Չապաևն ու Ամայությունը
(հատված վեպից)
Շատ չանցած՝ Մարիամին սկսեց թվալ, որ քայլում է պատկերասրահի շատ երկար դահլիճով. շրջապատող աշխարհի հատվածները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում էին աշխարհը պարուրած մշուշից, իրենց մաշված առօրեականությամբ շատ նման էին ակտուալ արվեստի օբյեկտների: Նրան ընդառաջ դուրս էին լողում «տարադրամի փոխանակում» գրությամբ ցուցանակներ, գրչահատով խզբզած նստարաններ ու ահռելի քանակությամբ ալյումինե դատարկ տուփեր որպես վկայություն, որ նոր սերնդի մեծամասնութունը հիմնականում ընտրում է գարեջուրը:
Ծխի միջից դուրս էին լողում ու կրկին այնտեղ սուզվում հրացանավոր անհանգիստ մարդիկ: Նրանք ձևացնում էին, որ չեն նկատում Մարիամին, նա էլ իր հերթին էր անտեսում նրանց: Առանց այդ էլ այնքանները կային, որ հիշում ու մտածում էին իր մասին: Ինչքա՞ն էին նրանք՝ միլիոննե՞ր: Տասնյա՞կ միլիոններ: Մարիամը նրանց
ճշգրիտ թիվը չգիտեր, բայց համոզված էր, որ եթե նրանց սրտերը, որոնցում իրեն
գրանցել է ճակատագիրը, համաչափ զարկեին, ապա նրանց միախառն աղմուկն
առավել բարձր կլիներ, քան խլացնող պայթյունները գետից անդին:
Մարիամը շուրջը նայեց ու կկոցելով իր լուսափայլ աչքերը, փորձեց հասկանալ՝ ինչն ինչոց է: Մոտերքում՝ ինչ-որ տեղ, ծխի պատճառով տեսանելի չէր. ժամանակ առ ժամանակ դղրդյուն էր լսվում, իսկ ամեն որոտից հետո՝ շան հաչոց ու բազմաթիվ ձայների աղմուկ, ինչպես լինում է ստադիոնում գոլ խփելուց հետո: Մարիամը չգիտեր՝ ինչ մտածեր, գուցե գետից այն կողմ ֆիլմ էին նկարահանում, գուցե նոր ռուսները հաշիվ էին պարզում՝ իրենցից ով է ամենանորը: «Միայն թե արագ ամեն ինչ մեջ-մեջ անեն, — մտածեց հառաչելով, — թե չէ քանի՜ ջահել գեղեցկատես տղաներ դեռ պիտի գետնվեն ասֆալտին և այն ողողեն խոցված սրտի արյամբ»:
Մարիամն սկսեց մտածել՝ ինչպես թեթևացնել այս կյանքի անտանելի բեռը բոլոր նրանց համար, ովքեր, Աստված գիտե, ինչու են հիմա ջղաձգվում երկինքն ու արեգակը փակած ծխի սև քուլաներում: Նրա մտապատկերում հայտնվում էին պարզ, լուսավոր, անպաճույճ պատկերներ՝ ահա ինքը, հասարակ զգեստ հագած, մտնում է համեստ բնակարանը, որ այդ առիթով կարգի էին բերել տանտերերը: Ահա և տանտերերը՝ նստած են սեղանի շուրջ՝ ինքնաեռի կողքին, ու սիրազեղ նայում են իրեն, և ինքը գիտե, որ ոչինչ ասել պետք չէ, պետք է պարզապես նստել դեմ հանդիման ու գորովանքով նայել նրանց՝ հնարավորինս ուշադրություն չդարձնելով անդադրում ճթճթացող տեսախցիկի վրա: Կամ այսպես. հիվանդասենյակ, վիրակապված մարդիկ պառկած են անհարմար մահճակալներին, և իր պատկերը՝ պատից կախված այնպիսի տեղում, որպեսզի բոլորին տեսանելի լինի. մահճակալներից նայում են իրեն ու ժամանակավոր մոռանում իրենց դժբախտութունների ու ցավերի մասին...
Այդ ամենը ավելի քան հրաշալի էր, բայց նա աղոտ գիտակցում էր, որ դա բավական չէ, ո՛չ, այս աշխարհում անհրաժեշտ էր ուժ՝ դաժան ու անդրդվելի, եթե պետք է, չարին հակադրվելու ընդունակ ուժ: Բայց որտեղի՞ց գտնես այդ ուժը: Եվ ինչպիսի՞ն պիտի այն լինի: Մարիամն այդ հարցերի պատասխանը չուներ, բայց զգում էր, որ հենց դրա համար է հիմա քայլում տառապանք տարածող այս քաղաքի առափնյա փողոցով:
Քամու պոռթկումը մի ակնթարթ ցրեց իրեն պարուրած ծուխը, և արեգակի շողն ընկավ Մարիամի վրա: Ափով պաշտպանվեց նրանից ու հանկարծ հասկացավ՝ որտեղ փնտրել պատասխանը. դե իհարկե, դա անթիվ սրտերում ու մտքերում էր, որոնք այստեղ էին կանչել իրեն ու ստիպել մարմնավորվել այս ծխապատ առափնյա փողոցում: Նրանք բոլորն ասես հեռուստաէկրանին նայող միլիոնավոր աչքերով միաձուլվել էին բանականության օվկիանոսում, և այդ օվկիանոսն ամբողջությամբ բաց էր նրա հայացքի առջև:
Մարիամը նայեց ու սկզբում այնտեղ չտեսավ ոչինչ, որ կարող էր օգնել իրեն: Չէ, իհարկե, բանականության այդ օվկիանոսում ներկայացված էր ամենահաղթ ուժը, և մեծամասամբ, համարյա միանման, այնպես որ մի ընդհանուր կերպար էր ստեղծվում՝ փոքր գլխով ու հաղթ ուսերով, երկփեշ մորեգույն պիջակով երիտասարդ՝ ոտքերը լայն բացած-կանգնած երկարավուն ցածլիկ մեքենայի կողքին:
Այդ մեքենան շատ աղոտ էր, ասես քսմսված օդում, որովհետև նրանք բոլորը, ում հոգիները որ տեսնում էր Մարիամը, դրա տեղում տարբեր մոդելներ էին տեսնում: Նույնը վերաբերում էր նաև երիտասարդի դեմքին՝ այն շատ մոտավոր էր, միայն շագանակագույն, թեթև գանգրահեր ոզնի սանրվածքն էր փոքրիշատե հստակ ստացվում: Փոխարենը պիջակը երևակվում էր արտակարգ հստակությամբ և մի թեթև լարվելով՝ հնարավոր էր կարդալ ոսկե կոճակների մակագիրը: Բայց Մարիամն այդպես չվարվեց: Հարցը ոչ թե կոճակների մակագիրն էր, այլ ինչպես այդ ամենահաղթ ուժը միավորեր իր հեզահամբույր սիրո հետ:
Մարիամը կանգ առավ, հենվեց ցանկապատի չուգունե ճաղերը բաժանող գրանիտե թմբերից մեկին: Պետք էր կրկին պատասխան փնտրել իրեն վստահված մտքերում ու հոգիներում, բայց այս անգամ (Մարիամը գիտեր աներկբա) միջինացված մտքերը բանի պետք չեն:
«Այնտեղ գոնե մի խելացի կնիկ պիտի որ լինի», — մտածեց նա:
Եվ այդ խելացի կնիկը համարյա անմիջապես գտնվեց: Մարիամը չգիտեր նրա անունը, ով է և անգամ ինչ տեսք ունի, մի պահ միայն երևացին բարձր գրապահարաններ, թղթերով ծածկված գրասեղան՝ գրամեքենայով ու դրա վերևում հրեշավոր գռուզ բեղերով մռայլադեմ մարդու լուսանկար. այդ ամենը՝ դողացող, ծռված, սև-սպիտակ, ասես Մարիամը դա տեսնում էր սիգարետի տուփից ոչ մեծ, հին հեռուստացույցի միջից, որը ոչ թե սենյակի կենտրոնում էր, այլ ինչ-որ տեղ՝ անկյունում: Բայց տեսողական պատկերները չափազանց արագ անհետացան, որպեսզի Մարիամը հասցներ ընկալել տեսածը, իսկ հետո դրանց փոխարինելու եկան մտքերը:
Մարիամը համարյա բան չհասկացավ հասկացությունների այն հորձանքից, որ բացվեց իրեն, առավել ևս, որ այդ հորձանքը նեխահոտ էր ու մռայլ, ասես փոշու ալիք, որ վեր է բարձրանում, երբ խորդանոցում ցած է ընկնում հին շիրման: Մարիամը եզրակացրեց, որ գործ ունի չափազանց աղտոտված ու ոչ այնքան նորմալ բանականության հետ, ու երբ ամեն ինչ ավարտվեց, մեծ թեթևություն զգաց: Նրա հոգու վարդագույն ամայության մեջ մնացած որսը, բաղկացած էր մինչև վերջ չհստակեցված բառերից: Իսկ բառերն այսպիսին էին՝ «գեղեցիկ տիկին» (այստեղ հասկանալի էր՝ ում մասին է խոսքը), «անծանոթուհի» (նույնպես), հետո առկայծեց «Փեսացու» բառը (չգիտես ինչու՝ մեծառատով), հետո «Հյուր» բառը (էլի մեծատառ), հետո կախված էր «ալքիմիական ամուսնություն» անհասկանալի բառակապակցությունը, իսկ դրանից հետո՝ ընդհանրապես մութ մի բան՝ «հանգիստն իզուր է, թակում եմ դարպասը»: Այստեղ մտքերը վերջացան, դրանցից հետո մի անգամ էլ առկայծեց մարդու լուսանկարը՝ մոլեգնած հայացքով ու երկար կախված բեղերով, որ ավելի շատ նման էին հենց քթի տակից աճած մորուքի:
Նա շփոթված շուրջը նայեց: Առաջվա պես իրեն շրջապատում էր միայն ծուխը: Մարիամը մտածեց, որ գուցե մոտերքում դարպաս կա, որը կարելի է թակել, ու մի քանի վեհերոտ քայլ արեց մառախուղի մեջ: Սևամութը միանգամից շրջափակեց նրան, վախ զգաց ու դուրս թռավ, ցատկեց առափնյա փողոց, որտեղ քիչ թե շատ լուսավոր էր:
«Եթե անգամ թակեի, — մտածեց նա, — մի՞թե մեկը կբացեր»:
Թիկունքում լսվեց մեքենայի շարժիչի գռմռոցը: Մարիամը կպավ փողոցի ցանկապատին ու վախվորած սպասեց, թե ինչ կհայտնվի ծխի միջից: Անցավ մի քանի վայրկյան, ու նրա կողքով դանդաղ լողաց բազմագույն ժապավեններով զարդարված երկար սև «Չայկան». դա, գլխի ընկավ, հարսանեկան փոխադրամիջոցն է: Մեքենայում քիպ նստած էին կենտրոնացած լուռ մարդիկ, պատուհաններից դուրս էին ցցված հրացանների փողերը, իսկ տանիքին փայլատակում էին երկու դեղին օղակներ՝ մեծ ու փոքր:
Մարիամը հայացքով ուղեկցեց «Չայկան» ու ափով շպպացրեց ճակատին: Դե իհարկե, հասկացավ նա: Այո՛: Այդ է, որ կա: Երկու միացված օղակներ, Փեսացու, Հյուր, Հովանավոր: Ալքիմիական ամուսնություն. ճիշտ է, անհասկանալի է, ինչ է ալքիմիականը, բայց հարկ եղած դեպքում ինքը լավ փաստաբան ունի: Մարիամն օրորեց գլուխն ու ժպտաց: Ինչպե՞ս կարող էր այսքան ժամանակ չտեսնել ամենահասարակը, ամենագլխավորը: Եվ, ընդհանրապես, ինչի՞ մասին էր մտածում: Նա շուրջը նայեց, լույսով մոտավորապես կողմնորոշվեց ու ձեռքերը պարզեց արևմուտք (ինչ-որ կերպ պարզ էր, որ Փեսացուն այդ կողմից կհայտնվի):
— Արի՛, — աղերսագին շշնջաց ու նույն պահին զգաց աշխարհում հայտնված մի նոր ներկայություն:
Հիմա մնում էր միայն սպասել հանդիպմանը: Նա ընդառաջ վազեց՝ ուրախությամբ զգալով, թե տարածությունն իր ու Փեսացուի միջև ինչպես է կրճատվում, նա, ինքն արդեն գիտեր՝ այս նույն փողոցով ընդառաջ է գալիս, բայց ի տարբերություն իրեն, չի շտապում, որովհետև շտապել նրա բնույթի մեջ չկա:
Հրաշքով ցատկելով անսպասելի դեմը հայտնված գետնափոսի բաց կափարիչի վրայով՝ Մարիամը դանդաղեցրեց քայլերն ու սկսեց տենդագին խառնշտորել գրպանները: Ուշացած մտածեց, որ մոտը ո՛չ հայելի կա, ո՛չ դիմահարդարման տուփ: Մի կարճ պահ տրվեց հուսահատությանը, նույնիսկ սկսեց հիշել՝ արդյոք ճանապարհին մի ջրափոս չկա՞ր, որտեղ կարող է տեսնել իր արտացոլանքը: Բայց հուսահատությունը, ինչպես հայտնվեց, նույն արագությամբ էլ ցնդեց. Մարիամը հիշեց, որ Փեսացուին կարող է ներկայանալ իր ուզած տեսքով:
Մտմտաց մի կարճ պահ: Թող նա տեսնի շատ երիտասարդ աղջկա, — որոշեց, — երկու շիկակարմիր հյուսքերով, պեպենոտ դեմքով ու... ու... Ինչ-որ մանրուք էր պետք, գրավիչ դետալ, միամիտ առանձնահատկություն... օղե՞ր: Բեյսբոլի գլխա՞րկ: Շատ քիչ ժամանակ էր մնում, ու վերջին պահին Մարիամն իրեն զարդարեց վառ վարդագույն ականջակալներով, որոնք ասես նրա այրվող այտերի շառագույնի շարունակությունը լինեին: Դրանից հետո նա բարձրացրեց աչքերն ու առաջ նայեց:
Առջևում՝ ծխի քրքրված կտորտանքի մեջ, առկայծեց մետաղական ինչ-որ բան և անմիջապես անհետացավ: Հետո ավելի մոտ հայտնվեց ու նորից թաքնվեց ծխի մեջ: Անսպասելի քամու պոռթկումը մի կողմ քշեց ծուխն, ու Մարիամը տեսավ դանդաղ իրեն ընդառաջ եկող բարձահասակ շողշողացող մեկին: Միաժամանակ նկատեց (թե միայն թվաց), որ նրա ամեն քայլի հետ գետինը թեթևակի սասանվում է: Մետաղական մարդն իրենից բարձրահասակ էր, և նրա անկիրք-գեղեցիկ դեմքը ոչ մի զգացմունք չէր արտահայտում: Մարիամը վախեցած ընկրկեց. նա հիշում էր, որ թիկունքում՝ ինչ-որ տեղ, բաց կափարիչն էր, բայց անկարող էր հայացքը պոկել մետաղական մարմնից, որ գալիս էր իր վրա, ինչպես վիթխարի սառցահատի քիթը՝ սառցաբեկորի վրա:
Այն է՝ ճչալու էր. մետաղական մարդու հետ զարմանալի կերպարանափոխություն կատարվեց: Սկզբում նրա շողշողացող ազդրերին ընտանեկան շերտավոր կիսավարտիք հայտնվեց, հետո՝ սպիտակ շապիկ, հետո նրա մարմինը արևահարված մարդու բնական մաշկի գույնն ստացավ ու միանգամից էլ ծածկվեց վառ դեղին անդրավարտիքով, վերնաշապիկով՝ շերտավոր փողկապի հետ և շշմեցուցիչ սիրուն երկփողանի մորեգույն պիջակով, ոսկե կոճակներն էլ վրադիր: Ու միայն դրանից հետո Մարիամը թեթևացած շունչ քաշեց: Բայց մորեգույն պիջակը նրա աչքերին կարճատև ուրախություն պարգևեց. դա էլ ծածկվեց վերևից հայտնված երկար մոխրագույն անձրևանոցով: Հյուրի ոտքերին հայտնվեցին սև կոշիկներ, իսկ դեմքին՝ սև հայելային ակնոց: Մազերն անշարժացան շիկակարմիր ոզնի սանրվածքով, և Մարիամը սրտի ցնծագին թալկացումով, ի դեմս Փեսացուի, ճանաչեց Առնոլդ Շվարցենեգերին, և ինչպե՞ս անմիջապես չհասկացավ. ուրիշ մեկը լինել չէր կարող:
Նա կանգնած էր իր դիմաց ու լուռ նայում էր քառակուսի սև ապակիներով. շուրթերին հազիվ նկատելի ժպիտ էր խաղում: Մարիամն իր արտացոլանքը տեսավ նրա ակնոցում և ուղղեց ականջակալները:
— Օ՜ կույս Մարիամ, — կամաց ասաց Շվարցենեգերը:
Անարտահայտիչ էր խոսում, դղրդալի, բայց հաճելի ձայնով:
— Ո՛չ, սիրելի՛ս, — ասաց Մարիամը՝ առեղծվածային ժպտալով ու ծալած ձեռքերը դնելով կրծքին, — պարզապես Մարիամ:
— Պարզապես Մարիամ, — կրկնեց Շվարցենեգերը:
— Այո՛, — ասաց Մարիամը: — Իսկ դու Առնո՞լդն ես:
— Sure, — ասաց Շվարցենեգերը:
Մարիամը բացեց բերանը ինչ-որ բան ասելու համար, բայց հանկարծ պարզվեց, որ ասելու բան չունի: Շվարցենեգերը շարունակում էր լռել ու նույն ժպիտով նայել: Մարիամը հայացքը խոնարհեց ու կարմրեց, և այդ պահին Շվարցենեգերը քնքուշ, բայց անդիմադրելի ուժգին շարժումով վերցրեց ու տարավ իր հետ: Մարիամը բարձրաց-
րեց աչքերն ու ժպտաց իր հռչակավոր հիմարավուն-առեղծվածային ժպիտով: Շվարցենեգերը ձեռքը դրեց նրա ուսին: Մարիամը թեթևակի կռացավ նրա ծանրության
տակ ու նույն պահին հիշողությունից անսպասելի պատկեր դուրս լողաց՝ Լենինը շաբաթօրյակին, գերանը՝ ուսին: Նկարում Լենինի ուսի վրա գերանի ծայրն է երևում, ու Մարիամը մտածեց, որ գուցե իրականում դա ոչ թե գերան էր, այլ ամենազոր մի արարածի ձեռք, որին Լենինը կարող էր միայն շեղ հայացքով անպաշտպան ժպտալ, ինչպես հիմա ինքն է ժպտում Շվարցենեգերին: Հաջորդ րոպեին Մարիամը հասկացավ, որ բացարձակ անտեղի բանի մասին է մտածում ու եղածը մտքից քշեց:
Շվարցենեգերը դեմքը շրջեց նրա կողմը:
— Քո աչքերը, — միալար ասաց նա, — ոնց որ Այվազովսկու կտավից են:
Մարիամն անսպասելիությունից ցնցվեց: Նման խոսքեր չէր սպասում, ու Շվարցենեգերը երևի թե անմիջապես դա հասկացավ: Իսկ հետո կատարվեց տարօրինակ մի բան (կամ գուցե չկատարվեց, այլ միայն թվաց Մարիամին). Շվարցենեգերի մութ ակնոցից ներս հազիվ նկատելի կարմիր տառեր առկայծեցին, ինչպես վազող տողեր, ու միաժամանակ նրա գլխում ինչ-որ բան ճռռաց, ասես այնտեղ միացավ համակարգչային հարդ-դիսկը: Մարիամը վախեցած ընկրկեց ու նույն պահին էլ հիշեց, որ Շվարցենեգերը իր նման պայմանական արարած է՝ հյուսված հազարավոր ռուսական գիտակցություններից, որոնք նրա մասին են մտածում հենց այս նույն վայրկյանին, իսկ նրա մասին մարդիկ կարող են ամենատարբեր մտքեր ունենալ:
Շվարցենեգերը առաջ պարզեց ազատ ձեռքն ու մատները շարժեց՝ հարմար բառերի փնտրտուքով:
— Ո՛չ, — վերջապես ասաց, — քոնը աչքեր չեն, այլ մարգարիտնե՛ր:
Մարիամը փարվեց նրան ու վստահող հայացքով նայեց ներքևից վերև: Շվարցենեգերը կզակը քաշեց վզի մեջ, ասես Մարիամին թույլ չտալու, որ ակնոցից ներս նայի:
— Այստեղ ծուխը շատ է, — ասաց նա, — ինչո՞ւ ենք քայլում այս փողոցով:
— Չգիտեմ, — պատասխանեց Մարիամը:
Շվարցենեգերը շրջվեց ու ծխի միջով նրան հեռու տարավ ճաղաշարից: Մի քանի քայլից հետո վախը տիրեց Մարիամին, որովհետև ծուխն այնքան խտացավ, որ արդեն ոչինչ չէր երևում, անգամ Շվարցենեգերը, տեսանելի էր միայն նրա ձեռքի այն մասը, որ գրկել էր իր ուսը:
— Որտեղի՞ց այսքան ծուխ, — հարցրեց Մարիամը: — Կարծես ոչինչ չի այրվում:
— Սի-էն-էն, — պատասխանեց Շվարցենեգերը:
— Ի՞նչ... նրանք ինչ-որ բա՞ն են վառում:
— Չէ, — ասաց Շվարցենեգերը: — Ցույց են տալիս:
Ըհը՛, գլխի ընկավ Մարիամը, երևի բոլոր նրանք, որ մտածում են իր ու Շվարցենեգերի մասին, հիմա նայում են Սի-էն-էնը, իսկ Սի-էն-էնը ինչ-որ ծուխ է ցույց տալիս: Բայց ինչու այսքան երկար ժամանակ...
— Ոչինչ, — ասաց անտեսանելի Շվարցենեգերը: — Շուտով կպրծնի:
Բայց ծուխը պրծնելու միտք չուներ, իսկ նրանք ավելի ու ավելի էին հեռանում առափ-
նյա փողոցից: Հանկարծ Մարիամի մտքով անցավ, որ Շվարցենեգերի փոխարեն արդեն քանի րոպե է՝ իր կողքով կարող է ուրիշ մեկը քայլել, դե, թեկուզ նա, ով գրկել էր Լենինին շաբաթօրյակի ժամանակ, և այդ մտքից այնպես վախեցավ, որ մեքենայորեն ուղղեց ականջակալն ու երաժշտություն միացրեց: Երաժշտությունը տարօրինակ էր ու մի տեսակ կտրտված՝ մեկ կիթառն ու շեփորը սկսում էին քաղցր երգել սիրո մասին, մեկ էլ անսպասելի էլեկտրոնային երկար ոռնոց էր տարածվում՝ շատ նման գայլի ոռնոցին: Բայց դա ավելի լավ էր, քան լսել միայն հեռավոր պայթյուններ ու մարդկային ձայների անորոշ շիլաշփոթը:
Հանկարծ ծխի միջից ինչ-որ մեկը դուրս թռավ Մարիամի վրա և ուժեղ հարվածեց նրա կրծքին: Մարիամը ճչաց և իր դիմաց տեսավ պիսակավոր հագուստով հրացանավոր մեկին: Մարդը նայեց Մարիամին, այն է՝ բացելու էր բերանը, բայց Շվարցենեգերը թողեց Մարիամի ուսը, բռնեց մարդու գլուխը, թեթևակի պտտեց ու թուլացած մարմինը շպրտեց տեսանելիության շրջանակից դուրս: Նրա ձեռքը վերադարձավ Մարիամի ուսին, և Մարիամը սեղմվեց նրա ձուլածո մարմնին:
— Ախ, տղամարդիկ, տղամարդիկ, — կամացուկ ղունղունաց նա:
Ծուխն աստիճանաբար ցրվում էր: Մարիամը նորից տեսավ Շվարցենեգերի դեմքը, իսկ հետո՝ նրա մեծ մարմինը, թաքնված, ինչպես արձանը բացումից առաջ, անձրևանոցի բաց-մոխրավուն ծածկոցի տակ:
— Առնո՛լդ, իսկ ո՞ւր ենք մենք գնում, — հարցրեց:
— Իսկ դու չգիտե՞ս, — ասաց Շվարցենեգերը:
Մարիամը կարմրեց ու հայացքը խոնարհեց:
«Բայց և այնպես, ի՞նչ է ալքիմիական ամուսնությունը, — մտածեց նա: — Եվ արդյոք ցավ չե՞մ զգա: Նկատի ունեմ՝ հետո: Ախր, քանի՜ անգամ է այդպես եղել»:
Վերև նայեց ու նրա այտերին տեսավ փառապանծ փոսիկները. Շվարցենեգերը ժպտում էր: Մարիամը փակեց աչքերն ու, չհավատալով իր երջանկությանը, գնաց ուսին դրած ձեռքի ուղղորդած ճանապարհով:
Երբ Շվարցենեգերը կանգ առավ, Մարիամը բացեց աչքերն ու տեսավ, որ շուրջբոլորը համարյա ծուխ չի մնացել: Նրանք կանգնած էին անծանոթ փողոցում՝ գրանիտով երեսապատված հին տների արանքում: Փողոցն ամայի էր, միայն հեռվում, այնտեղ, ուր ծխաշերտից անդին էր մնացել առափնյա փողոցը, անիմաստ իրարանցման մեջ էին կորացած հրացանավորները: Շվարցենեգերը տարօրինակ շփոթվածությամբ մի ոտքից մյուսին էր հենվում, Մարիամին թվաց, որ նրան անհայտ բնույթի կասկածներ են կրծում ու վախեցած մտածեց, որ այդ կասկածները կարող են իրեն վերաբերել:
«Շտապ հարկավոր է ինչ-որ ռոմանտիկ բան ասել, — մտածեց: — Բայց ի՞նչ ասեմ: Ահ, կարևոր չէ»:
— Գիտե՞ս, Առնո՛լդ, — խոսեց՝ սեղմվելով նրա կողին, — ինձ հանկարծ... Չգիտեմ, գուցե դա քեզ հիմարություն թվա... Բայց ես կարող եմ, չէ՞, անկեղծ լինել քեզ հետ:
— Իհարկե, — նրա կողմը շրջելով սև ապակիները՝ ասաց Շվարցենեգերը:
— Երբ քո կողքին եմ, այնպե՛ս եմ ուզում թռչել: Բա՛րձր թռչել: Ինձ թվում է, որ երկինքը շատ մոտիկ է:
Շվարցենեգերը բարձրացրեց գլուխն ու վերև նայեց:
Ծխաշերտերի արանքում, իրոք, պարզ կապույտ երկինքն էր երևում. չէիր ասի, որ առանձնապես մոտ է, բայց հեռու ասելն էլ ճիշտ չէր լինի:
«Ա՛հ, — մտածեց Մարիամը, — այս ինչե՞ր եմ դուրս տալիս»:
Բայց կանգ առնելն արդեն ուշ էր:
— Իսկ դո՞ւ, Առնո՛լդ, դու կուզենայի՞ր վերև սլանալ:
Շվարցենեգերը մտածեց մի վայրկյան:
— Կուզենայի, — ասաց:
— Իսկ ինձ քեզ հետ կվերցնե՞ս: Չէ՞ որ ես...— Մարիամն ամաչկոտ ժպտաց, — ախր ես այնքան հողեղեն եմ:
Շվարցենեգերը ևս մեկ վայրկյան մտածեց:
— Օ քեյ, — ասաց նա: — Քեզ հետս կվերցնեմ:
Նա չորսբոլորը նայեց, ասես փորձում էր միայն իրեն հայտնի ինչ-որ կողմնորոշիչներ գտնել, ու երևի գտավ, որովհետև վճռական թևանցուկ արեց Մարիամին ու քարշ տվեց իր ետևից: Մարիամն ապշեց բանաստեղծական վերացարկումից այդքան արագ գործողության անցնելու վրա, բայց նույն պահին էլ մտածեց, որ հենց այդպես պետք է վարվի իսկական տղամարդը:
Շվարցենեգերը նրան տարավ ստալինյան երկարաձիգ տան կողքով: Մի քանի քայլից հետո Մարիամը հարմարվեց նրա արագ ընթացքին ու մանրաքայլեց կողքին՝ անձրևանոցի թևքը բռնած: Զգում էր՝ բավական է՝ դանդաղեցնի քայլերը, և բարեկրթորեն իրեն տրամադրած Շվարցենեգերի ձեռքը հենման կետից կվերածվի երկաթե լծակի, որն անգթորեն քարշ կտա սալարկուղու վրայով, և այդ մտքից, չգիտես ինչու, անսահման երջանկություն զգաց, որն առաջացավ որովայնի ամենաներքևում ու տաք ալիքներով տարածվեց մարմնով մեկ:
Հասնելով շենքի վերջնամասին՝ Շվարցենեգերը թեքվեց դեպի հաղթական կամար հիշեցնող նրբանցքը: Երբ հայտնվեցին բակում, Մարիամին թվաց, որ իրենք մի ուրիշ քաղաք տեղափոխվեցին: Այստեղ ոչնչով չխախտված առավոտվա լռություն էր, շուրջը ծխի մի քուլա էլ չկար, ու դժվար էր անգամ պատկերացնել, որ համարյա կողքիդ ինչ-որ տեղ խենթացած դեսուդեն են նետվում մտահոգ հրացանավորները:
Շվարցենեգերը հաստատ գիտեր՝ ուր է տանում Մարիամին: Նրանք շրջանցեցին ճոճանակներով մանկական հրապարակը և ժանգոտ գարաժների արանքով սուզվեցին նեղլիկ անցումների լաբիրինթոսը: Քաղցր սարսափով մտածեց Մարիամը, որ այստեղ ինչ-որ տեղ, արագ ու մի քիչ անհարմար կկատարվի ալքիմիական ամուսնությունը, երբ անցումն անսպասելիորեն իրենց դուրս բերեց բոլոր կողմերից տարբեր գույնի ու բարձրության երկաթե պատերով շրջապատված ամայի մի տարածք:
Բայց տարածքը լրիվ ամայի չէր: Ոտքերի տակ, ինչպես և կարգն է, թափված էին շշեր, մի զույգ հին անվադող, «Լադայի» ծռմռված դուռ ու մեծաքանակ քվազիմեխանիկական աղբ, ինչը մշտապես կուտակվում է գարաժների կողքը:
Այդ ամենից բացի, նաև ինքնաթիռ կար:
Ինքնաթիռը գրավել էր համարյա ամբողջ ազատ տարածությունը, բայց Մարիամն այն տեսավ ամենավերջում, երևի թե նրա ուղեղը վայրկյանների ընթացքում աչքերից եկող ազդակները զտում էր որպես կանխահայտ հալյուցինացիա: Մարիամը սարսափեց:
«Ինչպե՞ս է այստեղ հայտնվել ինքնաթիռը, — մտածեց: — Թեև, եթե սթափ դատենք, ինչպե՞ս այստեղ հայտնվեց Շվարցենեգերը: Բայց, միևնույնն է, շատ տարօրինակ է»:
— Ի՞նչ է սա, — հարցրեց:
— «Հարրիեր»՝ ուղղահայց թռիչքի ու վայրէջքի կործանիչ, — ասաց Շվարցենեգերը, — «Ա-4» մոդելը:
Մարիամը նրա այտերին տեսավ փառապանծ փոսիկները. Շվարցենեգերը ժպտում էր:
Մարիամը թեթևակի խոժոռեց փոփոլ հոնքերը, և նրա հոգում սարսափը փոխվեց խանդի ապակե ու մետաղե այդ հսկա միջատի հանդեպ, որը Շվարցենեգերի սրտում ակնհայտորեն իրենից պակաս տեղ չէր գրավում:
Շվարցենեգերը գնաց ինքնաթիռի մոտ: Մտքերով տարված՝ Մարիամը ուշ տեղից շարժվեց և այնպես առաջ հրվեց, ասես Շվարցենեգերը տրակտոր էր, իսկ ինքը շտապով կցած գյուղատնտեսական ագրեգատ:
— Բայց այստեղ միայն մի տեղ կա, — ասաց՝ տեսնելով նստատեղի թիկնակը խցիկի ապակե կափարիչի տակ:
— Դա սարսափելի չէ, — ասաց Շվարցենեգերը, գրկեց նրան ու մի թեթև շարժումով նստեցրեց թևի վրա:
Մարիամը ձգեց ոտքերն ու կանգնեց դյուրալյումինե թեք հարթության վրա: Փչեց քամին, նրա հագուստը փողփողաց, իսկ ինքը մտածեց, որ ռոմանտիկ դերերում միշտ էլ հաջողել է:
— Իսկ դո՞ւ, — հարցրեց:
Բայց Շվարցենեգերն արդեն խցիկում էր. զարմանալիորեն արագ ու ճարպկորեն ներս մտավ, ու Մարիամը մտածեց, որ դա երևի թե մոնտաժ է կամ կոմբինացված նկարահանում: Գլուխը խցիկից դուրս հանելով՝ նա ժպտաց և բութն ու ցուցամատը միացրած՝ օղակ ցույց տվեց. Մարիամը մտածեց, որ այդ օղակը կարող է ամուսնական մատանի համարել:
— Նստիր ֆյուզելյաժի վրա, — ասաց Շվարցենեգերը, — որտեղ վերջանում են թևերը: Չվախենաս: Պատկերացրու, որ սա կարուսել է: Պատկերացրու, որ նստած ես ձիուկի վրա:
— Դու, ինչ է, պատրաստվում ես...
Շվարցենեգերը գլխով արեց:
Նրա սև ակնոցն ուղիղ Մարիամի հոգու մեջ էր նայում, և ինքը հասկացավ, որ հիմա, հենց հիմա է որոշվում իր ճակատագիրը: Անկասկած, սա քննություն էր: Շվար-
ցենեգերի կողքին գտնվելու արժանի կինը չէր կարող վախկոտ ու գռեհիկ արարած լինել, պիտանի միայն սեքսուալ-կենցաղային ճլորած բազմասերիալանոց ինտրիգների համար: Նա պետք է կարողանար դեմառդեմ հանդիպել մահացու վտանգին ու ոչնչով չմատներ իր զգացմունքները՝ ժպիտից բացի: Մարիամը փորձեց ժպտալ ու զգաց, որ ժպիտը մի քիչ ճլորած ստացվեց:
— Գերազանց միտք է, — ասաց: — Իսկ ես չե՞մ սառչի:
— Երկար չենք թռչի, — ասաց Շվարցենեգերը: — Նստիր:
Մարիամը թոթվեց ուսերն ու զգույշ քայլեց դեպի ֆյուզելյաժը, որը ձկան ողնաշարով դուրս էր ցցվել թևերի հարթության վրա, և զգուշությամբ նստեց վրան:
— No, — ասաց Շվարցենեգերը-: Ամազոնուհու պես կնստես այն ժամանակ, երբ կգնանք Կալիֆոռնիայի իմ ռանչոն: Իսկ հիմա նորմալ նստիր: Կփչի-կտանի:
Մարիամը տատանվեց մեկ վայրկյան:
— Շրջվիր, — ասաց:
Շվարցենեգերը բերանի ձախ անկյունով ժպտաց ու շրջվեց: Մարիամը ոտքը գցեց դյուրալյումինե ողնաշարից այն կողմ ու հեծնեց ֆյուզելյաժը: Մետաղը նրա տակ սառն էր ու քիչ խոնավ՝ ցողից: Բարձրացավ տեղից՝ բաճկոնը տակը դնելու համար, ու հանկարծ թվաց, որ իր մարմնի ամենաքնքուշ մասերը փռվեցին մեջքին պառկած մետաղական մարդու կոշտուպռոշտ ազդրերի վրա. ո՛չ այն է՝ փոփոխությունների քամուց ցած գլորված Ձերժինսկու, ո՛չ այն է՝ ինչ-որ դժոխային ռոբոտի: Նա ցնցվեց, բայց այդ կարճատև հալյուցինացիան նույն պահին էլ ավարտվեց: Դրան հաջորդեց զգացողությունը, որ նստած է սառնարանից հանած թավայի վրա: Այդ ամենը ավելի ու ավելի քիչ էր դուր գալիս նրան:
— Առնո՛լդ, — կանչեց, — իսկ դու համոզվա՞ծ ես, որ դա պետք է անենք:
Այդ խոսքերը նա պահել էր լրիվ այլ հանգամանքների համար, բայց հիմա դրանք ակամա լեզվից թռան: Շվարցենեգերը մտածեց մի քանի վայրկյան:
— Չէ՞ որ ուզում էիր վեր սլանալ, — ասաց նա: — Բայց եթե վախենում ես...
— Չէ, — ինքն իրեն հաղթահարելով՝ ասաց Մարիամը, — մի կաթիլ չեմ վախենում: Պարզապես քեզ այնքան հոգս եմ պատճառում:
— Ոչ մի հոգս, — ասաց Շվարցենեգերը: — Հիմա շատ աղմկոտ կլինի, այնպես որ դիր ականջակալներդ: Ի դեպ, ի՞նչ ես լսում:
— «Ջիհադ Քրիմսոն», — ասաց Մարիամը՝ ականջների վրա ուղղելով վարդագույն բարձիկները:
Շվարցենեգերի դեմքը քարացավ: Եթե ջրածնի պերօքսիդով գունաթափված մազերը տարուբերող քամին չլիներ, Մարիամը կվճռեր, որ նկարահանող խմբից ինչ-որ մեկը իսկական Շվարցենեգերին փոխարինել է մանեկենով:
— Ի՞նչ պատահեց, — վախեցած հարցրեց:
Որոշ ժամանակ Շվարցենեգերն անշարժ էր: Նրա ակնոցի ապակիների վրա տարօրինակ կարմիր ցոլքեր դողդողացին. Մարիամը մտածեց, որ գարաժների ետևում բարձրացող թխկիների թառամած տերևներն են անդրադարձվում:
— Ա՜ռնի, — կանչեց:
Շվարցենեգերի բերանի անկյունը մի քանի անգամ կծկվեց, հետո նա կարծես վերստացավ շարժվելու ունակությունը: Թափահարեց գլուխը, դա նրան դժվարությամբ հաջողվեց, ասես առանցքակալի մեջ, որի վրա ինքը պտտվում էր, ավազահատիկ էր ընկել:
— Քրիմսոն Ջիհա՞դ, — կրկնեց նա:
— «Ջիհադ Քրիմսոն», — պատասխանեց Մարիամը: — Նուսրաթ Ֆաթեհ Ալի Խանը Ռոբերտ Ֆրիպպի հետ: Ինչ կա՞ որ...
— Հենց այնպես, — ասաց Շվարցենեգերը: — Դատարկ բան:
Նրա գլուխն անհետացավ խցիկում: Ներքևում՝ ինքնաթիռի մետաղական փորի տակ, էլեկտրական դզզոց լսվեց, որը վայրկյաններ անց վերաճեց հրեշավոր ուժգնության ոռնոցի. Մարիամին թվաց՝ զգում է, ինչպես են պարալոնե բարձիկները մտնում ականջների մեջ: Հետո նա սահուն ճոճվեց, ու գարաժները լողացին ներքև ու ետ:
Նավակի նման կողքից կողք ճոճվելով՝ «Հարրիերը» ուղղահայաց բարձրանում էր վերև, Մարիամն չգիտեր էլ, որ ինքնաթիռները կարող են այդպես թռչել: Մտածեց, որ եթե փակի աչքերը, այնքան վախենալու չի լինի, բայց հետաքրքրությունը վախից ուժեղ էր, րոպե չանցած՝ կրկին բացեց աչքերը:
Առաջինը, ինչ տեսավ աչքերը բացելուց հետո, ուղիղ վրան եկող պատուհանն էր՝ այնքան մոտիկ, որ Մարիամը սենյակում աշխատող հեռուստացույցի էկրանին հստակ տեսավ թնդանոթը իր կողմը շրջող տանկը: Էկրանի տանկը կրակեց, նույն վայրկյանին էլ ինքնաթիռն ուժեղ թեքվեց ու պատից ետ լողաց: Թևի վրայից հազիվ ցած չգլորված՝ Մարիամը վախից ծղրտաց, բայց ինքնաթիռն արագ ուղղվեց:
— Ալեհավաքից բռնվի՛ր, — գոռաց Շվարցենեգերը՝ դուրս ցցվելով խցիկից ու ձեռքը թափահարելով:
Մարիամը ներքև նայեց: Ուղիղ նրա դիմաց ֆյուզելյաժից դուրս էր ցցվել երկարավուն մետաղական առարկա՝ կլոր հաստ ծայրով. անհասկանալի էր, թե ինչպես ավելի շուտ չէր նկատել: Դա նման էր կարճ ու նեղ ուղղահայաց թևի ու միանգամից Մարիամի մեջ անհամեստ զուգորդումներ առաջացրեց, թեև լավ էլ մեծ չափի էր, քան իրական կյանքում է լինում: Այդ հզոր ելուստին գցած մեկ հայացքը բավական էր, որ հոգում բնակալած վախը փոխարինվեր զվարթ ոգևորության, ինչն այնպես պակասում էր այն բոլոր հոգնած Միգելների, անլվա Լյոնյաների ու հարբած Իվանների հետ:
Այստեղ ամեն ինչ ուրիշ էր. ալեհավաքի ծայրի կլոր հաստացումը ծածկված էր փոքրիկ անցքերով, որ հպանցիկ հիշեցնում էր ցնցուղի ծորակն ու միաժամանակ ստիպում էր մտածել կյանքի ու սիրո ոչ երկրային ձևերի մասին: Մարիամը դրան մատով ցույց տվեց ու հարցական նայեց Շվարցենեգերին: Նա տմբտմբացրեց գլուխը, լայն ժպտաց, և ատամներին ցոլարձակվեց արեգակը:
Մարիամը մտածեց՝ այս պահին իր հետ կատարվողը մանկական երազանքի իրականացումն է: Ինչ-որ ֆիլմում նա երկար թերթում էր հեքիաթների գիրքը՝ դիտելով նկարներն ու իրեն պատկերացնելով՝ երկնքում սլացող վիշապի կամ հսկայական թռչունի մեջքին նստած, ու հիմա դա իրապես կատարվում է իր հետ: «Գուցե մասամբ, — մտածեց նա՝ ձեռքը դնելով ալեհավաքի մետաղյա ելուստի վրա, — բայց երազանքները միշտ էլ մեր սպասումներից այլ կերպ են իրականանում»:
Ինքնաթիռը թեթևակի թեքվեց, ու Մարիամը նկատեց, որ դա ակնհայտորեն կապ ուներ ալեհավաքին ձեռք տալու հետ: Ընդ որում՝ ինքնաթիռի շարժումը նրան զարմանալիորեն շնչավորված թվաց. ասես ալեհավաքը ինքնաթիռի ամենազգայուն մասը լիներ: Մարիամը ձեռքը սահեցրեց երկաթե կոթունի վրայով ու նրա վերին մասը սեղմեց բռունցքի մեջ: «Հարրիերը» նյարդային ճոճեց թևերն ու ևս մի քանի մետր բարձրացավ վեր: Մարիամը մտածեց, որ ինքնաթիռն իրեն պահում է անկողնուն կապված տղամարդու պես, որը չի կարող իրեն գրկել ու ի վիճակի է միայն ամբողջ մարմնով ցնցվել. նմանությունն ուժգնանում էր նրանով, որ ինքը նստել էր թևերի ետևում, որոնք նմանվում էին լայն բացված ոտքերի՝ անհավատալի մկանուտ, բայց շարժվելու անկարող:
Դա զվարճալի, բայց նաև չափազանց խրթին բան էր. Մարիամը կգերադասեր, որ այդ հսկայական երկաթե թռչունի փոխարեն գարաժների արանքի ամայի տարածությունում ամենասովորական մահճակ գտնվեր: «Բայց Շվարցենեգերի հետ, — մտածեց նա, — այլ կերպ լինել չէր կարող»: Նայեց խցիկին՝ ներսում քիչ բան էր երևում, որովհետև ապակու վրա արտացոլվում էր արեգակը: Կարծես թե նստած է իր բազկաթոռում ու գլուխը հազիվ նկատելի կողքից կողք է թեքում ձեռքերի շարժումների տակտով:
«Իսկ կինոյում ռոբոտինը, — մտածեց Մարիամը, ալեհավաքի վրա դնելով երկրորդ ձեռքը, — որ սարքված էր մետաղից ու ոնց ուզենար,կփոխեր իր ձևը, հետաքրքիր է, իրենը ինչպիսի՞ն էր: Երևի ամեն ձևի՞»:
Իսկ այդ ընթացքում ինքնաթիռն ավելի ու ավելի էր բարձրանում: Տների տանիք-
ները մնացին հեռավոր ներքևում, ու Մարիամի առջև բացվեց Մոսկվայի վեհատեսիլ համայնապատկերը:
Ամենուրեք փայլում էին եկեղեցիներ գմբեթները, ու քաղաքն անիմաստ գամերով ծածկված հսկայական բաճկոն էր թվում: Մոսկվայի վրա ծուխն անհամեմատ քիչ էր, ինչպես Մարիամին էր թվում, երբ քայլում էր առափնյա փողոցով: Որոշ տեղերում ծուխն, իրոք, բարձրանում էր շենքերից վեր, բայց միշտ չէ, որ կհասկանայիր՝ դա հրդե՞հ է, գործարանային խողովակների արտանետւմնե՞ր, թե՞ պարզապես ցածրասահ ամպեր:
Չնայած յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի բացարձակ այլանդակությանը՝ քաղաքի ընդհանուր տեսքը չափազանց գեղեցիկ էր, բայց անհասկանալի էր այդ գեղեցկության աղբյուրը: «Ռուսաստանի դեպքում միշտ է այդպես, — մտածեց Մարիամը՝ ձեռքը սահեցնելով պաղ մետաղի վրայով, — հիանում ես ու արտասվում, իսկ երբ ավելի մոտիկից ես նայում հիացածիդ, կարող է փսխես»:
Հանկարծ ինքնաթիռը ցնցվեց իր տակ, զգաց, որ կոթունի վերին մասը ճոճվում է ափի մեջ: Ձեռքը ետ քաշեց, ու նույն պահին ծակոտկեն մետաղական գլխիկը պոկվեց ալեհավաքից, խփվեց ֆյուզելյաժին ու ցած թռավ, իսկ նախկին հզորությունից մնաց ծայրը փորագրած կարճ խողովակը, որից ցցվել էին երկու ոլորված կտրված մետաղալար՝ կապույտ ու կարմիր:
Մարիամը հայացք նետեց խցիկին: Ապակու ետևից երևում էր Շվարցենեգերի ճեփ-ճերմակահեր անշարժ ծոծրակը: Սկզբում Մարիամը մտածեց, որ նա ոչինչ չի նկատել: Հետո՝ որ նա ուշագնաց է: Շփոթահար նայեց շուրջը, տեսավ, որ ինքնաթիռի քիթը դանդաղ ու մի տեսակ անվստահ շրջվում է, ու նրա վայրկենական կռահումը վերաճեց համոզմունքի: Համարյա չգիտակցելով, թե ինչ է անում, ֆյուզելյաժի վրայից լոք տվեց, անցավ թևերի արանքի հարթ տարածությունը (այդ ընթացքում ալեհվաքի ծայրատ-
վածքը ճղեց բաճկոնը) ու սողաց դեպի խցիկը:
Լուսանցքը բաց էր: Թևի վրա պառկած՝ Մարիամըն տեղից ձգվեց վեր ու գոռաց.
— Ա՛ռնի: Ա՛ռնի:
Բայց պատասխան չկար: Նա զգուշորեն չորեքթաթ մոտեցավ ու տեսավ Շվար-
ցենեգերի ծոծրակը՝ քամուց դողացող մազափնջով:
— Առնի՜, — մեկ անգամ ևս կանչեց:
Շվարցենեգերը շրջվեց նրա կողմը:
— Փա՛ռք Աստծո, — պոռթկաց Մարիամը:
Շվարցենեգերը հանեց ակնոցը:
Նրա թեթևակի կկոցած ձախ աչքը զգացմունքների շատ հստակ ու միաժամանակ անչափելի բարդ գամմա էր արտահայտում, որոնց մեջ խստաչափ համամասնությամբ խառնված էին կենսասիրությունը, ուժը, առողջ սերը երեխաների հանդեպ, Ճապոնիայի հետ մղած դժվարին պայքարում բարոյական աջակցությունը ամերիկյան մեքենաշինությանը, սեքսուալ փոքրամասնության իրավունքների ճանաչումը, թեթև հեգնանքը ֆեմինիզմի առիթով ու հանդարտ գիտակցումն այն բանի, որ ժողովրդավարությունն ու հրեա-քրիստոնեկան արժեքները վերջիվերջո անպայման կհաղթեն ամենայն չարիքն այս աշխարհում:
Բայց նրա աջ աչքը լրիվ ուրիշ էր: Դա նույնիսկ դժվար էր աչք անվանել: Արյան չորացած շիթերով, ջնջխված ակնախոռոչից Մարիամին էր նայում աչքի ճերմակ հատի նման կլոր ապակե լինզան՝ բարդ մետաղական բռնիչով, որի ուղղությամբ մաշկի տակից բարակ լարեր էին գնում: Այդ լինզայի կենտրոնից կուրացուցիչ կարմիր լույսի շող էր խփում. Մարիամը դա նկատեց, երբ շողն ընկավ իր աչքի մեջ:
Շվարցենեգերը ժպտաց: Եվ ժպիտին հընթացս նրա դեմքի ձախ կողմն արտահայտեց այն, ինչ պետք է արտահայտեր Առնոլդ Շվարցենեգերի ժպտացող դեմքը՝ անորսալի-խորամանկ ու կարծես տղայական ինչ-որ բան, այնպիսի մի բան, որ անմիջապես հասկանաս՝ այս մարդը երբեք ոչ մեկին վատություն չի անի, իսկ եթե սպանի մի քանի ոչնչությունների, ապա միայն այն բանից հետո, երբ տեսախցիկը մի քանի անգամ ու տարբեր անկյունների տակ համոզիչ կամրագրի նրանց անսահման նսեմությունը: Բայց ժպիտը դեմքի միայն ձախ մասում էր, իսկ աջը մնացել էր անփոփոխ՝ սառը, ուշադիր ու սարսափելի:
— Առնո՛լդ, — շվարած ասա Մարիամը՝ ոտքի կանգնելով, — Առնո՛լդ, ինչո՞ւ դու... Վե՛րջ տուր:
Բայց Շվարցենեգերը չպատասխանեց: Իսկ հաջորդ րոպեին ինքնաթիռը կտրուկ թեքվեց, ու Մարիամը թևի վրայով գլորվեց: Ճանապարհին մի քանի անգամ դեմքով խփվեց ինչ-որ ելուստների, իսկ հետո նրա տակից կորավ հենարանը: Նա որոշեց, որ ցած է ընկնում ու կկոցեց աչքերը, որպեսզի չտեսնի իր վրա սուրացող ծառերն ու տները: Բայց անցավ մի քանի վայրկյան, ու ոչինչ չպատահեց: Մարիամը նկատեց, որ շարժիչն առաջվա պես ոռնում է շատ, ու բացեց աչքերը:
Պարզվեց, կախված է ինքնաթիռի թևից. բաճկոնի գլխարկը կառչել է ինչ-որ ցցվածքից, ու նա դժվարությամբ տեղը բերեց, որ դա հրթիռ է: Հրթիռն իր լայնացող գլխամասով մի քիչ հիշեցնում էր ալեհվաքը, որի հետ գործ ունեցավ մի քանի րոպե առաջ. դա տեսնելով՝ որոշեց, որ Շվարցենեգերը պարզապես շարունակում է իր սիրախաղերը: Բայց սա արդեն չափից դուրս էր, դեմքին հաստատ մի քանի կապտուկ է հայտնվել, իսկ պատռված շրթունքից բերանն է հոսում արյունը:
— Առնո՜լդ, — գոռաց՝ թափահարելով ձեռքերը, որպեսզի դեմքով շրջվի դեպի խցիկը: — Վե՛րջ տուր: Ես այդպես չե՛մ ուզում: Լսո՞ւմ ես: Ես այսպես չե՛մ ուզում:
Նրան վերջապես հաջողվեց տեսնել խցիկն ու Շվարցենեգերի ժպտացող դեմքը:
— Ես այսպես չեմ ուզում, լսո՞ւմ ես: Այնպես, ինչպես դու ես ուզում, ինձ ցավեցնում է:
— No? — հարցրեց նա:
— Ո՛չ: Ո՛չ:
— O. K., —ասաց Շվարցենեգերը: — You are fired:
Հաջորդ րոպեին նրա դեմքը թափով ետ շրջվեց, և անպատկերացնելի ուժը Մարիամին հեռու տարավ ինքնաթիռից, որը վայրկյանների ընթացքում վերածվեց պստիկ արծաթե թռչունի՝միացած իր հետ ծխի շատ երկար շլեյֆով: Մարիամը առաջ նայեց ու տեսավ դեպի իրեն լողացող Օստանկինյան հեռուստաաշտարակի ծայրաձողը: Նրա միջնամասի հաստացումը արագորեն մեծանում էր չափերով, և հարվածից վայրկյան առաջ Մարիամը պարզ տեսավ սեղանի մոտ նստած ու հաստ ապակու միջով ապշահար իրեն նայող սպիտակ բլուզավոր ու փողկապավոր մարդկանց:



