Ասում են՝ լանջին Արարատ լեռան՝ աստվածաշնչյան...
* * *
Ասում են՝ լանջին Արարատ լեռան՝ աստվածաշնչյան
Նավեր են քնած, ու գերեզմանն է Աբելի հեռվում:
Հայացքս հետ տար ծառս լինող հողից,
Մարմնափերթերից, փոշուց երերուն:
Հայացքս հետ տար ոստիկանական ամբոխներից հոծ,
Ականջս վանիր շչակներից ու խոսքերից կռվի:
Երբ զայրանում ես, ասում են՝ ահեղ Ջրհեղեղ ես դու:
Ու փրկում ես երբ, ասում են՝ պայծառ Բեթղեհեմն ես հին:
Ցույց տուր՝ ուր նայեմ, որ խաղաղվի իմ հայացքը խռով,
Ցույց տուր՝ ուր փախչեմ, որ այս մանկանը փրկեմ աղետից:
Ես նշաններից հասկանում եմ, թե ինչ է կատարվում.
Զայրույթից եռում ու ոլորում ես աչքերդ կրկին:
Եվ իմ անձնական դաշտերից եկող լուրերով վերջին՝
Մարդկությունը, որ դու հորինել ես օրերից մի օր,
Վերածնվում է, որքան էլ խղճան վախճանվող խեղճին,
Վերածնվում է՝ կառափնարանի ճամփան անցնելով:
Վաղուց չեմ լսում երգը թռչունի ու ճպուռների համերգությունը,
Վաղուց չեմ տեսնում արարածներիդ դաշտերում կանաչ:
Զանգածաղիկը կապույտ չի ծաղկում արտերում: Ո՞ւր են:
Դու ես արարել: Ցույց տուր մեզ նրանց:
Մաշվել է երկրի զրահը ամուր, քրքրվել ոգին:
Ես եմ ապավենն, առնվազն, իմ երկուսի համար:
Երեւի ունես մի անկյուն, որ դեռ չի դարձել մոխիր:
Ո՞ւր եմ փախչելու, ո՞ւր եմ փրկելու ես նրանց հիմա:
Ողջը կթռչի անդունդը, հետո ի՞նչ ենք անելու:
Հետ տար հայացքս, վանիր աչքերը իմ կանխատեսիլ:
Ցույց տուր՝ ոնց կանգնեմ ու նայեմ դեպի... Զուտ այդ երկուսի՞ն:
Խոստացիր, որ դեռ ճախրելու է քո թռչնակը հեռու:




