Ժամանակն իր է, ասում էր լոնդոնցի անտիկվարը...
* * *
Ժամանակն իր է, ասում էր լոնդոնցի անտիկվարը,
մարմին ունի եւ չի անհետանում:
Որքան երկար ես ապրում, այնքան սուր
զգում ես՝ ոչինչ չի փոխվում երբեք, չի կորչում ոչինչ,
նույնիսկ գոլորշին ապուրամանում.
անտիկվարների մոտ է պահպանվում:
Առաջարկում էր իր հին ապրանքը.
ոսկե մատանի՝ վեց ադամանդով,
որով իր քույրն էր գնացել մարդու,
բայց վայթե ճիշտ չէր հաշվարկել կյանքը,
բաժանվել էին: Ու շափյուղագույն
ականջօղեր էր ցույց տալիս, նաեւ
ծովաբյուրեղով մի նուրբ մատանի,
բրոնզե կրիա ու մի չինացի՝ դելֆինների հետ,
փիղ՝ կարմիր փայտից, սակայն Մարինան
հանկարծ նկատեց Ռենե Լալիկի ժամացույցը ծեր —
անմեռ մոդեռն է, թռչնակ, ծաղիկներ,
ու միանգամից թունդ սիրահարվեց,
այնպես որ, հաստատ որոշեցինք այդ Լալիկին առնել,
երբ տված փողը մեզ չէր դարձնի նոր մուրացկաններ:
Իսկ ինձ դուր եկավ «Կուպիդոնը, որ սրում է նետը»
ճենապակեղեն արձանիկը հին: Թեւավոր չաղոն
գողի խորամանկ ժպիտով ինչ-որ թփի ետեւում
իր զենքն է սրում 1779 թվից. ինչքա՞ն է տեւում:
Ոչինչ էլ չառանք: Ես, որ ճիշտն ասեմ,
Եվտերպայի մի արձանիկ էի որոնում, գիպսից,
թեեւ Եվտերպան կողքիս էր կանգնած. ուշ ենք հասկանում:
Եվ անտիկվարն էլ կարծես նեղացավ: Բայց մե՛զ ինչ: Շարֆս
ամուր ձգելով, ապա քաշելով կեպին աչքերիս՝
Պորտոբելլոյով շարժվեցինք առաջ,
մինչ ժամանակը վերջավոր կերպ էր տալիս
նախնական ծեփապատճենին:




