, այդ ուղևորությունը մասամբ կապված էր մի հանցագործության հետ, որն այն ժամանակ քննում էի:
— Հրաշալի է, պատմեք: Երեկոն մեր տրամադրության տակ է:
— Իհարկե, պատմեք, — հաստատեց Մժելսկին նաև ընթրիքի ակնկալիքով:
— Վախենամ՝ պատմությունս հիասթափեցնի ձեզ թեկուզ այն պատճառով, որ ավելի շատ ոչ թե Իտալիային, այլ Մոնղոլիային է վերաբերում, — պատասխանեց Իվան Դմիտրիևիչը:
— Այնտեղ է՞լ եք եղել:
— Ո՛չ, բայց միշտ ուզել եմ: Ասում են, զարմանալի գեղեցիկ երկիր է, եթե անգամ ձեր չափով չափենք: Ես կարդացել եմ, որ Տոլայի գետնահովիտները, որտեղ գտնվում է մոնղոլների սրբազան քաղաք Ուրգան, Լոմբարդիայի հովիտներն է հիշեցնում:
— Դե, էլ մի՛ք ձգձգի, սկսե՛ք: Ես պատրաստ եմ, — ասաց Սաֆրոնովը՝ իրեն մոտեցնելով կանաչ կոլենկորե կազմով մաքուր տետրը:
Այստեղից չի հետևում, որ ներքոշարադրված ամեն ինչ նրա գրառման բառացի վերարտադրությունն է: Թեև նրանք էլ հազիվ թե բառացի են ամրագրել Իվան Դմիտրիևիչի պատմածը, որը, բնականաբար, չէր ու չէր կարող լինել իրականության անթերի ճշգրիտ պատճեն: Բոլոր երեք դեպքերում էլ միջական բավականաչափ մեծ է, և առաջինում գուցե ավելի շատ չէ, որքան երկուսում: Փոխարենը Սոլոդովնիկովի գրառումների տետրում սոսնձած տեքստը պահպանվել է անխաթար:
2
Այդ մայիսյան առավոտը Իվան Դմիտրիևիչը նախաճաշում էր տասներեքամյա տղայի՝ Վանեչկայի հետ, նրա զավակներից միակը, որ չէր մահացել մանուկ հասակում: Կինը սեղան չէր նստել: Տղամարդկանց կերակրելով ու մեկին ծառայության, մյուսին գիմնազիա ուղարկելուց հետո էլի մի քիչ քնելու միտք ուներ: Նախկինում նման ծրագրերը ծածուկ էին պահվում, բայց վերջերս հարևանուհին նրան զինեց կանացի ամսագրում տպագրված հոդվածով, որն ապացուցում էր, որ կանացի օրգանիզմն ավելի երկար քնի կարիք ունի, քան տղամարդունը: Ու հիմա նրա կինը իր իրավացիության լիակատար գիտակցումով էր նորից անկողին մտնում:
— Լավ, ես քեզ զզվեցրել եմ, տղայիդ հետ խոսել չես ցանկանում, — ասաց նա՝ Իվան Դմիտրիևիչի ձեռքից վերցնելով լրագիրը, — բայց եթե որոշել ես վերջնականապես փչացնել մարսողությունդ, գոնե գիրք կարդա: Վաղուց ձեռքիդ գիրք չեմ տեսել:
Եվ իրոք, որպես խուզարկու ոստիկանության պետ, Իվան Դմիտրիևիչը մշտապես զբաղված էր, կարդում էր քիչ, ժամանակակից գրողներին չգիտեր ընդհանրապես: Երբ երկու ժամ անց նրան զեկուցեցին, որ գրող Նիկոլայ Գուբենսկին սպանված է իր բնակարանում՝ Կարավաննայա փողոցի համար ութ տանը, նա առաջին անգամ լսեց այդ անունը:
Զեկուցումով ներկայացավ գործակալ Գայպելը՝ Ուսանող մականունով. թերուս ուսանողներից էր: Իր հետ բերել էր համենայնդեպս գնված Կամենսկու վերջին գիրքը: Իվան Դմիտրիևիչը գիրքը խոթեց գրպանն ու Գայպելին ուղարկեց կառապանի ետևից: Կառքը մատուցվեց հինգ րոպեում: Հազիվ էին նստել, նրանց մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ լավ կարված վերարկուով, ձեռնափայտով:
— Հիշում եմ, հիշում եմ, — չթողնելով, որ նա բերանը բացի, ասաց Իվան Դմիտրիևիչը: — Ձեր ազգանունը Պեչենիցին է, դուք հոգեկան հիվանդների Օբուխովյան հիվանդանոցի տնօրենն եք և ինձ մոտ եք եղել մեկ շաբաթ առաջ: Ձեր մոտից ինչ-որ գիժ է փախել:
— Դուք նրան չգտա՞ք:
— Չենք էլ փնտրել: Ասվել է՝ նման գործերով մենք չենք զբաղվում:
Կառքը շարժվեց, բայց Պեչենիցինը կողքով քայլեց՝ բռնվելով դռան կողից:
— Ես կազմել եմ նրա նկարագիրը, — ասում էր նա: — Վերցրեք, շատ եմ ձեզ խնդրում: Հանկարծ ու պետք կգա:
Իվան Դմիտրիևիչը խղճահարված վերցրեց այդ ցուցակը, քիչ հետո աչքի անցկաց-
րեց ու մտածեց, որ այդպիսի նկարագրությամբ փողոցում ամեն երկրորդին կարելի է բռնել: Ճիշտ է, մի առանձնահատուկ նշան կար՝ ելունդ քթարմատին, բայց վատ չէր լինի՝ ավելի արտահայտիչ դա նկարագրվեր:
— Ինքներս կցնդվենք, եթե մի հատ էլ գժերի բռնենք, — ասաց Գայպելին:
Վերջինս գլխով արեց: Թուղթը ճմռթելով՝ Իվան Դմիտրիևիչը շպրտեց, գրպանից հանեց Կամենսկու գիրքն ու կարդաց վերնագիրը «Ճամփաբաժանին»: Վերնագիրը հուշում էր՝ դա ոչ թե վեպ է, այլ պատմվածքների ժողովածու: Իվան Դմիտրիևիչը ապավինեց ճակատագրին, որը նման դեպքերում միշտ բարեհաճ էր լինում նրա նկատմամբ, և բացեց պատահած էջը, ինչպես գուշակության ժամանակ: Բացվեց «Ստվերների թատրոնը» պատմվածքը: Հասցրեց կարդալ մինչև Կարավաննայա հասնելը:
Սյուժեն հետևյալն է:
Մոնղոլակական իշխան Նամսարայ-գունը՝ «պատվար բանակի» գնդապետ, Չինգիզի տոհմից, գլխարկի վրա երեքաչքանի սիրամարգի երկու փետուր կրելու իրավունք ունեցող, Պետերբուրգ է գալիս չինական դեսպանատան կազմում: Դեսպանի հետ դիտում է մայրաքաղաքային տեսարաժան վայրերը, այցելում է պարահան-
դեսները, օպերա է գնում: Տեսածը շատ ուժեղ տպավորություն է գործում նրա վրա: Մեկ ամիս անց Նամսարայ-գունը հայտարարում է, որ ուզում է քրիստոնեություն ընդունել և մկրտվել հունական ծեսով:
Դրագոման Ն.-ն, ում անունից արվում է պատմությունը, առաջինն է իմանում նրա մտադրության մասին. սովորական բան սիբիրյան այլազգի ինչ-որ իշխանիկի համար, բայց բուդդայականի համար՝ անսովոր: Եզակի դեպք է, նախադեպը չունեցող, սակայն բազմաթիվ կասկածներից, հոգևոր անձանց հետ խորհրդատվություններից ու բյուրոկրատական քաշքշուկներից հետո, որոնք հենց սկզբից Սալտիկով-Շչեդրինի ոգով ֆանտասմագորիայի երանգ են հաղորդել պատմությանը, որոշվում է բավարարել Նամսարայ-գունի ցանկությունը:
Գաղտնի, ինչպես որ ինքն էր խնդրել, կատարվում է մկրտությունը: Նրա շքախումբը, դեսպանության մյուս անդամները, դեսպանը ոչինչ չեն կասկածում: Դիվանագիտական բարդություններով դա չի սպառնում, իշխանի՝ ռուսական հպատակություն ընդունելու մասին խոսք չկա, բայց նախարարության չինովնիկները չեն հավատում, որ սրանից հետո Նամսարայ-գունը նախկինի պես կծառայի Պեկինին: Խոստովանության փոփոխության մեջ նրանք ինչ-որ քաղաքական ենթատեքստ են նկատում: Դրա իմաստը նրանք տեսնում են իշխանի խորհրդանշորեն արտահայտած պատրաստակամության մեջ՝ աջակցել ռուսական ազդեցության ուժեղացմանը Կենտրոնական Ասիայում: Ստուգել, այդպե՞ս է դա արդյոք. հանձնարարվում է այդ նույն Ն.-ին:
Մկրտությունից հետո Նամսարայ-գունը շնորհավորանքներ է ընդունում պաշտոնական անձանցից ու նվերներ՝ նրանց կանանցից, հետո Ն.-ի հետ գնում է իր տունը, և ահա այդտեղ, թեյելիս, պարզվում է, որ ապարդյուն էր մոնղոլ իշխանի հետ հույսեր կապելը: Պարզվում է, երկու շաբաթ առաջ՝ Մարիինյան թատրոնում Գունոյի «Ֆաուստը» ներկայացման ժամանակ, Նամսարայ-գունն իմացել է, որ աշխարհում կա սատանա, որին մարդը կարող է վաճառել հոգին, ավելի ճիշտ, այն փոխանակել իր ցան-
կություններից ցանկացածի իրականացման հետ: Դեսպանատանը կցված թարգմանիչներից մեկը իշխանին նաև բացատրել է, որ նման գործարքներն ամրագրում են հատուկ պայմանագրով: Թանաքի կամ տուշի փոխարեն օգտագործում են վաճառողի արյունը, բայց սատանային բացառապես մկրտվածների հոգին է պետք: Մնացածներին ինքը չի ընդունում և նրանց տերերի հետ շփման չի գնում:
Այս հնարավորությունն էլ գայթակղել է Նամսարայ-գունին: Ն.-ի համար գաղտնիք մնաց, թե հատկապես ինչ է ցանկացել ստանալ իշխանը մարդկային ցեղի թշնամուց, բայց մտորումների տրամաբանությունը, որ բերել-հասցրել էր նրան եկեղեցական մկրտության ավազանին, վերականգնել հաջողվեց:
Տափաստաններում Օնոնի ափերին անցկացրած մանկությունից ի վեր Նամսարայ-գունը լավ էր յուրացրել, որ ամեն մարդ ունի երեք հոգի՝սայն-սունս՝ լավ հոգի, դունդ-
սունս՝ միջին, և մու-սունս՝ վատ կամ չար: Վերջինն էլ պետք է դառնար սատանայի հետ արվելիք առևտրի առարկան: Իշխանը հաճախ էր նախազգուշացնում հոգևորա
կանին, որ թույլ է տալիս մկրտել միայն մեկն իր երեք հոգիներից՝ մու-սունսը, բայց թարգ-
մանիչը ճիշտ չէր հասկացել և այդ արտահայտությունը թարգմանել էր ոչ որպես
«վատ» կամ «չար հոգի», այլ որպես «մեղավոր հոգի»: Բնական էր այդտեղ տեսնել
Նամսարայ-գունի կողմից այն փաստի խոստովանությունը, որ նախկինում ինքը ապրել է մեղքի մեջ՝ դավանելով կեղծ «դեղին կրոնը», այսինքն՝ բուդդայականությունը, փոխարենը հիմա ուզում է մաքրվել մկրտությամբ: Հոգևորականը հենց այդպես էլ հասկացել է, հանգստացրել է իշխանին ու ծեսը կատարել է հանգիստ սրտով, առանց չնչին իսկ տարակույսի:
Եվ այսպես, գործի էությունը հայտնի է դառնում Ն.-ին ու նրա ղեկավարին: Հայտնը-վելով հիմարագույն իրավիճակում՝ նրանք նախընտրում են լռել, իսկ իշխանը համոզված է, որ անհրաժեշտ որակի ապրանքի տեր է դարձել, ու գնորդն իրեն սպասեցնել չի տա: Վերջինս, սակայն, չի շտապում, թեև դեսպանությունն արդեն պատրաստվում է մեկնել Պետերբուրգից, ծառաները իրերն են կապում: Մնում է մի քանի օր, բայց Նամ-
սարայ-գունը հույսը չի կորցնում: Իզուր է Ն.-ն փորձում իմանալ՝ ինչ գին էր պատրաստվում խնդրել իր մկրտված մու-սունսի համար: Իշխանը լռում է: Ամեն անգամ՝ հենց ժամացույցը խփում է կեսգիշերը, նա բացում է միջանցքի դուռը կամ մոտենում պատուհանին՝ ականջ դնելով, զննելով փողոցային խավարն, ու սպասում է: Ոչ ոք չկա, իսկ վաղը չէ մյուս օրը դեսպանությունը վերադառնում է հայրենիք:
Մեկնումի նախորդ երեկոն Ն.-ն երկար մնաց իշխանական հարկի տակ: Վաղուց տուն գնալու ժամանակն է, բայց ինչ-որ բան պահում է նրան: Նամսարայ-գունի ննջարանը դատարկ է, ծառաները քնած են, իշխանն ինքն է թեյ լցնում մկրտությունից հետո նվեր ստացած ինքնաեռից: Պատուհաններից այն կողմ փտած պիտերյան սեպտեմբերն է՝ անձրևոտ ու ցուրտ, տերևների խշշոց, անդրշիրիմյան զնգզնգոց թիթեղյա քիվերին: Միջանցիկ քամուց դեսուդեն է նետվում սեղանի լամպի բոցը, ստվերները վազում են պատերով ու սեղմվում անկյուններում, թաքնվում են վարագույրների ետևում ու քամու նոր պոռթկումի հետ կրկին սկսում պարել պաստառ-
ների վրա: Որքան մոտենում է կեսգիշերը, այնքան հաճախ ինչ-որ իմաստավորված բան է նշմարվում նրանց երերուն խաղում, աստիճանաբար քաոսի միջից հայտնվում է աղոտ, անսահմանորեն ճյուղավորվող, բայց և այնպես՝ սյուժե: Մունջ դերասանները վարիացիաներ են խաղում խաբված հույսերի թեմայով, հագեցված ու երջանկություն չբերած ցանկությունների թեմայով, սքանչելի երազանքի, որն իրականանալիս վերած-
վում է իր հակապատկերին:
Ն.-ի մոտ տարօրինակ զգացում է առաջանում, ասես այդ անկիրք շարժվող, ուրվագիծն ու երանգ փոխող մութ բծերի սորուն նախշը ոչ մի կապ չունի վարագույրների ծածանվելու, պատուհանից այն կողմ ծառերի դողի, անգամ լուսնի, լապտերի ու լամ-
պի հետ: Սենյակն աննկատելի վերափոխվում է չինական ստվերների թատրոնի, և այդ ստվերներն արդեն պատին են որպես անմարմին էություններ, որոնց ուրվագծում է նույնքան աննյութ լույսը: Թվում է, այդ ներկայացման մեջ զբաղված են ուրվականներ, որոնք վաղուց ի վեր բնակվում են այլ վայրերում, ուր հատվում են ողբերգականորեն իրար հասկանալու անընդունակ տարբեր քաղաքակրթությունները:
Այդպես է մտածում երկու համալսարան ավարտած Ն.-ն, իսկ Նամսարայ-գունը, ծխամորճը փստացնելով, մտորում է այն մասին, թե ինչ տեսքով կհայտնվի երկար սպասված հյուրը: Արդյոք կգա՞ գիշերային թռչունի սև փետուրով՝ բերետը գլխին, սուրը՝ կողքին, ինչպես օպերայում, թե՞ կընդունի իր իսկական տեսքը: Անեկդոտ է, բայց հեղինակին արդեն ծիծաղելի չի թվում:
Ամպերի միջից երևացող լուսինը թունավոր կապույտ մշուշով փակում է ապակիները, ավելի բարձր ու տագնապալի են աղմկում ծառերը: Ստվերների նրբագեղ, սկզբում նույնիսկ քմահաճ պարը վերածվում է սատանայական պարապտույտի, ու թեև Ն.-ն սնահավատ չէ ու հակված չէ միստիկիայի, համակվում է վատ նախազգացումով: Նա փորձում է համոզել իշխանին ետ կանգնել իր մտադրությունից, բայց նա անսասան է: Ժեստերի լեզուն, որով բացատրվում են դերասանները պատերի վրա, նրան հասու չէ: Հրաժեշտին՝ դուռը շրխկացնելիս, Ն.-ն տեսնում է, որ պատային ներկայացումըն արդեն դուրս է գալիս հարթությունից, ծավալ է ձեռք բերում ու սրընթաց գլորվում է դեպի ավարտը, որտեղ դժվար չէ կանխագուշակել բոլոր պատրանքների փլուզումը, արյունն ու մահը: Երկու քաղաքակրթությունների՝ քրիստոնեության ու բուդդայականության խորքերում թաքնված են դաժան, անհաղորդներից թաքուցյալ տարերքներ: Գալիս է ժամը, ու նրանք, ինչպես լավան, ճեղքում են փխրուն կեղևը՝ իրենց ճանապար-
հին մոխրացնելով ամեն ինչ:
«Չի կարելի հաղթել ճակատագրին՝ հետը խաղալով նենգանշած խաղաքար-
տերով», — մտածում է Ն.-ն: Ինչպես լինում է քնի մեջ կամ տենդագին գրգռվածության պահին, այդ պարզ միտքը նրան անհավանական նշանակալից է թվում: Նա քայլում է միջանցքով, իսկ Նամսարայ-գունը թեյ է խմում ու վերհիշում հարազատ տափաստանները, ձիերի երամակները, ճերմակ յուրտերը կանաչ խոտերին, չվող թռչունների երամները կապույտ երկնքում: Աշուն է, ուլուս հագած կանայք կաթ են ցողում հարավ ձգվող թռչունների քարավանի ետևից, որպեսզի այդ երջանիկ «ճերմակ ճանապարհով» թռչունները գարնանը վերադառնան հայրենիք: «Կվերադանա՞ այնտեղ Նամսարայ-գունը», — մտածում է Ն.-ն՝ դուրս գալով սանդղամուտք:
Այստեղ պպզած նստել է իշխանական շքախմբի ծեր լաման: Նա չի կարողանում քնել, տոթ է քարե տանը: Ն.-ն ծխախոտ է հյուրասիրում ու հարցնում երեք հոգիների մասին՝ ինչ կպատահի նրանցից մեկը կորցրած մարդու հետ: Լաման պատասխանում է, որ առանց սայն-սունսի՝ լավ հոգու, մարդը գազան կդառնա, բայց կարող է ապրել երկար, առանց դունս-սունսի՝ միջինի, չափ ու սահման չի իմանա և արագ կմահանա, առանց մու-սունսի կմեռնի հենց հիմա, քանի որ առանց չարի մասնիկի երկրային կյանքն անհնար է:
Անսպասելի սահմռկեցուցիչ ճիչ է լսվում Նամսարայ-գունի ննջասենյակից: Ն.-ն ներս է վազում, բացում է դուռը: Ոչ ոք չկա, իշխանը պառկած է հատակին: Նա մեռած է: Մեռած է, թեև մարմնին ոչ մի վերք չկա, միայն ձախ ձեռքի մատներից մեկի բարձիկն է թեթևակի քերծված: Կողքին ընկած է սագի փետուրից գրիչը: Հատակից բարձրացնելով՝ Ն.-ն տեսնում է, որ նրա ծայրը ներկված է թարմ, դեռ չչորացած արյունով:
Սյուժեն անսովոր թվաց, բայց առավել զարմանալին այն էր, ու գրաքննությունը թույլատրել էր այդպիսի պատմվածքի տպագրումը: Երևի գրաքննիչը մինչև այն էջն էր կարդացել, որտեղ մոնղոլ իշխանը որոշել էր մկրտվել, իսկ մնացածը կարդալ ծուլացել էր՝ մտածելով, որ սա ավելի քան բարեմիտ ստեղծագործություն է:
Քամու բնույթն ունեցող մարդը կուզիկ է, չորուկ, նրա գույնը կանաչն է: Կառուցվածքը նուրբ է, շատ է խոսում, չի դիմանում ցրտին, մառախուղին և այն ամենին, ինչ ծնվել է ցրտից ու մշուշից: Բնությունից ստացածը մեծ չէ, կյանքը կարճ է, քունը՝ մակերեսային: Ուրվականների արարիչ, երգեցողության, ծիծաղի, վեճի ու հրաձգության երկրպագու: Անգղի, բորենու, շան ու աղվեսի հատկանիշներն ունի: Մարդը, հատկապես վարպետացած հրաձգության մեջ, քամու բնույթ չունի: Մարդը, հատկապես վարպետացած ուրվականներ ստեղծելու մեջ, այդ բնույթն ունի որպես տիրակալ ու քամու իշխան, որն ունի առյուծի հատկանիշները:Վայդու-Օնբո, տիբեթական բժշկական տրակտատ
Ահա այսպիսի անսովոր համընկնումներ և այ այսպիսի ճարպիկ հնարքներն են բաղադրում հասարակությանը ծառայելու այս կարևորագույն տարատեսակության առանձնահատկությունը:Չառլզ Դիքենս «Խուզարկու ոստիկանություն»