Ասում են՝ լանջին Արարատ լեռան՝ աստվածաշնչյան...

* * * Ասում են՝ լանջին Արարատ լեռան՝ աստվածաշնչյան Նավեր են քնած, ու գերեզմանն է Աբելի հեռվում: Հայացքս հետ տար ծառս լինող հողից, Մարմնափերթերից, փոշուց երերուն: Հայացքս հետ տար ոստիկանական ամբոխներից հոծ, Ականջս վանիր շչակներից ու խոսքերից կռվի: Երբ զայրանում ես, ասում են՝ ահեղ Ջրհեղեղ ես դու: Ու փրկում ես երբ, ասում են՝ պայծառ Բեթղեհեմն ես հին: Ցույց տուր՝ ուր նայեմ, որ խաղաղվի իմ հայացքը խռով, Ցույց տուր՝ ուր փախչեմ, որ այս մանկանը փրկեմ աղետից: Ես նշաններից հասկանում եմ, թե ինչ է կատարվում. Զայրույթից եռում ու ոլորում ես աչքերդ կրկին: Եվ իմ անձնական դաշտերից եկող լուրերով վերջին՝ Մարդկությունը, որ դու հորինել ես օրերից մի օր, Վերածնվում է, որքան էլ խղճան վախճանվող խեղճին, Վերածնվում է՝ կառափնարանի ճամփան անցնելով: Վաղուց չեմ լսում երգը թռչունի ու ճպուռների համերգությունը, Վաղուց չեմ տեսնում արարածներիդ դաշտերում կանաչ: Զանգածաղիկը կապույտ չի ծաղկում արտերում: Ո՞ւր են: Դու ես արարել: Ցույց տուր մեզ նրանց: Մաշվել է երկրի զրահը ամուր, քրքրվել ոգին: Ես եմ ապավենն, առնվազն, իմ երկուսի համար: Երեւի ունես մի անկյուն, որ դեռ չի դարձել մոխիր: Ո՞ւր եմ փախչելու, ո՞ւր եմ փրկելու ես նրանց հիմա: Ողջը կթռչի անդունդը, հետո ի՞նչ ենք անելու: Հետ տար հայացքս, վանիր աչքերը իմ կանխատեսիլ: Ցույց տուր՝ ոնց կանգնեմ ու նայեմ դեպի... Զուտ այդ երկուսի՞ն: Խոստացիր, որ դեռ ճախրելու է քո թռչնակը հեռու: