Թեքահար անձրեւ
Անձրեւը փութով անցավ փողոցի հակառակ մայթով,
առանց ցողելու վերնաշապիկս:
Տարածքներ կիսած անտուն շներն են
այդպես զբոսնում ըստ սովորության:
Մինչդեռ ինչպիսի մեծ ուրախություն կլիներ, եթե
տուն բերող երկար ճամփեքից հետո,
հեղձուցիչ շոգին, երբ ջերմաչափը կպայթի ասես,
կանգնել փութանցիկ հորդ անձրեւի տակ:
Փայտե տունը հին ինձ դիմավորեց
կտուրից պոկված թիթեղի սույլով:
Եվ կնոջ նման — երկար սպասված —
անձրեւը անցավ դիմացի մայթով:



