խավար կեսօրին լեռան վերեւում...

* * *

խավար կեսօրին լեռան վերեւում
մարած մարմինն է քամուց երերում
սակայն դատաստան անողները դեռ
այնտեղ են ու չեն գնում ոչ մի տեղ

մեկը գթասիրտ, որ շուտ գա մահը
նիզակը կես թիզ խրեց կողի տակ
գուցե անձնական պատճառ ու պահ էր
արագացնում վախճանն անշտապ

մարմինը հոգուց արդեն բաժանվել
բայց մեկ է տրվեց նիզակի խայթին
եւ արնաջուրը տաք շատրվանեց
սաղավարտներին լատին դասակի

հեռվում անբարբառ շուրթերը սեղմած
կանգնած էին նա ում հենց նոր խաչից
ասել էր հիմա մայրն իմ քո մայրն է
երկրորդ մարիամն ու պետրոսն առաջին

այնտեղից ուր նա ուսուցանում էր
օծման թուրմ բերեց նիկոդիմը ծեր
ու պատանեցին կտավների մեջ
ու պահակ դրին գերեզմանին մերձ

հովիվներն արդեն ելնում են տեղից
ու զատկաճաշը կապոց են անում
ու հրեշտակն է իր ավետաբեր
մոտակա բլրի լանջով բարձրանում

սակայն վշտալի իրարանցման մեջ
պետրոսը նույնն է մտածում անվերջ
որ տաճար գնալն էլ իմաստ չունի
եղբոր հետ պիտի հին գործին անցնի

ու մարիամը դեռ լույսը չի մարել
հայացքը հառած պատին անթափանց
դեռ չի հավատում խաչված մարմնի
խոստմանը երրորդ օրվա հարության