Ժամանակն իր է, ասում էր լոնդոնցի անտիկվարը...

* * * Ժամանակն իր է, ասում էր լոնդոնցի անտիկվարը, մարմին ունի եւ չի անհետանում: Որքան երկար ես ապրում, այնքան սուր զգում ես՝ ոչինչ չի փոխվում երբեք, չի կորչում ոչինչ, նույնիսկ գոլորշին ապուրամանում. անտիկվարների մոտ է պահպանվում: Առաջարկում էր իր հին ապրանքը. ոսկե մատանի՝ վեց ադամանդով, որով իր քույրն էր գնացել մարդու, բայց վայթե ճիշտ չէր հաշվարկել կյանքը, բաժանվել էին: Ու շափյուղագույն ականջօղեր էր ցույց տալիս, նաեւ ծովաբյուրեղով մի նուրբ մատանի, բրոնզե կրիա ու մի չինացի՝ դելֆինների հետ, փիղ՝ կարմիր փայտից, սակայն Մարինան հանկարծ նկատեց Ռենե Լալիկի ժամացույցը ծեր — անմեռ մոդեռն է, թռչնակ, ծաղիկներ, ու միանգամից թունդ սիրահարվեց, այնպես որ, հաստատ որոշեցինք այդ Լալիկին առնել, երբ տված փողը մեզ չէր դարձնի նոր մուրացկաններ: Իսկ ինձ դուր եկավ «Կուպիդոնը, որ սրում է նետը» ճենապակեղեն արձանիկը հին: Թեւավոր չաղոն գողի խորամանկ ժպիտով ինչ-որ թփի ետեւում իր զենքն է սրում 1779 թվից. ինչքա՞ն է տեւում: Ոչինչ էլ չառանք: Ես, որ ճիշտն ասեմ, Եվտերպայի մի արձանիկ էի որոնում, գիպսից, թեեւ Եվտերպան կողքիս էր կանգնած. ուշ ենք հասկանում: Եվ անտիկվարն էլ կարծես նեղացավ: Բայց մե՛զ ինչ: Շարֆս ամուր ձգելով, ապա քաշելով կեպին աչքերիս՝ Պորտոբելլոյով շարժվեցինք առաջ, մինչ ժամանակը վերջավոր կերպ էր տալիս նախնական ծեփապատճենին: