Ուշ ստանսներ

Հիմա հողի հետ չես վիճի,— նույն տասնամյակներից ի վեր արդեն, երբ հողը մտավ պախանն առաջին, իսկ հետո մեկ ուրիշն ու երրորդը: Բայց հողը նստեց, իջավ ցած- սոխակին, քոթուկին ի վնաս, այնպես որ, կմնար զարմացած ոմն Լիսենկո կենսաբան,— թե կուզես իմանալ: Նա կընտրեր մի ուրի՛շ կյանք, այլ. նրան, ով արթնանալով վաղ լցնում էր ջուրը սառցափայլ ծորակից՝ վրան իր մանր ուղեղի: Կամ նրան, ով երկար, լուռումունջ սիրում էր թավալվել գիրքն առած, կամ նրան, ով ճակտի հերափունջը կցնցեր, կարծես մի վերջին խաղանիշ դառած: Սակայն խզվեցին ժամկետները, կյանքի չկոչած նույնիսկ մինչեւ վերջ մարզիկներին եւ անբաններին: Իսկ ես մի նոր էոնի մեջ վատնված՝ ցավով, ախ ու վախով, տեսնելով քո հմայքը թովիչ՝ հաշտ եղա իմ դերախաղով մասնավոր, վարձու դետեկտիվի: Ճիշտ է, դեռ մնացել են անբասիր քանի՜-քանի խորություն, ուր քաշվել ենք ջանացել, եւ մեջքներս շտկած՝ դուրս մղվել իրողություն: Բայց մի՞թե մեկնումեկին մեր երթում շնչառական մեր այս ապարատով կդառնաս կապուտակ այդ թանձրաշերտում ընկեր կամ եղբայր — սրտամոտ: Համենայն դեպս, միայն երկնքին, ես վստահում եմ այսօր լոկ նրան, ըստ կարեւորի՝ նրան՝ միակին, վհատ հոգի՜ս եմ բացում անվարան: Կարծես թե վազանցումի բերմամբ գլուխս վեր տնկած տնտղում եմ ես ուղենիշերը գալիք դեգերման եւ դնում տեղանքում նախապես: