Դու նրան՝ կանգ առ, սպասիր մի քիչ...

* * * Դու նրան՝ կանգ առ, սպասիր մի քիչ, ինչո՞ւ է ցավում գլուխդ, քունքիդ դեռ առավոտից արճիճ է կաթում, ու հայելու մեջ դեմքդ չես կարդում: Դու նրան՝ օրերն ինչպե՛ս են վազում, լույսը նոր բացվեց՝ գիշեր է հիմա, եւ հոգին՝ հոգնած ու քրքրված մաղ, իսկ նա քեզ՝ իզո՜ւր: Գետաձին էլի, տե՜ս, խոտ է ծամում, կոկորդիլոսն է ջրերում պառկել, գազանանոցը՝ երջանիկ այգի, լսիր՝ ինչ ուրախ ձայներ են հանում: Իմ երկինքներն էլ տեղը տեղին են, ծովեր, անտառներ, լեռներ ու առու, ու մոծակների երգը երկնիվեր: Ապրանքդ ցույց տուր: Ի՞նչ ես վաճառում: