Իմ լեյտենանտը
(հատված վեպից)
Առաջին ռմբակոծությունը
Իսկական վախը, սահմռկեցուցիչ վախը ինձ՝ դեռ խակ պատանի, համակեց պատերազմում: Դա առաջին ռմբակոծության ժամանակ էր: Ժողովրդական աշխարհազորայինների մեր էշելոնը 1941 թվականի հուլիսի սկզբին մեկնեց ռազմաճակատ: Գերմանական զորքերն արագորեն էին մոտենում Լենինգրադին: Երկու օր անց էշելոնը ժամանեց Բատեցկայա կայարանը, որտեղից մինչև Լենինգրադ հարյուր հիսուն կիլոմետր էր: Աշխարհազորայիններն սկսեցին բեռնաթափվել, ու հենց այդտեղ մեր վրա հարձակվեց գերմանական ավիացիան: Քանիսն էին այդ գրոհիչները, չգիտեմ: Ինձ համար երկինքը մթնել էր ինքնաթիռներից: Մաքուր, ամառային, տաք երկինքը շաչեց, դողաց, ձայնն աստճանաբար ահագնացավ: Սև սավառնող ստվերները ծածկեցին մեզ: Ես գլորվեցի հողաթմբից, նետվեցի մոտակա թփի տակ, բերնաքսիվայր պառկեցի, գլուխս խոթեցի մացառուտների մեջ: Ընկավ առաջին ռումբը, հողը ցնցվեց, հետո ռումբերը խրձերով թափվեցին, պայթյունները միաձուլվեցին ընդհանուր դղրդյունի մեջ, ամեն ինչ տակնուվրա էր: Ինքնաթիռները գրոհում էին, մեկը մյուսի ետևից շարժ-
վում թիրախի վրա: Իսկ թիրախը ես էի: Նրանք բոլորը ձգտում էին ինձ խփել, նրանք այնպես էին սլանում ներքև՝ ինձ վրա, որ պտուտակների թեժ օդը տարուբերում էր մազերս:
Ինքնաթիռները կաղկանձում էին, ընկնող ռումբերն ավելի սրտակեղեք էին կաղկանձում: Նրանց կաղկանձը մխրճվում էր ուղեղիս մեջ, սողոսկում սիրտս, փորս, իրարահան անում ներքին օրգաններս: Թռչող ռումբերի չարագույժ ճիչը լցրել էր ողջ տարածքը՝ տեղ չթողնելով աղաղակին: Կաղկանձը չէր ընդհատվում, ինձնից դուրս էր քաշում բոլոր զգացմունքներս, և ոչնչի մասին մտածել չէր լինում: Սարսափը կլանեց ինձ: Պայթյունի որոտը հնչում էր որպես թեթևացում: Ես խրվում էի հողի մեջ, որպեսզի բեկորները սուլեն վերևում: Վախն ինձ դա սովորեցրեց: Երբ սուլում է, շունչ քաշելու վայրկյան կա: Որպեսզի սրբես կպչուն քրտինքը, առանձնահատուկ, զզվելի, վախից գարշահոտ քրտինքը, որպեսզի գլուխդ բարձրացնես ու նայես երկինք: Բայց այնտեղից՝ արևային անվրդով լազուրից, ծնվում էր նոր, դեռ կամաց թրթռացող կաղկանձը: Այս անգամ ինքնաթիռի սև խաչն ուղիղ ընկնում էր իմ թփի վրա: Ես փորձում էի կծկվել, գոնե մի կերպ կրճատել մարմնիս մեծությունը: Զգում էի, որքան նկատելի եմ խոտերի վրա, ինչպես են ցցվել փաթաթանավոր ոտքերս, մեջքիս վրա ծալված շինելի թմբիկը: Հողի գուղձերը թափվում էին գլխիս: Նոր գրոհահերթ: Գրոհող ինքնաթիռի ձայնը ճզմում էր ինձ: Կյանքիս վերջին ակնթարթն էր մոտենում այդ կաղկանձի հետ: Ես աղոթում էի: Ես ոչ մի աղոթք չգիտեի: Ես երբեք Աստծուն չեմ հավատացել. իմ նոփ-նոր բարձրագույն կրթությամբ, աստղագիտությամբ, ֆիզիկայի հրաշալի օրենքներով գիտեի, որ Աստված չկա, բայց և այնպես ես աղոթում էի:
Երկինքը դավաճանել էր ինձ, ոչ մի դիպլոմ ու գիտելիք ինձ օգնել չէին կարող: Ես մնացել էի մենակ բոլոր կողմերից ինձ վրա թռչող մահվան դեմ: Չորացած շուրթերս շշնջում էին՝ Տեր, ողորմի՛ր: Փրկի՛ր ինձ, չթողնես՝ զոհվեմ, խնդրում եմ քեզ, թող վրիպի, թող որ չդիպչի, Տեր, ողորմի՛ր: Ու հանկարծ հասկացա հնուց հայտնի այդ երկու բառի իմաստը՝ Տեր... ողորմի՛ր... Ինձ համար անիմանալի խորության մեջ ինչ-որ բան բացվեց, և այնտեղից ջերմեռանդ բխեցին բառեր, որոնք երբեք չէի իմացել, չէի արտաբերել՝ Տեր, պաշտպանիր ինձ, աղաչում եմ քեզ, հանուն ամենայն սրբոց... Ոչ հեռվում պայթյունից վեր թռավ ինչ-որ մեկի մարմինը, մի կտոր հյութեղ թրմփոցով ընկավ կողքս: Բարձր, ծխահարված աղյուսե ջրհան կայանը դանդաղ, անձայն, ինչպես քնի մեջ, թեքվեց, սկսեց ընկնել գնացքի վրա: Շոգեքարշի առաջ վեր խոյացավ պայթյունը, ու շոգեքարշն ի պատասխան պարուրվեց ճերմակ գոլորշիով: Պայթյունները կոտրում-ծռմռում էին ուղիները, վեր էին թռչում փայտակոճերը, գծից դուրս էին գալիս վագոնները, կայարանի պատուհանները ներսից արնավառ լուսավորվել էին, բայց այդ ամենը կարծես կատարվում էր հեռվում, ես փորձում էի չտեսնել, չնայել այդ կողմը, ես նայում էի կանաչ ցողուններին, որտեղ խոտերի արանքում շեկ մրջյունն էր սողում, հաստ դժգույն թրթուրն էր կախվել ճյուղից: Խոտերի մեջ սովորական ամառային կյանքն էր՝ դան-
դաղընթաց, հիասքանչ, բանական: Աստված չէր կարող գտնվել ատելությամբ ու մահով
լցված երկնքում: Աստված այստեղ էր՝ ծաղիկների, թրթուրների, միջատների մեջ...
Ինքնաթիռները էլի ու նորից էին հայտնվում, ու չկար վերջ այդ դժոխային կարուսելին, որն ուզում էր ոչնչացնել ամբողջ աշխարհը: Մի՞թե պետք է զոհվեմ ոչ թե մար-
տում, այլ այսպես, ողորմելի, ոչինչ չարած, ոչ մի անգամ չկրակած: Ես նռնակ ունեի,
բայց ինչպես նետեի ինձ խոյահարող ինքնաթիռի վրա: Ինձ ջախջախել էր վախը: Այդ ինչքա՛ն էր իմ մեջ այդ վախը: Ռմբակոծությունը վախի նորանոր ալիքներ էր դուրս բերում՝ ստոր, ամոթալի, ամենազոր, ու ես չէի կարողանում զսպել, լռեցնել նրան:
Րոպեներն անցնում էին, ինձ չէին սպանում, ինձ վերածում էին դողացող լորձունքի, ես արդեն մարդ չէի, ես դարձա չնչին, սարսափով լցված անասուն:
...Լռությունը դանդաղ էր վերադառնում: Ճայթում, ֆշշացնում էին հրդեհի բոցերը: Տնքում էին վիրավորները: Փլվեց ջրհան կայանը: Այրվածի հոտն ամենուր էր, ծուխըն ու փոշին գետնին էին իջնում անքամի օդում: Անվնաս երկինքը փայլում էր նույն անմասնակից գեղեցկությամբ: Ծլվլացին թռչունները: Բնությունը վերադառնում էր իր գործերին: Բնությունը վախ չգիտեր: Իսկ ես դեռ երկար ուշքի չէի գալիս: Ես ամայացած էի, ինքս ինձ՝ զզվելի, մտքովս չէր անցնի, որ այդքան վախկոտ եմ:
Այդ ռմբակոծությունն իր գործն արեց՝ ինձ միանգամից վերածելով զինվորի: Ասենք, մնացածներին՝ ևս: Ապրած սարսափը ինչ-որ բան վերակառուցեց օրգանիզմում: Հաջորդ ռմբակոծություններն այլ կերպ էին ընկալվում: Հանկարծ հայտնաբերեցի, որ դրանք քիչ արդյունավետ են: Նախ և առաջ ազդում էին հոգեբանության վրա, իրականում զինվորին խոցելն այնքան էլ հեշտ բան չէ: Ես հավատացի իմ անխոցելիությանը: Այսինքն՝ որ կարող եմ անխոցելի լինել: Դա առանձնահատուկ զինվորական զգացում է, որը թույլ է տալիս առանց խուճապի պատսպարան փնտրել, թռչող արկի կամ ռումբի ձայնով որոշել պայթյունի տեղը, դա վախճանի դատապարտված սպասում չէ, այլ ճակատամարտ:
Վախը մենք հաղթահարում էինք նրանով, որ դիմադրում էինք, կրակում, հակառակորդի համար դառնում վտանգավոր:
Պատերազմի առաջին ամիսներին գերմանական զինվորներն իրենց սաղավարտներով, կանաչ շինելներով, ավտոմատներով, տանկերով, օդում գերիշխությամբ վախ էին ներշնչում: Նրանք անհաղթելի էին թվում: Նահանջը մեծավ մասամբ այդ զգացումով էր բացատրվում: Նրանք զենքի գերակշռություն ունեին, բայց նաև պրոֆեսիոնալ ռազմիկի լուսապսակ: Իսկ մենք՝ աշխարհազորայիններս, խղճուկ տեսք ունեինք՝ կապույտ հեծելազորային գալիֆե, երկարաճտքերի փոխարեն կոշիկներ ու փաթաթաններ: Շինելը չափովդ չէ, գլխիդ էլ՝ պիլոտկա...
Անցավ երեք շաբաթ, մեկ ամիս, և ամեն ինչ սկսեց փոխվել: Մենք տեսանք, որ մեր ռումբերն ու գնդակները նույնպես խոցում են հակառակորդին, ու որ վիրավոր գերմանացիներն էլ են գոռում, մահանում: Վերջապես մենք տեսանք, թե ինչպես են նահանջում գերմանացիները: Այդպիսի առաջին, տեղային ոչ մեծ մարտեր եղան, երբ նրանք փախչում էին: Դա բացահայտում էր: Գերիներից իմացանք, որ, պարզվում է, մենք՝ աշխարհազորայիններս մեր անհեթեթ գալիֆեներով, նույնպես վախ ենք ներշնչում: Աշխարհազորայինների տոկունությունը, նրանց ցասումը կանգնեցրեց սրընթաց հարձակումը Լուգայի սահմանագծին: Այդտեղ գերմանական զորամասերը լռվեցին: Ընկճվածությունն առաջին շշմեցուցիչ հարվածներից անցավ: Մենք դադարեցինք վախենալուց:
Բլոկադայի ժամանակ ռազմական վարպետությունը հավասարվեց: Մեր զինվորները՝ սոված, ռումբերով վատ ապահովված, դիրքերը 900 օր պահեցին կուշտ, լավ սպառազինված թշնամու դեմ արդեն ոգու գերազանցության ուժով:
Ես օգտվում եմ սեփական փորձից, կարծում եմ, վախն արմատախիլ անելու այդ նույն գործընթացը կատարվում էր մեր մյուս ռազմաճակատներում: Պատերազմում վախն ամենուր է: Այն ուղեկցում է նաև փորձված զինվորներին, նրանք գիտեն՝ ինչից պիտի զգուշանան, ինչպես իրենց պահեն, գիտեն, որ վախը խլում է ուժերը:
Պետք է տարբերել անձնական վախը կոլեկտիվ վախից: Վերջինս հանգեցնում է խուճապի: Այդպիսին էր, օրինակ, շրջապատման վախը: Նա ինքնակա էր առաջանում: Թիկունքում գերմանական ավտոմատների ճայթյուն, «Շրջապատե՛լ են» գոռոց, և կարող էր սկսվել փախուստը: Փախչում էին թիկունք, սլանում պատահած ճամփով, միայն թե դուրս պրծնեն շրջապատումից: Անհնար էր չտրվել փախուստի և անհնար էր զսպել փախչողներին: Զանգվածային վախը կաթվածահար էր անում
միտքը: Մարտի ժամանակ, երբ նյարդերն այնպես են լարված, մեն-միակ ճիչը, մի վախկոտը հերիք էր համընդհանուր խուճապ առաջացնելու համար: Շրջապատման վախը հայտնվեց պատերազմի առաջին ամիսներին: Հետագայում մենք սովորեցինք դուրս գալ շրջապատումից, ճեղքել-անցնել, շրջապատումը դադարեց վախեցնել:
Որքան էլ տարօրինակ է, վախին հակացուցված է ծիծաղը: Վախին տրվածները չեն ծիծաղում: Իսկ եթե ծիծաղում են, ապա վախն անցնում է, վախը տանե՛լ չի կարող ծիծաղը, ծիծաղն սպանում է, մերժում, զրոյացնում է նրան, համենայնդեպս ոչնչացնում է գոնե մի որոշ ժամանակ: Այդ առիթով ուզում եմ մի պատմություն անել, որը լսել եմ հրաշալի գրող Միխայիլ Զոշչենկոյից:
Մահվանից քիչ առաջ Գրողի տանը կազմակերպել էին նրա երեկոն: Զոշչենկոն շնորհազրկված էր, նրան չէին հրատարակում, արգելված էին նրա ելույթները: Երեկոն թաքուն էին կազմակերպել: Իբրև թե նրա ստեղծագործական հաշվետվություն: Հրավիրել էին սահմանափակ ցուցակով: Զոշչենկոն ուրախացել էր, վերջին ժամանակները մեկուսացման մեջ էր, ոչ մի տեղ չէր գնում, նրան ոչ ոք չէր հրավիրում. վախենում էին:
Հուզիչ երեկո եղավ: Զոշչենկոն պատմեց՝ ինչ գործի վրա է աշխատում: Մտադրվել էր պատմվածքների շարք գրել՝ «Իմ կյանքի ամենազարմանալի հարյուր պատմությունները», դրանցից մի քանիսը պատմեց մեզ: Չկարդաց: Ձեռագիր չուներ: Գուցե դեռ չէր գրառել: Այդ պատմություններից մեկն անմիջական առնչություն ունի մեր թեմային: Փորձեմ վերապատմել հիշողությամբ, ցավոք, իմ բառերով, ոչ թե այն հրաշալի լեզվով, որին տիրապետում էր միայն Միխայիլ Զոշչենկոն:
Դա պատահել է պատերազմի ժամանակ Լենինգրադյան ռազմաճակատում: Մեր հետախույզների խումբը տեղաշարժվել է անտառային ճանապարհով: Խոր աշուն էր: Տերևները խշշում էին ոտքերի տակ, և այդ ձայնը խանգարում էր լսել շրջակայքը: Նրանք գնում էին՝ ավտոմատները պատրաստ պահած, արդեն երկար էին գնացել ու երևի թե կորցրել էին զգոնությունը: Ճանապարհը կտրուկ թեքվում է, և այդ շրջադարձին նրանք դեմ առ դեմ բախվում են գերմանացիներին: Նույնանման փոքր հետախուզական խմբի: Երկու կողմերն էլ շփոթվում են: Առանց հրամանի գերմանացիները նետվում են ճանապարհի խրամառուն, մերոնք՝ նույնպես, բայց դիմացի խրամառուն: Իսկ գերմանացի մի զինվորիկ այնպես է շփոթվում, որ գլորվում է խրամառուն խորհրդային զինվորների հետ: Նա միանգամից չի հասկանում իր սխալը: Բայց երբ կողքին տեսնում է զինվորներին՝ աստղը պիլոտկաների վրա, իրեն կորցրած սարսափի ճիչ արձակելով՝ դուրս է նետվում խրամառվից ու մի հսկայական ցատկով, ցաքուցրիվ անելով տերևները, ընկնում է յուրայինների մոտ: Սարսափն էր նրան ուժ հաղորդել, շատ հնարավոր է, որ նրա ցատկը ռեկորդային էր:
Դա տեսնելով՝ մեր զինվորները ծիծաղում են, գերմանացիները՝ նույնպես: Նրանք դեմ դիմաց նստած էին խրամառուներում, ավտոմատները պարզած ու լիաթոք քրքջում էին խեղճ ջահել զինվորի վրա:
Դրանից հետո անհնարին դարձավ կրակելը: Ծիծաղը բոլորին միավորեց համամարդկային զգացմունքով: Գերմանացիները շփոթահար դուրս սողացին խրամառվից
իրենց կողմով, մերոնք՝ մյուս: Բաժանվեցին մի կրակոց անգամ չփոխանակած:
Ամառային այգի
Բաժանումից առաջ երեքով հանդիպեցինք Պետրովյան պալատի ետևում՝ հին հռոմեական հետույքով մարմարյա աստվածուհիներից մեկի թիկունքում: Դա մեր սիրած վայրն էր: Այնտեղ էինք ժամադրում մեր աղջիկներին: Այնտեղ ստվերոտ զով էր, արևային բծերը ծուլորեն շարժվում էին Ամառային այգու խուզած խոտերի վրա:
Բենը զենիթային զորամաս էր ընկել, Վադիմը՝ առափնյա հրետանի: Նրանք պարծենում էին իրենց թնդանոթներով, երկուսն էլ լեյտենանտի կոչում ունեին, որ ստացել էին համալսարանական տարիներին, կարմիր խորանարդիկները փայլում էին նոփ-նոր գիմնաստյորկաների մերակներում: Սպայական համազգեստը վերափոխել էր նրանց: Հատկապես լավն էր Վադիմը՝ կտրիճավարի կողքի թեքած գլխարկ, գդակ, ինչպես ինքն էր ասում, բարակ մեջքը աստղաճարմանդ գոտիով ձգած: Ոտքից գլուխ մաքուր, փայլուն: Բենը անճոռնի տեսք ուներ, քաղաքացիական շորշոփը դեռ վրան էր, քաղաքացիական էր նրա թախիծը, ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել մեր մոտալուտ բաժանումի թախիծը:
Նրանց հետ համեմատվելու բան չունեի՝ գիմնաստյորկաս — ն/օ, բ (նախկինում օգտագործված, բամբակե), ոտքերիս ինչ-որ մեկի մաշված կոշիկներն ու փաթաթանները, իսկ այդ ամենը եզրափակում էր դիագոնալ կտորից կարված հեծելազորային գալիֆեն: Աշխարհազորայիններիս այդպես էին զգեստավորել: Տարիներ անց գտա այդ օրվա հին, խունացած լուսանկարը: Հրաշալի լուսանկարիչ Վալերա Պլոտնիկովը կարողացավ համակարգչով ու հմայությամբ խավարից Աստծո լույսին դուրս բերել մեր երեքի վերջին ժամադրությունը, ու ես տեսա ինձ այդ հանդերձանքով: Ա՛յ թե տեսք էր, և այդ հագուկապով, պարզվում է, ես մեկնել եմ ռազմաճակատ: Չեմ հիշում, որ նրանք ծիծաղում էին վրաս, ավելի շուտ զայրանում էին՝ մի՞թե ինձ, ազատ կողմնորոշվածիս (այդպես ինձ կոչեց Վադիմը) չէին կարող, ինչպես հարկն է, հանդերձավորել:
Նրանք ջղային մեջբերում էին բոլոր հանրահավաքներում հնչող կոչը. «Կրծքով պաշտպանենք Լենինգրադը»: Կրծքով, այսինքն՝ ուրիշ բան մենք չունե՞նք: Կրծքով ավտոմատի, տանկի դե՞մ: Ապուշ արտահայտություն, բայց աչքի առաջ ունենալով փաթաթանները՝ նախ և առաջ կրծքո՛վ:
Ես ասացի, որ շնորհակալ եմ անգամ փաթաթանի համար, դժվարությամբ եմ համոզել, որ հանեն բրոնյան ու աշխարհազոր վերցնեն:
«Այսինքն՝ շարքային հետևակո՞ւմ, — հարցրին նրանք, — իմ ինչի՞ն է աշխարհազորը, ախր դա անուսում ամբոխ է, գնդացրի միս: Պատերազմը մասնագիտական գործ է», — ապացուցում էր Բենը:
Ինձ հուզեց նրանց կարեկցանքը: Ինձ համար երկուսն էլ Ֆորտունայի ընտրյալներ էին: Համալսարանում Վադիմի հետ մեծ հույսեր էին կապում: Անձամբ ակադեմիկոս Ֆոքը՝ տեսական ֆիզիկայի կորիֆեյներից մեկը, հույսեր էր կապում: Համարվում էր, որ Վադիմ Պուշկարյովը կանխորոշված է մեծագույն հայտնագործությունների համար: Իսկ Բենը աչքի էր ընկել որպես մաթեմատիկոս, նրան հովանավորում էր Լուրյեն, նույնպես հայտնի դեմք: Գիտությունների դոկտոր, իսկ գուցե, նաև թղթակից-անդամ...
Ես հպարտանում էի նրանց բարեկամությամբ, որ նրանց ընկերությունն եմ վայելում, որպես շարքային ինժեներ ինձ հետ ոչ ոք հույս չէր կապում... Նրանց ընկերախմբում ես սովորական դմբո էի, իմ համեմատությամբ նրանք ազնվականներ էին: Իմ պլեբեյությունը վերացնել անհնար է: Բայց նրանք էլ ինչ-որ բանի համար սիրում էին ինձ:
Վադիմը գրպանից հանեց օղիով տափաշիշը, հայրականը, պարզաբանեց նա, Առաջին իմպերիալիստականից մնացած, մենք հերթով խմեցինք, լուսանկարվեցինք: Բենը փոքրիկ «Լեյկա» ուներ: Մի անցորդի խնդրեցինք: Օբյեկտիվի փայլուն բիբը սևեռվեց մեզ վրա, այնտեղից հանկարծ սառնություն փչեց, մի պահ բացվեց խավարը, անիմանալի ապագան, որ սպասում էր մեզնից յուրաքանչյուրին: Վադիմը լրջացավ, իսկ Բենը գրկեց մեզ՝ հավատացնելով, որ մենք պարտավոր ենք ջախջախել հակառակորդին, հենց որ անցնի «հանկարծակիության գործոնը», մենք նրանց կոչնչացնենք հզոր հարվածով, քանի որ...
...տայգայից մինչև բրիտանական ծովեր
Կարմիր բանակն է
ամենի՜ց զորեղ:
Մենք բաժանվեցինք՝ համոզված, որ կարճ ժամանակով: Այսպես թե այնպես մենք նրանց կջարդենք:
Շատ արագ վրա հասավ հիասփաթությունը, այն վերածվեց հուսալքության, հուսալքությունը՝ չարության և՛ գերմանացիների, և՛ սեփական ղեկավարների հանդեպ, բայց ներքուստ պահպանվում էր համոզվածությունը՝ մռայլ, մոլեգին:
Մենք հեռանում էինք գլխավոր արահետով, հին հռոմեական աստվածները նայում էին մեզ, նրանց համար այս ամենը արդեն եղել էր՝ պատերազմ, կայսրության անկում, ժանտախտ, ավերվածություն:
Նոյեմբերին Կարելական ռազմաճակատից նամակ ստացա Բենից, նա զենիթային մարտկոցի հրամանատարն էր, միայն վերջին տողերում, երևի մի կերպ իրեն ստիպելով, գրել էր Օրիենբաումի տակ Վադիմի զոհվելու մասին, մանրամասներն անհայտ են, լուրը փոխանցել են համալսարանական համագնդեցի ընկերները: «Բայց ես չեմ հավատում», — նամակն է ավարտում Բենը: Այդ օրերին ես արդեն վարժվել էի մահերին, բայց այս մեկին չհավատացի: Ամբողջ պատերազմի ընթացքում չհավատացի. մինչև հիմա էլ չեմ հավատում:
Այդ կիրակին
Նաև տարօրինակ է, որ երբեք չեմ մտածել այդ տարօրինակության մասին, դա համարել եմ զվարճալի զուգադիպում, ոչ ավելի: Իմ սերը բորբոքվեց 1941 թվականի հունիսին, պոռթկաց հունիսի 22-ին մի որոշմամբ, այն կիրակի օրը, երբ առավոտյան գնացինք Դուդերգոֆ, գնացինք բացատում զբոսնելու, մեզ համար մեկուսի տեղ ընտրելու: Մտադրություններս, ինչպես ավելի ուշ խոստովանեցի, ավելի քան նողկալի էին: Այն մոլեգին ջահել տարիներին հնարավորությունը բաց չէի թողնում կնոջից ստանալու այն, ինչ նա պետք է տա: Նրանք էլ էին օգտագործում այդ բառիկները՝ «ուզում եմ», «կտամ», «չեմ տա», «ում ուզենամ՝ նրան կտամ»: Մինչ այդ ես գործ էի ունեցել կանանց հետ: Ով, երբ է նրանց զրկել կուսությունից՝ չգիտեի, նրանք ինձ հասել էին «բացված», ավել կամ պակաս փորձառու:
Սա ուրիշ էր: Շատ ուրիշ: Ես զգում էի, որ նա աղջիկ է: Իրականում դա ինձ ավելի շատ վախեցնում էր, քան ուրախացնում: Այն ժամանակ բարոյական կանոնները դեռ նախապաշարմունք չէին համարվում: Ինչպես հետո պարզվեց, վախերն ավելի շատ ինձ էին համակել, քան նրան:
Օրը կապույտ լազուր էր՝ լի ծաղկող յասամանով, վրա հասնող շոգով, գիշերահավասարի բուրավետ օրով, սպիտակ գիշերների եռուզեռով, եռացող արյունով: Մեր հարաբերությունները շատ էին խորացել ու հասել էին վճռական սահմանագծին: Հատե՞լ, թե՞ հրաժարվել: Ինչին ես պատրաստ էի, նա՝ նույնպես: Նա կռահում էր մտադրություններիս մասին, գիտեի, որ ինքն էլ է կռահում, դրա համար էլ շատ էինք ծիծաղում մենք մեզ վրա: Ծիծաղելիս նա գլուխը ետ էր գցում՝ ցնցելով մուգ մազափունջը, ճչում էր՝ «Օ՛յ, ջուր հասցրու»: Նրա հավասար, ճերմակ ատամները կանչող շողարձակում էին: Ծիծաղի հաճույքն ինձ ստիպում էր կատարելության հասցնել սրամտելս: Ես ուզում էի նվաճել նրան նորից ու կրկին: Մեր սիրավեպն արդեն երեք ամիս էր ձգվում. դա ինձ քիչ էր: Նրան սիրահետողների մեջ լուրջ քեռիներ կային: Մի ջոջ կար, ռեստորան էր տանում, ձկնկիթով էր կերակրում, նա էլ պարծենում ու կատաղեցնում էր ինձ: Կենտրոնական լաբորատորիայում մի ավագ աշխատակից կար, բնականաբար, տաղանդավոր, գեղեցկատես: Պատճառ գտնելով՝ գնացի լաբորատորիա հակառակորդիս տեսնելու: Իրոք, պարզվեց՝ փառավոր տղամարդ է, ինձնից բարձրահասակ, գանգրահեր, բարի ժպիտով: Ռիման չէր չափազանցում, նա ստել չէր կարողանում, նա ինձ ճնշում էի իր ազնվությամբ:
Գործարանի գրադարանում ամերիկյան ամսագիր վերցրի, էլեկտրատեխնիկական, այնպես խոթեցի գրպանս, որպեսզի պատկերազարդ կազմն ու խորագիրը աչք զարնի: Թող նա տեսնի, որ ես էլ ինչ-որ բան եմ: Դուդերգորֆում էլ ինձ ցուցադրելու առիթը բաց չթողեցի՝ ռեկորդ սահմանելով թռա-անցա լայն ջրանցքը: Ինչ-որ տեղից ճարպկություն ու ուժ է հայտնվում, հնագույն բնազդն է արթնանում, մարդուն է վերադառնում
սքանչելի բնական էությունը, իրենց սերենադներն են երգում անդադրում, փայտփորիկ-
ները զարկում-թմբկահարում են իրենց սիրային կանչերը՝ չխնայելով գլուխները ոչ միայն հանուն էգերի, այդ գարունն է լիացնում կենսական ուժերով, արուն իրեն է ցուցադրում, ինքնահաստատվում, իրեն է մեծարում...
Երջանիկ միասնություն բնության հետ: Մենք նույն արյունն ունենք, մենք նույնպես պատրաստ ենք երգել, թավալվել խոտերին, կռիվ տալ:
Մեր դեմ բացվեց խուլ կանաչ տեղանքը՝ հատուկ կառուցված անտառային ճարտարապետի կողմից: Մենք պառկեցինք խոտերին, ու սկսվեց հպվելու, համբույրի, նորից հպվելու խաղը: Նրա ճերմակ, հավասար ատամները, մաքուր շնչառությունը ինձ թվում էին հյութերով լցված բնության մասնիկ, ասես համբուրում էի այդ օրը, այդ ջահել թափանցիկ սաղարթը:
Հետագայում հաճախ եմ հարցրել ինձ՝ ինչո՞ւ ուրիշ շուրթեր, ուրիշ մարմիններ՝ նույնպես գեղեցիկ, երիտասարդ, այդպիսի ֆիզիկական հաճույք չեն պատճառել:
Լորենին մեր գլխավերևում արեգակն էր որսում իր կանաչ ցանցում, օրը խոստանում էր անտանելի շոգ, երջանկություն: Անսպասելի ձայներ լսվեցին՝ կտրուկ, կոպիտ, նրանց ձայնակցեցին ուրիշները՝ արագ մոտենալով ձախից, աջից:
Պառկած տեղից բարձրացա, զինվորների՝ պիլոտկաներով գլուխներ տեսա: Նրանք շղթա կապած շարժվում էին, կանգ առնում, ինչ-որ նշաններ խրում հողի մեջ: Մեզ մոտեցավ կրտսեր լեյտենանտը, մեկ եռանկյունի մերակին, ասաց.
— Հեռացեք, հիմա այստեղ չի կարելի:
— Ի՞նչ է պատահել, — հարցրի ես:
— Պատերազմ է, — կարճ նետեց նա ու վազեց ինչ-որ տեղ:
Մեզ քշելու ավելի հիմար պատճառաբանություն հնարելն անհնար էր: Ասենք, օրն էլ դրան չէր հավատում, այն շարունակվում էր՝ ձայնակցելով թռչունների ճռվողյունին:
Մենք քայլում էինք, վազում քրքջալով, իրար ձեռք բռնած, ու Ռիման ավելի գայթակ-
ղիչ էր:
Վերադարձանք երեկոյան կողմ: Գնացքում ասեղ գցելու տեղ չկար: Մենք կանգնած էինք վագոնի փակ հարթակում, իրար սեղմված և ուրախ էինք դրա համար: Շուրջը խոսում էին պատերազմի, ռմբակոծությունների մասին: Պատերազմ ո՞ւմ հետ՝ գերմանացիների՞: Ես զարմանում էի, չէի հավատում, բայց արդեն հասկանում էի, որ դա ճշմարիտ է: Ինչ է նշանակում այդ ճշմարտությունը, չէի պատկերացնում, բայց ընդհանուր տագնապի պոռթկումները վերջապես հասան մեզ:
Հայտնի չէ, ինչպես կզարգանար մեր սիրավեպը, հնարավոր է՝ արագ էլ ավարտվեր, ինչպես նախկինում եղել է ինձ հետ. երիտասարդությունը ծարավ է նորանոր սիրահարությունների:
Կայարանից գնացի գործարան: Պետք էր համոզվել, գիտակցել այն բանի անհնարինությունը, ինչի մասին խոսում էին:
Գործարանում արդեն աշխարհազոր էին գրվում: Կուսկոմի ու կոմերիտմիության կոմիտեի դռների մոտ հերթեր էին: Ես նույնպես որոշեցի գրվել՝ ինչպես թե, պատերազմ է, և առանց ի՞նձ:
Դժվար է հասկանալ, ինչն էր այդտեղ ավելին՝ սնափառությունը, հայրենասիրությունը, արկածախնդրությունը: Ախր պատերազմը լուրջ չէի ընդունում: Երջանիկ պատեհություն էր ստեղծվել զբոսանքի գնալ Գերմանիա, մի լավ դաս տալ ֆաշիստներին: Արկածախնդրությունս ի հայտ էր գալիս անսպասելի, արտասովոր ձևերով: Մի անգամ իմանալով, որ Յուրի Օլեշան եկել է Լենինգրադ, այցելության գնացի «Եվրոպական» հյուրանոց: Ինչու, ինչի համար. միայն վերջերս էի կարդացել նրա «Նախանձ» վեպը, հիացել ու որոշել էի կարծիքս հայտնել նրան: Համոզեցի ընկերոջս՝ Կոստյային, և ահա երկու ուսանողիկներ թակում են Յուրի Կարլովիչի համարի դուռը: Ո՛չ ծաղիկ ենք նվեր առել, ո՛չ տորթ, անգամ խելքը գլխին պատճառ գտնելու մասին չէինք մտածել: Օլեշան կնոջ հետ թեյ էր խմում: Իսկ գուցե գինի, գլուխ չհանեցի: Շեմից հայտարարեցի մեր ընթեցողական հիացմունքի մասին: Կարճլիկ ելույթս հորինել էի աստիճաններով
բարձրանալիս: Յուրի Օլեշան լուռ լսեց, սպասեց՝ ինչ է լինելու հետո, երևի նրան հետաքըրքիր էր, թե դադարից հետո է՛լ ինչ ենք անելու: Դա արեց նրա տիկինը, գոռաց, որպեսզի ամուսինը ներս հրավիրի «տղաներին»:
Մնացածը չի մտապահվել. տանտերը ինչ-որ բան էր պատմում ֆիլմի մասին, որը պետք է նկարահանեն իր սցենարով, առանց հետաքրքրության հարցրեց՝ որտեղ ենք սովորում: Ոչինչ չասաց, ինչը հետագայում կկարողանայինք մեջբերել: Այդ այցելությունը կարելի է անշնորհք համարել: Բայց ո՛չ, Յուրի Օլեշան մեզ համար կենդանի մարդ դարձավ, և ամեն անգամ նրա գրքերը վերընթեցում էի քնքշությամբ՝ այդ փոքրահասակ անճարակ մարդը, իսկ ինչպիսի՛ ճարտար վերաբերմունք նախադասությանը, և ինչպես էր կարողանում կարդալ ուրիշի գրքերը:
Ինձ աշխարհազոր չէին վերցնում, որպես ինժեներ հաշվառված էի տանկերի գլխավոր կոնստրուկտոր Ժ. Յա. Կոտինի կոնստրուկտորական բյուրոյում: Բողոքեցի կուսկոմ, տնօրինություն, կոմերիտմիության կոմիտե: Բողոքների համար շատ ատյաններ կային: Մեկ շաբաթ հետո հաջողվեց հանել «բրոնյան»: Ինձ գրանցեցին ժողովրդական աշխարհազորի Առաջին դիվիզիայում, «1 ԺԱԴ»: Ես երջանիկ էի: Ինչո՞վ... Սերը պիտի որ ետ պահեր ինձ, սիրավեպը նոր էր բորբոքվել, նոր տանկի ստեղծման աշխատանքը կարող էր բավարարել ցանկացած հայրենասիրական խանդավառություն:
Պատերազմի երրորդ ամսում ես դադարեցի հասկանալուց սեփական որոշումս, համառությունս, դեսուդեն ընկնելս:
Իհարկե, եթե ավելի ուշադիր դիտարկենք, կտեսնենք, որ բանակ գնացին համարյա բոլոր ընկերներս՝ Վադիմը, Բենը, Իլյան, Լենյան: Թեև նրանք գնացին զորահավաքով: Կոլյան ինձ նման բրոնյա ուներ ռադիոինստիտուտում ու երկու ձեռքով կառչել էր դրանից:
— Չեմ պատրաստվում երկիրը կրծքով պաշտպանել, — ասում էր նա:
— Բայց դա պատկերավոր արտահայտություն է, բառացի պետք չէ հասկանալ:
— Քեզ հրացան տվե՞լ են: Չէ՞: Տեսնո՞ւմ ես: Բա ինչո՞վ ես կռվելու:
Ոչինչ չէր կարող որոշումիցս ետ պահել, ու ես հայտնվեցի Ռիմայի առջև բամբակե գիմնաստյորկայով, կապույտ դիագոնալե գալիֆեով, ծանր կոշիկներով փաթաթանների հետ միասին, անհեթեթ տեսք ունեի, իսկ ինձ հուսար էի զգում, հեծյալ գվարդիական: Ա՛յ թե որ ատրճանակն էլ գոտուցս կախված լիներ, բայց տվել էին միայն հակագազ ու մեկնելուց առաջ՝ մոլոտովյան շիշ:
Ինձ համար գլխավոր գաղտնիքն այն էր, թե ինչու Ռիման նախապատվությունը ինձ տվեց: Սկսնակ ինժեներ, չքավոր ընտանիքից, հայրը Սիբիրում, արտաքինը՝ աչքի չընկնող, ո՛չ երգում է, ո՛չ պարում, ո՛չ մի բանի վրա չի նվագում, սպորտսմեն չէ, այդ դեպքում հարց՝ ո՞րն է գաղտնիքը: Սիրո առեղծվածը բացատրելու դարավոր ձգտում:
Որ նա աղջիկ է, նրա սիրո ապացույցն էր, համենայնդեպս շատ բան էր նշանակում: Կուսությունը տղամարդկանց մոտ էլ է առաջացնում ոչ մի բանի հետ չհամեմատվող մաքրության զգացում, համենայնդեպս այդ գիշերը մնաց հիշողությանս մեջ: Մենք ճռռացող մահճակալից տեղափոխվեցինք հատակին, հարևան սենյակում քնած էին մայրս ու քույրս. անիծյալ լսելիությունը խանգարում էր հրճվել, ոռնալ, մռնչալ, չզսպել, տրվել սիրուն, ինչպես տրվում են կենդանիները: Բայց, միևնույնն է, և՛ զսպվածությունն էր հաճելի, և՛ գիշերային երկինքը՝ լուսարձակների տագնապալի դեգերումներով, և՛ բաց պատուհանից փչող քամին: Սիրո սկիզբը, ծլարձակվող ճյուղը կտրուկ բարձրանում էր դեպի աստղերը, դեպի անսահմանությունը, թվում էր՝ այդպես կլինի միշտ:
Վերջին քաղաքային շաբաթները ռազմաճակատ մեկնելուց առաջ, դիվիզիայի կազմավորումը, մարզումները Շերեմետևյան զբոսայգում, մթերային քարտերը, ռմբակոծությունները՝ այդ ամենն անցնում էին կողքանց, չխոչնդոտելով, շտապեցնելով մեր հարաբերությունները:
Անփորձությունը ամեն ինչում էր՝ պատերազմում, սիրո մեջ, մթերային քարտերում: Ո՛չ ոք մթերք չէր պաշարում, ո՛չ մեկը չէր մտածում էվակուացիայի մասին: Բայց ամպերում էլ չէինք սավառնում, մենք գնացինք զագս: Ես առաջարկեցի: Ձեռք ու սիրտ չառաջարկեցի, այլ առաջարկեցի գրանցվել: Զուտ գործնական առաջարկություն արեցի: Դա 1941 թվականի սեպտեմբերն էր՝ պատերազմի երրորդ ամիսը. գերմանացիները մոտեցել էին Պուշկինին: Ես գիտեի, որ այդ ամուսնությունը ապագա չունի, ես էլ ապագա չունեմ. այդ օրերին արդեն համոզվել էի, որ Գերմանիային հաղթելը հեշտ չէ, և այդ պատերազմում հետևակի զինվորին ողջ մնալու հույս չկա:
Այդ առաջին տարում զինվորը առաջնագծում միջին հաշվով չորս օրվա կյանք ուներ: Գոնե Ռիման իր պատանի առաջին սիրո ջահել զինվորիկի հիշատակը կունենա, երբեմն կհառաչի՝ հիշելով, ու այսօրինակ քաղցր-մեղցր լիրիկա:
Ինձ հաճելի էր նրան հասցեագրել ատեստատս, գրոշանոց գումար էր, բայց և այնպես...
Չայկովսկու վրայի զագսը փակ էր, ռմբապաստարան էին գնացել: Վլադիմիրսկայայի զագսի վրա ռումբ էր ընկել: Ուղևորվեցինք Ապստամբության հրապարակ: Մենք պատրաստ էինք զագսից զագս անցնել, կրկնակի, եռակի անգամ ամուսնություն գրանցել, սպասել աստիճաններին նստած... Վերջապես մեր ուզածին հասանք, նա կնիք ստացավ անձնագրում, իմ զինվորական գրքույկում կնիք դնել չէր կարելի:
Քաղաքն առանց ծաղիկների էր: Նևսկիի վրա՝ «Նորդ» սրճարանում, մեծ փողերի դիմաց մեզ ջեմով կարկանդակ մատուցեցին, սուրճ ու մեկական բաժակ գինի: Իմանալով, որ հարսանիք ենք նշում, մատուցողուհին մեկական էկլեր բերեց: Սեղանի մնացած դատարկությունը լցնում էր Ռիման, նրա երջանիկ լինելը, նրա աչքերը, ծիծաղը: Բավական էր միայն նայել նրան... Կնոջ համար ամուսնության գրանցումը շատ բան է նշանակում: Իսկ ես հիանում էի նրանով, կատակում էի, պահանջում, որ սովորի նրբաբլիթ ու կուլեբյակա թխել:
Համատեղ կյանքի ոչ մի ծրագիր չունեինք, ես ռազմաճակատ էի վերադառնում, նա՝ գործարան: Տաք օր էր, ամառային կապույտ շորիկ, խոր լանջաբացվածք, փոքրիկ ոսկյա մեդալյոն նրա արևահարված կրծքի վրա: Ու նաև մետաքսյա մուգ կապույտ գլխաշոր կամ շարֆ: Ես հանկարծ գիտակցեցի, որ հորիցս ու մորիցս բացի նա միակն է, ով ինչ-որ հիշատակ կպահի իմ մասին, նրանով դեռ որոշ ժամանակ ես կմնամ այս աշխարհում: Նա ինձ կսպասի, նրան կարելի է կարոտել առաջնագծում: