Սպանել կոլիբրիին
(հատված վեպից)
Քառասուներկուամյա նկարիչ-վերականգնող Արկադի Իվանովիչ Չելիշչևն ուներ մուգ-խարտյաշ երկար մազեր, որոնք, երբ թեքվում էր նկարի կամ սրբապատկերի վրա, կապում էր ժապավենով: Նա ուներ բաց, մաքուր ճակատ, և երբ մտահոգվելիս սեղմում էր մատները ճակատին, թվում էր, թե մաքրում է անհնազանդ, անհարմար միտքը: Հոնքերը թավ էին՝ տղամարդու համար չափազանց փափուկ և կանացի: Աչքերը գորշ էին, ուշադիր՝ աշխարհի նման, որին դրանք նայում էին, կարծես հետաքըրքիր էր ու հաճելի և միայն երբեմն էր դրանց մեջ վառվում ժլատ, սուր փայլ, ասես այս աշխարհում դրանք հայտնաբերել են ինչ-որ անսովոր և հիասքանչ բան: Քիթը նեղ էր՝ նուրբ քթարմատով, փոքրիկ սապատով, որի պատճառով դեմքը թվում էր փոքր-ինչ մեծամիտ: Բայց բավական էր, որ նա ժպտար իր փոքրիկ, փափուկ բերանով, որ այդ տպավորությունը ցրվեր-կորչեր:
Պատվերները շփացրել էին նկարիչ-վերականգնողին: Նրան դիմում էին սրբապատկերների հավաքածուների հարուստ տերերը՝ առաջարկելով մգացած, ծխահարված, ածխացած, սուր մեխերով մեխված տախտակներին վերադարձնել դրանց նախկին թարմությունն ու հյութեղությունը: Նրա թեթև վրձնահարվածների տակ փայ-
տի վրա շունչ էին առնում, ծաղկում ոսկյա լուսապսակները, կարմիր թիկնոցները,
կապույտ քիտոնները, մթությունից դուրս էին լողում հրեշտակների, սրբերի և ճգնավորների հրաշալի կերպարները:
Նա վերականգնում էր գավառական թանգարանների պահոցներում խունացած կալվածատնային (դաստակերտային) դիմանկարներ: Մգացած լաքի, սարդոստայն-
ներով պատված ճաքերի միջից նայում էին բաճկոնակներով բարեհոգի ու կարմրաթուշ կալվածատերերը, նրանց հավատարիմ չեպչիկներով կանայք, բարետես, բալի նման դուրս պրծած աչքերով օրիորդներ, կովկասյան կամ բալկանյան պատերազմ-
ներում ստացած շքանշանները համազգեստների կրծքներին՝ այտամորուսներով սպաներ: Չելիշչևը խորին պատկառանք էր տածում նկարների հանդեպ՝ չթողնելով, որ կորչեն աշխատանքները գավառական անհայտ նկարիչների, որոնք կարծես գոհություն էին հայտնում նրան բարեսրտության և ճգնավորության համար:
Մի անգամ նա հրավեր ստացավ Գերմանիայի մի հայտնի բանկիրից, որի հավաքածուն դժբախտ պատահարի բերումով հայտնվել էր Ռեյնի ջրերում: Մի քանի ամիս փակվելով առանձնատանը՝ Չելիշչևը վերականգնեց Մատիսսի, Դեգայի և Վան Գոգի ստեղծագործությունները, կապույտ ջրերի վրայի նավակները, ամետիստահանգ պարուհիներին, ոսկեգլուխ արևածաղիկները: Հավատալով հոգիների վերաբնակեցմանը՝ նա կրկնում էր մեծ նկարիչների վրձնահարվածները, ապրում նրանց ներշնչանքներով:
Հարուստ պատվիրատուները նրան լավ փողեր էին վճարում, և նա ոչ մի բանի պակասություն չուներ: Հագուստներ և կոշիկներ նա գնում էր թանկարժեք բուտիկներից: Ապրում էր Տվերսկոյի ստալինյան շենքի երեքսենյականոց բնակարանում: Սենյակ-
ներից մեկը դարձրել էր արվեստանոց, իսկ մյուս՝ լավ կահավորված երկուսում սիրում էր ընդունել հյուրեր:
Վնասված գլուխգործոցները նրան վստահող բանկիրները, դիվանագետները, բիզնեսմենները ընդգրկել էին իրենց միջավայրում: Հրավիրում էին երեկոների թանկարժեք ռեստորաններ, զբոսանավերով ճանապարհորդությունների, ներգրավում Եվրոպայով մեկ ավտոմրցույթների, և նա իր շքեղ «Վոլվո»-ով փայլփլող ավտոմեքենաների շարանի կողքով՝ սլանում-անցնում էր իսպանական գունագեղ քաղաքների, զմրուխտե սարերի և լազուրե ծովածոցերի մոտով: Եվ ամեն անգամ նրա կողքին հայտնվում էր մի նոր հրաշալի կին՝ արևահարված ու երջանիկ, որի հետ նա, փոքրիկ հյուրանոցի ծածկապատշգամբում, նայելով դեղին, թատերայնորեն գեղեցիկ լուսնին, վայելում էր տտիպ գինի:
Նա ամուսնացած էր եղել երկու անգամ, և նրա երկու ամուսնալուծություններն էլ եղել էին թեթև՝ երկկողմ համաձայնությամբ, և նրան լքող կինը նրան չէր թողնում ո՛չ երեխաներ, ո՛չ հիասթափություններ, այլ սոսկ օծանելիքի՝ ննջասենյակում որոշ ժամանակ ճախրող թեթև, ապա ցնդող բույր: Ապրում էր անկարիք, լիարժեք և ինքն իրենից գոհ կյանքով. տարվում սիրելի աշխատանքով, երբեմն հաճախում վերնիսաժ-
ներ և նորաոճ ներկայացումների, դառնում հավաքների սիրելին:
Մի անգամ նրան հրավիրեցին թանգարան և ցույց տվեցին վերականգնման կարիք ունեցող սրբապատկեր: Երկար, ծանր տախտակի վրա գրված էր. «Աստծո Մայր, տասներկուերորդ դարի սրբապատկեր՝ անվանված Աստվածասեր Աստվածածին»: Այն ահավոր վնասված էր: Թվում էր, թե տամկացած փայտը ճպճպում է ժանգոտ խոնավությունից: Գեղանկարը ուռել էր, ներկը՝ ճաքճքել և պատրաստ` թափվելու: Ուտիճները փայտը պատել էին անհաշիվ միջանցուկ ծակերով: Դեմքը մրոտ էր, աղավաղված հետագա գրություններով. ամբողջ սրբապատկերը՝ գլխից մինչև կրունկները, գծմծված էր հետք ջնջող բուռն կատաղությամբ:
Չելիշչևը զննեց սրբապատկերը, իմացավ, թե որքան չնչին է լինելու հոնորարը, որը նրան խոստացավ պետական աղքատ թանգարանի տնօրենը, և որոշեց հրաժարվել: Մանավանդ որ իրեն սպասում էր ոչ բարդ և շահավետ մի աշխատանք՝ Սեմիրադսկու՝ անտիկ սկահակի մեջ խաղողի մանուշակագույն ողկույզ դնող վարդագույն, շքեղ կրծքով բաքոսուհու նկարը:
Եվ քնքշորեն նայելով գունատ ու նիհար դեմքով, ասեղնագործ հնաոճ օձիքով տնօրենուհուն, նա մեղմ բառեր էր փնտրում մերժումի համար: Ու հանկարծ նայելով դանակի հարվածով քրքրված սրբապատկերին, այնպիսի ցավ ու մեղանչում, այնպիսի վշտակցության ու մեղքի զգացում ապրեց, որը նման էր սրտի տագնապին մոտիկ այրոցքի: Դա նրա՝ մի քանի տարի առաջ մահացած մայրն էր: Նրան թվաց, թե կեղտոտ, ցնցոտիներով, անարգված ու անօգնական՝ նա պառկած է ցեխերի մեջ՝ սառը անձրևի տակ, և ոչ մեկը չի մոտենում նրան օգնության, նույնիսկ որդին է նրանից դարձրել իր քարացած սիրտը:
Ցավն այնքան էր ուժեղ, մեղքի զգացումն այնքան այրող ու սուր, որ նա, կրծքում այրոցք զգալով, ասաց տնօրենուհու.
— Ես համաձայն եմ: Վերցնում եմ դա՝ աշխատելու: Կարո՞ղ եմ արդյոք այն ուղար-
կել իմ արհեստանոց:
— Այն պետք է պաշտպանել: Այն անգի՛ն է:
— Կպաշտպանեմ, ինչպես հարազատ մորս:
Երբ սրբապատկերը գերագույն զգուշությամբ հասցրին նրա արհեստանոց, Չելիշ-
չևը սեղանին փռեց սպիտակ կտավ և այն տեղավորեց դրա վրա: Վարագույրով ծածկեց պատուհանը և վառեց սրբապատկերը սպիտակ, հավասարաչափ լույսով լուսավորող լամպը, որով լուսավորում են վիրահատարանները: Նստեց սրբապատկերի դիմաց և սկսեց անթարթ հայացքով նայել Աստվածամոր ձեռքերին, որոնք նա աղոթքի
կանգնածի նման պարզել էր առաջ: Խոնարհված գլուխը ծածկված էր դյուրաբեկ, ոսկյա աստղերով զարդարված բալագույն ուսաշոր-գլխաշորով: Թուխ դեմքին սևին էին
տալիս եղնիկի խոշոր աչքերը, և ի լրումն ՝ ծաղկել էր շուրթերի վառ-կարմիր կոկոնը: Երկար պատմուճանի տակից երևում էին կարմիր կոշիկներ հագած փոքրիկ ոտքերը:
Երկար տևեց նրա մտահայեցումը: Նա հմայվել էր, քարացել, չէր կարողանում կյանքի նշաններ որսալ Աստվածամոր մեջ, որն ասես հերբարիումից հանած արծաթերանգ չորացրած հարթ, խունացած կարմիր գլխով ծաղիկ լիներ:
Այն ընթացքում, երբ Չելիշչևն ուսումնասիրում էր Աստվածամորը, նա ձեռք էր բերել ծավալ, բայց թվում էր սառն ու թափանցիկ մի բյուրեղ, որ նման է ապակյա դագաղում պառկած հեքիաթային անշունչ-անկենդան թագուհու, որը ութդարյա իր գոյության ընթացքում որքա՜ն մարդկանց է նվիրել իր բուժիչ ուժերը, որքանի՜ն փրկել ու հանգստություն պարգևել, թշնամական որքա՜ն հարձակումներ ետ մղել, քանի՜-քանի անգամ են նրան կրակը նետել, խեղդե՜լ ջրամբարներում, կացնով մասերի՜ բաժանել, շերտ առ շերտ կտրատե՜լ դանակով, որ նա զրկվել է ուժից, հյուծվել, մահացել: Վերած-
վել չորացած ծաղկի, տախտակի վրայի լուռ ստվերի, գունատ ծիածանի և ցրտահարվելով սառույց դարձել:
Չելիշչևը տանջվում էր, տառապում, ողբում մեռած գեղեցկուհի կույսի համար: Նրա նկատմամբ տածում պաշտամունք՝ չկարողանալով նրա մեջ արթնացնել կյանքի մի փոքրիկ տրոփյուն: Նրան էր մոտեցնում դեմքը՝ հուսալով բռնել հազիվ զգացվող շնչառություն: Շուրթերով հպվում էր նրա աղոթող ձեռքերին: Եվ այդ ձեռքերը նրա շուր-
թերի տակ հանկարծ շատ թույլ ցնցվեցին, դրանցից տարածվեց հազիվ զգացվող
տաքություն: Չելիշչևը հրճվելով նայեց կույսին, որը, թվում է՝ արթնացավ: Մեռած չէր, այլ թուլացած անվերջանալի դժվարություններից ու տառապանքներից, ընկղմված էր խորը քնի մեջ: Եվ ինքը՝ որպես թանկագին բուժառուի բժիշկ, նրան կբուժի, կպահպանի թուլացած կենսունակությունը, կյանքը, որ կտաքանա նրա տանջված մարմնում:
Չելիշչևն զգաց, որ իր կեցությունն այդ պահից փոխվեց, և հոգին անսպասելի շրջադարձ կատարեց, որի մասին չէր էլ երևակայել, և որը բոլոր այդ տարիներին գտնվել է կողքին՝ սպասելով իր դարձին:
Մեկ շաբաթ անցավ տախտակը չորացնելու վրա: Նա սրբապատկերի շուրջը շարել էր ջեռուցիչներ, միացրել օդափոխիչը, որ օդի չոր հոսքերը հովհարեն նրան: Փայտը դանդաղ դուրս էր տալիս խոնավությունը: Չելիշչևը թեթևակի թփթփացնում էր փայտին, որտեղից ջրից ուռած հյուսվածքների ձայնը չէր դառնում զրնգուն, ինչպիսին արձակում են քսիլոֆոնի ստեղները:
Մեծագույն զգուշությամբ սրբապատկերը փաթաթելով սպիտակ կտավի մեջ՝ նա այն տարավ շերտագրման սարքով աշխատող ծանոթ բժշկի մոտ, որը, տախտակը տեղավորելով ընդարձակ շրջանակի վրա, նայում էր, թե ինչպես է շրջանակը թույլ շրշյունով շարժվում պառկած Տիրամոր երկարությամբ: Էկրանի վրայով վազում էին գույնզգույն ցայտեր ու գծեր: Տպիչը դուրս էր նետում բազմաթիվ արտատպվածքներ, որոնց վրա սրբապատկերի մեջ ներթափանցած ճառագայթները բացահայտում էին բոլոր վնասվածքներն ու վերքերը, դատարկություններն ու փքվածությունները, ներկի առաջնային շերտը և հետագա հավելումները:
Այժմ, երբ նրա համար պարզ էր հիվանդության պատկերը, երբ արդեն դրվել էր թանկագին բուժառուի ախտանիշը, Չելիշչևը ձեռնարկեց բուժումը: Սկսեց վերականգնման գործընթացը:
Նա խոշորացույցով հետազոտում էր վնասված հատվածները, ինչպես հետազոտում են հիվանդ բջիջները: Յուրաքանչյուր փոքրագույն մաս, յուրաքանչյուր փոքրիկ ճաք ենթարկվում էր հետազոտության: Նրա զգուշավոր ձեռքերում հայտ-
նվում էին մերթ նշտարը, մերթ ներարկիչը, մերթ փափուկ վրձնիկը, մերթ խոնավ վիրախծուծը: Նա լվանում էր մոմերի այրուքներն ու մուրը, կտրում ծլեպներն ու անհարթությունները, քոսակեղանքներն ու ձեռքերի դրոշմվածքները, ներարկում սոսնձող հեղուկ, և պատառիկին վերադարձնելով նրա ներկի նախնական թարմությունը` այն կպցնում տախտակին:
Անխոնջ աշխատանքից մեկ ամիս հետո մաքրվել և վերականգնվել էր արյան նման վառ բալագույն ուսաշոր-գլխաշորի միայն մի փոքրիկ հատված, որի վրա թանկագին ոսկեփայլ էր արձակում աստղը: Եվ Չելիշչևը՝ համրացած, հիանում էր այդ փոքրիկ, փայլուն աստղով:
Եվ ժամանակն անհետացավ:
Եվ Մոսկվան դադարեց գոյություն ունենալուց:
Եվ Տվերսկոյ ճեմափողոցին նայող պատուհանների վարագույրները ծածկվեցին:
Եվ օր ու գիշեր վառվում էր պայծառ սպիտակ լամպը, որի տակ լուսավորվում էր Տիրամայրը:
Եվ ինչպես մարգագետինը արևի տակ, որի վրա գոյություն չունի ստվեր, բացվում-ծաղկում էին վերականգնված զգեստների գործվածքները:
Չելիշչևը չնկատեց, թե ինչպես դեղնեցին Տվերսկոյ ճեմափողոցի կաղնիներն ու լորենիները, և փայլփլող մեքենաների սրընթաց հողմն ինչպես է թռչում տերևաթափի միջով: Չնկատեց, թե ինչպես սկսվեցին անձրևները, և Պուշկինի արձանը փայլեց, ինչպես սև ապակի, և նրա ոտքերի տակ կարմրին տվեց միայնակ տխուր վարդը: Չնկատեց, թե ինչպես առաջին մրրիկների մեջ մշուշվեցին Տվերսկոյի գիշերային լապտերները՝ շրջապատված գունատ ծիածաններով: Չնկատեց, թե ինչպես ջրհորդանի մոտ առաջացավ սառույցի մակաշերտը, որի մեջ արտացոլվում են ավտոմեքենաների հոծ հոսքերը և թարթում եռագույն լուսանշանորդը: Եվ չնկատեց, թե ինչպես կանաչ մշուշով պատվեց ճեմափողոցը, և զբոսապուրակի սև ծաղկաթմբին կարմրին տվեցին վարդակակաչները: Տարին թռավ ոչ թե օրերի ու շաբաթների բաժանված, այլ մանրագույն մասերի, որոնցով ստեղծվում էր սրբապատկերը, և որոնք նա փրկում էր ոչնչացումից: Եվ այդ մանրագույն մասնիկները աշխահաստեղծման աղյուսիկներն էին, որոնց նա թույլ չէր տալիս կորչել:
Նրան աշխատանքը պատճառում էր գերագույն հաճույք, կարծես փրկված ամեն մի փշուրը նրան սնում էր անտեսանելի երանությամբ, իսկ առջևում, երբ ավարտվի աշխատանքը, նրան սպասում է չտեսնված պարգև:
Եվ երբ նա մուրը հեռացրեց Տիրամոր դեմքից, ու այն լուսավորվեց մեղրագույն քնքուշ լույսով, և փոքրիկ շուրթերը կարծես դարձան վառ կարմիր ծաղիկ, իսկ եղնիկի լայնալիճ ու հիասքանչ աչքերում շողաց աստղազարդ երկինքը, նա հանկարծ սրբապատկերից տարածվող անուշահոտություն զգաց: Եվ արվեստանոցը լցվեց վարդերի բույրով, ու նա սկսեց շուրջը նայել՝ սպասելով տեսնելու ծաղկած թուփը:
Նա հեռացավ նախկին ծանոթներից, փախչում էր հանդիպումներից: Հրաժարվում էր անգլիական և ֆրանսիական թատրոնների տոմսերից, որոնց համար գժվում էին մոսկովյան թատերասերները: Արհամարհեց մշակույթի նախարարի ծննդյան տոնին նվիրված փակ հանդիսության հրավերը: Չարձագանքեց ոչ վաղ անցյալի սիրուհու՝ Իսպանիա՝ ֆիեստայի մեկնելու հրավերին: Անջատել էր հեռախոսը, որը նախկինում զանգում էր անդադար: Նա իրեն մատնել էր միայնության, բայց չէր զգում այն: Նա մենակ էր հիասքանչ Կույսի հետ, և յուրաքանչյուր հպում նրան, սրբապատկերի՝ ոչնչացումից փրկված յուրաքանչյուր մասնիկ նրա հոգում ծնում էր երբեք չճաշակած երանություն:
Նրան արվեստանոց այցելեց թանգարանի տնօրենուհին, որ հմայված նայեց սրբապատկերին և նրա խորշոմած, երկչոտ դեմքը ծածկվեց քնքուշ վարդագույնով:
— Ձեր աշխատանքը, Արկա՛դի Իվանովիչ, մոտենում է ավարտին: Եվ արդեն վեճ է ծավալվում թանգարանի և վանքի միջև, որը ցանկանում է, որ սրբապատկերը հանձնվի եկեղեցուն: Բայց նրանք, ախր, չեն կարողանա այն պահպանել: Դարձյալ բարբարոսաբար կմրոտեն, կսառեցնեն, կախ կտան խոնավ տաճարում: Նրան անհրաժեշտ է հատուկ՝ հերմետիկ փակվող, ջերմությունն ու խոնավությունը կարգավորող պահարան: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, Արկա՛դի Իվանովիչ:
— Չգիտեմ, — ցածրաձայն պատասխանեց Չելիշչևը՝ նայելով փայլ արձակող ոսկե աստղին, և նրա դեմքին իջել էր երանավետ մի ժպիտ:
Նրան այցելեց նաև միանձնուհի, բարեպաշտ մայր Ելիզավետան վանքից, որտեղ ինչ-որ ժամանակ Տիրամայրը երևացել էր իշխան Անդրեյ Բոգոլյուբսկուն, որը հրամայել էր նկարել նրա պատկերը:
Նիհար, հարթ կրծքով, կապտասև շողարձակող աչքերով մայր Ելիզավետան մի քանի անգամ ճկուն խոնարհվեց սրբապատկերի առաջ և բարձր, փոքր-ինչ խռպոտ ձայնով երգեց.
Ողջույն քեզ, Մարիամ, լի շնորհօք,
Տէր ընդ քեզ. Օրհնեալ ես դու ի կանայս,
և օրհնեալ է պտուղ որովայնի քոյ Յիսուս,
Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ...
քանզի մեր հոգիների փրկության համար ծնեցիր ՓՐԿԻՉ:
Ապա Չելիշչևին հառեց ջերմեռանդ, երկարաքիթ դեմքը.
— Դուք, Արկա՛դի Իվանովիչ, այս աշխարհից չեք: Ձեզ Աստված է ընտրել, որպեսզի ձեր միջոցով մեզ ներկայացնի Ամենասուրբ Տիրամոր կերպարը հենց այն օրերին, երբ վճռվում է Ռուսաստանի լինել-չլինելու հարցը: Ձեր ձեռքերով պիտի ռուսական հողի վերևում շողշողա ամենամաքուր կերպարը և նրանից հեռացնի դժբախտությունը: Դուք, Արկա՛դի Իվանովիչ, այժմ պիտի անընդհատ, առանց քայլ իսկ ետ մնալու լինեք Տիրամոր հետ, ուր էլ նա գնա: Իսկ նա կգա մեր վանք, որտեղ նա հայտնվեց մեր բարեպաշտ իշխան Անդրեյին: Իսկ Դուք նրա մոտ կլինեք իբրև ճգնավոր՝ մենակյաց: Նա՝ Տիրամայրը, մեզ մատնացույց կանի թագավորին, և Դուք նրա ներկայությամբ կգուշակեք այդ նշանը և կբացահայտեք ամբողջ ժողովրդի մոտ: Դրանում են Ձեր մեծ առաքելությունը և սխրանքը, Արկա՛դի Իվանովիչ:
Մայր Ելիզավետան խաչակնքեց Չելիշչևին և ճկուն կռացնելով բարալիկ իրանը՝ խոնարհվեց սրբապատկերի առաջ ու դուրս եկավ:
Նրա աշխատանքն ավարտվում էր:
Մոսկվայով մեկ, ինչպես մարգարիտներով ու մանյակներով զարդարված թագուհիներ, կանգնել էին ամանորյա տոնածառերը: Տվերսկոյ ճեմափողոցում ծառերը շղթայվել էին մեղեսիկե դրասանգներով, և մարդիկ այնտեղ քայլում էին ինչպես սառ-
ցաբյուրեղներից զնգզնգացող ապակեզարդ թավուտ անտառում:
Ճակատի կապով, լայն վերնաշապիկով, նիհարած դեմքին գանգրացած խարտյաշ մորուքով Չելիշչևը նայում էր սրբապատկերին, որի ցանկացած փոքրագույն մաս, ցանկացած պատառիկ ջերմացել էր նրա մատների հպումից, կենդանացել նրա շնչից և շողշողում էր իր նախնական գույներով: Տիրամայրն ասես պառկած էր մակույկում, որը լողում էր մոսկովյան ձյուների, տոնական եղևնիների ու բյուրեղյա ծառերի անծայ-
րածիր ծովում:
Նկարիչն հանկարծ զգաց, թե ինչպես է արվեստանոցից վերանում օդը, սրբապատկերի շուրջն ստեղծվում օդազուրկ դատարկություն, և նա՝ աստվածամայրը, ճախրում է անթիվ աստղերի շողերի մեջ: Նա շնչակտուր եղավ, կորցրեց գիտակցությունը, սարսափահար եղավ վրա հասնող վախճանից: Երբ հանկարծ սրբապատկերից՝ դրա խորքից՝ փայտե տախտակի միջից, նկարեն զգեստներից, մեղրանուշ կերպարանքից, այնտեղից, որտեղ թաքնվել էր աստվածային, մտքին անհասանելի հրաշքը, դուրս թռավ կուրացուցիչ լույս, որը հասավ նրա հոգուն, և հզոր ուրախությունն ընդգրկեց նրան: Ամենաուժեղ և սքանչելի մեկը բարձրացրեց իրեն ու պահեց կուրացուցիչ ծիածանների, կախարդական երփներանգների, ցնծալի ալիքների մեջ, որոնց վերևում տարուբերվում էին աստղերը: Նա այնպիսի ուրախություն զգաց, այնպիսի լուսավոր հզորություն, այնպիսի սեր, որ վերացան տարածությունն ու ժամանակը և մնաց սոսկ կուրացուցիչ ուրախությունը:
Դա տևեց մեկ ակնթարթ: Դարձյալ արվեստանոցն էր: Սրբապատկերը պառկած էր, ինչպես ոսկու սառած ձուլակտոր: Իսկ իր մեջ շարունակվում էր ուրախությունը: Թվում էր, թե իր մեջ մտել է հրաշալի մի ուժ, տեղի է ունեցել հղացում, և ինքը սարսափում է վախեցնել սկսված աճը, կոպերի տակ մետաքսե ծիածանների ծփանքը:
Այդ օրվանից Չելիշչևն զգում էր իր քաղցր կախվածությունը սրբապատկերից, թվում էր՝ ոչ թե ինքն է նրան, այլ նա է իրեն վերադարձրել կյանք:
Նրան թվում էր, թե Տիրամորից տարածվում են անբառ հրամաններ, իր մեջ հիշողություններ արթնացնող զգացողությունների հրամաններ, որոնցից յուրաքանչյուրը խանդաղատանք և հրճվանք է պատճառում իրեն: Նա հիշում էր մորը՝ երիտասարդ, գեղեցիկ, սպիտակ, լայն վերնաշապիկով: Հայելու դիմաց նա սանրում է իր դարչնա-
գույն, առատ մազերը՝ դրանք բաց թողնելով փայտյա սանրի ատամիկների միջով, և հայելու առջև դրված ապակյա փոքրիկ սրվակներից մեկն էր հիշում, որի մեջ ընկել էր արևի շողն ու վառվում էր զմրուխտե գերիչ լույսով:
Նա հիշում էր ամառանոցը, գորշ, տաշատախտակե պարիսպը, որի վրա շարվում էին եղնջաթիթեռները, որ բաց էին անում իրենց մուգ դարչնագույն թևիկներն, ու ինքը նայում էր, թե ինչպես են թրթռում նրանց բարալիկ բեղիկները, որ նման էին բարակ մականների, և շատ բարակ մարմնիկների վրա ինչպես է ծածանվում նուրբ թավիշը...
Նա հիշում էր դիմացի տան՝ երեկոյան լուսամփոփից նարնջագույն դարձող պատուհանը: Երբեմն պատուհանի մոտ հայտնվում էր երիտասարդ մի կին, որ հենվելով մերկ դաստակին, նայում էր նրբանցքին, և նրա գլխի ետևում լուսավորվում էր սենյակի՝ գաղտնիքներով ու հրավիրող լույսով խորությունը:
Մի օր Չելիշչևին թվաց, թե Տիրամայրն իրեն ուղարկում է փողոց և խնդրում է բերել մի սառցալուլա, որ տանիքից կոտրում էին բակապահները: Նա իջավ բակ, ընտրեց կապտավուն, սրածայր մի սառցալուլա և բերեց տուն: Դրեց սրբապատկերի կողքին: Աստվածամայրը նայեց սառցալուլային, որի մեջ երփներանգվում էին ամանորյա
լույսերը:
Գիշերը Չելիշչևն արթնացավ հանկարծական տագնապի մի զգացումից: Նրան թվաց, թե իրեն կանչում է Տիրամայրը: Ոտաբոբիկ մտավ արվեստանոց, վառեց լույսը: Սրբապատկերը շրջապատված էր հիվանդագին՝ մեռնող վարդագույն լույսով. կարծես թե՝ ջերմություն ուներ: Նրա շուրջը բորբոքված կերպով լուսավորվել էր օդը: Չելիշչևը տեսավ, որ Աստվածամոր աչքերից հոսեցին երկու կաթիլ վառ արնագույն արցունքներ: Նա լաց էր լինում: Զգում էր մոտալուտ դժբախտություն, որը վախ էր ներշնչում ոչ միայն Չելիշչևին, այլև բոլոր մարդկանց, ամբողջ Ռուսաստանին, որին, ըստ մայր Ելիզավետայի, Տիրամայրը եկել էր փրկելու: Չելիշչևն զգաց մեծ ցավը և տառապանքը, որն զգում էր Աստվածամայրը:
Նա զգում էր, որ տառապանքի աղբյուրը գտնվում է պատուհանից այն կողմ՝ գիշերային քաղաքում, հսկայական քարե շենքերի միջև, մեքենաներից խշշացող փողոցներում, ամանորյա փայլփլուն եղևնիներում:
Տիրամայրը պահանջում էր, որ Չելիշչևը գնա քաղաք, գտնի տառապանքի աղբյուրը և վերացնի այն:
Տիրամոր կամքն աներեր էր և շտապեցնում էր նրան: Նրանից հառնում էին ուժեր, որոնք ցույց էին տալիս ճանապարհը:
Չելիշչևն արագ հագնվեց և գիշերով դուրս եկավ՝ փնտրելու չարի կծիկը, որից տարածվում էր համընդհանուր կործանման հոտը:
Մոսկվան ապրում էր գիշերային կյանքով՝ իր դռները լայն բացած ռեստորանների, գիշերային ակումբների, ուրախանալու սիրահարների, համադամ կերակուրների գիտակների, հաճույքներ փնտրող անխոնջների՝ միայն գիշերելու համար նախատեսված շրջաններից եկած կենվորների առաջ, որ թաքցնում էին օրվա ընթացքում տառապանքով անցկացրած իրենց կյանքը:
Ոչ վաղուց տեղացած առատ ձյունից ճերմակած փողոցներով սլանում էին թանկարժեք մեքենաները՝ լապտերներով լուսավորելով փայլփլող ձյունը: Շքեղ կահավորված խանութների ցուցափեղկերը հմայում էին կապույտ բևեռաղվեսների մորթիներով, անդրծովյան արդուզարդերով, ոսկով ու ադամանդներով: Սառնամանիք արտաշնչող օդում բենգալյան կրակների նման բռնկվում էին գիշերային փոքրիկ ռեստորանների ու բարերի, զվարճությունների հաստատությունների ցուցանակները...
Եվ ամենուր՝ հրապարակներում, խաչմերուկներում, իբրև գեղեցկագույն տիկիններ՝ ամեն մեկն իր կանաչ, կապույտ, արքայամորու գույնի զգեստներով ու թանկարժեք զարդերով, հառնում էին եղևնիները:
Չելիշչևն ընթանում էր Մոսկվայով՝ չանսալով Տիրամոր՝ իրեն հղված թաքուն ցուցումներին, չլսվող հրամաններին: Նա բռնվել էր ուժային ուղեցույց-գծերի կողմից, որոնք նրան տանում էին մայթերով, իջեցնում ստորգետնյա անցումներ, մեկ շրջանից տեղափոխում մեկ այլ շրջան: Այդ գծերը նրան մոտեցնում էին չարության ու տառապան-
քի թանձրուկներին, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ կարող էր բովանդակած լինել
մարդկության կործանումը: Եվ փայլփլուն քաղաքը՝ իբրև ռենտգեն լուսապատճեն, որի վրա երևում են հիվանդագին մթագնումները, իր մեջ խնամքով թաքցնում էր մութ մառախուղներ:
Ահա նա անցնում է մի ռեստորանի մոտով, որտեղ քեֆ են անում օրենքով գողական վրացիները. «թրջում» են նավթային մեծ գործարքը: Թափում են փողեր, ջահել կանանց տանում առանձնասենյակներ՝ սեղանների մոտ վերադառնալով քրտնած, արձակված վերնաշապիկներով, և կանայք իրենց նուրբ մատիկներով խուտուտ են տալիս նրանց մազոտ կրծքերը, վրացիները ծիծաղում են քաղցր, և նրանցից մեկի նորաձև պիջակի գրպանից ներքև է սահում ոսկյա ատրճանակ...
Չելիշչևը մոտենում է մոդայիկ մի գեյ-ակումբի, որի վերևում վառվում է հազարագույն ծիածան:
Կանացի մորթե մուշտակով, ներկած շուրթերով, բաձրակրունկներով բարապանը բացում է դռները՝ ներս թողնելով շքեղ ավտոմեքենայից իջած և երիտասարդ ու սլացիկ պատանու ուսերը գրկած պարարտ ու ծեր ճանաչված ռեժիսորին. նրանք անհետանում են մուտքի կիսախավարի մեջ, որտեղից տարածվում է մսեղեն ցանկասիրության տաք գոլորշուն խառնված մարմնակազդուրիչ օծանելիքների թունավոր բույրը:
Չելիշչևն անցնում է գիշերային պարակումբի՝ «դիսկոտեկի» մոտով: Պատերով մեղմացված հռնդացող երաժշտությունը դուրս է հորդում փողոց, և նա հանկարծ զգում է խուլ ցնցումներ: Կապույտ շողեր տարածող պարակումբի կիսախավարում, իրար կպած, պարում է ամբոխը: Այնքան նեղվածք է, որ պարողները միայն տեղում են դոփում, կպչում միմյանց, հարբած համբուրվում, դողում կրքի հանկարծական խիթերից: Ամբոխի վերևում, բարձր սյանը փարված ու գունատ լույսերով լուսավորված, ինչպես կախարդող աստվածուհ, պարում է ամբողջությամբ ոսկով պատված մերկ մի կին: Նա անընդհատ, առանց հոգնության ոլորվում է աջ ու ձախ, առաջ նետում ոսկե ոտքերը, գալարվում ոսկե օձի նման:
Ամբոխը թպրտում է հսկայական, կպչուն կակղամորթի նման՝ դուրս թափելով գունավոր փսլինքի ցայտեր, և այդ գունավոր փսլինքի ցայտերը, իբրև գույնզգույն կաթիլներ, բծերով են պատում փողոցը:
Չելիշչևն ընթանում էր ուժային ուղեցույց-գծերով, որոնք Տիրամոր՝ ճանապարհ ցույց տվող մատանու շարունակությունն էին, և նրան տանում էին դեպի մթի խտացումներ: Բայց դրանցից ոչ մեկում, ինչպես սև խնձորում, թաքնված չէր համընդհանուր կործանման թրթուրը, թաքնված չէր Ռուսաստանի վրա հարձակվելու պատրաստ վիշապիկը: Եվ Չելիշչևը, ետ դառնալով հերթական չարածնության վայրից, հեռանում էր՝ շարունակելով ադամանդյա եղևնիների միջով իր կախարդական թափառումները գիշերային Մոսկվայով: Նա թափառում էր ասես երազում: Նրա աչքերը բաց էին, բայց նա քնած էր լուսնոտի նման: Նրան տեղաշարժում էր կամակոր և անտրտունջ կամքը: Հարկադրում փնտրել նրբանցքներում, շրջել բակերում, քարանալ միայնակ լապտերիկի տակ, նայել հատուկենտ լուսավորված պատուհաններով շենքերի մթամած ճակատներին: Այդպիսի նրբանցքներից մեկում նա հայտնաբերեց բանտը, որ շրջապատված բնակելի տներով՝ չէր երևում պողոտայից: Եվ այդ բանտը նման էր հսկայական, տձև քառակուսիներով զրահամորթով ծածկված կրիայի: Աղյուսե պատերից ներս ու փաթաթավորված փշալարերից այն կողմ ինչ-որ բան էր տնքում, տառապում, զառանցում: Այդտեղից գալիս էր մետաղի, գարշելի քրտինքով, դաժան բռնությամբ տոգորված կողպեքների հոտ: Բանտը, մռայլ նայելով Չելիշչևին, կարծես հեռու էր վանում նրան: Երկաթյա դարպասները բացվեցին: Դուրս եկավ մի բեռնատար՝ մետաղյա անճոռնի տուփով, որի մեջ կուչ էր եկել դատապարտված, անտեսանելի հոգին:
Չելիշչևն իր թափառումներում տեղափոխվում էր Մոսկվայի մի ծայրից մյուսը. Կարծես նրան քշում էր գիշերային մրրիկը: Թվում էր, թե նա, կորցնելով հիշողությունը, փակել է աչքերը և բացելով հայտնվել քաղաքի մեկ այլ ծայրամասում՝ չճանաչելով պողոտաներն ու փողոցները... Ահա նրա դիմաց, ինչպես ժայռ, հառնում է հսկայական մի շենք, որ հիշեցնում է առանց լույսերի մի պատյան, որտեղ թաքնվել է ինչ-որ կենդանի բան, ցնցվող, ուռչող, թուլացող մի բան: Դա ուռուցքաբանության կենտրոնն էր, և այնտեղ, այդպես էր թվում Չելիշչևին, գտնվում է հսկայական, մանուշակագույն երակ-
ներով ծածկված մի ուռուցք, որ վաթելով արնաջուր, դանդաղ մեծանում է: Չելիշչևը լսում էր բետոնե ծածկերի դողը, մետաղյա կառույցի ծանր հևքը: Ուռուցքն աճում էր, ճնշում շինության պատերին, որ պատրաստ էին քանդվել, և հրեշավոր կպչուն, փափուկ միջուկը կընկնի Մոսկվայի վրա: Սև շինության գագաթն աղոտ կերպով լուսավորվում էր: Դա տանջանքներից ու տառապանքներից ազատված հանգուցյալների՝ երկինք բարձրացող հոգիներն էին:
Սոսկ քնելու համար նախատեսված շրջանի ամենածայրին՝ ձնաթմբին նետելով դեղին մի շերտ՝ միայնակ վառվում էր առաջին հարկի մի պատուհանի լույս:
Չելիշչևը ներս նայեց պատուհանից և վիրահատական բազկաթոռի վրա տեսավ անզգայացված-քնեցրած և ոտքերն իրարից հեռացված-պարզված մի կնոջ: Արնաբծերով ծածկված խալաթը հագին՝ մանկաբարձ-վիրաբույժը նրա արգանդի մեջ է դնում մետաղյա փողրակը, որով էմալապատ թասի մեջ է հոսում արնամածուկի փոխակերպված, դեռ թպրտացող էմբրիոնը՝ պտուղը:
Ցավերի ու տառապանքների մակարդուկներում, որ Չելիշչևին հասցրել էին ուժային գծերը, թաքնվել էին սարսափելի վտանգներ, որ պատրաստ էին կործանել Ռուսաստանը: Բայց ուժային գծերը սոսկ մոտենում էին տանջալի մակարդուկներին, շրջանցում դրանք և Չելիշչևին հրապուրում հեռու:
Անմռունչ հնազանդվելով սեփական կամքին՝ նա դարձյալ հայտնվեց իր տան մոտ՝ Պուշկինի հրապարակի պուրակում: Բրոնզե բանաստեղծը, հանելով լայնեզր գլխարկը, խոնարհեց գլուխը, և թեթև մրրիկը ծածկեց նրա բրոնզե գանգուրները, լայնեզրը, ոտքերի մոտի կարմիր վարդը: Չելիշչևը նայում էր, թե ինչպես է Տվերսկոյով սլանում ավտոմեքենաների փայլփլուն պարսը, վրա պրծնում սպիտակ, թաց լուսարձակներով և հեռանում կարմիր, կածես վառվռուն ածուխների կրակներով, ապա փողոցն ազատելով՝ կտրվում է հոսքը, որ հատվելով պողոտաներից արագ ու փայլուն սլացող մեքենաներով, հրապարակը դարձնում են գիշերային փայլփլուն խաչ:
Ուժային գծերը նրան քաշում են ստորգետնյա անցում, ուր շտապում են հազվադեպ անցորդները, և երիտասարդ, մազերը բաց թողած ջութակահարուհին, որի դիմաց հանգչում է մանրադրամով և ճմռթված թղթադրամներով գլխարկը, լարերի վրայով խելահեղորեն տանում-բերում է աղեղը՝ անցումը լցնելով հեկեկացող երաժշտությամբ:
Չելիշչևը դուրս եկավ Տվերսկոյ ճեմափողոց և հայտնվեց «բյուրեղապակե» անտառում: Ծառերը զարդարված էին մեղեսիկե զարդաշղթաներով: Ճյուղերը կապտավուն սառույցից էին և, թվում էր, թե թույլ կերպով զրնգում են: Բյուրեղապակե ծառերով շրջապատված դատարկ ճեմուղին, որի վրայով անցել էր թափանցիկ բուքը, ձգվում էր հեռու:
«Պուշկին» ռեստորանի մոտ կանգ էին առնում ավտոմեքենաները: Լայնեզր գլխար-
կով բարապանը բացում էր դռները, հաճախորդներին ուղեկցում մինչև դռները, կանանց գլխավերևներում բացում հովանոց: «Տուրանդոտ» ռեստորանի մոտ, ինչպես արևապաշտների տաճարների դիմաց, վառվում էին գազային կապույտ ջահեր:
Պողոտայով քայլող Չելիշչևն զգում էր աճող տագնապ, որը ճախրում էր բյուրեղյա ճյուղերի միջև, ոռնում ամպիրային առանձնատնակների վերևում, ծխի նման դուրս հորդում Գեղարվեստական թատրոնի սև շենքից: Եվ տագնապը խտանում էր, ծանրանում, ամպի նման ծառանում փայլփլուն ծառերի մեջ, վերաճում վախի:
Չելիշչևը դիմադրում էր, չէր ցանկանում գնալ, բայց կամակոր ուժը նրան ստիպում էր քայլել: Նա ընկղմվել էր սարսափի մշուշի մեջ, որտեղ թվում էր, թե կծիկի է վերածվել անտեսանելի հրեշը:
Կարծես թե այստեղ պիտի գտնվեր երեքհարյուրամյա կաղնին, որը հիշում էր Պուշ-
կինին: Բայց Չելիշչևը չէր գտնում այն: Նա կանգնած էր հսկայական պատուհաններով հարյուրամյա բարձր շենքի դիմաց: Շենքը սև էր, բայց երկու հարկեր, որտեղ հավանաբար գիշերային տոնակատարություն էր, վառ լուսավորված էին: Հյուսածո շրջանակների բյուրեղյա ապակիներն արձակում էին սպիտակ լույս, որի մեջ արծաթին էր տալիս մրրիկը: Եվ այդ պատուհաններից փչում էր ծանր, խելագարեցնող սարսափը:
Այստեղ՝ այս կատարյալ տանն էր Չելիշչևին հասցրել Տիրամայրը: Այստեղ էր բույն դրել չարությունը, որը կործանելու էր Ռուսաստանը:
Եվ անզոր, գիշերային ճեմափողոցում ցրտից շնչահատ Չելիշչևը պիտի կանգ-
նեցնի այդ չարությունը:
Եվ նա, մեղեսիկե ծառերի միջև քարացած-կանգնած, նայում էր հուրհրացող պատուհաններին:



