Զարգացնելով Դանթեին

                         Հա, ի՛նչ դրանից, որ եղել եմ այնտեղ
                                                                 Յու. Լեւիտանսկի

                        ...Ցուրտ մթնշաղե հիվանդասենյակներ։
                                                                 Լեւ Լոսեւ

Շուրջը թշթշում, շնչում, ֆշշում է հեղգ փեթակը։
Գրեթե պատրաստ կպչելու ողջմիտ նրա քաշքշուկին։
Դու բացում աչքերդ ու հասկանում ես, որ նահատակ ես
Վայրկյանի չափ առաջ։ Երազի շուքին։

Հաշվիր բախտդ բերեց։ Բայց զսպիր խրախճանքդ,
Աստ հաջողակն ու քսուն հավասար են, ոնց մութն ու լույսը։
Բեռնափոխման կետն է, բայց այստեղից չեն խլում կյանքդ։
Սպասասրահն, ուր չիք ժամանակ որպես այդպիսին,

ինչպես եւ չկա հավատքի կարիք, ավելի շատ՝ վստահարան է,
ահազուրկ, աննախանձ, առանց ամոթ ու խանդի։
Բավ է կամենաս — ու ետեւում մոտակա դռան
կտեսնես սիրելիների՝ քեզանից առաջ հասած այսդի։—

Իրերը լոկ թվում են, այսինքն՝ նրանք ծագում են,
բավ է նրանց շուրջ խորհես — տեղին եւ ո՛չ հավիտենապես։
Հայացքդ սփոփող ամպերը փակում են,
լանդշաֆտի ծփյունով, ոնց ջուրն է փոփոխվում անտես։

Ամբողջ լիությամբ հնչյունաշարի՝ խոնջում է ձեր ականջը
առտնին մեղեդու վրա, որպես երազն է անկառչելի։
Բացակայում են հոտերը լոկ, բայց արդեն դա էական չէ
նրան, ով սիրում է իրոք, ֆերոմոնն իր ինչի՞ն է։

Ինչն աղերսվում է բառերին՝ նրանք առավել ստույգ են,
անփոխարինելի շատ, քան ասվածը երկրում։
Միշտ կիսախավար է — ո՛չ երեկոյի եւ ո՛չ լուսայգի.
Կլիմա, ուր ցրտի, շոգի մասին չես էլ մտաբերում։

Շփոթեցնում է կռահումը, թե՝ այս ամենը լոկ զտարան է,
ուր սպասում ես կամ իմաստին վերին, կամ քացու-
քամակիդ եւ կամաց հոգնում ես այդքան առատ
ինքնաբավ հոգիներից։ Բայց ապան առայժմ իրեն չի՛ բացում։