Բանաստեղծություն հարուստ պատանու մասին

Ես՝ հարուստ պատանի, ափսոսում եմ, դեմ եմ
բաժանվել պողպատե սրից Եփեսոսի,
կարմիր ժապավենով կամզոլից իմ թավշե,
ամուր մատանուց ու փետրավոր գլխարկից ...

Շրթունքերիս մոտ հպարտ այս ծալերից,
սովորություններից ջահել, խենթ ասպետի,
հեծյալներին հատուկ նստելաձեւից իմ
ու հանց թեթեւ նավակ լողացող կզակից:

Պիրկ մկաններից ու բաբախից ավիշի,
տավիղի նվագից, տեսիլներից դյութիչ,
հանգերի ցոլանքից ու շնորհից Աստծո՝
փայլերից այս, մուժից եւ ճողփյուն ու տապից:

Վախ ունեմ այն հողից, ուր լիքն են որդերը,
նվազման շրջանում գտնվող լուսնյակից,
խնջույքից այն, որտեղ ազատ են ճանճերը,
հոգով աղքատների անտես թագավորից:

Եվ ես սուրս, նրա գոտին ու պատյանը,
կամզոլն իմ, մատանին, ծառուղին՝ լճի մոտ,
փողը որսորդական, ճամփան ու կամուրջը
կնվիրեմ ջահել արքային անծանոթ:

Կտամ պատանեկան հայացքն ու ձայնը իմ,
յուրաքանչյուր մազը՝ մեղմ հովից ծածանվող...
Եվ անգամ սիրտը իմ՝ թունավոր մեղրով իր,
երկինքն՝ աստղերով ջինջ ինձ վրա ճառագող: